ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ
Գանձի որոնումը
Աստծո խոսքը պետք է լինի մեր ուսումնասիրության առարկան: Մենք պիտի դաստիարակենք մեր երեխաներին նրանում գտնվող ճշմարտություններով: Դա մի անսպառ գանձ է, բայց մարդիկ ի վիճակի չեն լինում գտնելու այդ գանձը, որովհետև չեն փնտրում այնքան, մինչև այն դառնա իրենց սեփականությունը: Շատ շատերը բավարարվում են ճշմարտության նկատմամբ ունեցած ենթադրություններով: Նրանք գոհանում են մակերեսային աշխատանքով’ կարծելով, թե ունեն այն ամենը, ինչ որ էական է: [110] Նրանք ուրիշների ասածներն ընդունում են ճշմարտության տեղ և ծուլանում են կատարել քրտնաջան և լուրջ աշխատանք, ինչը Սուրբ Խոսքում ներկայացված է որպես թաքնված գանձի որոնում: Սակայն մարդկային հայտնագործությունները ոչ միայն անհուսալի են, այլև’ վտանգավոր, որովհետև նրանք մարդուն դնում են այնտեղ, որտեղ Աստված պետք է լիներ: Նրանք մարդու ասածը դնում են այնտեղ, որտեղ պետք է լիներ «այսպես է ասում Տերը»: ՔԱ 76.1
Քրիստոսը ճշմարտությունն է: Նրա խոսքերը ճշմարտություն են, և նրանք ավելի խոր իմաստ ունեն, քան մակերեսին է երևում: Քրիստոսի բոլոր ասածներն ավելի մեծ արժեք ունեն, թեև առաջին հայացքից թվում են պարզ: Մարդիկ, ում մտքերն արթնացել են Սուրբ Հոգով, կզգան այդ խոսքերի արժեքը: Նրանք կտեսնեն ճշմարտության թանկագին գոհարները, թեկուզ դրանք թաղված լինեն: ՔԱ 76.2
Մարդկային տեսություններն ու եզրահանգումները երբեք չեն առաջնորդի Աստծո խոսքի ըմբռնմանը: Նրանք ենթադրում են, թե հասկանում են փիլիսոփայությունը, կարծում են, թե իրենց բացատրությունն անհրաժեշտ է գիտության գանձերն ի հայտ բերելու և հերետիկոսությունների եկեղեցի ներթափանցումը կանխելու համար: Բայց հենց այս բացատրություններն են, որոնք ծնեցին կեղծ տեսություններ և հերետիկոսություններ: Մարդիկ անօգուտ ջանքեր են թափել բացատրելու մի բան, ինչ խճճված գրվածքներ են համարել, բայց շատ հաճախ նրանց ջանքերը միայն ավելի են մթագնել այն, ինչ փորձում էին պարզել: ՔԱ 76.3
Քահանաներն ու փարիսեցիները կարծում էին, թե իրենք մեծ բան են անում որպես ուսուցիչներ, երբ իրենց մեկ- նաբանություններով բացատրում էին Աստծո խոսքը, սակայն նրանց մասին Քրիստոսն ասում է. «Մոլորված եք, որ ոչ գիրքը գիտեք և ոչ Աստծո զորությունը” (Մարկոս 12.24): Նա մեղադրեց նրանց այն հանցանքի մեջ, որ սովորեցնում էին «այնպիսի վարդապետություններ, որ մարդկանց պատվերներն են» (Մարկոս 7.7): Թեև նրանք Աստծո մարգարեությունների ուսուցիչներն էին, թեև ենթադրում էին, թե հասկանում են Նրա խոսքը, սակայն խոսքը կատարողներ չէին: Սատանան կուրացրել էր նրանց աչքերը, որ չտեսնեին դրա իսկական նշանակությունը: [111] ՔԱ 77.1
Այսօր շատերը զբաղված են դրանով: Շատ եկեղեցիներ հանցավոր են այս մեղքի մեջ: Վտանգ կա, մեծ վտանգ, որ այսօրվա կարծեցյալ իմաստունները կկրկնեն հրեա ուսուցիչների փորձը: Նրանք սխալ են մեկնաբանում աստվածային պատգամները, և մարդիկ շփոթված են ու խավարով պատված աստվածային ճշմարտության կեղծ բացատրության պատճառով: ՔԱ 77.2
Սուրբ Գիրքը պետք չէ կարդալ մարդկային սովորույթների կամ եզրահանգումների աղոտ լույսի ներքո: Որքան մենք կարող են արևի լույս տալ մի ջահի միջոցով, այնքան էլ կարող ենք բացատրել Սուրբ Գիրքը մարդկային ավանդություններով կամ պատկերացումներով: Աստծո Սուրբ խոսքը կարիք չունի, որպեսզի երկրային ջահի առկայծումները տեսանելի դարձնեն Նրա փառքը: Այն հենց ինքն է լույսը’ Աստծո փառքի հայտնությունը, և նրա կողքին ուրիշ ամեն մի լույս խավար է: ՔԱ 77.3
Բայց այն պետք է լրջորեն ուսումնասիրվի և խորապես քննվի: Ծուլորեն հնարավոր չէ ճիշտ ու հստակ ընկալել ճշմարտությունը: Ոչ մի երկրային օրհնություն հնարավոր չէ ձեռք բերել առանց լուրջ, համբերատար, համառ ջանքերի: Եթե մարդիկ ուզում են հաջողության հասնել գործում, ապա պետք է կամք ունենան այն կատարելու և հավատ’ արդյունքին սպասելու համար: Մենք չենք կարող հոգևոր գիտելիքներ ձեռք բերել առանց քրտնաջան աշխատանքի: Նրանք, ովքեր ցանկանում են գտնել ճշմարտության գանձերը, պիտի փորեն, ինչպես հանքագործն է փորում երկրի խորքում թաքնված գանձը գտնելու համար: Անվճռական, անտարբեր աշխատանքը օգուտ չի տա: Թե’ ծերի, թե’ երիտասարդի համար էական է ոչ միայն կարդալ Աստծո խոսքը, այլ լրջորեն ուսումնասիրել այն ամբողջ սրտով՝ աղոթելով և փնտրելով ճշմարտությունն ինչպես թաքնված գանձ: Նրանք, ովքեր այսպես վարվեն, կպարգևատրվեն, որովհետև Քրիստոսը կարթնացնի նրանց ըմբռնողականությունը: ՔԱ 77.4
Մեր փրկությունը կախված է Սուրբ Գրքի ճշմարտության ճանաչողությունից: Աստծո կամքն է, որ մենք տիրանանք դրան: Քննեցեք, ո՜հ, քննեցեք թանկագին Աստվածաշունչը ծարավ սրտերով: Հետազոտեք Աստծո խոսքը, ինչպես հանքափորն է հետազոտում երկիրը, որպեսզի ոսկու երակներ գտնի: Երբեք մի թողեք ուսումնասիրությունը, մինչև չպարզեք ձեր հարաբերությունն առ Աստված և Նրա կամքը ձեր նկատմամբ: Քրիստոսը հայտարարել է. «Եվ ինչ որ խնդրեք իմ անունով, այն կանեմ, որ Հայրը փառավորվի Որդում: Եթե իմ անունով մի բան խնդրեք, ես կանեմ” (Հովհաննես 14.13,14): [112] ՔԱ 78.1
Բարեպաշտ և տաղանդավոր մարդիկ երբեմն տեսնում են հավիտենական իրականությունը, սակայն հաճախ ի վիճակի չեն լինում հասկանալ, որովհետև տեսանելի բաները խավարեցնում են անտեսանելի փառքը: Նա, ով ցանկանում է հաջողությամբ փնտրել թաքնված գանձը, պետք է այս աշխարհի գործերից ավելի վեհ նպատակներ հետապնդի: Նրա սերն ու բոլոր ընդունակությունները պիտի նվիրաբերվեն հետազոտությանը: ՔԱ 78.2
Անհնազանդությունը փակել է մեծաքանակ գիտելիքների դուռը, որոնք կարող էին ձեռք բերվել Սուրբ Գրքից: Հասկանալ’ նշանակում է հնազանդվել Աստծո պատվիրաններին: Սուրբ Գիրքը չպետք է հարմարեցվի մարդկանց նախապաշարումներին ու կասկածամտությանը: Այն կարող են հասկանալ նրանք, ովքեր խոնարհությամբ փնտրում են ճշմարտության գիտությունը, որպեսզի հնազանդվեն դրան: ՔԱ 78.3
Դուք հարցնում եք. «Ի՞նչ անեմ, որ փրկվեմ”: Դուք պետք է ձեր կանխակալ կարծիքները, ձեր ժառանգական և ձեռքբերովի գաղափարները թողնեք հետազոտության դռան մոտ: Դուք երբեք չեք հասնի ճշմարտության, եթե Սուրբ Գիրքն ուսումնասիրեք ձեր անձնական կարծիքները պաշտպանելու համար: Քննեցեք, որպեսզի իմանաք, թե ինչ է ասում Տերը: Եթե ուսումնասիրության ժամանակ համոզվում եք և տեսնում, որ ձեր փայփայած կարծիքները չեն համընկնում ճշմարտության հետ, սխալ մի մեկնաբանեք ճշմարտությունը, որպեսզի հարմարեցնեք ձեր համոզմունքին, այլ ընդունեք տրված լույսը: Բացեք ձեր միտքն ու սիրտը, որ կարողանաք տեսնել Աստծո խոսքի հրաշքները: ՔԱ 78.4
Քրիստոսին որպես աշխարհի Փրկիչն ընդունելով, պետք է ընդունել ճշմարտությունը լուսավորված մտքով, որը ղեկավարվում է սրտով, որով կարելի է զանազանել և գնահատել երկնային գանձը: Այս հավատն անբաժանելի է ապաշխարությունից և բնավորության վերափոխումից: Հավատ ունենալ’ նշանակում է գտնել և ընդունել Ավետարանի գանձն իր բոլոր պարտականություններով, որոնց նա պարտավորեցնում է: ՔԱ 79.1
«Եթե մեկը վերստին չծնվի, կարող չէ Աստծո արքայությունը տեսնել» (Հովհաննես 3.3): Նա կարող է ենթադրել ու պատկերացնել, բայց առանց հավատի աչքի նա չի կարող տեսնել գանձը: [113] Քրիստոսն Իր կյանքը տվեց, որպեսզի մեզ համար ձեռք բերի այդ անգնահատելի գանձը, սակայն առանց վերածնվելու Նրա արյամբ հավատի միջոցով, չկա մեղքերի թողություն, ոչ էլ գանձ կա կորչող որևէ անձի համար: ՔԱ 79.2
Մենք Սուրբ Հոգու լուսավորության կարիքն ունենք, որպեսզի հասկանանք Աստծո խոսքի ճշմարտությունները: Բնության գեղեցիկ երևույթները չեն երևում, մինչև արեգակը, ցրելով խավարը, չի ողողում նրանց իր լույսով: Այդպես էլ Աստծո խոսքի գանձերը չեն գնահատվում, մինչև որ Արդարության Արեգակի պայծառ շողերը չեն լուսավորում դրանք: ՔԱ 79.3
Անսահման սիրո բարեհաճությամբ երկնքից ուղարկված Սուրբ Հոգին վերցնում է Աստծո ճշմարտությունները և հայտնում ամեն մի հոգու, ով անվերապահ հավատ ունի Քրիստոսի հանդեպ: Նրա զորությամբ կենսական այն ճշմարտությունները, որոնցից կախված է հոգու փրկությունը, տպավորվում են մտքում, և կյանքի ճանապարհն այնքան պարզ է դառնում, որ ոչ ոք չի սխալվի դրանում: Երբ ուսումնասիրում ենք Սուրբ Գիրքը, պետք է աղոթենք, որ Աստծո Սուրբ Հոգին լուսավորի խոսքը, որպեսզի կարողանանք տեսնել և գնահատել Նրա գանձերը: ՔԱ 79.4