ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ
Ուսուցում առակներով
Քրիստոսի’ առակներով ուսուցման մեջ նկատվում է այն նույն սկզբունքը, որը դրսևորվում էր Նրա առաքելության մեջ այս աշխարհում: Որպեսզի կարողանանք ծանոթանալ Նրա աստվածային բնությանն ու կյանքին, Քրիստոսը մեր բնությունն առավ և բնակվեց մեր մեջ: Աստվածությունը հայտնվեց մարդկային էության մեջ, անտեսանելի փառքը’ մարդկային տեսանելի կերպարանքի մեջ: Մարդիկ կարողացան ճանաչել անհայտը հայտնիի միջոցով, երկնային բաները բացահայտվեցին երկրայինների միջոցով, Աստված հայտնվեց մարդկային կերպարանքով: Այդպես էր նաև Քրիստոսի ուսուցման մեջ. անհայտը լուսաբանվեց հայտնիով, աստվածային ճշմարտությունները’ երկրային այն բաներով, որոնց մարդիկ ամենից ավելի էին ծանոթ: ՔԱ 5.1
Աստվածաշունչն ասում է. «Այս բոլոր բաները Յիսուսը խոսեց ժողովրդի հետ առակներով... որպեսզի կատարվի այն, ինչ որ ասված էր մարգարեի կողմից. Առակներով կբացեմ իմ բերանը, և դուրս կբխեմ աշխարհի սկզբից ծածկվածները” (Մատթեոս 13.34,35): Բնության մեջ ամեն բան միջոց էր հոգևորի արտահայտման համար, բնության երևույթները և Իր ունկնդիրների կենսափորձը կապակցվում էին գրված խոսքի ճշմարտությունների հետ: Այսպիսով, առաջնորդելով բնական աշխարհից դեպի հոգևոր թագավորություն, Քրիստոսի առակներն օղակներ են ճշմարտության այն շղթայի, որը միացնում է մարդուն Աստծո հետ, երկիրը’ երկնքի: [18] ՔԱ 5.2
Բնությունից քաղված Իր դասերում Քրիստոսը խոսում էր այն բաների մասին, որոնք Իր սեփական ձեռքերն էին արարել, և որոնք օժտված էին այնպիսի արժանիքներով ու զորություններով, որ անձամբ Ինքն էր շնորհել: Իր սկզբնական կատարելության մեջ ողջ արարչագործությունն Աստծո մտքի արտահայտությունն է: Իրենց Եդեմական տան մեջ Ադամի ու Եվայի համար բնությունը լի էր Աստծո ճանաչումով և աստվածային կրթությամբ: Իմաստնությունը դիմում էր նրանց և ընդունվում սրտի մեջ, քանի որ նրանք հաղորդակցվում էին Աստծո հետ Նրա արարչագործության միջոցով: Բայց հենց որ սուրբ զույգը խախտեց Ամենաբարձրյալի օրենքը, Աստծո փառքի լույսը հեռացավ բնության երեսից: Այժմ երկիրն ապականված ու պղծված է մեղքով: Սակայն նույնիսկ իր ապականված վիճակում դեռ գեղեցիկ շատ բաներ կան նրանում: Աստծո տեսանելի դասերը ջնջված չեն, ճիշտ հասկանալու դեպքում բնությունը պատմում է իր Արարչի մասին: ՔԱ 5.3
Քրիստոսի օրերում այս դասերը դուրս էին մնացել տեսադաշտից: Մարդիկ համարյա դադարել էին Աստծուն տեսնել Նրա գործերի մեջ: Մարդկության մեղքի պատճառով արարչությունը կորցրել էր իր հիասքանչ գեղեցկությունը, և Աստծուն ցույց տալու փոխարեն’ Նրա գործերը դարձել էին մի արգելապատ, որ ծածկում էր Նրան: Մարդիկ «երկրպագեցին և պաշտեցին ստեղծվածներին, քան թե Ստեղծողին”: Այսպես հեթանոսները «իրենց մտածմունքներում ունայնացան, և նրանց անմիտ սրտերը խավարվեցին» (Հռոմեացիս 1.25,21): Նույն կերպ էլ Իսրայելում աստվածային ուսմունքը փոխարինվել էր մարդկայինով: Ոչ միայն բնության առարկաները, այլև զոհաբերության ծառայությունը, անգամ Սուրբ Գիրքը’ այն ամենը, ինչ տրված էր Աստծուն բացահայտելու համար, այնպես էին խեղաթյուրվել, որ Նրան ծածկելու միջոց էին դարձել: ՔԱ 6.1
Քրիստոսը ջանում էր հեռացնել այն, ինչ մթագնում էր ճշմարտությունը: Նա եկավ դեն գցելու այն քողը, որ մեղքն էր գցել բնության երեսին’ ի տես բերելով այն հոգևոր փառքը, որ արտացոլելու համար էր ստեղծվել ամեն բան: [19] Նրա խոսքերը նոր տեսանկյունից ներկայացրին ինչպես բնության, այնպես էլ Աստվածաշնչի դասերը, և դարձրին դրանք նոր հայտնություն: ՔԱ 6.2
Հիսուսը մի գեղեցիկ շուշան քաղեց ու տվեց երեխաների ու երիտասարդների ձեռքը, և մինչ նրանք դիտում էին, Նա, պայծառացած Իր Հոր երեսի լույսով, սովորեցնում էր. «Նայեք դաշտի շուշաններին, թե ինչպես են մեծանում, ոչ ջանք են անում և ոչ մանում: Բայց ասում եմ ձեզ, թե Սողոմոնն էլ իր բոլոր փառքի մեջ նրանց մեկի նման չհագավ»: Հետո հաջորդեց մի քաղցրալուր հավաստիացում և կարևոր դաս. «Իսկ եթե դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց կնետվի, այդպես է հագցնում Աստված, որքա՜ն ևս առավել ձեզ, թերահավատներ»: ՔԱ 6.3
Լեռան քարոզում այս խոսքերը, բացի երեխաներից ու երիտասարդներից, ասվեցին նաև մյուսներին: Ասվեցին բազմությանը, ուր կային տղամարդիկ ու կանայք’ լի հոգսերով ու դժվարություններով, և վշտացած հիասթափությունից ու թախծից: Հիսուսը շարունակեց. «Ուրեմն հոգս մի անեք’ ասելով, թե ինչ պիտի ուտեք, կամ ինչ պիտի խմեք, կամ ինչ պիտի հագնեք: Որովհետև այս ամենը հեթանոսներն են խնդրում, որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը պետք է ձեզ”: Հետո, կարկառելով Իր ձեռքերը դեպի շրջապատող ամբոխը, ասաց. «Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք, և այդ ամենը կտրվի ձեզ” (Մատթեոս 6.28-33): ՔԱ 7.1
Այսպիսով, Քրիստոսը մեկնաբանեց այն դասը, որն Ինքն էր ներդրել դաշտի շուշանների ու խոտերի մեջ: Նա ցանկանում է, որ մենք կարդանք այն յուրաքանչյուր շուշանի և խոտի վրա: Նրա խոսքերը լի են հավաստիացումով և ուղղված են ամրացնելու վստահությունն Աստծո հանդեպ: [20] ՔԱ 7.2
Այնքան լայն էր Քրիստոսի պատկերացումը ճշմարտության վերաբերյալ, այնքան ծավալուն էր Նրա ուսմունքը, որ բնության յուրաքանչյուր երևույթ ի գործ էր դրվում ճշմարտությունը լուսաբանելու համար: Այն տեսարանները, որոնց ամեն օր հանդիպում էին մարդկանց աչքերը, բոլորն էլ կապակցվում էին որևէ հոգևոր ճշմարտության հետ, այնպես որ բնությունը զգեստավորված է Տիրոջ առակներով: ՔԱ 7.3
Իր ծառայության վաղ շրջանում Քրիստոսը ժողովրդի հետ այնքան պարզ բառերով էր խոսում, որ յուրաքանչյուր ունկնդիր կարող էր ըմբռնել ճշմարտությունները, որոնք նրան իմաստուն կդարձնեին փրկության համար: Բայց շատ սրտերում ճշմարտությունն արմատ չէր գցում և շուտով առևանգվում էր: «Նրա համար եմ առակներով խոսում նրանց հետ, որ տեսնելով չեն տեսնում, և լսելով չեն լսում, և չեն իմանում: ... Որովհետև թանձրացավ այս ժողովրդի սիրտը և իրանց ականջներով ծանր լսեցին, և իրենց աչքերը խփեցին» (Մատթեոս 13.13-15): ՔԱ 7.4
Հիսուսը ցանկանում էր հետաքրքրություն արթնացնել: Նա փափագում էր սթափեցնել անհոգներին և ճշմարտությունը տպավորել նրանց սրտերում: [21] Առակներով ուսուցումը հան- րաճանաչ էր ու հարգանքի և ուշադրության էր արժանանում ոչ միայն հրեաների, այլև մյուս ազգերի մեջ: Ուսուցման որևէ գործուն ձև չկար, որ Նա չկիրառեր: Եթե Նրան լսողները ցանկանային ձեռք բերել աստվածային գիտություն, ապա կարող էին հասկանալ Նրա խոսքերը, քանի որ Նա միշտ պատրաստ էր բացատրել դրանք անկեղծ հետաքրքրվողին: ՔԱ 8.1
Բացի այդ, Քրիտոսը ճշմարտություններ ուներ հայտնելու, որոնք ժողովուրդն անպատրաստ էր ընդունել և անգամ հասկանալ: Այս պատճառով ևս Նա սովորեցնում էր առակներով: Կապելով Իր ուսմունքը կյանքի դեպքերի, փորձառության կամ բնության հետ’ Նա գրավում էր նրանց ուշադրությունը և ազդում սրտերի վրա: Հետագայում, երբ նրանք նայում էին այն առարկաներին, որոնք լուսաբանում էին Նրա դասերը, նրանք վերհիշում էին աստվածային Ուսուցչի խոսքերը: Նրանց, ում միտքը բաց էր Սուրբ Հոգու ազդեցության համար, Փրկչի դասերի նշանակությունն ավելի ու ավելի էր բացահայտվում: Գաղտնիքները գնալով պարզվում էին, և այն, ինչ դժվար էր ըմբռնել, հասկանալի էր դառնում: ՔԱ 8.2
Հիսուսը յուրաքանչյուր սրտի մոտենալու հնարավորություն էր փնտրում: Զանազան պատկերների օգտագործման միջոցով Նա ոչ միայն տարբեր տեսանկյուններից էր ներկայացնում ճշմարտությունը, այլև դիմում էր տարբեր ունկնդիրնե- րի: Առօրյա կյանքից վերցված պատկերների միջոցով Նրանց հետաքրքրությունն արթնանում էր: Փրկչին լսողներից ոչ մեկն իրեն անտեսված կամ մոռացված չէր զգում: [22] Ամենահասարակ, ամենամեղավոր մարդիկ Նրա ուսուցման մեջ լսում էին մի ձայն, որ խոսում էր իրենց հետ կարեկցանքով ու քնքշությամբ: ՔԱ 8.3
Նա մեկ ուրիշ պատճառ էլ ուներ առակներով ուսուցանելու համար: Իր շուրջը հավաքված բազմության մեջ կային քահանաներ, վարդապետներ, դպիրներ ու ծերեր, հերովդե- սյաններ ու ղեկավարներ’ աշխարհասեր, անհանդուրժող, փառամոլ մարդիկ, ովքեր ամենից ավելի ցանկանում էին որևէ ՔԱ 8.4
մեղադրանք գտնել Նրա դեմ: Նրանց լրտեսներն օրստօրե հետևում էին Նրա քայլերին, որպեսզի մի բան որսան Նրա ասած խոսքերից, որը պատճառ կդառնար Նրա դատապարտման համար և մեկընդմիշտ կլռեցներ Նրան, Ով, թվում էր, թե աշխարհը տանում է իր հետևից: Փրկիչը հասկացել էր այս մարդկանց էությունը և ճշմարտությունը ներկայացնում էր այնպիսի ձևով, որ նրանք չկարողանային գտնել որևէ բան, որ հնարավորություն տար մեղադրելու Իրեն ատյանի առջև: Իր առակներում Նա կշտամբում էր այն մարդկանց կեղծավորությունը և չար գործերը, ովքեր բարձր պաշտոններ էին զբաղեցնում, և այլաբանորեն ներկայացնում էր այնպիսի սուր ճշմարտություններ, որ եթե դրանք ասվեին ուղղակի մեղադրանքի ձևով, նրանք չէին լսի Իրեն և վերջ կտային Իր ծառայությանը: Սակայն, երբ Նա խույս էր տալիս լրտեսներից, Նա այնքան պարզ էր դարձնում ճշմարտությունը, որ մոլորությունը հստակ կերպով երևում էր, և անկեղծ մարդիկ օգուտ էին քաղում Նրա դասերից: Աստվածային իմաստնությունը, անսահման շնորհը հայտնվում էին Աստծո ձեռքի գործերի օգնությամբ: Բնության և կյանքի փորձառությունների միջոցով մարդիկ ճանաչում էին Աստծուն: «Որովհետև նրա աներևույթ բաները աշխարհի սկզբից ստեղծվածներովն իմացվելով տեսնվում են, որ է’ նրա մշտնջենավոր զորությունը և Աստվածությունը» (Հռոմեացիս 1.20): ՔԱ 9.1
Փրկչի ուսուցումն առակներով մատնանշում է, թե որն է իսկական «բարձրագույն կրթությունը»: Քրիստոսը կարող էր հայտնել մարդկանց գիտության ամենախոր ճշմարտությունները: Նա կարող էր բացահայտել այնպիսի գաղտնիքներ, որոնք ըմբռնելու համար կպահանջվեր քրտնաջան աշխատանք և ուսումնասիրություն դարեր շարունակ: Նա կարող էր այնպիսի առաջարկություններ տալ գիտական ասպարեզում, որոնք նյութ կհանդիսանային’ մտքի և խթան հայտնագործությունների համար մինչև աշխարհի վերջը: [23] Սակայն Նա այդպես չարեց: Նա ոչինչ չասաց մարդկանց հետաքրքրասիրությունը գոհացնելու կամ փառասիրությունը բավարարելու նպատակով’ դրանով իսկ տեղ տալով աշխարհային փառասիրությանը: Իր ողջ ուսուցման մեջ Քրիստոսը մարդու միտքը հաղորդակից էր դարձնում Անսահման Մտքի հետ: Նա չէր առաջարկում ժողովրդին ուսումնասիրել Աստծո, Նրա Խոսքի կամ Նրա գործերի վերաբերյալ մարդկային տեսությունները: Նա սովորեցնում էր նրանց տեսնել Աստծուն այնպես, ինչպես Նա երևում է Իր գործերի, Իր խոսքի և Իր նախախնամության մեջ: ՔԱ 9.2
Քրիստոսը գործ է ունեցել ոչ թե վերացական տեսությունների, այլ այնպիսինների հետ, որոնք անհրաժեշտ էին բնավորության զարգացման համար, և որոնք կընդարձա- կեին Աստծուն ճանաչելու մարդու ընդունակությունը և կմե- ծացնեին բարիք գործելու նրա կարողությունը: Նա խոսում էր մարդկանց հետ այն ճշմարտությունների մասին, որոնք վերաբերում էին ապրելաձևին և կապված էին հավիտենականության հետ: ՔԱ 10.1
Քրիստոսն էր, որ ղեկավարեց Իսրայելի կրթությունը: Տիրոջ պատվիրանների և օրենքների վերաբերյալ Նա ասաց. «Եվ կրկնիր նրանք քո որդիներին, խոսիր նրանց մասին քո տան մեջ նստած ժամանակդ և ճանապարհ գնացած ժամանակդ, և պառկելիս և վեր կենալիս: [24] Եվ նրանք կապիր նշանի համար ձեռքիդ վրա, նրանք ճակատանոց լինեն աչքերիդ մեջտեղում: Նաև քո տան դրանդիքի վրա և դռներիդ վրա գրիր նրանք” (Երկրորդ Օրինաց 6.7-9): Իր ուսուցման մեջ Քրիստոսը ցույց տվեց, թե ինչպես պետք է կատարվեր այս պատվիրանը, այսինքն’ Աստծո արքայության օրենքներն ու սկզբունքները կարող են այնպես ներկայացվել, որ երևան նրանց գեղեցկությունն ու թանկարժեքությունը: Երբ Տերը պատրաստում էր Իսրայ ելի ժողովրդին, որ Իր հատուկ ներկայացուցիչները լինեն, Նա նրանց տվեց տներ բլուրների և հովիտների մեջ: Իրենց ընտանեկան կյանքում և կրոնական ծառայությունների մեջ նրանք մշտապես շփվում էին բնության և Աստծո խոսքի հետ: Քրիստոսը նույնպես Իր աշակերտներին սովորեցնում էր լճի ափին, լեռան լանջին, դաշտերում ու փոքրիկ անտառակներում, ուր նրանք կարող էին նայել բնության առարկաներին, որոնցով Նա լուսաբանում էր Իր դասերը: Եվ սովորելով Քրիստոսից’ նրանք ստացած գիտելիքը օգտագործում էին Նրա աշխատանքի մեջ Նրա հետ համագործակցելով: ՔԱ 10.2
Նույն կերպ էլ մենք պետք է ծանոթանանք Արարչի հետ արարչագործության միջոցով: Բնության գիրքը մեծ դասագիրք է, որն Աստվածաշնչի հետ մեկտեղ պիտի օգտագործենք ուրիշներին Նրա բնավորությունը սովորեցնելիս և կորած ոչխարներին դեպի Աստծո փարախն առաջնորդելիս: Երբ ուսումնասիրվում են Աստծո գործերը, Սուրբ Հոգին մտքի մեջ համոզմունք է բոցավառում: Դա այն համոզմունքը չէ, որ ծնում է տրամաբանական դատողությունը, այլ եթե միտքը չափից ավելի չի մթագնել Աստծուն ճանաչելու, աչքն այնպես չի խավարել Նրան տեսնելու, և ականջն այնքան չի ծանրացել Նրա ձայնը լսելու համար, ապա ավելի խորը իմաստ կերևա, և գրված խոսքի վեհ, հոգևոր ճշմարտությունները կտպավորվեն սրտի մեջ: ՔԱ 11.1
Պարզություն և մաքրություն կա բնությունից վերցված այս դասերում, որ դրանք չափազանց արժեքավոր է դարձ- նում: Այս աղբյուրից բխող ուսուցման կարիքն ունեն բոլորը: Բնության գեղեցկությունն ինքնին հոգուն մեղքից ու աշխարհի հրապուրանքներից ուղղում է դեպի մաքրություն, խաղաղություն և Աստված: [25] Շատ հաճախ ուսանողների միտքը զբաղված է մարդկային տեսություններով ու ենթադրություններով, որոնք կեղծորեն գիտության կամ փիլիսոփայության կեղծ անունն են կրում: Նրանք կարիք ունեն սերտորեն շփվելու բնության հետ: Վերջիններս թող իմանան, որ արարչությունն ու քրիստոնեությունը մեկ Աստված ունեն: Թող նրանք սովորեն տեսնել բնության և հոգևոր աշխարհի ներդաշնակությունը: Թող ամեն ինչ, որ տեսնում են նրանց աչքերն ու շոշափում են նրանց ձեռքերը, դաս լինի նրանց բնավորության ձևավորման համար: Այսպես մտավոր կարողությունները կզորանան, բնավորությունը կզարգանա, և ամբողջ կյանքը կազնվանա: ՔԱ 11.2
Քրիստոսի առակներով ուսուցումը նույն նպատակն ուներ, ինչ որ շաբաթի հիմնումը: Աստված տվեց մարդկանց Իր ստեղծագործ ուժի հուշարձանը, որպեսզի նրանք կարողանան ճանաչել Նրան Իր ձեռքի գործերում: Շաբաթը պատվիրում է մեզ տեսնել Արարչի փառքն Իր ստեղծագործության մեջ: [26] Հիսուսն էլ է կամեցել, որ մենք սա անենք, այդ իսկ պատճառով էլ Իր արժեքավոր դասերը կապել է բնության գեղեցիկ երևույթների հետ: Սուրբ հանգստյան օրը, բոլոր մյուս օրերից առավել, մենք պետք է ուսումնասիրենք այն պատգամները, որոնք Աստված գրել է բնության մեջ մեզ համար: Մենք պետք է ուսումնասիրենք Փրկչի առակներն այնտեղ, որտեղ Նա պատմել է’ դաշտերում և անտառակներում, բաց երկնքի տակ, ծաղիկների և խոտերի մեջ: Երբ մենք մոտենում ենք բնության սրտին, Քրիստոսն Իր ներկայությունն իրական է դարձնում մեզ համար և Իր խաղաղության ու սիրո խոսքը հղում մեր սրտերին: ՔԱ 11.3
Քրիստոսն Իր ուսուցումը կապեց ոչ միայն հանգստյան օրվա, այլ նաև աշխատանքային շաբաթի հետ: Նա կամենում է իմաստնություն սովորեցնել նրան, ով հերկում է հողն ու ցանում սերմը: Հերկելու և ցանելու, մշակելու և հնձելու մեջ Նա սովորեցնում է մեզ տեսնել այն աշխատանքը, որ Իր շնորհը կատարում է մարդկանց սրտերում: Ուստի օգտակար աշխատանքի յուրաքանչյուր բնագավառում և կյանքի յուրաքանչյուր եղելության մեջ Նա ցանկանում է, որ մենք գտնենք աստվածային ճշմարտության մի որևէ դաս: Այդպիսով մեր առօրյա աշխատանքն այնքան չի կլանի մեր ուշադրությունը, որ մոռանանք Աստծուն, այն շարունակ կհիշեցնի մեզ մեր Արարչի և Փրկչի մասին: [27] Աստծո մասին խորհումը ոսկյա թելի պես կանցնի մեր ընտանեկան հոգսերի և զբաղմունքների միջով: Մեզ համար Նրա երեսի փառքը նորից կհանգչի բնության վրա: Մենք մշտապես կսովորենք երկնային ճշմարտության նոր դասեր և կաճենք Նրա մաքրության նմանությամբ: Այսպես մենք «կսովորենք Տիրոջից», և ինչ վիճակ էլ ունենանք, նույնը կմնանք Աստծո առաջ (Եսայիա 54.13, Ա Կորնթացիս 7.24): ՔԱ 12.1