ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

49/62

Ազդեցություն

Քրիստոսի կյանքը մշտապես ընդարձակվող, անսահման մի ազդեցություն էր, ազդեցություն, որ կապում էր Նրան Աստծո և ողջ մարդկային ընտանիքի հետ: Քրիստոսի միջոցով Աստված շրջապատել է մարդուն մի ազդեցությամբ, որ անհնար է դարձնում ապրել միայն իր անձի համար: Անհատապես մենք կապված ենք մեր մերձավորների’ Աստծո մեծ ամբողջական ընտանիքի մի մասի հետ, և կանգնած ենք երկկողմանի պարտականությունների առաջ: Ոչ մի մարդ չի կարող անկախ լինել իր ընկերներից, քանի որ յուրաքանչյուրի բարօրությունն ազդում է մյուսների վրա: Աստծո նպատակն է, որ յուրաքանչյուր ոք զգա իր պատասխանատվությունը մյուսների բարեկեցության համար և ձգտի նպաստել նրանց երջանկությանը: ՔԱ 270.1

Ամեն մարդ շրջապատված է իրեն յուրահատուկ միջավայրով, միջավայր’ գուցե թե լցված հավատի, քաջության ու հույսի կենսատու զորությամբ և քաղցր սիրո անուշահոտ բուրմունքով: Կամ էլ այն կարող է լինել ծանր և սառը’ դժգո- հության ու եսասիրության խավարով պատված, իսկ գուցե և թունավորված’ փայփայված մեղքի մահաբեր վարակով: Յուրաքանչյուր անձ, ում հետ մենք շփման մեջ ենք մտնում, գիտակցաբար թե անգիտակցաբար գտնվում է մեզ շրջապա- տող միջավայրի ազդեցության տակ: ՔԱ 270.2

Սա մի պատասխանատվություն է, որից չենք կարող խուսափել: Մեր խոսքերը, մեր գործերը, մեր հագուստը, մեր վարքը, նույնիսկ դեմքի արտահայտությունը ներգործություն են ունենում: [340] Այսպես, թողած տպավորությունից են կախված այն բարի կամ չար գործի հետևանքները, որ ոչ մի մարդ չի կարող չափել: Այս կերպ հաղորդած ամեն մի դրդում ցանված սերմ է, որ բերք կտա: Դա մի օղակ է մարդկանց հետ կապված իրադարձությունների երկար շղթայում, և թե մինչև ուր է ձգվում այդ շղթան, մենք չգիտենք: Եթե մեր օրինակով օգնում ենք մյուսներին զարգացնելու բարի սկզբունքներ, ապա նրանց ուժ ենք տալիս բարին գործելու: Նրանք, իրենց հերթին, նույն ազդեցությունն են թողնում մյուսների վրա, սրանք էլ’ ուրիշների: Այսպես մեր ակամա ազդեցությամբ հազարավորները կարող են օրհնվել: ՔԱ 270.3

Լճի մեջ մի փոքր քար գցեք, և մեկը մյուսի հետևից շրջանաձև ալիքներ կառաջանան: Ընդարձակվելով’ դրանք կհասնեն մինչև ափը: Նույնը տեղի է ունենում մեր ազդեցության հետ, որը, մեր գիտակցությունից կամ կամքից անկախ, անդրադառնում է ուրիշների վրա որպես օրհնություն կամ անեծք: ՔԱ 271.1

Բնավորությունն ուժ է: Ազնիվ, անձնուրաց, բարեպաշտ կյանքի լուռ վկայությունը համարյա անհաղթահարելի ազդեցություն է գործում: Կյանքում դրսևորելով Քրիստոսի բնավորությունը’ մենք համագործակցում ենք Նրա հետ հոգիների փրկության գործում: Նրա բնավորությունը մեր կյանքում բացահայտելու միջոցով է միայն, որ կարող ենք համագործակցել Նրա հետ: Եվ որքան ավելի լայն է մեր ազդեցության ոլորտը, այնքան ավելի շատ բարիք կարող ենք անել: Երբ այսպես կոչված Աստծո ծառաները հետևելով Քրիստոսի օրինակին, օրենքի սկզբունքները կիրառեն իրենց առօրյա կյանքում, երբ նրանց յուրաքանչյուր գործողություն վկայի, որ սիրում են Աստծուն ամենից շատ և իրենց ընկերոջն’ իրենց անձի պես, այդ ժամանակ եկեղեցին ուժ կունենա ցնցելու աշխարհը: ՔԱ 271.2

Բայց երբեք չպետք է մոռանալ, որ ազդեցությունը ոչ պակաս զորություն է նաև չարի համար: Սարսափելի բան է կորցնել սեփական հոգին, բայց պատճառ դառնալ ուրիշների հոգու կորստյանը ավելի սարսափելի է: Սոսկալի է մտածել, որ մեր ազդեցությունը կարող է մահվան հոտ լինել դեպի մահ, մինչդեռ դա հնարավոր է: [341] Շատերն, ովքեր ասում են, թե «ժողովում են Քրիստոսի հետ, ցրում են»: Ահա թե ինչու է եկեղեցին այդքան թույլ: Շատերն իրենց թույլ են տալիս ազատ քննադատել և մեղադրել: Արտահայտելով իրենց կասկածանքը, նախանձը և դժգոհությունը’ նրանք տրվում են սատանային որպես գործիքներ: Մինչ նրանք կհասկանան, թե ինչ են անում, թշնամին նրանց միջոցով իրագործում է իր նպատակը: Չար տպավորությունն արդեն թողնվել է, ստվերը գցվել, և սատանայի նետերը հասել են իրենց նպատակին: Անվստահություն, անհավատություն ու բացարձակ անհավատարմություն է արմատավորվել նրանց մեջ, ովքեր այլ պարագաներում կարող էին ընդունել Քրիստոսին: Միևնույն ժամանակ սատանայի գործակիցները ինքնագոհությամբ են նայում նրանց, ում մղեցին կասկածամտության, և ովքեր հիմա խստացրել են իրենց սրտերն ընդդեմ հանդիմանության ու աղաչանքի: Նրանք շողոքորթում են իրենց, որ այս հոգիների համեմատ նրանք արդար են և առաքինի: Նրանք չեն գիտակցում, որ այս մարդկանց բնավորության տխուր ավերակներն իրենց անսանձ լեզուների և ապստամբ սրտերի գործն են: Հենց նրանց ազդեցության պատճառով է, որ այս հոգիներն ընկել են: ՔԱ 271.3

Այսպես’ քրիստոնյա կոչեցյալների թեթևամտությունը, եսասիրական հաճոյասիրությունը և անհոգ անտարբերությունը շատ հոգիներ է հեռացնում կյանքի ճանապարհից: Բազմաթիվ մարդիկ, ովքեր կվախենային Աստծո ատյանի առաջ տեսնել իրենց ազդեցության հետևանքները: ՔԱ 272.1

Միայն Աստծո շնորհի միջոցով մենք կարող ենք ճիշտ օգտագործել այս պարգևը: Մեզանում մի լավ բան չկա, որով կարողանանք բարի ազդեցություն թողնել ուրիշների վրա: Եթե գիտակցենք մեր անօգնականությունն ու աստվածային զորության կարիքը, չենք ապավինի ինքներս մեզ: Մենք չգիտենք, թե ինչով կավարտվի օրը, ժամը կամ պահը, ուստի երբեք չպետք է սկսենք օրը’ առանց մեր ճանապարհները հանձնելու մեր երկնավոր Հորը: Նրա հրեշտակները նշանակված են հսկելու մեզ, և եթե տրվենք նրանց պաշտպանությանը, այդ ժամանակ նրանք միշտ մեր աջ կողմում կգտնվեն վտանգի պահին: Երբ անգիտակցաբար հայտնվենք վատ ազդեցու- թյուն թողնելու վտանգի մեջ, հրեշտակները մեր կողքին կլինեն’ դրդելով մեզ ավելի ճիշտ ուղղության’ ընտրելով մեզ համար բառեր և ազդելով մեր գործողությունների վրա: [342] Այսպես մեր ազդեցությունը կարող է լինել լուռ, ակամա, բայց ուրիշներին դեպի Քրիստոսն ու երկնային աշխարհը ձգող զորավոր մի ուժ: ՔԱ 272.2