ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ
Այսօրվա եկեղեցին
Այգու առակը միայն հրեա ազգին չի վերաբերում: Այնտեղ կա խրատ և մեզ համար: Ներկա սերնդի եկեղեցին Աստծուց օժտվել է մեծ առավելություններով ու օրհնություններով, և Նա սպասում է համապատասխան փոխհատուցման: ՔԱ 233.3
Մեզ համար թանկ փրկագին է վճարվել: Միայն այդ փրկագնի մեծությամբ կարող ենք պատկերացնել դրա արդյունքները: Այս երկրի վրա, որի հողը թրջվել էր Աստծո Որդու արցունքներով ու արյունով, պետք է աճեն դրախտի թանկագին պտուղները: Աստծո ժողովրդի կյանքում պետք է երևա Նրա խոսքի ճշմարտությունների փառքն ու գերազանցու- թյունը: Իր ժողովրդի միջոցով Քրիստոսը պետք է հայտնի Իր բնավորությունն ու Իր թագավորության սկզբունքները: ՔԱ 233.4
Սատանան ջանում է դիմակայել Աստծո գործին և շարունակ ստիպում է մարդկանց ընդունելու իր սկզբունքները: Նա Աստծո ընտրյալ ժողովրդին ներկայացնում է որպես մոլորված մի ժողովուրդ: Նա եղբայրների չարախոսն է, և նրա մեղադրանքի ուժը գործի է դրվում ընդդեմ նրանց, ովքեր արդարություն են գործում: Տերը կամենում է Իր ժողովրդի միջոցով պատասխանել սատանայի մեղադրանքներին’ ցույց տալով ճիշտ սկզբունքներին հնազանդվելու արդյունքները: ՔԱ 234.1
Այդ սկզբունքները պետք է դրսևորվեն անհատ քրիստոնյայի կյանքում, ընտանիքում, եկեղեցում, և այն բոլոր հաստատություններում, որոնք նախատեսված են Աստծուն ծառայելու համար: [297] Այս բոլորը պետք է լիներ այն բանի խորհրդանիշը, թե ինչ կարող էր արվել աշխարհի համար: Այս ամենը պետք է լինեն Ավետարանի ճշմարտությունների փրկարար զորության օրինակները: Այդ բոլորը միջոցներ են մարդկային ցեղի համար Աստծո մեծ նպատակի իրականացման գործում: ՔԱ 234.2
Հրեա առաջնորդները հպարտությամբ էին նայում իրենց վեհաշուք տաճարին և իրենց կրոնական ծառայության տպավորիչ արարողություններին, բայց Աստծո արդարությունը, ողորմությունն ու սերը բացակայում էին: Տաճարի փառքը, ծառայության շքեղությունը նրանց չէին կարող արժանացնել Աստծո հավանությանը, քանի որ այն միակ բանը, որ արժեք ուներ Նրա աչքում, չէր մատուցվում: Նրանք Աստծուն չէին բերում խոնարհ ու փշրված հոգու զոհաբերությունը: Միայն այն ժամանակ են ծիսակատարությունները դառնում բազմաքանակ ու անհեթեթ, երբ մոռացվում են Աստծո արքայության կենսական սկզբունքները: [298] Հենց որ բնավորության ձևավորումն արհամարհվում, հոգու զարդարանքը պակասում է, և տեսադաշտից կորչում է աստվածապաշտության պարզությունը, այնժամ հպարտությունն ու ցուցամոլության սերը պահանջում են հոյակապ եկեղեցական ապարանքներ, շքեղ զարդարանքներ և տպավորիչ արարողություններ: Այս ամենի մեջ Աստված չի փառավորվում: Համատարած կրոնը, որ բաղկացած է արարողություններից, կեղծիքից ու ցուցամոլությունից, Նա չի ընդունում: Այդպիսի ծառայությունները երկնային լրաբերների մոտ ոչ մի արձագանք չեն գտնում: ՔԱ 234.3
Եկեղեցին շատ թանկ է Աստծո համար: Նա գնահատում է այն ոչ թե իր արտաքին առավելությունների, այլ անկեղծ բարեպաշտության համար, որ տարբերում է նրան աշխարհից: Նա գնահատում է եկեղեցին այն բանի համար, թե որքանով են նրա անդամներն աճում Քրիստոսի գիտության մեջ և առաջադիմում հոգևոր փորձերի ձեռքբերման ճանապարհին: ՔԱ 235.1
Քրիստոսը փափագում է Իր այգուց սրբության և անձնուրացության պտուղներ ստանալ: Նա սիրո և բարության սկզբունքներ է ակնկալում: Արվեստի ողջ հմայքը չի կարող համեմատվել խառնվածքի և բնավորության այն գեղեցկության հետ, որ երևալու է նրանցում, ովքեր Քրիստոսի ներկայացուցիչներն են: Հավատացյալի հոգին պատող շնորհի մթնոլորտն է մտքի և սրտի վրա աշխատող Սուրբ Հոգին, որ «նրան կյանքի բուրմունք է դարձնում դեպի կյանք», և հնարավորություն տալիս Աստծուն, որ օրհնի նրա աշխատանքը: (Բ Կորնթացիս 2.16): ՔԱ 235.2
Համայնքը կարող է ամենաաղքատը լինել երկրում: Այն կարող է արտաքին ոչ մի վայելչություն չունենալ, բայց եթե անդամները պահում են Քրիստոսի բնավորության սկզբունքները, նրանք կունենան Նրա ուրախությունն իրենց սրտերում: Վերջիններիս երկրպագության ժամանակ նրանց կմիանան հրեշտակները: Գովասանքն ու փառաբանությունը երախտապարտ սրտերից կբարձրանան առ Աստված որպես անուշաբույր զոհաբերություն: ՔԱ 235.3
Տերը կամենում է, որ մենք հիշենք Իր բարությունը և պատմենք Իր զորության մասին: Նա մեծարվում է փառաբանությամբ ու շնորհակալությամբ: Նա ասում է. «Գոհության պատարագ մատուցողը փառավորում է ինձ” (Սաղմոս 50. 23): [299] Անապատում ճամփորդելիս Իսրայելի ժողովուրդը փառաբանում էր Աստծուն սրբազան երգերով: Տիրոջ պատվիրաններն ու խոստումները վերածվեցին երգերի, և ամբողջ ճամփորդության ընթացքում ուխտագնացները երգում էին դրանք: Քանանի երկրում, երբ նրանք հանդիպում էին մի- մյանց սուրբ տոների ժամանակ, Աստծո հրաշալի գործերն էին պատմում և գոհություն ու երախտագիտություն մատուցում Նրա անվանը: Աստված կամենում էր, որ Իր ժողովրդի ողջ կյանքը փառաբանության կյանք լիներ: Այսպես պետք է Նրա ճանապարհը «ճանաչվեր երկրումս», Նրա «փրկությունը’ ամեն ազգերի մեջ” (Սաղմոս 67.2): ՔԱ 235.4
Այդպես պետք է լիներ նաև հիմա: Աշխարհի ժողովուրդները երկրպագում են կեղծ աստվածների: Նրանք հետ կդառնան իրենց կեղծ պաշտամունքներից ոչ թե նրանով, որ դատապարտության խոսքեր կլսեն իրենց կուռքերի մասին, այլ որ կտեսնեն ինչ որ ավելի լավ բան: Աստծո բարությունը պետք է հայտնի դառնա: «Դուք իմ վկաներն եք, ասում է Տերը, որ ես եմ Աստված» (Եսայիա 43.12): ՔԱ 236.1
Աստված կամենում է, որ մենք գնահատենք փրկության մեծ ծրագիրը, գիտակցենք մեր բարձր կոչումը ինչպես Աստծո զավակներ, Նրա առջև քայլենք հնազանդությամբ, լինենք երախտապարտ և շնորհակալ: Նա ուզում է, որ ամեն օր Իրեն ծառայենք կյանքի նորոգությամբ և ուրախությամբ: Նա փափագում է տեսնել մեր սրտերից բխող երախտագիտությունը, որովհետև մեր անունները գրված են Գառան կենաց գրքի մեջ, որովհետև մեր բոլոր հոգսերը կարող ենք թողնել Նրան, Ով հոգում է մեզ համար: Նա պատվիրում է մեզ ցնծալ, որովհետև մենք Տիրոջ ժառանգությունն ենք, որովհետև Քրիստոսի արդարությունը Նրա սուրբերի ճերմակ պատմուճանն է, որովհետև մենք ունենք Փրկչի մոտալուտ գալստյան երանելի հույսը: ՔԱ 236.2
Աստծուն փառաբանելը լի ու անկեղծ սրտով աղոթքի նման պարտականություն է: Մենք պետք է ցույց տանք աշխարհին և երկնային բոլոր էակներին, որ գնահատում ենք Աստծո հրաշալի սերն ընկած մարդկության հանդեպ, և որ մենք Նրա անսահման լիությունից ավելի ու ավելի մեծ օրհնություններ ենք ակնկալում: Մենք շատ ավելի հաճախ պետք է խոսենք մեր թանկարժեք փորձերի մասին, քան հիմա ենք խոսում: [300] Սուրբ Հոգու արտասովոր թափումից հետո մեր ուրախությունը Քրիստոսում և Նրան ծառայելու արդյունավետությունը մեծապես կաճեն, երբ պատմենք Նրա բարության մասին և այն հրաշքների, որ գործում է Իր զավակների համար: ՔԱ 236.3
Այս փորձառությունները հետ են մղում սատանայի ուժը: Դրանք վանում են տրտունջի և բողոքի հոգին, և փորձիչը նահանջում է: Դրանք ձևավորում են բնավորության այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են երկրի բնակիչներին երկնային առանձնատներում ապրելու համար: ՔԱ 237.1
Նման վկայությունն ազդեցություն կունենա ուրիշների վրա: Ուրիշ ավելի արդյունավետ միջոցներ չկան, որոնցով կարելի լիներ շահել Քրիստոսի համար: ՔԱ 237.2
Մենք պետք է փառաբանենք Աստծուն իսկական ծառայությամբ’ մեր ուժերի չափով նպաստելով Նրա անվան փառքին: Աստված տալիս է մեզ Իր պարգևները, որպեսզի մենք էլ տանք և այդպիսով հայտնենք աշխարհին Նրա բնավորությունը: Հրեաների կյանքում ընծաներն ու նվիրատվությունները կազմում էին Աստծո պաշտամունքի զգալի մասը: Իսրայելացիներին սովորեցրել էին, որ իրենց բոլոր եկամուտների տասներորդ մասը նվիրեն սրբազան ծառայությանը: Բացի այդ, նրանք պետք է մեղքի պատարագներ, հոժարակամ ընծաներ և երախտագիտության զոհեր մատուցեին: Սրանք այն միջոցներն էին, որ աջակցում էին այն ժամանակվա ավետարանի ծառայությանը: Աստված մեզնից ավելի քիչ չի սպասում, քան սպասում էր հնում Իր ժողովրդից: Հոգիների փրկության մեծ գործը պիտի առաջ տարվի: Տասանորդներն ու ընծաները Նա նախատեսել է այս գործի համար: Այսպիսով Նա մտադիր է նպաստել Ավետարանի ծառայությանը: Նա պահանջում է տասանորդը որպես Իր սեփականություն, և այն միշտ պետք է դիտվի որպես սրբություն ու պահվի Նրա գանձարանում Իր գործն առաջ տանելու համար: Նա մեզնից պահանջում է նաև կամավոր նվիրատվություններ և շնորհակալական ընծաներ: Այս բոլորն էլ պետք է օգտագործվեն այն նպատակով, որպեսզի Ավետարանը տարածվի աշխարհի ամենահեռավոր ծայրե- րում: ՔԱ 237.3
Աստծուն ծառայելն ընդգրկում է նաև անձնական ծառայություն: Անձնական ջանքերով մենք պիտի համագործակցենք Նրա հետ աշխարհը փրկելու համար: Քրիստոսի հանձնարա- րությունը’ [301] «Գնացեք բոլոր աշխարհը և ավետարանը քարոզեցեք ամեն արարածի”, վերաբերում է Նրա հետևորդներից յուրաքանչյուրին: (Մարկոս 16.15): Բոլոր նրանք, ովքեր կանչված են ապրելու Քրիստոսի կյանքով, կանչված են նախ աշխատելու իրենց մերձավորների փրկության համար: Նրանց սրտերը ներդաշնակ կբաբախեն Քրիստոսի սրտի հետ: Այն նույն սերը, որ Նա տածում էր մարդկանց հանդեպ, կդրսևորվի նաև նրանց մեջ: Ոչ բոլորը կարող են միևնույն աշխատանքը կատարել, բայց բոլորի համար էլ աշխատանք և տեղ կա: ՔԱ 237.4
Հին ժամանակներում Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Մովսեսն իրենց հեզությամբ և իմաստնությամբ, Հեսուն իր բազմաթիվ ընդունակություններով, բոլորն էլ հոժարակամ զինվորագրվել էին ծառայելու Աստծուն: Մարիամի երաժշտությունը, Դեբորայի քաջությունն ու բարեպաշտությունը, Հռութի որդիական սերը, Սամվելի հնազանդությունն ու ազնվությունը, Եղիայի անդրդվելի հավատարմությունը, Եղիսեի խաղաղեցնող ու գերող ազդեցությունը. այս ամենն անհրաժեշտ էին: Այդպես էլ հիմա’ բոլոր նրանք, ովքեր ստացել են Աստծո օրհնությունը, պետք է փոխհատուցեն գործնական ծառայությամբ, ամեն մի պարգև պիտի օգտագործվի Նրա արքայության մոտեցման և Նրա անվան փառքի համար: ՔԱ 238.1
Բոլորը, ովքեր ընդունում են Քրիստոսին որպես անձնական Փրկիչ, պետք է իրենց կյանքում ցույց տան Ավետարանի ճշմարտությունը և նրա փրկարար զորությունը: Աստված ոչ մի պահանջ չի ներկայացնում’ առանց նախապատրաստելու դրա իրագործումը: Քրիստոսի շնորհով կարող ենք կատարել այն ամենը, ինչ Աստված պահանջում է մեզնից: Երկնային բոլոր հարստությունները պիտի բացահայտվեն Աստծո ժողովրդի միջոցով: «Սրանով կփառավորվի իմ Հայրը,- ասաց Քրիստոսը,- որ շատ պտուղ բերեք և իմ աշակերտները լինեք” (Հովհաննես 15.8): ՔԱ 238.2
Ողջ երկրագունդն Աստված համարում է Իր այգին: Թեև այն հիմա բռնակալի ձեռքերում է, բայց պատկանում է Աստ- ծուն: Այն պատկանում է Նրան ինչպես արարչագործությամբ, այնպես էլ փրկագնմամբ: Քրիստոսի զոհը մատուցվեց հանուն աշխարհի: «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց» (Հովհաննես 3.16): Հենց այդ մեկ պարգևի միջոցով է, որ բոլոր մյուս պարգևները տրվում են մարդկանց: Ամեն օր ողջ աշխարհն օրհնություններ է ստանում Աստծուց: Անձրևի ամեն մի կաթիլ, որ թափվում է մեր անշնորհակալ ցեղի վրա, լույսի ամեն մի շող, ամեն մի տերև, ծաղիկ ու պտուղ վկայում է Աստծո երկայնամտության և մեծ սիրո մասին: [302] ՔԱ 238.3
Եվ ինչո՞վ են փոխհատուցում այդ մեծ Պարգևողին: Ինչպե՞ս են մարդիկ վերաբերվում Աստծո պահանջներին: Ո՞ւմ են ծառայում մարդկային զանգվածներն իրենց կյանքով: Նրանք մամոնային են ծառայում: Հարստություն, պաշտոն և աշխարհիկ հաճույքներ’ ահա նրանց նպատակը: Հարստությունը ձեռք է բերվում ոչ միայն մարդկանց, այլ նաև Աստծուն կողոպտելով: Մարդիկ օգտագործում են Նրա պարգևներն իրենց եսասիրությունը բավարարելու համար: Ամեն ինչ, որ ձեռք են գցում, ծառայեցնում են իրենց ագահությանն ու եսամոլ հաճոյասիրությանը: ՔԱ 239.1
Աշխարհի այսօրվա մեղքը այն նույն մեղքն է, որը Իսրայելին հասցրեց կործանման: Ապերախտությունն Աստծո հանդեպ, հնարավորությունների և օրհնությունների անտեսումը, Աստծո պարգևների եսասիրական յուրացումը’ ահա սրանք էին այն մեղքերը, որոնք պատճառ հանդիսացան Իսրայելի վրա Աստծո ցասումին, և սրանք են, որ այսօր կործանում են աշխարհը: ՔԱ 239.2
Այն արցունքները, որ Քրիստոսը թափեց Ձիթենյաց սարի վրա, երբ Նա կանգնած վերևից դիտում էր ընտրյալ քաղաքը, միայն Երուսաղեմի համար չէին: Երուսաղեմի ճակատագրի մեջ Նա տեսավ աշխարհի կործանումը: ՔԱ 239.3
«Գոնե այս քո օրվա մեջ գիտենայիր քո խաղաղությունը, բայց հիմա ծածկվեց քո աչքերից” (Ղուկաս 19.42): ՔԱ 239.4
«Գոնե այս քո օրվա մեջ”: Օրը մոտենում է իր ավարտին: Շնորհի բարենպաստ ժամանակն ուր որ է կավարտվի: Կուտակվում են վրեժխնդրության ամպերը: Նրանք, ովքեր մերժում են Աստծո շնորհը, շուտով արագ ու անխուսափելիորեն կկորչեն: ՔԱ 239.5
Սակայն աշխարհը քնած է: Մարդիկ չգիտեն այցելության ժամանակը: ՔԱ 239.6
Որտե՞ղ պետք է գտնվի եկեղեցին այս ճգնաժամի պահին: Արդյոք նրա անդամները բավարարո՞ւմ են Աստծո պահանջները: Կատարո՞ւմ են արդյոք նրանք Աստծո հանձնարարությունը և աշխարհին ներկայացնում Նրա բնավորությունը: Ուղղո՞ւմ են արդյոք նրանք իրենց մերձավորների ուշադրությունը ողորմության վերջին նախազգուշացման լուրին: [303] ՔԱ 240.1
Մարդիկ վտանգի մեջ են: Շատերը կործանվում են: Բայց Քրիստոսի այսպես կոչված հետևորդներից որքա՜ն քչերն են ցավում այս հոգիների համար: Աշխարհի ճակատագիրը կշեռքի վրա է դրված, բայց սա հազիվ թե անհանգստացի նույնիսկ նրանց, ովքեր ասում են, թե հավատում են չափազանց ազդեցիկ ճշմարտությանը, որ երբևէ տրվել է մահկանացուներին: Զգացվում է այն սիրո պակասը, որը Քրիստոսին դրդեց լքելու Իր երկնային տունը և ընդունելու մարդկային բնությունը, որպեսզի մարդկային բնությամբ կարողանար շփվել մարդկանց հետ և մարդկությանը կապել աստվածության հետ: Աստծո ժողովուրդը գտնվում է մի այնպիսի թմրած և կաթվածահար վիճակում, որը խանգարում է նրանց հասկանալու պահի լրջությունը: ՔԱ 240.2
Երբ Իսրայելացիք մտան Քանան, չիրագործեցին Աստծո նպատակը’ տիրանալու ողջ երկրին: Մասնակի նվաճումներից հետո նրանք սկսեցին վայելել իրենց հաղթանակի պտուղները: Իրենց անհավատության և հեշտ կյանքով ապրելու տենչի պատճառով նրանք հավաքվեցին այն շրջաններում, որոնք արդեն գրավված էին’ առաջ գնալու և նոր տարածքներ գրավելու փոխարեն: Այսպիսով նրանք սկսեցին հեռանալ Աստծուց: Ձախողելով Աստծո ծրագիրը’ նրանք անհնարին դարձրին Նրա համար կատարելու Իր օրհնության խոստումը: Մի՞թե նույնը չի կրկնում այսօրվա եկեղեցին: Այն ժամանակ, երբ աշխարհն ավետարանի կարիքն ունի, քրիստոնյա կոչեցյալները հավաքվում են այնտեղ, ուր իրենց համար կարող են վայելել Ավետարանի օրհնությունները: Նրանք չեն զգում նոր տարածքներ գրավելու անհրաժեշտությունը’ փրկության լուրը տանելով ավելի հեռու շրջաններ: Նրանք հրաժարվում են կատարել Քրիստոսի պատվերը. «Գնացեք բոլոր աշխարհը և ավետարանը քարոզեցեք ամեն արարածի” (Մարկոս 16.15): Մի՞թե նրանք ավելի քիչ մեղավոր են, քան հրեական եկեղեցին: ՔԱ 240.3
Քրիստոսի կոչեցյալ հետևորդները ստուգվում են երկնքի առջև, բայց նրանց նախանձախնդրության պակասը և ջան- քերի թողությունն Աստծո ծառայության մեջ ցույց են տալիս, որ նրանք անհավատարիմ են: Եթե նրանք ամեն ինչ անեին իրենց ուժերի չափով, ապա չէին մեղադրվի: Եվ եթե սրտանց նվիրվեին իրենց գործին, ապա կարող էին ավելի շատ բան անել: [304] Նրանք գիտեն, և աշխարհն էլ գիտի, որ մեծապես կորցրել են ինքնազոհության և խաչը կրելու ոգին: Շատերի անվան դիմաց երկնային գրքերում գրված կլինի ոչ թե արտադրողներ, այլ սպառողներ: Շատերի պատճառով, ովքեր կրում են Քրիստոսի անունը, խամրած է Նրա փառքը, սքողված է Նրա գեղեցկությունը, անարգված է Նրա պատիվը: ՔԱ 241.1
Ոմանց անունները գրված են եկեղեցական գրքերում, սակայն նրանք չեն գտնվում Քրիստոսի իշխանության տակ, ուշադրություն չեն դարձնում Նրա խրատներն, ոչ էլ կատարում են Նրա գործը: Այդ իսկ պատճառով գտնվում են թշնա- մու ղեկավարության տակ: Չգործելով ոչ մի բարիք բառիս բուն իմաստով, անհամար վնասներ են հասցնում: Եվ քանի որ նրանց ազդեցությունը կյանքի բուրմունք չէ դեպի կյանք, ուստի մահվան հոտ է դեպի մահ: ՔԱ 241.2
Տերն ասում է. «Մի՞թե սրա համար այցելություն պիտի չանեմ” (Երեմիա 5.9): Քանի որ Իսրայելի որդիները չիրակա- նացրին Աստծո նպատակը, Նա լքեց նրանց և դիմեց ուրիշ ժողովուրդների: Եթե սրանք էլ անհավատարմություն ցուցաբերեն, մի՞թե չեն մերժվի նույն ձևով: ՔԱ 241.3
Այգու առակում հենց մշակներին էր, որ Քրիստոսը մեղավոր անվանեց: Նրանք էին, որ հրաժարվեցին վերադարձնել իրենց տիրոջը նրա հողի պտուղները: Հրեա ազգի մեջ քահանաներն ու ուսուցիչներն էին, որ թյուրիմացության մեջ գցելով ժողովրդին, կողոպտեցին Աստծուն այն ծառայության մեջ, որ Նա պահանջում էր: Այդ նրանք էին, որ հեռացրին ազգը Քրիստոսից: ՔԱ 241.4
Մարդկային ավանդությունից ազատ Աստծո օրենքը Քրիստոսը ներկայացրեց որպես հնազանդության մեծ չափա- նիշ: Սա գրգռում էր վարդապետների թշնամանքը: Նրանք մարդկային ուսմունքը վեր էին դասել Աստծո խոսքից և ժողովրդին հեռացրել էին Նրա պատվիրաններից: Նրանք չհրաժարվեցին իրենց մարդկային պատվիրաններից Աստծո խոսքի պահանջներին հնազանդվելու համար: Հանուն ճշմարտության նրանք չզոհաբերեցին իրենց մտքի հպարտությունը և մարդկանց գովաբանությունը: [305] Երբ Քրիստոսը եկավ ներկայացնելու ազգին Աստծո պահանջները, քահանաներն ու ծերերը մերժեցին Նրա իրավունքը’ կանգնելու իրենց և ժողովրդի միջև: Նրանք չցանկացան ընդունել Նրա կշտամբանքներն ու զգուշացումները և վճռեցին հրահրել ժողովրդին Քրիստոսի դեմ Նրան կորցնելու համար: ՔԱ 241.5
Նրանք պատասխանատու էին Քրիստոսին մերժելու և դրանից բխող բոլոր հետևանքների համար: Ազգի մեղքի և կործանման պատճառը կրոնական առաջնորդներն էին: ՔԱ 242.1
Արդյոք նույն ազդեցությունները չե՞ն գործում մեր օրերում: Տիրոջ այգու մշակներից շատերը չե՞ն հետևում, արդյոք, հրեա առաջնորդներին: Կրոնական ուսուցիչները չե՞ն շեղում, արդյոք, մարդկանց Աստծո խոսքի պարզ պահանջներից: Դաստիարակելու փոխարեն, որ հնազանդվեն Աստծո օրենքին, նրանց չե՞ն սովորեցնում, արդյոք, խախտել այն: Շատ եկեղեցիների ամբիոններից ժողովրդին սովորեցնում են, թե Աստծո օրենքը պարտադիր չէ նրանց համար փոխարենը հորդորելով մեծարել մարդկային ավանդույթները: Մարդիկ հպարտանում են Աստծո պարգևներով ու լցվում ինքնագոհությամբ, մինչդեռ Նրա պահանջներն արհամարհվում են: ՔԱ 242.2
Մի կողմ դնելով Աստծո օրենքը’ մարդիկ չեն գիտակցում, թե ինչ են անում: Աստծո օրենքը Նրա բնավորության արտացոլումն է: Այն մարմնավորում է Նրա արքայության սկզբունքները: Նա, ով հրաժարվում է ընդունել այս սկզբունքները, ինքն իրեն դուրս է մղում այն հունից, որով հոսում են Աստծո օրհնությունները: ՔԱ 242.3
Իսրայելին տրված փառավոր հնարավորությունները կարող էին օգտագործվել միայն Աստծո պատվիրաններին հնազանդվելու միջոցով: Բնավորության նույն վսեմացումը, նույն լիառատ օրհնությունը’ մտքի, հոգու և մարմնի, տան ու դաշտի օրհնությունը, այս կյանքի և գալիք կյանքի օրհնությունը մեզ համար էլ հնարավոր է միայն հնազանդության միջոցով: ՔԱ 242.4
Ինչպես հոգևոր, այնպես էլ բնական աշխարհում պտուղ բերելու պայմանը հնազանդությունն է Աստծո օրենքներին: Ու երբ մարդիկ սովորեցնում են ժողովրդին արհամարհել Աստծո պատվիրանները, դրանով նրանց խանգարում են պտուղ բերել Նրա փառքի համար: [306] Նրանք մեղավոր են, որ Տիրոջից պահում են Նրա այգու պտուղները: ՔԱ 243.1
Աստծո լրաբերները մեզ մոտ են գալիս Տիրոջ հրամանով: Նրանք պահանջում են հնազանդվել Աստծո խոսքին, ինչպես Քրիստոսն էր անում: Նրանք ներկայացնում են այգու պտուղները ստանալու Նրա պահանջը’ սիրո, խոնարհության և անձնազոհ ծառայության: Մշակներից շատերը չե՞ն բորբոքվում արդյոք բարկությունից հրեա առաջնորդների նման: Երբ Աստծո օրենքի պահանջը ներկայացվում է ժողովրդին, չե՞ն օգտագործում, արդյոք, այս ուսուցիչներն իրենց ազդեցությունը’ դրդելով մարդկանց մերժել այն: Այսպիսի ուսուցիչներին Աստված անհավատարիմ ծառաներ է անվանում: ՔԱ 243.2
Հին Իսրայելին ասված Աստծո խոսքերում հանդիսավոր նախազգուշացում կա’ ուղղված նաև այսօրվա եկեղեցուն և նրա առաջնորդներին: Իսրայելի մասին Տերն ասաց. «Ես նրան գրեցի իմ բյուրավոր օրենքները, իսկ նրանք օտարոտի բանի պես համարվեցին» (Օվսե 8.12): Իսկ քահանաներին և ուսուցիչներին Նա հայտարարեց. «Իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտություն չլինելու համար, որովհետև դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ եմ մերժելու... դու մոռացար քո Աստծո օրենքը, ես էլ քո որդկանցն եմ մոռանալու” (Օվսե 4.6): ՔԱ 243.3
Արդյո՞ք անուշադրության կմատնվեն Աստծո նախազգուշացումները: Արդյո՞ք ծառայության համար տրված հնարավորությունները կմնան չիրագործված: Աշխարհի արհամարհանքը, մտքի հպարտությունը և մարդկային սովորույթներին ու ավանդույթներին համարվելը հետ չե՞ն պահի, արդյոք, Քրիստոսի կոչեցյալ հետևորդներին Նրան ծառայելուց: Կմեր֊ ժե՞ն արդյոք նրանք Աստծո խոսքը, ինչպես հրեա առաջնորդները մերժեցին Քրիստոսին: Իսրայելի մեղքի արդյունքը մեր առջև է: Կզգուշանա՞ արդյոք այսօրվա եկեղեցին: ՔԱ 243.4
«Բայց եթե ճյուղերից ոմանք կոտրվեցին, և դու, որ վայրի ձիթենի էիր, նրանցում պատվաստվեցիր և հաղորդ եղար արմատին և ձիթենու պարարտությանը, մի պարծեցիր... նրանք անհավատությունով կոտրվեցին, և դու հավատքով հաստատվեցիր. մի հպարտանա, այլ վախեցիր: Որովհետև եթե Աստված բնական ճյուղերին չխնայեց, մի գուցե քեզ էլ չխնայի» (Հռոմեացիս 11.17-21): [307] ՔԱ 244.1