ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

89/100

ՍՐԲԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

Կեսգիշեր էր, երբ Աստված որոշեց ազատել Իր ժողովրդին: Ամբարիշտները դեռ ծաղրուծանակ էին անում նրանց, երբ հանկարծ արևը հայտնվեց պայծառ փայլով, իսկ լուսինը կանգ առավ: Ամբարիշտները զարմանքով վեր նայեցին, իսկ սրբերը հրճվանքով տեսան իրենց փրկության նշանը: Արագորեն իրար հաջորդեցին նշաններ ու հրաշքներ: Ասես բնությունը գլխիվայր շրջվել էր: Գետերը դադարեցին հոսելուց: Մութ, ծանր ամպերը պատեցին երկինքն ու իրար բախվեցին: Սակայն երկնքում փառքով ողողված մի մաքուր պատառիկ մնաց, որտեղից գալիս էր Աստծո ձայնը, ինչպես երկինքն ու երկիրը ցնցող բազմաթիվ ջրերի ձայն: Մեծ երկրաշարժ եղավ: Բացվեցին գերեզմանները, և նրանք, ովքեր մեռել էին’ հավատալով երրորդ հրեշտակի լուրին ու պահելով շաբաթը, դուրս եկան փառավորված իրենց հողե անկողիններից ու լսեցին խաղաղության ուխտը, որն Աստված պիտի կապեր նրանց հետ, ովքեր պահել էին Իր օրենքը: ՀՊ 118.2

Խռովված երկինքը բացվում ու փակվում էր: Լեռներն այնպես էին ցնցվում, ասես քամուց օրորվող եղեգներ լինեին, ու ժայռերի բեկորները գլորվում էին ներքև: Ծովը եռում էր և քարեր նետում ցամաք: Եվ երբ Աստված հայտնում էր Հիսուսի գալստյան օրն ու ժամը և Իր ժողովրդին հանձնում հավիտենական ուխտը, Նա մի նախադասություն էր ասում, ապա դադար տալիս, մինչ Նրա խոսքերը որոտում էին երկրի վրա: Աստծո Իսրայելը հայացքը հառել էր երկինք’ լսելով այդ բառերը, որ դուրս էին գալիս Եհովայի շուրթե- րից ու որոտում երկրի վրա’ նման հուժկու ամպրոպի ճայթյունի: Դա սարսափազդու ու հանդիսավոր մի տեսարան էր: Յուրաքանչյուր նախադասության վերջում սրբերը գոչում էին. «Փա՜ռք, Ալելուիա՜”: Նրանց դեմքերը լուսավորվել էին Աստծո փառքով ու այնպես էին փայլում, ինչպես Մովսեսի դեմքը’ Սինա սարից իջնելիս: Ամբարիշտները չէին կարողանում նայել նրանց’ այնքան պայծառ էր նրանց դեմքերին փայլող փառքը: Եվ երբ Տերն Իր հավերժական օրհնանքը տվեց նրանց, ովքեր շաբաթը սուրբ պահելով փառավորել էին Աստծուն, հաղթանակի մի հզոր աղաղակ բարձրացավ, հաղթանակի, որը նվաճվել էր գազանի ու նրա պատկերի հանդեպ: ՀՊ 118.3