ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

88/100

Փրկության աղաղակը

Դրանք ահավոր, զարհուրելի տառապանքի ժամեր էին սրբերի համար: Օր ու գիշեր նրանք աղաղակում էին Աստծուն փրկութ- յան համար: Արտաքինից փրկության ոչ մի հնարավորություն չկար: Ամբարիշտներն արդեն իրենց հաղթանակն էին տոնում’ գոչելով. «Ինչո՞ւ ձեր Աստվածը ձեզ չի ազատում մեր ձեռքից: Ինչո՞ւ երկինք չեք գնում ու մեր ձեռքից ազատվում”: Սակայն սրբերը նրանց չէին լսում: Նրանք Հակոբի նման մենամարտում էին Աստծո հետ (Ծննդոց 32.22-32): Հրեշտակները մեծ ցանկություն ունեին նրանց ազատելու, բայց պիտի մի փոքր էլ սպասեին: Աստծո ժողովուրդը պիտի բաժակից խմեր ու մկրտությամբ մկրտվեր: Հրեշտակները շարունակում էին պաշտպանել սրբերին: Աստված թույլ չէր տա, որ Իր անունը պախարակվի հեթանոսների մեջ: Արդեն համարյա եկել էր ժամը, երբ նա պիտի ցույց տար Իր աստվածային զորությունը ու փառահեղ կերպով ազատեր Իր սրբերին: Նա փառավորելու էր Իր անունը’ փրկելով բոլոր նրանց, ովքեր համբերատար կերպով սպասել էին Իրեն, և ում անունները գրված էին գրքում: ՀՊ 116.3

Այն նման է հավատարիմ Նոյի փորձառությանը: Երբ անձրևը տեղաց, ու ջրհեղեղը սկսվեց, Նոյն ու իր ընտանիքը արդեն տապանում էին, և Աստված փակել էր տապանի դուռը: Նոյը հավատարմորեն զգուշացրել էր նախաջրհեղեղյան շրջանի մարդկանց, բայց վերջիններս ծաղրել, արհամարհել էին նրան: Եվ երբ ջրերն սկսեցին թափվել երկրի վրա, ու նրանք սկսեցին մեկը մյուսի հետևից խեղդվել, իսկ տապանն անվնաս լողում էր ջրերի վրայով’ փրկելով հավատարիմ Նոյին ու նրա ընտանիքը: Նույն կերպ պետք է փրկվի Աստծո ժողովուրդը, որը հավատարմորեն զգուշացրել էր աշխարհին Աստծո ցասման մասին: Աստված թույլ չի տա ամբարիշտներին կործանել այն մարդկանց, ովքեր ակնկալում էին երկինք փոխադրվել, ովքեր չէին խոնարհվել գազանի հրամանագրի առաջ կամ ընդունել նրա դրոշմը: Եթե ամբարիշտներին թույլ տրվեր սպանել սրբերին, սատանան, նրա բանակը և բոլորն, ովքեր ատում էին Աստծուն, կբավարարվեին: Օ՜, ի՜նչ ցնծություն կլիներ սատանայի համար’ վերջին, եզրափակիչ ճակատամարտում իշխանություն ունենալ այն մարդկանց վրա, ովքեր երկար սպասել էին’ տեսնելու իրենց սիրելի Տիրոջը: Նրանք, ովքեր ծաղրել են սրբերի’ երկինք բարձրանալու գաղափարը, ականատես կլինեն նրանց փառահեղ ազատագրմանը և կհամոզվեն, թե որքան է Աստված սիրում Իր ժողովրդին: ՀՊ 117.1

Երբ սրբերը հեռացան քաղաքներից ու գյուղերից, ամբարիշտները սկսեցին հետապնդել նրանց, որ սպանեն: Սակայն Աստծո ժողովրդի վրա բարձրացված սրերը ծղոտի նման ջարդվում ու գետին էին ընկնում: Աստծո հրեշտակները վահան էին լինում սրբերի համար: Սրբերն օր ու գիշեր Աստծուն էին կանչում’ փրկություն աղերսելով, և նրանց աղաղակը հասավ Աստծուն: ՀՊ 118.1