ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
«Ուշ է, չափազանց ուշ»
Հետո Հիսուսը հանեց Իր քահանայական զգեստն ու թագավորական պատմուճան հագավ: Նրա գլխին բազմաթիվ պսակներ կային՝ պսակ պսակի մեջ: Հրեշտակների բազմությամբ շրջա- պատված’ Նա իջավ երկնքից: Պատուհասներ էին թափվում երկրի բնակիչների գլխին: Ոմանք պարսավում ու անիծում էին Աստծուն: Ուրիշները վազում էին Աստծո ժողովրդի մոտ ու աղաչում, որ սովորեցնեն իրենց, թե ինչպես կարող են փրկվել Նրա դատաստան- ներից: Սակայն սրբերը նրանց ասելու ոչինչ չունեին: Արդեն թափվել էր վերջին արտասուքը մեղավորների համար, կատարվել էր վերջին տառապալից աղոթքը, տարվել էր վերջին բեռը, և տրվել էր Վերջին նախազգուշացումը: Ողորմության քաղցր ձայնն այլևս երբեք չպիտի հրավիրեր նրանց: Երբ սրբերն ու ամբողջ երկինքը շահագրգռված էին նրանց փրկությամբ, նրանք իրենք շահագրգռված չէին: Նրանց առջև ընտրություն էր եղել’ կյանք կամ մահ: Շատերն էին կյանք ցանկանում, սակայն դրա համար ոչ մի ջանք չէին թափում: Նրանք չէին ընտրել կյանքը, իսկ այժմ չկար այլևս այն քավություն տվող արյունը, որը պիտի մաքրեր մեղավորներին, չկար այլևս այն կարեկից ու գթասիրտ Փրկիչը, Ով պիտի աղերսեր Աստծուն’ ասելով’ «Խնայիր, մի փոքր էլ խնայիր մեղավորին”: Ամբողջ երկինքը Հիսուսի հետ էր, երբ մարդիկ լսեցին այս ահավոր բառերը. «Կատարված է: Վերջացած է”: Ավարտվել էր փրկության ծրագիրը, սակայն քչերն էին ընդունել այն: Եվ երբ ողորմության քաղցր ձայնը լռեց, ամբարիշտներին ահ ու սարափ պատեց: Զարհուրելի պարզությամբ նրանք լսեցին այս բառերը. «Ուշ է, չափազանց ուշ”: ՀՊ 114.3
Ենթարկվելով իրենց գլխին թափվող պատուհասներին’ ամբարիշտներից շատերը մոլեգնության մեջ էին ընկել: Ահավոր մի տեսարան էր: Ծնողները զավակներին էին պարսավում, զավակները’ ծնողներին, եղբայրները’ քույրերին, իսկ քույրերը’ եղբայրներին: Ամենուր բարձրաձայն ողբ ու աղաղակ էր լսվում, ամենուր’ հանդիմանանք. «Դու էիր, որ հետ պահեցիր ինձ ճշմարտությունն ընդունելուց, որը կփրկեր ինձ այս ահավոր ժամին»: Մարդիկ դառնում էին քահանաներին և դառն ատելությամբ և հանդիմանանքով ասում. «Դուք մեզ չեք զգուշացրել: Դուք ասել եք մեզ, որ ողջ աշխարհը պիտի դարձի գա, ու բղավել եք’ խաղաղություն, խաղաղություն, որպեսզի հանգստացնեք բոլոր վախերը: Դուք մեզ չեք ասել այս ժամի համար, իսկ այն մարդկանց, ովքեր զգուշացնում էին մեզ, դուք մոլեռանդ ու չար եք կոչել, ասել եք, որ նրանք կկործանեն մեզ»: Սակայն քահանաները նույնպես չխուսափեցին Աստծո պատժից: Նրանց տանջանքը տասնապատիկ մեծ էր, քան ժողովրդինը: ՀՊ 115.1