ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

75/100

Անհրաժեշտ տարանջատում

Երկար ու դաժան պայքարից հետո հավատարիմ փոքրամասնությունը որոշեց խզել բոլոր հարաբերությունները ուխտադրուժ եկեղեցու հետ, եթե վերջինս հրաժարվում էր ազատվել կեղծիքից ու կռապաշտությունից: Նրանք հասկացան, որ եթե իրենք ցանկանում են հնազանդվել Աստծո խոսքին, ապա բաժանումը բացարձակ անհրաժեշտություն է: Նրանք չհամարձակվեցին իրենց հոգիների համար ճակատագրական այդ սխալները հանդուրժել և վատ օրինակ հանդիսանալ’ վտանգելով իրենց որդիների և որդկանց որդիների հավատը: Խաղաղությունը և միասնությունը պահպանելու համար նրանք պատրաստ էին ցանկացած զիջման, որը չէր խանգարի հավատարիմ մնալ Աստծուն: Սակայն հասկացան, որ անգամ խաղաղության համար սկզբունքը զոհաբերելը չափից ավելի մեծ գին է: Եթե միասնությունը կարող է պահպանվել միայն ճշմարտությունը և արդարությունը զիջելու գնով, ապա թող բաժանում, թող պատերազմ լինի: Եկեղեցու և աշխարհի համար մեծ օգուտ կլիներ, եթե այն սկզբունքները, որոնցով գործել էին այս անսասան հոգիները, վերակենդանանային Աստծո զավակների սրտերում: ՀՊ 99.1

Պողոս առաքյալը հայտարարում է, որ «ամենը, որ կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսում, հալածանք պիտի կրեն» (Բ Տիմոթեոս 3.12): Սակայն այդ դեպքում ինչպե՞ս է պատահել, որ հալածանքը մեծապես նվազել է: Միակ պատճառն այն է, որ եկեղեցին հարմարվել է աշխարհի չափանիշներին և այլևս ոչ մի ընդդիմություն չի ծնում: Մեր օրերի հավատը այն մաքուր և սուրբ բնույթը չունի, որը հատուկ էր քրիստոնեական հավատին Քրիստոսի և Նրա առաքյալների ժամանակ: Միայն մեղքի հետ փոխզիջման պատճառով է, որ Աստծո խոսքի մեծ ճշմարտություններն այդքան անտարբեր վերաբերմունքի են արժանացել, քանի որ եկեղեցում այնքան չնչին է կենդանի բարեպաշտությունը, որ քրիստոնեությունը հանրամատչելի է դարձել աշխարհում: Բավական է հավատը վերածնունդ ապրի, և եկեղեցին ստանա իր նախկին զորությունը, անմիջապես գլուխ կբարձրացնի հալածանքի ոգին, և խարույկները նորից կբորբոքվեն: ՀՊ 99.2