ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

47/100

Դատավարության դահլիճում

Ամբոխն աղաղակներով Հիսուսի արյունն էր պահանջում: Նրանք դաժանորեն մտրակահար արին Հիսուսին, Նրան արքայական մի հին ծիրանի հագցրեցին ու սուրբ գլխին փշե պսակ դրեցին: Նրա ձեռքը մի եղեգ տվեցին ու խոնարհվելով’ ծաղրաբար ողջունեցին’ ասելով. «Ողջ կաց, ով Հրեաների թագավոր” (Հովհաննես 19.3): Այնուհետև նրանք Հիսուսի ձեռքից առան եղեգն ու սկսեցին դրանով Նրա գլխին հարվածել: Այնքան հարվածեցին, որ փշե պսակը մխրճվեց Նրա քունքերի մեջ, ու արյունը հորդեց ներքև’ դեմքին ու մորուքին: ՀՊ 67.2

Հիսուսը գիտեր, որ հրեշտակները վկա են անարգանքի այս տեսարանին: Ամենաթույլ հրեշտակն անգամ կարող էր գետին տապալել այդ ծաղրուծանակ անող բազմությանն ու ազատել Հի- սուսին: Նա գիտեր, որ եթե խնդրի Հորից, ապա հրեշտակները վայրկենապես կազատեն Իրեն: Սակայն անհրաժեշտ էր, որ Նա կրեր ամբարիշտների հալածանքն ու բռնությունները, որպեսզի ի կատար ածվեր փրկության ծրագիրը: ՀՊ 67.3

Հիսուսը հեզ ու խոնարհ կանգնած էր մոլեգնած ամբոխի առաջ, ովքեր Նրան ստորաբար տանջում ու խոշտանգում էին: Նրանք թքում էին Հիսուսի երեսին’ այն երեսին, որից մի օր պիտի տենչան թաքնվել, որը պիտի լուսավորի Աստծո քաղաքն ու արևից ավելի պայծառ փայլի: Քրիստոսն Իրեն անարգողների վրա բարկացած հայացք չէր գցում: Նրանք Հիսուսի գլուխը մի հին կտորով ծածկեցին, և դեմքին զարկելով’ հարցնում էին. «Մարգարեացիր’ ո՞վ է նա, որ քեզ զարկեց» (Ղուկաս 22.64): ՀՊ 68.1

Աշակերտներից ոմանք կարողացել էին վստահություն շահել ու մտնել այնտեղ, որտեղ Հիսուսն էր: Նրանք ականատես էին Հիսուսի դատավարությանը: Նրանք սպասում էին, որ ուր որ է Հիսուսը ցույց կտա Իր աստվածային զորությունը, կազատվի իր թշնամիների ձեռքից ու կպատժի բոլորին’ Իր նկատմամբ ցուցաբերած դաժանության համար: Նրանք մեկ հույսով էին լցվում, մեկ’ կորցնում հույսը, նայած թե ինչ ընթացք էին ընդունում դեպքերը: Երբեմն նրանք կասկածում էին և վախենում, թե խաբված են եղել: Սակայն, հիշելով լեռան վրա Քրիստոսի կերպարանափոխությունը, երկնքից լսվող ձայնը և այնտեղ տեսած փառքը, նրանք նորից հավատով էին լցվում, և ոչ մի կասկած չէր մնում, որ Քրիստոսն է Աստծո Որդին: Նրանք վերհիշում էին այն տեսարանները, որոնց ականատես էին եղել, այն բոլոր հրաշքները, որոնք Հիսուսը գործել էր իրենց աչքերի առաջ’ բժշկելով հիվանդներին, բացելով կույրերի աչքերը և խուլերին լսողություն պարգևելով, կշտամբելով ու հանելով դևերին, հարություն տալով մեռյալներին և նույնիսկ զսպելով քամին ու փոթորկոտ ծովը: ՀՊ 68.2

Նրանք չէին կարողանում հավատալ, որ Հիսուսը մեռնելու է: Նրանք հույս ունեին, թե Նա դեռ ցույց կտա Իր զորությունն ու Իր իշխող ձայնով ցրիվ կտա արյունարբու այդ խառնամբոխին այնպես, ինչպես Նա դուրս էր հանել տաճարից այն մարդկանց, ովքեր առուծախի վայր էին դարձրել Աստծո տունը, և մարդիկ այնպես էին փախել Նրանից, ասես զինված ջոկատից հալածվելիս լինեին: Աշակերտները սպասում էին, որ Հիսուսը ցույց կտա Իր զորությունն ու կապացուցի բոլորին, որ Ինքն է Իսրայելի թագավորը: ՀՊ 68.3