ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հուդան մատ՛նում է Հիսուսին
Հետո Հուդան եկավ’ զինված մարդկանց գնդով: Նա սովորականի նման մոտեցավ ողջունելու իր Տիրոջը: Գունդը շրջապատեց Հիսուսին, բայց Նա, Իր աստվածային զորությունը ցույց տալով, ասաց. «Ո՞ւմ եք ուզում”: «Ես եմ»: Զինվորները գետնին ընկան: Հիսուսն այս հարցը տվեց, որպեսզի նրանք տեսնեն Իր զորությունը և ապացույց ունենան, որ Նա կարող է Իր ուժերով ազատվել նրանց ձեռքից, եթե ցանկանա: ՀՊ 65.3
Տեսնելով, որ մահակներով ու սրերով զինված այդ ամբոխը այդքան շուտ ընկավ, աշակերտները հույսով լցվեցին: Եվ երբ ամբոխը վեր կացավ և շրջապատեց Աստծո Որդուն, Պետրոսը դուրս քաշեց սուրն ու զարկեց քահանայապետի ծառաներից մեկին’ կտրելով ականջը: Հիսուսը հրամայեց նրան տեղը դնել սուրը’ ասելով. «Կարծում ես, թե չե՞մ կարող հիմա իմ Հորն աղաչել, որ հասցնի ինձ ավելի քան տասներկու գունդ հրեշտակներ» (Մատթեոս 26.53): Երբ Հիսուսն արտասանեց այս բառերը, հույսի շող փայլեց հրեշտակների դեմքերին: Նրանք ցանկանում էին անմիջապես շրջապատել իրենց Հրամանատարին ու ցրիվ տալ այդ գազազած ամբոխը: Սակայն նրանք նորից տրտմեցին, երբ Հիսուսը շարունակեց. «Բայց ինչպե՞ս կկատարվեն գրքերը, թե այսպես պետք է լինի» (Մատթեոս 26.54): Աշակերտների սրտերն էլ նվաղեցին հուսահատությունից և հիասթափությունից, երբ Հիսուսը թույլ տվեց թշնամիներին տանել Իրեն: ՀՊ 65.4
Աշակերտներն իրենց սեփական կյանքի համար էին վախենում: Նրանք բոլորը թողեցին Հիսուսին ու փախուստի դիմեցին: Հիսուսը մնաց մենակ’ արյան ծարավ ամբոխով շրջապատված: Ինչպե՜ս էր ցնծում սատանան, և ի՜նչ վիշտ ու թախիծ էր պատել Աստծո հրեշտակներին: Սուրբ հրեշտակների բազմաթիվ խմբեր’ յուրաքանչյուրը մի հրամանատար հրեշտակի գլխավորությամբ, ուղարկվեցին, որպեսզի ականատես լինեն այդ տեսարանին: Նրանք պետք է արձանագրեին Աստծո Որդուն հասցված յուրաքանչյուր վիրավորանք, Նրա դեմ գործած յուրաքանչյուր դաժան արարք, գրի առնեին Հիսուսի կրած տառապանքի ամեն մի սուր ցավը, քանի որ ժամանակը կգա, երբ այդ զարհուրելի տեսարանին մասնակցած յուրաքանչյուր ոք կենդանի պատկերներով նորից կտեսնի այդ ամենը: ՀՊ 66.1