ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հովհաննեսի ծառայությունը
Հովհաննեսն իր աշակերտներին հայտնեց, որ Հիսուսն է խոս- տացված Մեսիան’ աշխարհի Փրկիչը: Քանի որ նա ավարտելու էր իր առաքելությունը, նա պատվիրեց իր աշակերտներին հայացքները Հիսուսին ուղղել և Նրան հետևել’ որպես Մեծ Ուսուցիչ: Հովհաննեսի կյանքը լի էր վշտով ու ինքնուրացումով: Նա ազդարարեց Քրիստոսի առաջին գալուստը, սակայն չտեսավ Նրա հրաշագործությունները և չվայելեց Նրա զորավոր ուժը: Երբ Հիսուսը հաստատվեց որպես ուսուցիչ, Հովհաննեսը գիտեր, որ ինքը պետք է մեռնի: Նրա ձայնը հիմնականում լսվում էր անապատում: Նրա ողջ կյանքն անցավ միայնության մեջ: Նա չմնաց հոր տանը, չվայելեց ընտանեկան հարկի ջերմությունը, այլ հեռացավ տնից, որպեսզի կատարի իր առաքելությունը: Բազմաթիվ մարդիկ թողնում էին քաղաքներն ու գյուղերը ու հավաքվում անապատում, որպեսզի լսեն այդ հրաշալի մարգարեի խոսքերը: Հովհաննեսը թափանցում էր մարդկանց խնդիրների մեջ: Նա հանդիմանում էր մեղքը’ չվախենալով հետևանքներից, և ճանապարհ հարթում Աստծո Գառան համար: ՀՊ 54.1
Հերովդեսի վրա մեծ ազդեցություն գործեցին Հովհաննեսի զորավոր վկայությունները, և մեծ հետաքրքրությամբ նա հարցրեց, թե ինչ պիտի անի’ նրա աշակերտը դառնալու համար: Հովհաննեսին հայտնի էր, որ Հերովդեսը պատրաստվում է կնության առնել եղբոր կնոջը, այն դեպքում, երբ նրա ամուսինը դեռ կենդանի է, և հավատարմորեն ասաց Հերովդեսին, որ դա օրինական չէ: Հերովդեսը չէր ցանկանում որևէ զոհողություն անել: Նա ամուսնացավ եղբոր կնոջ հետ, և թեև կինը ստիպեց նրան ձերբակալել ու բանտարկել Հովհաննեսին, այնուամենայնիվ մտադիր էր ազատ արձակել նրան: Բանտում գտնված ժամանակ Հովհաննեսն իր աշակերտներից տեղեկացավ Հիսուսի հրաշագործությունների մասին: Նա ի վիճակի չէր լսելու Փրկչի գթառատ խոսքերը, սակայն աշակերտները փոխանցում էին նրան այն ամենն, ինչ լսել էին, ու մխիթարում էին նրան: Շուտով Հերովդեսի կնոջ ջանքերի շնորհիվ Հովհաննեսը գլխատվեց: Հիսուսին հետևող ամենանվաստ աշակերտներն անգամ, ովքեր ականատես էին եղել Նրա գործած հրաշքներին ու լսել Նրա շուրթերից թափվող մխիթարական խոսքերը, ավելի «մեծ» էին, քան Հովհաննես Մկրտիչը (տե’ս’ Մատթեոս 11.11), այսինքն’ նրանք ավելի էին մեծարված ու հարգված: Հովհաննեսը եկավ Եղիայի հոգով ու զորությամբ, որպեսզի հայտարարի Քրիստոսի առաջին գալուստը (Ղուկաս 1.17): Հովհաննեսը խորհրդանշում է նրանց, ովքեր աշխարհի վերջին օրերում պետք է դուրս գան Եղիայի հոգով ու զորությամբ, որպեսզի ազդարարեն ցասման օրը և Քրիստոսի երկրորդ գալուստը: ՀՊ 54.2