ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 8
Բայց ասում եմ ձեզ, թե ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն, դատաստանի օրը համար պիտի տան: Որովհետև քո խոսքից կարդարանաս, և քո խոսքից կդատապարտվես: Մատթեոս 12.36, 37: YRPArm 76.1
Աստված ցանկանում է, որ մենք անհատապես մոտենանք այն դիրքին, որտեղ Նա կարող է մեր վրա հեղել Իր սերը: Նա մեծ արժեք է տվել մարդուն և փրկագնել է մեզ Իր Միածին Որդու զոհի շնորհիվ, և մենք մեր ընկերների մեջ պետք է տեսնենք Քրիստոսի արյան գինը: Եթե մենք ցուցաբերենք այս սերը մեկս մյուսի նկատմամբ, կաճենք Աստծո և ճշմարտության նկատմամբ սիրո մեջ: Մեզ ցավ է պատճառում տեսնել, թե ինչքան քիչ սեր կա մեր մեջ: Սերը երկնային ծագում ունեցող բույս է, և եթե ուզում ենք, որ այն ծաղկի մեր սրտերում, պետք է այդ բույսն ամեն օր մշակենք: Մեղմությունը, քնքշությունը, երկայնամտությունը, դյուրագրգիռ չլինելը, ամեն ինչ տանելը, ամեն ինչին դիմանալը՝ այս ամենը սիրո թանկագին ծառի պտուղներն են: YRPArm 76.2
Երբ միավորված եք իրար հետ, ուշադիր եղեք ձեր խոսքերին: Թող որ ձեր խոսակցությունը լինի այնպիսի բնույթի, որ ապաշխարության կարիք չունենաք: «Եվ մի’ տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար” (Եփեսացիս 4.30): «Բարի մարդն իր սրտի բարի գանձից բարիքներ կհանի, և չար մարդը չար գանձից չար բաներ կհանի” (Մատթեոս 12.35): Եթե ճշմարտության սերը ձեր սրտում է, դուք կխոսեք ճշմարտության մասին, կխոսեք այն օրհնված հույսի մասին, որն ունեք Հիսուսում: Եթե ունեք սեր ձեր սրտում, դուք կփորձեք հաստատել և կառուցել ձեր եղբոր մեջ ամենասուրբ հավատը: Եթե որևէ խոսք է արտաբերվել, որը վնասակար է ձեր եղբոր կամ ընկերոջ բնավորության համար, մի’ խրախուսեք այդ չարախոսությունը: Դա թշնամու գործն է: Սիրով հիշեցրեք խոսողին, որ Աստծո Խոսքը թույլ չի տալիս նման խոսակցություն: YRPArm 76.3
Մենք պետք է մեր սիրտն ազատենք այն ամենից, ինչը պղծում է մեր հոգու տաճարը, որպեսզի Քրիստոսը բնակվի դրանում: Մեր Փրկիչն ասել է, թե մենք ինչպես պետք է Իրեն բացահայտենք աշխարհին: Եթե մենք փայփայենք այս Հոգին, եթե դրսևորենք այս սերն ուրիշների նկատմամբ, եթե պաշտպանենք մեկս մյուսին, եթե լինենք բարի, համբերատար, հանդուրժող, աշխարհը վկայություն կունենա մեր բերած պտուղներով, որ մենք Աստծո զավակներ ենք: Եկեղեցու միաբանությունն է, որ թույլ է տալիս նրան գիտակցված ազդեցություն տարածել անհավատների և աշխարհիկների վրա: Ռևյու ընդ Հերալդ, 1888թ. հունիսի 5: YRPArm 76.4