ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱԶԱՏ ՄԵՂՔԻ ԱՆԵԾՔԻՑ ՓեՏՐՎԱՐ 26
Բայց հիմա, որ մեղքից ազատված և Աստծո ծառա եղած եք, ձեր պտուղն ունեք սրբանալու համար, և նրա վերջը հավիտենական կյանքն է։ Հռոմեացիս 6.22: YRPArm 64.1
Տերն ուզում է, որ Իր ժողովուրդն ամուր լինի հավատի մեջ, անտեղյակ չլինի իրենց այդքան առատորեն տրված մեծ փրկությունից: Նրանք չպետք է սպասեն’ մտածելով, թե ապագայում մի օր մի մեծ գործ պետք է արվի իրենց համար, քանի որ գործն արդեն ավարտված է: Հավատացյալը կանչված չէ Աստծո հետ հաշտվելու համար, նա երբեք չպետք է անի դա և չի էլ կարող անել: Նա պետք է ընդունի Քրիստոսին որպես իր խաղաղություն, քանի որ Քրիստոսով է Աստված և խաղաղությունը: Քրիստոսը վերջ դրեց մեղքին’ իր սեփական մարմնի վրա կրելով դրա անեծքի ծանր բեռը խաչի վրա և հեռացրեց անեծքը բոլոր նրանցից, ովքեր հավատում են Իրեն որպես անձնական Փրկիչ: Նա վերջ դրեց սրտում մեղքի գերիշխանությանը, և հավատացյալի կյանքն ու բնավորությունը վկայում են Քրիստոսի շնորհի իսկական բնույթի մասին: YRPArm 64.2
Հիսուսը տալիս է Սուրբ Հոգին բոլոր Իրենից խնդրողներեն, քանզի այն կարևոր է յուրաքանչյուր հավատացյալի ազատելու համար ինչպես աղտոտումից, այնպես էլ օրենքի անեծքից և դատապարտությունից: Սուրբ Հոգու աշխատանքի, ճշմարտության սրբագործման շնորհիվ հավատացյալը դառնում է համապատասխան երկնային պալատներին, որովհետև Քրիստոսն աշխատում է մեզ հետ, և Նրա արդարությունը մեզ վրա է: Առանց դրա ոչ ոք երկինք մտնելու իրավունք չի ունենա: Մենք չենք վայելի երկինքը, մինչև որ պիտանի չլինենք դրա սուրբ մթնոլորտին Հոգու ազդեցությամբ և Քրիստոսի արդարությամբ: YRPArm 64.3
Երկնքի թեկնածուներ դառնալու համար մենք պետք է համապա-տասխանենք օրենքի պահանջներին: «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտից, քո բոլոր անձից, քո բոլոր զորությունից, և քո բոլոր մտքից. Եվ քո ընկերին’ քո անձի պես” (Ղուկաս 10.27): Մենք սա կարող ենք անել միայն, երբ հավատով կառչում ենք Քրիստոսի արդարությանը: Նայելով Հիսուսին’ մենք ստանում ենք կենդանի, աճող սկզբունք մեր սրտում, և Սուրբ Հոգին առաջ է տանում գործը. հավատացյալն առաջանում է շնորհից շնորհ, զորությունից զորություն, բնավորությունից բնավորություն: Նա նմանվում է Քրիստոսի պատկերին, մինչև որ հոգևոր աճի մեջ կատարյալ մարդ է լինում Հիսուս Քրիստոսի կատարյալ հասակի չափով: Այսպիսով, Քրիստոսը վերջ է դնում մեղքի անեծքին և հավատացող հոգուն ազատում դրա գործունեությունից ու արդյունքից: Ընտիր լուրեր, 1:394, 395: YRPArm 64.4
Եվ դուք նրանից եք Հիսուս Քրիստոսում, որ Աստծուց մեզ համար եղավ իմաստություն և արդարություն և սրբություն և փրկություն։ Որ ինչպես գրված է’ Նա, որ պարծենում է, թող Տերով պարծենա: Ա Կորնթացիս 1.30, 31: YRPArm 64.5