ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՐ’ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՎԱԶԴԸ հունիս 21
Սրանով կգիտենան ամենքը, թե Իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք: Հովհաննես 13.35: YRPArm 184.1
Շատերը կարող են դառնալ Աստծո գործընկերները՝ առաջ տանելու փրկագնման մեծագույն գործը: Աստված յուրաքանչյուր մարդու տալիս է իր սեփական գործունեության ոլորտը, մինչդեռ Նա տվել է Իր Խոսքը որպես կյանքի ուղեցույց: Նա տվել է նաև Սուրբ Հոգին որպես բավարար ուժ՝ բոլոր ժառանգական և ձեռքբերովի չար հակումները հաղթահարելու և Իր սեփական բնավորությունը մարդու մեջ կերտելու համար, և նրա միջոցով՝ բոլորի, ովքեր կհայտնվեն նրա ազդեցության ոլորտում: YRPArm 184.2
Մարդուն հորդոր է արվում համագործակցել Աստծո հետ, զարգացնել Նրա ողորմությունը, Նրա բարությունը և Նրա սերը՝ այսպիսով դրանք տպավորելով այլոց մեջ: Յուրաքանչյուր մարդ պետք է դառնա գործիք, որի միջոցով Սուրբ Հոգին կարող է աշխատել: Դա հնարավոր է, եթե միայն մարդը հանձնի բոլոր իր ունակությունները Հոգու ղեկավարմանը: Աստված տվեց Իր Հոգին Պենտեկոստեի օրը, և սրտերի հետ Հոգու աշխատանքի միջոցով Նա ներգործում է բոլոր նրանց վրա, ում հետ հավատացյալները հանդիպում են: YRPArm 184.3
Մեր նման մարդ արարածների հետ բարեկամական հարաբերու-թյունների միջոցով մենք կարող ենք գործադրել վեհացնող ազդեցություն: Նրանք, ովքեր միավորված են Հիսուս Քրիստոսի ընդհանուր հույսով և հավատով, կարող են օրհնություն լինել միմյանց համար: Հիսուսն ասում է. «Իրար սիրեք, ինչպես Ես ձեզ սիրեցի» (Հովհաննես 13.34): Սերը պարզապես հանգամանքներից կախված ազդակ, անցողիկ հույզ չէ, այն կենդանի սկզբունք է, հարատև ուժ: Հոգին սնվում է մաքուր սիրո շիթերով, որոնք հոսում են Քրիստոսի սրտից՝ երբեք չցամաքող աղբյուրից: YRPArm 184.4
Ո՜հ, ինչպե՜ս է սիրտն արթնանում այս հաղորդակցությունից, ինչպե՜ս են նրա դրդապատճառներն ազնվանում, զգացմունքները՝ խորանում: Սուրբ Հոգու կրթության և դաստիարակության ներքո Աստծո զավակները սիրում են միմյանց ճշմարտապես, անկեղծ ու անբռնազբոսիկ, «անկողմնասեր, անկեղծ» (Հակոբոս 3.17): Եվ սա՝ որովհետև սիրտը սիրահարված է Հիսուսին: Միմյանց նկատմամբ մեր սերը ցայտում է առ Աստված ունեցած մեր ընդհանուր հարաբերությունից: Մենք մեկ ընտանիք ենք, սիրում ենք միմյանց, ինչպես Նա սիրեց մեզ: Երբ համեմատում ենք այս ճշմարիտ, սրբագործված և կարգապահ զգացողությունը, աշխարհի խղճուկ քաղաքավարությունը, չափազանցված ընկերության անիմաստ արտահայտությունները նմանվում են ցորենի մեջ աճող որոմի: Էլեն Ուայթի 1888թ. նյութեր, 1508, 1509: YRPArm 184.5