ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

158/367

ԽԱՉԻ ՎԿԱՆԵՐ Հունիս 5

Եվ դուք այս բաների համար վկաներ եք: Եվ ահա Ես Իմ Հոր խոստմունքը կուղարկեմ ձեզ վրա, դուք էլ նստեք Երուսաղեմ քաղաքում, մինչև վերևից զորություն հագնեք: Ղուկաս 24.48, 49: YRPArm 168.1

Սուրբ Հոգու հեղումից հետո աշակերտները հագան աստվածային զրահը և որպես վկաներ’ գնացին պատմելու մսուրի և խաչի հրաշալի լուրը: Նրանք խոնարհ մարդիկ էին, բայց գնում էին ճշմարտությամբ: Իրենց Տիրոջ մահից հետո նրանք անօգնական, հիասթափված, վհատված խումբ էին, հոտ’ առանց հովվի, սակայն այժմ ճանապարհ էին ընկնում որպես ճշմարտության վկաներ ոչ թե զենքով, այլ Աստծո Խոսքով և Հոգով’ հաղթանակ տանելու յուրաքանչյուր դիմադրության դեմ: Փրկիչը մերժվել էր, դատապարտվել և խաչվել խայտառակ խաչի վրա: Հրեա քահանաներն ու ղեկավարներն արհամարհանքով հայտարարել էին. «Ուրիշներին ազատեց, Ինքն Իրեն չի կարողանում ազատել, թե որ Իսրայելի թագավորն է, իջնի հիմա խաչից, և կհավատանք դրան» (Մատթեոս 27.42): YRPArm 168.2

Սակայն այդ խաչը’ նախատինքի և կտտանքի այդ խորհրդանիշը, աշխարհին հույս և փրկություն բերեց: Հավատացյալները համախմբվեցին, նրանց հուսահատությունն ու գիտակցված անօգնականությունը լքեցին նրանց: Նրանց բնավորությունը վերափոխվեց, և նրանք միավորվեցին քրիստոնեական սիրո կապանքներով: Թեև նրանք աղքատ էին, աշխարհը նրանց համարում էր տգետ ձկնորսներ, Սուրբ Հոգին նրանց Քրիստոսի վկաներ դարձրեց: Նրանք հավատի հերոսներ էին’ առանց երկրային պատվի և ճանաչման: Նրանց շուրթերից բխում էր աստվածային պերճախոսությունն ու այն ուժը, որը ցնցեց աշխարհը: YRPArm 168.3

Գործք առաքելոց գրքի 3-րդ, 4-րդ և 5-րդ գլուխները ներկայացնում են նրանց վկայությունները: Փրկչին մերժողներն ու խաչողներն ակնկալում էին գտնել Նրա աշակերտներին վհատված, ընկճված և պատրաստ ու-րանալու իրենց Տիրոջը: Ապշահար’ նրանք լսեցին պարզ, հստակ և Սուրբ Հոգու ներգործությամբ տրված վկայությունը: Աշակերտների բառերն ու գործերը ներկայացնում էին նրանց Ուսուցչի բառերն ու գործերը, և բոլոր նրանց լսողներն ասացին, որ նրանք սովորել են Հիսուսից, խոսում են ինչպես Նա: «Եվ առաքյալները մեծ զորությունով վկայություն էին տալիս Տեր Հիսուսի հարության համար, և մեծ շնորհք կար նրանց ամենի վրա” (Գործք առաքելոց 4.33): Էլեն Ուայթի 1888թ. նյութեր, 1543թ.: YRPArm 168.4