ՀՈՒՅՍԻ ԼՐԱԲԵՐՆԵՐ

23/25

Գլուխ 22—Ճիշտ հարաբերակցություն գրականության մեջ

Առողջությանը վերաբերող գրքերն ու հոգևոր գրականությունը։ Գրքերը տարածող աշխատողների մեջ, ովքեր պետք է լույսով լցնեն աշխարհը, պետք է լիակատար միաբանություն լինի: Որտեղ էլ տարածվի մեր գրականությունը, անհրաժեշտ է միասին ներկայացնել կրոնական գրքերն ու առողջությանը վերաբերող գրքերը’ որպես ընդհանուր գործի բաղկացուցիչ մասեր: Կրոնական և առողջության վերաբերյալ գրքերի հարաբերակցությունը, իմ պատկերացմամբ, նման է մաքոքի և թելի միաբանությանը, որը թույլ է տալիս ստեղծելու արվեստի հրաշալի գործեր: CMArm 128.1

Հավասարապես կարևոր են: Անցյալում մենք իրենց կարևորությանը համապատասխան հետաքրքրություն չէինք ցուցաբերում առողջությանը վերաբերող գրքերին: Թեև դրանք բարձր գնահատականի էին արժանանում մարդկանց լայն խմբերում, բայց շատերը կարծում էին, որ դրանց նշանակությունը այդքան մեծ չէ, որ այդ գրքերը տարածվեն աշխարհում: Սակայն ի՞նչը կարող է մարդկանց ավելի լավ նախապատրաստել Տիրոջ գալուստին և այլ կարևոր ճշմարտություններ ընդունելուն, քան մեր դարի արատները ցույց տալը և վնասակար սովորություններից ու սեփական քմահաճույքներից հրաժարվելու կոչը: Մի՞թե աշխարհը չպետք է արթնություն ստանա առողջության բարենորոգման հարցի վերաբերյալ: Մի՞թե մարդիկ այն ճշմարտությունների կարիքը չունեն, որոնք ներկայաց-ված են առողջությանը վերաբերող գրքերում: Մեր գրական ավե-տարանիչներից շատերը պետք է փոխեն իրենց վերաբերմունքն ա-ռողջապահության բնագավառի աշխատանքի նկատմամբ: CMArm 128.2

Մեր գրական ավետարանիչների և հրատարակչական բաժինների քարտուղարների միջև չպետք է լինեն տարաձայնություններ և միակողմանի հակվածություն: Բոլորը պետք է հավասարաչափ հետաքրքրություն դրսևորեն ինչպես առողջության հարցերը դիտարկող, այնպես էլ ամբողջովին հոգևոր հարցեր բովանդակող գրքերի վաճառքի նկատմամբ: Չպետք է կարծել, թե գրական ավետարանիչների կողմից միայն որոշակի գրքեր պետք է արժանանան հատուկ ուշադրության: Պետք է լիարժեք միաբանություն լինի, լավ հավասարակշռված և համաչափ զարգացում բոլոր բնագավառներում: CMArm 128.3

Չառանձնացնել: Այն անտարբերությունը, որ դրսևորում են մարդիկ առողջապահությանը վերաբերող գրքերի հանդեպ, Աստծո համար վիրավորական է: Նա առողջապահությանը վերաբերող գրքերը չի առանձնացնում աշխատանքի հիմնական ուղղվածությունից: Ներկա ժամանակի ճշմարտությունը նույնքան պարզորոշ է երևում առողջապահության բարենորոգման աշխատանքի մեջ, որքան ավետարանչական աշխատանքի այլ բնագավառներում: Գործունեության ոչ մի բնագավառ կատարյալ չի լինի, եթե այն առանձնացված է մյուսներից (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 326,327 [1900]): CMArm 129.1

Աշխատանքի մի ուղղությունը չպետք է գերակշռի մյուսներին։ Պետք է ուշադրությամբ հետևել, որ մեր աշխատանքի մեջ ոչ մի ուղղվածություն չգերակշռի’ վնաս հասցնելով մյուսներին: Բացի այդ, արժանի ուշադրություն չի հատկացվում առողջապահության մասին մեր ամսագրերի տարածմանը: Չի կարելի արհամարհել այդ ամսագրերի տարածումը, քանի որ դա մեծ կորուստ կլինի մարդկանց համար (Ռևյու ընդ Հերալդ, նոյեմբերի 12, 1901): CMArm 129.2

Ամեն բան իր տեղն ունի։ Թեև առողջապահության բնագավառի աշխատանքն իր տեղն ունի երեք հրեշտակների լուրի հռչակման մեջ, դրա կողմնակիցները ոչ մի դեպքում չպետք է փորձեն դրանով փոխարինել ողջ աշխատանքը: Առողջապահության մասին գրքերը պետք է իրենց պատշաճ տեղը գրավեն, քանի որ այդ գրքերի տարածումը կատարվելիք մեծ աշխատանքի միայն մի մասն է: Առողջապահությանը վերաբերող գրքերի վերաբերյալ գրական ավետարանչին տրվող հրահանգները ոչ մի դեպքում գործունեության դաշտից չպետք է բացառեն մարդկանց անհրաժեշտ այլ հրատարակումները: Գրական ավետարանչական աշխատանքը պետք է ղեկավարեն մարդիկ, ովքեր ընդունակ են ընդհանուր պատկերի մեջ տեսնելու աշխատանքի յուրաքանչյուր մասը: Թող նրանք ուշադրության արժանացնեն առողջապահական գրքերի տարածումը, բայց պետք չէ աշխատանքի այդ բնագավառն այնքան առանձնացնել, որ այն մարդկանց շեղի կենսականորեն կարևոր այլ խնդիրներից’ երկրորդ պլան մղելով աշխարհին հատուկ ճշմարտություն տանող գրքերը: CMArm 129.3

Հոգևոր գրականությունը տարածելու համար նույնքան նախապատրաստվածություն է պետք, որքան առողջապահության ու չափավորության մասին գրականություն տարածելու հարցում: Հավասարաչափ պետք է խոսել ինչպես հոգևոր կերակուր պարունակող, այնպես էլ առողջության բարենորոգմանը նվիրված գրքերի տարածման մասին: Անհրաժեշտ է հավասարաչափ ուշադրություն դարձնել և’ երրորդ հրեշտակի, և’ աղողջապահության լուրը պարունակող գրքերը տարածող գրական ավետարանիչներին’ նրանց ոգևորելու և սովորեցնելու համար: CMArm 130.1

Մեկը լրացնում է մյուսին: Գրքերի մի տեսակը միշտ տեղ է թողնում մյուսի համար: Ե'վ մեկը, և’ մյուսը կարևոր են, և դրանք անհրաժեշտ է միաժամանակ տարածել: Դրանք լրացնում են մեկը մյուսին, և անմտություն կլինի մեկը մյուսով փոխարինելը: Երկու կարգի գրքերն էլ խոսում են մեծագույն արժեք ունեցող թեմաներով, և երկուսն էլ պետք է իրենց աշխատանքը կատարեն’ Աստծո ժողովրդին պատրաստելով վերջին օրերին: Երկուսն էլ լուսաբանող, արթնացնող և համոզիչ ճշմարտությունն են ներկայացնում: Ե'վ մեկը, և’ մյուսը պետք է միասին կատարեն եկեղեցիների լուսավորման ու սրբագործման աշխատանքը, որոնք անհամբերությամբ սպասում են Աստծո Որդու մեծափառ գալուստին: CMArm 130.2

Թող յուրաքանչյուր հրատարակիչ և հրատարակչական բաժնի քարտուղար խանդավառությամբ ոգեշնչի գրական ավետարանիչներին, ովքեր այժմ զբաղվում են այդ աշխատանքով, ինչպես նաև ընտրի և սովորեցնի նոր աշխատողների: Թող նրանցից յուրաքանչյուրը հնարավորինս ամրացնի և զարգացնի աշխատանքը’ միևնույն ժամանակ չթուլացնելով այլոց աշխատանքը: Թող ամեն ինչ արվի եղբայրասիրությամբ և առանց եսասիրության (Վկայություններ եկեղեցու համար, հ. 6, 327,328 [1900]): CMArm 130.3

Աշխատանքը պետք է համաչափ զարգանա։ Առողջության բարենորոգումը սերտորեն կապված է երեք հրեշտակների լուրի հետ, ինչպես ձեռքը’ մարմնի: Սակայն ձեռքը չի կարող փոխարինել ողջ մարմնին: Մեր գործի էությունը երեք հրեշտակների լուրի, Աստծո պատվիրանների և Հիսուսի վկայության հռչակումն է: Այդ լուրը պետք է հռչակվի ողջ աշխարհին: Առողջության սկզբունքների տարածման աշխատանքը պետք է միաբանվի այդ լուրի հետ, սակայն ոչ մի դեպքում չպետք է անց կացվի դրանից առանձին և չպետք է փոխարինի դրան... Այդ աշխատանքը պետք է զարգանա հավասարակշռված և համաչափ’ իր բոլոր ոլորտներում... Ես կողմ եմ, որ առողջապահության մասին գրքերը պատշաճ տեղ գրավեն, սակայն դա մեծ աշխատանքի միայն մի բնագավառն է, որը մենք պետք է կատարենք: Տերը գրքերի միջոցով աշխարհին է ուղղել վերջին ժամանակների ճշմարտության լուրը: Գրական ավետարանիչներին չպետք է խրատել այնպես, ասես մի գիրքը կամ գրքի մի տեսակը պետք է ընդգրկի իրենց գործունեության ողջ բնագավառը’ անտեսելով մյուսները: Միշտ էլ կան այնպիսի աշխատողներ, ովքեր պատրաստ են թեքվել ցանկացած ուղղությամբ: Գրականությունը տարածելու աշխատանքը պետք է ղեկավարեն սթափ ուղեղով մարդիկ, ովքեր ընդունակ են ամբողջության մեջ տեսնել աշխատանքի բոլոր տարատեսակների հարաբերակցությունը: Հարկ է բավականաչափ ուշադրություն դարձնել առողջապահական գրքերի տարածմանը’ չառանձնացնելով այդ գործն այնքան, որ այն կենսականորեն կարևոր բնագավառներից շեղի մարդկանց (Նամակ 57 [1896]): CMArm 130.4

Առողջության բարենորոգմանը նվիրված գրքերի և ամսագրերի վաճառքը ոչ մի կերպ չպետք է կասեցնի երեք հրեշտակների լուրի մյուս տեսանկյուններին վերաբերող հրատարակումների վաճառքը: Դրանք պետք է պատրաստեն Տեր Հիսուսի ճանապարհը, Ով իշխանությամբ և մեծ փառքով գալու է ամպերի վրա (Ձեռագիր 113 [1901]): CMArm 131.1

Բոլորը չպետք է աշխատեն միայն մեկ գրքի համար։ Կարծիք կա, որ լավ է, երբ մի անգամ տարածվում է միայն մեկ գիրք, և բոլոր գրական ավետարանիչները պետք է աշխատեն միայն մի անուն գրքի հետ: Նման մոտեցումը անմիտ ու անիմաստ է: Չի կարելի զբաղվել միայն մեկ գրքով, ասես այն ի վիճակի է բավարարելու մեր ժամանակի բոլոր կարիքները: Եթե Տերն Իր ժողովրդին լույս է տալիս տարբեր ճանապարհներով և տարբեր գրքերի միջոցով, ապա ո՞վ կհամարձակվի խոչընդոտել, որ այդ լույսը տարածվի ողջ աշխարհով մեկ: Տերը մեզանից այնպիսի ծրագրեր է սպասում, որոնց շնորհիվ Իր տված լույսը չի թաքցվի մեր հրատարակումների մեջ, այլ կլուսավորի բոլոր նրանց, ովքեր կընդունեն այն (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 47 [1902]): CMArm 131.2

Գրականություն բոլոր դասակարգերի մարդկանց համար։ Գրական ավետարանիչներից ոչ մեկը չպետք է բարձր դասի այն գիրքը, որի հետ ինքն աշխատում է’ առանձնացնելով այն մյուսներից, որոնք նույնպես մեր ժամանակի ճշմարտությունն են հաստատում: Եթե մեր գրական ավետարանիչները հրաժարվեն բոլոր գրքերից հանուն մեկի և իրենց բոլոր ջանքերը կենտրոնացնեն միայն դրա վրա, այդ դեպքում նրանց աշխատանքը չի համապատասխանի Աստծո ծրագրին: Յուրաքանչյուր մարդ մտքի տարբեր կերտվածք ունի, և այն, ինչը կարող է կերակուր լինել մեկի համար, չի գրավի մյուսի ուշադրությունը. ուստի անհրաժեշտ է բազմազան գրականություն տարածել, որտեղ մեր ժամանակի ճշմարտությունը ներկայացված է տարբեր տեսանկյուններից: Գրական ավետարանիչը պետք է իմաստուն կերպով ընտրի գրքերը: Նա, ով Աստծո գործով է զբաղված, չպետք է նեղ ու կարճատես հայացք ունենա: Տերը տարբեր գործիքներ ունի, որոնց միջոցով ծրագրում է Իր աշխատանքը: Եթե մի գիրքը մյուսից բարձր է դասվում, վտանգ կա, որ հայացքից վրիպում է այն գործը, որը մարդկանց կարող է լավագույն կերպով լույս տալ: Կարիք չկա տարբեր գրքեր հակադրել ու փորձել դատել, թե դրանցից որն է առավել օգտակար: Աստված յուրաքանչյուր ձայնի և գրչի համար տեղ ունի, որոնք Նրա ոգեշնչումով Իր մասին են հաղորդում: Ոմանց համար շատ դժվար է ընկալել մեր ամենաբարդ գրքերում պարունակվող ճշմարտությունը, սակայն այդ նույն ճշմարտությունն ավելի պարզ ներկայացնելու միջոցն ավելի շուտ նրանց սրտերին կհասնի: Առաջատար աշխատողները պետք է քաջալերեն և ոգևորեն սկսնակներին’ հավասարաչափ ցույց տալով բոլոր գործուն միջոցները, որոնք ունակ են մարդկանց պատրաստելու Տիրոջ օրը կանգնելու համար: Ոմանց թերթերն ու գրքույկները ավելի շատ օգուտ կտան, քան գրքերը: Աստվածաշնչյան դասերը բացատրող թերթերին, գրքույկներին և թռուցիկներին պետք է ուշադրություն դարձնել գրական ավետարանիչների աշխատանքի մեջ, քանի որ դրանք այն փոքրիկ սեպերն են, որոնք ճանապարհ են բացում մեծ գործերի համար (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 48,49 [1902]): CMArm 132.1

Բրոշյուրներ և թռուցիկներ: Գրական ավետարանիչը պետք է իր հետ բրոշյուրներ, թռուցիկներ և փոքրիկ գրքույկներ ունենա, որպեսզի դրանք բաժանի նրանց, ովքեր գնելու հնարավորություն չունեն: Այդ ձևով կարելի է շատ ընտանիքների բացել ճշմարտությունը (Վկայություններ եկեղեցու համար, հ. 6, 338 [1900]): CMArm 132.2

Հոգևոր գրականությունը տարածելու ավելի վճռական ջանքեր։ Մեր հրատարակումների տարածումը ավետարանչական աշխատանքի կարևոր և առավել շահավետ տեսակն է... Թեև արդեն շատ ենք խոսել առողջապահությանը վերաբերող գրքերի տարածման մասին (և առաջվա նման կարծում ենք, որ նման գրքերը պետք է տարածել), միևնույնն է, պետք է ավելի վճռական ջանքեր ներդնել, որպեսզի մեր կարևոր կրոնական գրքերը հասնեն մարդկանց: Մեր հրատարակումները կարող են թափանցել այնտեղ, որտեղ հնարավոր չէ հավաքներ անցկացնել: Նման տեղերում քարոզչի աշխատանքը կատարում է հավատարիմ գրական ավետարանիչը (Նամակ 14 [1902]): CMArm 133.1

Աշխատանքի տվյալ փուլում մենք պետք է ուշադիր լինենք մեր յուրաքանչյուր քայլին, որը նախաձեռնում ենք մեր գրքերը հրատարակելիս: Ինձ հստակ ցույց տրվեց, որ գրական ավետարա-նիչների աշխատանքի համար պետք է ներգրավենք կարող տղա-մարդկանց ու կանանց: Բժշկական գրականության վաճառքին ուղղված ջանքերի նշանակալի մասն այժմ պետք է նվիրվի մեր ժա-մանակների ճշմարտությունը բովանդակող գրքերի տարածմանը, որպեսզի մարդիկ կարողանան վկայություն ստանալ մեր հավատի և գալիք բաների մասին. CMArm 133.2

Յուրաքանչյուր մարդու, ով համարում է, որ ընտրված է Աստծո կողմից որպես լույս և ճշմարտություն ավետող, պետք է ներգրավենք աստվածաշնչյան ճշմարտությունն աշխարհին տարածելու գործի մեջ (Նամակ 72 [1907]): CMArm 133.3

Մեծ և փոքր գրքեր։ Չեմ կարծում, որ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել փոքր գրքեր վաճառելուն, քան մեծերին: Ճիշտ չէ դարակների վրա թողնել այն նշանակալի գործերը, որոնք Տերն ուզում է տեսնել մարդկանց ձեռքին և ջերմեռանդորեն ջանալ հասնելու փոքր գրքերի վաճառքին (Ձեռագիր 123 [1902]): CMArm 133.4

Առօրեականի համար ժամանակ չկա։ Ներկա ժամանակում մենք արդեն այնքան ենք մոտեցել երկրագնդի պատմության ավարտին, որ չենք կարող մարդկանց այնպիսի գրքեր առաջարկել, որոնց մեջ չկա նրանց անհրաժեշտ ուղերձը: Նրանց ուշադրությունը հրավիրեք կենդանի հավատի և բարեպաշտության մասին պատմող գրքերի վրա: Մաքրե՜ք և սրբե՜ք ճամբարը: Մենք բավա[142] կանաչափ գրքեր ունենք, որոնք լույս կբերեն աշխարհին: CMArm 133.5

Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու մեր թերթերում պետք է այդքան շատ հայտարարություններ լինեն մեր ժամանակի համար երկրորդական գրքերի վերաբերյալ։ Նման գրքեր ցանկացած քանակով կարելի է ձեռք բերել յուրաքանչյուր գրատանը։ Ինչո՞ւ մարդկանց մտքերը չուղղել հավիտենական կյանքի խոսքերի հետ կապված թեմաներին։ Ինչո՞ւ ջանք չներդնել աշխարհի տարբեր մասերում գտնվող մեր աշխատակիցներից պարզ, իրական և ճշմարիտ տեղեկություն ստանալու համար։ Աստված կոչ է անում նման գրականություն ընթերցել։ Մենք առօրյա, զվարճալի գրքերի համար ժամանակ չունենք (Խորհուրդներ հեղինակներին և խմբագիրներին, 147,148 [1899])։ CMArm 133.6

Ինձ խրատ է տրված, որ գրքի տեսքով առօրեական պատ-մությունները մեր հոգևոր բարօրության համար կարևոր չեն։ Աշխարհը հեղեղված է նման գրականությամբ։ Այն, որ այդ գրքերը արագ են իրացվում, դեռևս չի վկայում, որ դրանք պետք է տարածել։ Պատմությունների հանդեպ ձևավորված մոլուցքը հազարավոր անպետք գրքերի է ծնունդ տվել, որոնք կարելի է համեմատել ծառի, խոտի և ծղոտի հետ։ Այդ գրքերը գրել են մարդիկ, ում միտքը դաստիարակվել է ռոմանտիկ զգացումների վրա։ Այն ամենը, ինչ կարող է հարուստ երևակայություն ունեցող միտքը երազել, պատմության տեսք է ստանում և աշխարհին է ներկայացվում որպես մտավոր սնունդ։ Սակայն շատ հաճախ այդ կերակուրը ոչ մի արժեք չունի։ «Հարդը ի՞նչ բան ունի ցորենի հետ»։ Մենք նովելների կարիք չունենք, քանի որ գործ ունենք կյանքի մռայլ իրողությունների հետ (Խորհուրդներ հեղինակներին և խմբագիրներին, 147 [1899])։ CMArm 134.1

Խուսափեք թեթևամիտ և գրգռող գրականությունից։ Աշխարհը հեղեղված է գրքերով, որոնք ավելի լավ կլիներ ոչնչացնել, քան տարածել։ Հնդկացիների պատերազմների և նման բաների մասին շահույթ ստանալու նպատակով հրատարակվող և տարածվող գրքերն ավելի լավ կլիներ բոլորովին չկարդալ։ Այդ գրքերում սատանայական գրավչություն կա։ Սիրտը ճմլող հանցագործությունը և վայրագությունները շատ երիտասարդների համար հրապուրիչ ուժ ունեն, քանզի նրանց մեջ հանրաճանաչ լինելու տենչ են արթնացնում’ թեկուզ ամենաանօրեն գործողություններ կատարելու միջոցով։ Գոյություն ունեն նաև բազմաթիվ առանձին պատմական գործեր, որոնց ազդեցությունն ավելի լավը չէ։ Այդ գրքերում նկարագրած զազրելիությունը, դաժանությունը, անբարոյականությունը ընթերցողներին դրդում են նման արարքներ գործելու։ Մարդկանց սատանայական գործողությունները նկարագրող գրքերն անօրեն գործեր են քարոզում: Պետք չէ կրկին վերապրել այդ սարսափելի հանցագործություններն ու տառապանքները: Մեր ժամանակի ճշմարտությանը հավատացողներից ոչ ոք չպետք է մասնակցի այդ իրադարձությունների հիշատակի հավերժացմանը: CMArm 134.2

Սիրավեպերը, թեթևամիտ և գրգռող բովանդակությամբ հեքիաթները ևս անեծք են ընթերցողների համար: Հեղինակն իր պատմությանը կարող է դրական բարոյական երանգ հաղորդել’ ներհյուսելով կրոնական բարոյախոսությանը, սակայն շատ դեպքերում մեր առջև հրեշտակի շորեր հագած վարպետորեն փորձող և գայթակղող սատանան է: Բանականության վիճակը մեծ չափով կախված է նրանից, թե ինչով ենք այն սնում: Թեթևամիտ, գրգռող պատմություններ ընթերցող մարդիկ կորցնում են իրենց պարտքը կատարելու կարողությունը: Նրանք ապրում են երևակայական աշխարհում, ցանկություն չունեն որևէ օգտակար բանով զբաղվելու, չեն կամենում Սուրբ Գիրքը քննել և երկնային մանանայով սնվել: Թուլացած միտքը կորցնում է պարտքին ու ճակատագրին վերաբերող մեծ հարցերի մասին խորհելու ունակությունը: CMArm 135.1

Ինձ խրատ է տրվել, որ գռեհիկ գրականության ընթերցումը մեծ վտանգի է ենթարկում երիտասարդներին: Ինչպես երիտասարդներին, այնպես էլ հասուն մարդկանց սատանան մշտապես ձգտում է հմայել անօգուտ պատմություններով : Եթե հրատարակվող գրքերի զգալի մասը ոչնչացվեր, կարելի էր կասեցնել այդ ժանտախտը, որը սարսափելի գործ է կատարում’ թուլացնելով միտքը և այլասերելով սիրտը: Գոյություն չունի ճիշտ սկզբունքներով այնքան հաստատված մարդ, ում արդեն չի սպառնում գայթակղության վտանգը: Պետք է վճռականորեն հրաժարվել այդ ողջ անօգուտ ընթերցանությունից: CMArm 135.2

Մենք Տիրոջից թույլտվություն չունենք’ նման գրականությունը տպագրելու կամ վաճառելու համար, քանի որ այն շատ հոգիների կործանման միջոց է: Գիտեմ, թե ինչի մասին եմ գրում, քանի որ այդ հարցն ինձ բացված է: Թող ճշմարտությանը հավատացողներից ոչ ոք չմասնակցի այդ աշխատանքին և այդ միջոցով շահույթ ստանալու մասին չմտածի: Այդ ձևով ստացված միջոցները Տերը չի օրհնի: Մարդն ավելի շատ կցրի, քան թե կհավաքի (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 51-53 [1902]): CMArm 135.3

Գրականության տարածումը լույս է տանում։ Մեր դարում առօրեականը գովաբանվում և չափազանցվում է: Մեծարվում է զգայացունց և շահութաբեր ամեն բան: Երկիրը հեղեղված է բացարձակ անօգուտ հրատարակումներով, որոնք շահույթ ստա-նալու նպատակով են հրատարակվում, մինչդեռ իրական թան-կարժեք գրքերը չեն վաճառվում և մնում են չընթերցված: Նրանք, ովքեր տարածում են նման գրականությունը բարձր շահույթ ստանալու նպատակով, բաց են թողնում բարին կատարելու թան-կարժեք հնարավորությունը: Անհրաժեշտ է ընթերցողների ուշադրությունը հրավիրել Աստվածաշնչի վրա հիմնված ճշմարտապես թանկարժեք գրքերի վրա: Շատ ավելի բարդ խնդիր է գտնել բարե-խիղճ, աստվածավախ աշխատողներ, ովքեր պատրաստ են գործի անցնել’ այդ գրքերը մարդկանց մեջ տարածելու և նրանց լույս տանելու համար (Վկայություններ եկեղեցու համար, հ.5, 401,402 [1885]): CMArm 135.4