ՄԱՐԳԱՐԵՆԵՐ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ

20/69

ԳԼՈՒԽ 16 - ԱՔԱԱԲԻ ՏԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

*****

Հիմնված է Գ Թագավորաց 21 և Դ Թագավորաց 1-ին գլուխների վրա:

Հեզաբելի’ նախկինում գործադրած չար ազդեցությունը շարունակվեց Աքաաբ թագավորի կյանքի հետագա տարիներին’ տալով ամոթի ու դաժանության իր պտուղը’ այնպիսին, որի նմանը չի եղել աշխարհի հոգևոր պատմության մեջ: «Բնաւ չէ եղել Աքաաբի պէսը, որ իրան ծախած լինէր Տիրոջ աչքի առաջին չարութիւն անելու համար, որ նորան մոլորեցրեց իր Յեզաբէլ կինը»: ՄԹ 152.1

Էությամբ ագահ, Հեզաբելի ազդեցությամբ ամրանալով ու հաս-տատվելով չարության մեջ, չար սրտի խորհուրդներին հետևելով’ Աքաբն, ի վերջո, սկսեց ամբողջովին ենթարկվել եսասեր հոգու դրդումներին: Նա իրեն ոչ մի բանում չէր մերժում’ կարծելով, որ պետք է ան-միջապես ստանա այն ամենը, ինչ ցանկանում է: ՄԹ 152.2

Աքաաբի բնավորության այս տիրապետող գիծը, որը կործանարար ազդեցություն ունեցավ նրա իրավահաջորդների ճակատագրի վրա, բացահայտվեց մի դիպվածով, որը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Եղիան դեռ մարգարե էր Իսրայելում: Թագավորական պալատից ոչ հեռու գտնվում էր հեզրայելացի Նաբովթի այգին: Աքաաբը սրտում դրեց [204] տիրանալ այգուն և առաջարկեց Նաբովթին’ այգու տիրոջը, վաճառել այն կամ փոխանակել մեկ այլ հողակտորով: «Տուր ինձ քո այգին,-ասաց Աքաաբը,որ ինձ համար կանաչեղէնի պարտէզ լինի, որով-հետեւ նա մօտիկ է իմ տան կշտին, եւ ես քեզ մի այգի տամ նորա տեղ նորանից լաւ. Եթէ հաճելի է քո աչքին, քեզ նորա գինը արծաթ տամ»: ՄԹ 152.3

Նաբովթի համար իր այգին թանկ էր, քանի որ այն պատկանել էր իր նախնիներին, այդ իսկ պատճառով չէր ցանկանում բաժանվել դրանից: «Քաւ լիցի ինձ Տէրից,նա ասաց Աքաաբին,որ ես իմ հայրերի ժառանգութիւնը քեզ տամ»: Ղևտացիների օրենքի համաձայն’ ոչ մի հողակտոր չէր կարող փոխանցվել մեկ ուրիշին’ մշտական օգտա-գործման համար’ վաճառքով, թե փոխանակմամբ: Իսրայելի որդիների ամենքն էլ «իրանց հայրերի ցեղի ժառանգութեանը պիտի յարին»: Թվոց 36.7: ՄԹ 153.1

Նաբովթի մերժման պատճառով եսասեր միապետը բառացիորեն հիվանդացավ: «Եւ Աքաաբը գնաց իր տունը տխուր եւ բարկացած Յեզրայէլացի Նաբովթի իրան ասած խօսքի համար, ...եւ պառկեց իր անկողնի վերայ եւ երեսը դարձրեց ու հաց չկերաւ»: ՄԹ 153.2

Հեզաբելը շուտով տեղեկացավ պատմության մանրամասներին և, վրդովված, որ ինչ-որ մեկը համարձակվել է մերժել թագավորի խնդրանքը, հանգստացրեց Աքաաբին’ ասելով, որ նա այլևս տխուր լինելու պատճառ չունի: «Դու հիմա այդպէ՞ս ես թագաւորութիւն անում Իսրայէլի վերայ,ասաց նա,Վեր կաց հաց կեր եւ սիրտդ զուարճանայ. Ես քեզ կտամ Յեզրայէլացի Նաբովթի այգին»: ՄԹ 153.3

Աքաաբը չհետաքրքրվեց, թե կինն ինչպես է ի կատար ածելու ցանկալի գործը, իսկ Հեզաբելն անմիջապես գործի անցավ’ իրա-կանացնելու իր չար նպատակը: Թագավորի անունից նամակներ գրել ով’ կնքեց դրանք նրա փոքրիկ կնիքով և ուղարկեց [205] այն քաղաքի ծերերին և ազնվականներին, որտեղ Նաբովթն էր ապրում’ ասելով. «Ծոմ քարոզեցէք եւ Նաբովթին դրէք ժողովրդի գլխաւոր: Եւ նորա դիմացը երկու անօրէն մարդ նստեցրէք, որոնք նորա դէմ վկայութիւն անեն ասելով թէ Դու հայհոյութիւն արիր Աստուծոյ եւ թագաւորի դէմ. Յետոյ նորան դուրս հանեցէք եւ քարկոծեցէք որ մեռնի»: ՄԹ 153.4

Հրամանը կատարվեց: «Եւ նորա քաղաքի մարդիկը’ այն ծերերը եւ ազատականները, ...արին այնպէս ինչպէս որ Յեզաբէլը ...գրել էր իր նորանց ուղարկած նամակներումը»: Ապա Հեզաբելը գնաց թագավորի մոտ և խնդրեց նրան վեր կենալ և այգուն տեր կանգնել: Իսկ Աքաաբը, չանհանգստանալով հետևանքների մասին, կուրորեն հետևեց նրա խորհրդին և իջավ ներքև’ ստանձնելու տենչալի գույքի սեփականությունը: ՄԹ 153.5

Չէր կարելի թույլատրել, որ թագավորը չհանդիմանվի նրա համար, ինչ ձեռք է բերել խարդախության և արյունահեղության միջոցով: «Եւ Տիրոջ խօսքն եղաւ Թեզբացի Եղիային թէ Վեր կաց իջիր գնա Իսրայէլի Աքաաբ թագաւորի դէմ որ Սամարիայումն է. Ահա նա Նաբովթի այգիումն է, ուր որ իջել է նորան ժառանգելու համար: Եւ նորա հետ խօսիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէրը. Սպանեցիր, եւ ժառանգո՞ւմ էլ ես»: Եվ ապա Աստված Եղիային հրամայեց հայտարարել Աքաաբի համար որոշված սարսափելի դատավճիռը: ՄԹ 154.1

Մարգարեն շտապեց կատարելու աստվածային հրամանը: Այգում դեմառդեմ հանդիպելով Եհովայի խիստ լրաբերին’ մեղավոր կառավարիչը’ ձայնի մեջ սարսափելի վախի երանգ, ասաց. «Ինձ գտա՞ր, ով իմ թշնամի»: ՄԹ 154.2

Տիրոջ լրաբերն անմիջապես պատասխանեց. «Գտայ, որովհետեւ դու քեզ ծախել ես, որ Տիրոջ աչքի առաջին չարութիւն անես: Ահա ես քեզ վերայ չարիք եմ բերելու եւ աւելելու եմ քո ետեւից»: Ո’չ մի ողորմություն: [206] Աքաաբի տունը կատարելապես ոչնչացվելու է «Նաբատեան Յերոբովամի տան պէս եւ Աքիայի որդի Բաասայի տան պէս», այսպես հայտարարեց Աստված Իր ծառայի միջոցով, «այն բարկութեան համար, որով բարկացրիր Տիրոջը, եւ մեղանչել տուիր Իսրայէլին»: Իսկ Հեզաբելի համար Տերն ասաց. «Շուները պիտի ուտեն Յեզաբէլին Յեզրայէլի պարսպի մօտ: Աքաաբից քաղաքումը մեռնողին շուները պիտի ուտեն, եւ դաշտումը մեռնողին երկնքի թռչունները պիտի ուտեն»: ՄԹ 154.3

Այս ահավոր լուրը լսելով’ թագավորը «պատառեց իր հանդերձները եւ իր մարմնի վերայ քուրձ հագաւ եւ ծոմ պահեց, եւ քուրձով էր քնում եւ կամաց շրջում»: ՄԹ 154.4

«Եւ Տիրոջ խօսքն եղաւ Թեզբացի Եղիային ասելով. Տեսնո՞ւմ ես որ Աքաաբն իրան խոնարհեցրեց իմ առաջին. Որովհետեւ նա իրան խո-նարհեցրեց իմ առաջին ես այն չարիքը չեմ բերիլ նորա օրերումը, այլ նորա որդիի օրերումը կբերեմ չարիքը նորա տան վերայ»: ՄԹ 154.5

Երեք տարի էլ չէր անցել, որ Աքաաբ թագավորն իր մահկանացուն կնքեց ասորիների ձեռքով: Նրա իրավահաջորդը’ Ոքոզիան «չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին եւ գնաց իր հօր ճանապարհովը, իր մօր ճանապարհովը եւ Իսրայէլին մեղանչել տուող Նաբատեան Յերոբովամի ճանապարհովը: Եւ պաշտեց Բահաղին եւ երկրպագութիւն արաւ նորան, եւ բարկացրեց Իսրայէլի Տէր Աստուծուն», ինչպես իր հայր Աքաաբն էր արել: Գ Թագավորաց 22.53, 54: Սակայն ապստամբ թագավորի մեղքերին անմիջապես հաջորդեցին դատաստանները: Մոհաբի հետ աղետալի պատերազմը և ապա դեպքը, որով նրա սեփական կյանքը վտանգվեց, հաստատեցին, որ Աստված բարկացած է նրա դեմ: ՄԹ 154.6

«Իր վերնատան վանդակապատից» վայր ընկնելով’ Ոքոզիան լուրջ վնասվածքներ ստացավ և, հնարավոր հետևանքներից վախենալով, իր ծառաներին ուղարկեց Ակկարոնի Բահաղ-ճանճիկ [207] աստծո մոտ հարցման’ թե արդյոք ինքն ապաքինվելո՞ւ է, թե’ ոչ: Ակկարոնի աստ-վածն իր միջնորդ քրմերի միջոցով պետք է տեղեկացներ ապագայում սպասվող իրադարձությունների մասին: Շատերն էին գնում’ պատաս-խան ստանալու այդ հարցի վերաբերյալ, սակայն արված գուշակու-թյուններն ու տրված տեղեկությունը խավարի իշխանի կողմից էր: ՄԹ 155.1

Ոքոզիայի ծառաներին դիմավորեց Աստծո մի մարդ, ով խորհուրդ տվեց նրանց վերադառնալ թագավորի մոտ հետևյալ լուրով. «Մի՞թէ Իսրայէլի մէջ Աստուած չկայ, որ գնում էք Ակկարոնի Բահաղ-ճանճիկ աստուծուն հարցնելու: Վասն որոյ Տէրն այսպէս է ասում. Վերան ելած անկողնիցդ վայր պիտի չիջնես, այլ անպատճառ պիտի մեռնես»: Լուրը հաղորդելով’ մարգարեն հեռացավ: ՄԹ 155.2

Ապշած’ ծառաները շտապեցին հետ’ թագավորի մոտ, և նրան փոխանցեցին Աստծո մարդու խոսքերը: Թագավորը հետաքրքրվեց. «Ի՞նչ կերպարանք ուներ այն մարդը»: Նրանք պատասխանեցին. «Նա մէկ մազոտ մարդ էր, եւ մի կաշի գօտի մէջքին կապած»: «Նա Թեզբացի Եղիան է»,բացականչեց Ոքոզիան: Նա գիտեր, որ եթե իր պատգամաբերներին հանդիպած անծանոթն իրոք Եղիան է եղել, կործանման մասին խոսքերն անպատճառ պետք է կատարվեն: Փա-փագելով հնարավորինս կանխել սպառնացող դատաստանը’ նա ու-ղարկում է մարգարեի հետևից: ՄԹ 155.3

Ոքոզիան երկու անգամ զինվորների խումբ ուղարկեց մարգարեին վախեցնելու համար, և երկու անգամն էլ Աստծո սաստիկ բարկությունը թափվեց նրանց գլխին’ որպես դատաստան: Զինվորների երրորդ խումբը սիրտը խոնարհեց Աստծո առաջ, իսկ խմբի հրամանատարը, մոտենալով Տիրոջ պատգամաբերին, «Եղիայի առաջին ծունկը կրկնեց եւ աղաչեց նորան եւ ասեց նորան. Ով մարդ Աստուծոյ, [208] թող իմ հոգին եւ այս յիսուն ծառաներիդ հոգին քո աչքին պատուական համարուին»: ՄԹ 155.4

«Եւ Տիրոջ հրեշտակն ասեց Եղիային. Վայր իջիր նորա հետ, նորա երեսիցը մի վախենար: Եւ նա վեր կացաւ եւ վայր իջաւ նորա հետ թագաւորի մօտը: Եւ ասեց նորան. Տէրն այսպէս է ասում. Որովհետեւ դու պատգամաւորներ ուղարկեցիր Ակկարոնի Բահաղ-ճանճիկ աստուծուն հարցնելու իբր թէ Իսրայէլումն Աստուած չլինէր, որ նորանից բան հարցնէիր, նորա համար վերան ելած անկողնիցդ վայր պիտի չիջնես, այլ անպատճառ պիտի մեռնես»: ՄԹ 156.1

Հոր կառավարման ժամանակ Ոքոզիան Բարձրյալի հրաշալի գոր-ծերի ականատեսն էր եղել: Նա տեսել էր այն սարսափելի վկայու-թյունները, որ Աստված տվել էր ուրացյալ Իսրայելին այն ճանապարհի մասին, թե ինչպես է վերաբերվում նրանց, ովքեր մի կողմ են դնում Իր օրենքի պարտադիր պահանջները: Ոքոզիան գործել էր այնպես, կարծես այդ սարսափելի իրողություններն ընդամենը պարապ հեքիաթներ էին: Սիրտը Տիրոջ առաջ խոնարհելու փոխարեն’ [209] նա հետևել էր Բահաղին, և, ի վերջո, համարձակվել անել իր անհավատության ամենահանդուգն գործը: Ոքոզիան մահացավ ապստամբ և առանց ապաշխարության’ «Տիրոջ խօսքի համեմատ, որը ասել էր Եղիան»: ՄԹ 156.2

Ոքոզիա թագավորի մեղքի ու պատժի պատմությունն զգուշացում է պարունակում, որը ոչ ոք չի կարող արհամարհել և անպատիժ մնալ: Հնարավոր է’ այսօր մարդիկ չեն պաշտում հեթանոսական աստվածների, սակայն հազարավորների երկրպագությունը սատանայի տա-ճարում այնքան իրական է, որքան Իսրայելի թագավորինը: Այժմ էլ կռապաշտության հոգին տարածված է աշխարհում, թեև գիտության ու կրթության ազդեցությամբ այն ձեռք է բերել ավելի նուրբ ու գրավիչ ձևեր, քան այն օրերին, երբ Ոքոզիան հարում էր Ակկարոնի աստծուն: Ամեն նոր օրը ցավալիորեն վկայում է, որ հավատը մարգարեության հավաստի խոսքի հանդեպ պակասում է, և դրա փոխարեն սնա-հավատությունն ու սատանայական կախարդություններն են գրավում մարդկային միտքը: ՄԹ 156.3

Այսօր հեթանոսական երկրպագության առեղծվածները փոխա-րինվում են գաղտնի ընկերակցություններով և սեանսներով, հոգիների հետ առեղծվածային հանդիպումներով և ոգեհարցուկների հրաշքներով: Հրաժարվելով ընդունել Աստծո Խոսքի կամ Սուրբ Հոգու միջոցով տրվող լույսը’ հազարավոր մարդիկ ագահորեն ընդունում են այս մեդիումների բացահայտումները: Ոգեհարցությանը հավատացողները, հնարավոր է, ծաղրանքով խոսեն հին կախարդների մասին, բայց մեծ խաբեբան հաղթանակած ծիծաղում է’ տեսնելով, թե ինչպես են նրանք ընդունում իր խորամանկությունները’ ներկայացված տարբեր ձևերով: ՄԹ 156.4

Շատերը սարսափում են ոգեհարցուկների հետ խորհրդակցելու մտքից, բայց տարվում են ոգեհարցության ավելի գրավիչ ձևերով: Ոմանք մոլորվում են «Քրիստոնեական գիտություններ» կազմակերպության կողմից, տարվում թեոսոֆիստական միստիցիզմով, տարբեր արևելյան կրոններով: [210] ՄԹ 157.1

Ոգեհարցության գրեթե բոլոր ձևերով զբաղվող մարդիկ հայտա-րարում են, թե հիվանդություններ բժշկելու կարողություն ունեն: Նրանք այս ուժը վերագրում են էլեկտրականությանը, մագնիսականությանը, այսպես կոչված «սիմպաթոմիմետիկ դեղամիջոցներին» կամ մարդու ներսում գործող թաքնված ուժերին: Նույնիսկ քրիստոնեկան այս դարաշրջանում քչերը չեն, որ կենդանի Աստծո ուժին վստահելու և մասնագետ բժիշկներին դիմելու փոխարեն’ այս մարդկանց են դիմում: Հսկելով հիվանդ երեխայի անկողնու մոտ’ մայրը բացականչում է. «Ես այլևս ոչինչ անել չեմ կարող: Չկա՞ մի բժիշկ, ով կարող է բուժել երեխայիս»: Նրան պատմում են ոմն պայծառատես կամ մագնիսաթերապիայով զբաղվողի հրաշալի բժշկումների մասին, և նա իր սիրելիի կյանքը վստահում է նրան’ իրականում երեխային հանձնելով սատանայի ձեռքը, որն անտեսանելի կանգնած է նրա կողքին: Երեխայի ապագան դրվում է սատանայական ուժերի կառավարման ներքո, որը գրեթե անհնար է հաղթահարել: ՄԹ 157.2

Աստված պատճառ ուներ դժգոհ լինելու Ոքոզիայի անհավատությունից: Ինչե՜ր ասես Նա չէր արել Իսրայել ժողովրդի սիրտը շահելու և Իր նկատմամբ վստահություն ներշնչելու համար: Դարեր շարունակ Նա անօրինակ բարություն ու սեր էր դրսևորել Իր ժողովրդի նկատմամբ: Սկզբից ևեթ Նա ցույց էր տվել, որ Իր «զուարճութիւնը մարդկանց որդիների հետ է»: Առակաց 8.31: Նա անմիջական օգնություն էր ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր անկեղծ սրտով Իրեն էին փնտրել: Իսկ հիմա Իսրայելի թագավորը շրջվել էր Իրենից, որպեսզի օգնություն խնդրի Իր ժողովրդի վատթարագույն թշնամուց, հայտարարելով հեթանոսներին, որ ավելի մեծ վստահություն ունի նրանց կուռքերի, քան թե երկնքի Աստծո նկատմամբ: Նույն կերպ մարդիկ են անարգում Նրան, երբ շրջվում են ուժի և իմաստության Աղբյուրից, որպեսզի օգնություն խնդրեն կամ խորհուրդ հարցնեն խավարի ուժերից: Եթե Աստծո զայրույթը բորբոքվեց Ոքոզիայի [211] վարմունքից, ապա Նա ինչպե՞ս կվերաբերվի նրանց, ովքեր, ունենալով ավելի մեծ լույս, որոշում են նման ընթացքի հետևել: ՄԹ 157.3

Նրանք, ովքեր զբաղվում են սատանայական հնարքներով, կարող են պարծենալ, որ մեծ արդյունքներ են ունենում, սակայն մի՞թե դա նրանց ընթացքի իմաստության և ապահովության ապացույցն է: Ի՞նչ օգուտ, եթե կյանքը երկարի: Ի՞նչ օգուտ, եթե ժամանակավոր թեթևացում ապահովվի: Աստծո կամքն արհամարհելը արդյո՞ք կվարձատրվի վերջում: Բոլոր այդ առերևույթ ձեռքբերումներն, ի վերջո, կհանգեցնեն անդառնալի կորստի: Մենք չենք կարող անպատիժ մնալ’ քանդելով այն պատնեշը, որն Աստված է ստեղծել’ իր ժողովրդին սա-տանայի ազդեցությունից պաշտպանելու համար: ՄԹ 158.1

Քանի որ Ոքոզիան որդի չուներ, նրան հաջորդեց նրա եղբայր Հովրամը, ով տասներկու տարի թագավորեց տասը ցեղերի վրա: Այդ տա-րիներին նրա մայր Հեզաբելը դեռ ողջ էր և շարունակում էր իր չար ազ-դեցությունն ունենալ ազգային գործերում: Շատերը շարունակում էին կիրառել կռապաշտական սովորույթները: Հովրամն ինքը «չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին, միայն ոչ թէ իր հօրը եւ մօրը պէս, եւ հեռաց-րեց իր հօր շինած Բահաղի արձանը: Սակայն Նաբատեան Յերոբովամի այն մեղքին հետեւեց, որով նա Իսրայէլին մեղանչել տուաւ. Իսրայէլին մեղանչել տուաւ. Նորանից չհեռացաւ»: Դ Թագավորաց 3.2, 3: Իսրայելում Հովրամի թագավորության շրջանում էր, որ Հովսափատը մեռավ, և Հովսափատի որդին, ում անունը նույնպես Հովրամ էր, գահակալեց Հուդայի թագավորությունում: Ամուսնանալով Աքաաբի ու Հեզաբելի դստեր հետ’ Հուդայի թագավոր Հովրամը մտերմացավ Իսրայելի թագավորի հետ և Բահաղին հարեց, «ինչպէս որ Աքաաբի տունն էր անում»: «Նա բարձրաւանդականեր էլ շինեց Յուդայի սարերի վերայ, եւ Երուսաղէմի բնակիչներին [212] պոռնկութիւն անել տուաւ եւ մոլորեցրեց Յուդային»: Բ Մնացորդաց 21.6, 11: ՄԹ 158.2

Հուդայի թագավորի սարսափելի աստվածուրացությունը չէր կարող շարունակվել և անպատիժ մնալ: Եղիա մարգարեն դեռ երկինք չէր վերցվել, և նա չէր կարող լուռ մնալ’ տեսնելով, թե ինչպես է Հուդայի թագավորությունը հետևում այն նույն ընթացքին, որը հյուսիսային թագավորությանը հասցրեց կործանման եզրին: Մարգարեն գրավոր ուղերձ հղեց Հուդայի Հովրամ թագավորին, որտեղ չար թագավորը կարդաց հետևյալ սարսափազդու խոսքերը. «Այսպէս է ասում քո հայր Դաւիթի Տէր Աստուածը. Որովհետեւ չգնացիր քո հայր Յովսափատի ճանապարհներովը եւ Յուդայի Ասա թագաւորի ճանապարհներովը, Այլ գնացիր Իսրայէլի թագաւորների ճանապարհովը եւ պոռնկութիւն անել տուիր Յուդային եւ Երուսաղէմի բնակիչներին Աքաաբի տան պոռնկութիւնների պէս, նաեւ քո հօր տան եղբայրներիդ’ որ քեզանից լաւ էին, սպանեցիր, Ահա Տէրը մեծ հարուածով պիտի հարուածէ քո ժողովրդին, քո որդիներին, քո կնիկներին եւ քո բոլոր ստացուածքին. Եւ քեզ’ մեծ հիւանդութիւններով»: ՄԹ 158.3

Այս մարգարեության իրականացման համար «Տէրը գրգռեց Յովրամի դէմ Փղշտացիների եւ Արաբացիների ոգին, որ բնակվում էին Եթովպացիների կողմերին. Եւ նորանք գնացին Յուդայի վերայ եւ ճեղ-քեցին նորան եւ գերի արին թագաւորի տանը գտնուած բոլոր ստա-ցուածքը. Նաեւ նորա որդիներին եւ նորա կիներին. Եւ նորա համար մի որդի չմնաց միայն թէ նորա որդիներից ամենափոքրը’ Յովաքազը»: «Եւ այս ամենից յետոյ Տէրը զարկեց նորան փորոտիքի հիւանդութիւնով որ անբուժելի էր: Եւ մի քանի ժամանակներից յետոյ, երբոր երկու տարուայ չափ ժամանակ էր անցել վերջացել, ...նա մեռաւ չարաչար [213] հիւանդութիւնով»: «Եւ նորա որդի Ոքոզիան թագաւոր եղաւ նորա տեղը»: Համարներ 12-19, Դ Թագավորաց 8.24: ՄԹ 159.1

Աքաաբի որդի Հովրամը դեռ թագավորում էր Իսրայելի երկրում, երբ նրա զարմիկը’ Ոքոզիան, բազմեց Հուդայի գահին: Նա կառավարեց ըն-դամենը մեկ տարի և այս ընթացքում մոր’ Գոթողիայի ազդեցությամբ, ով «նորան խրատում էր չարութիւն անելու», «նա գնաց Աքաաբի տան ճանապարհովը եւ չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին»: Բ Մնացորդաց 22.3, Դ Թագավորաց 8.27: Նրա տատը’ Հեզաբելը, դեռ կենդանի էր, երբ Ոքոզիան համարձակ դաշինք կնքեց հորեղբոր’ Իսրայելի ՄԹ 159.2

Հովրամի հետ: Հուդայի Ոքոզիան շուտով ողբերգական վախճան ունեցավ: Աքաաբի տան մնացած անդամներն էին իրապես «նորա խրատ տուողները իր հօր մահից յետոյ նորան փչացնելու համար»: Բ Մնացորդաց 22.4: Այն ժամանակ, երբ Ոքոզիան իջել էր Հեզրայել’ իր հորեղբորն այցելության, առաջնորդվելով Աստծո կողմից’ Եղիսեն մարգարեներից մեկի որդուն ուղարկել էր Ռամովթ-Գաղաադ’ Հեուին Իսրայելի թագավոր օծելու նպատակով: Հուդայի և Իսրայելի դաշնակից ուժերն այդ ժամանակ Ռամովթ-Գաղաադում պատերազմի մեջ էին ասորիների դեմ: Կռվի ժամանակ Ոքոզիան վիրավորվել և վերադարձել էր Հեզրայել’ արքունական զորքերի ղեկավարությունը թողնելով Հեուին: ՄԹ 160.1

Օծելով Հեուին’ Եղիսեի բանբերն ասաց. «Ես քեզ թագաւոր օծեցի Տիրոջ ժողովրդի’ Իսրայէլի վերայ»: Եվ ապա հանդիսավոր կերպով Հեուին հաղորդեց երկնքի հատուկ հանձնարարությունը. «Եւ դու ջար-դիր քո տիրոջ Աքաաբի տունը,պատվիրեց Տերն Իր պատգամաբերի միջոցով,որ Յեզաբէլի ձեռքից առնեմ իմ մարգարէ ծառաների եւ Տիրոջ ամեն ծառաների արիւնների վրէժը: [214] Եւ Աքաաբի բոլոր տունը պիտի փչանայ»: Դ Թագավորաց 9.6-8: ՄԹ 160.2

Զորքի կողմից թագավոր հռչակվելուց հետո Հեուն շտապեց Հեզրայել, որտեղ նա սկսեց մահապատժի ենթարկել նրանց, ովքեր գի-տակցաբար շարունակում էին մեղք գործել և մյուսներին էլ առաջնորդել մեղքի մեջ: Իսրայելի Հովրամ թագավորը, Հուդայի Ոքոզիա թագավորը և Հեզաբել մայր թագուհին, «Աքաաբի տան բոլոր մնացորդը Յեզրայէլում եւ նորա բոլոր մեծամեծները, նորա ծանօթները եւ քահանաները» կոտորվեցին: Սամարիայի մոտ գտնվող Բահաղի երկրպագության կենտրոնում բնակվող «Բահաղի բոլոր մարգարէները, նորա բոլոր պաշտօնեաները եւ նորա բոլոր քահանաները» սրի քաշվեցին: Կռապաշտական պատկերները կոտրատվեցին ու այրվեցին, իսկ Բահաղի տաճարն ավերվեց: «Եւ Յէուն Բահաղին բնաջինջ արաւ Իսրայէլիցը»: Դ Թագավորաց 10.11, 19, 28: ՄԹ 160.3

Համընդհանուր կոտորածի մասին լուրը հասավ Հեզաբելի դուստր Գոթողիային, ով դեռ իշխանական դիրք էր գրավում Հուդայում: Երբ նա տեսավ, որ իր որդին’ Հուդայի թագավորը, մեռած է, «վեր կացաւ եւ փչացրեց Յուդայի տան բոլոր թագաւորական սերունդը»: Այս կոտո-րածում Դավթի բոլոր սերունդները, ովքեր օրինական գահակալներ էին, ոչնչացվեցին: Փրկվեց միայն մեկը’ Հովաս մանուկը, ում Հովիադա քահանայապետի կինը թաքցրել էր տաճարի սենյակներից մեկում: Վեց տարի երեխան թաքցված մնաց, քանի դեռ «Գոթողիան թագավո-րություն էր անում երկրի վրա»: Բ Մնացորդաց 22.10, 12: ՄԹ 160.4

Այդ ժամանակի վերջին «Ղեւտացիները եւ բոլոր Յուդան» (Բ Մնա-ցորդաց 23.8) միաբանվեցին Հովիադա քահանայապետի հետ’ օծելով և թագավոր հայտարարելով մանուկ Հովասին: «...եւ ծափ տուին եւ ասեցին. Կեցցէ՜ արքայ»: Դ Թագավորաց 11.12: [215] ՄԹ 161.1

«Եւ Գոթողիան լսեց վազող եւ թագաւորին շնորհաւորող ժողովրդի ձայնը եւ գնաց ժողովրդի մօտ Տիրոջ տունը»: Բ Մնացորդաց 23.12: «Եւ մտիկ տուաւ, որ ահա թագաւորը կանգնած էր սիւնի մօտ սովորութեան պէս, եւ զօրապետներն ու փողերը թագաւորի մօտ, եւ երկրի բոլոր ժողո-վուրդը ուրախանում էր եւ փողերը հնչեցնում»: «Եւ Գոթողիան պատա-ռեց իր հանդերձները եւ աղաղակեց. Դաւաճանութի՜ւն դաւաճանութի՜ւն»: Դ Թագավորաց 11.14: Սակայն Հովիադան զորապետներին հրամայեց բռնել Գոթողիային ու նրա բոլոր հետևորդներին և, դուրս հանելով տաճարից, տանել մահապատժի վայրը, որտեղ և նրանք սպանվեցին: ՄԹ 161.2

Այսպիսով, Աքաաբի տան վերջին անդամը մեռավ: Սոսկալի չարա-գործությունները, որոնք կատարվել էին նրա’ Հեզաբելի հետ դաշինքի միջոցով, շարունակվեցին մինչև նրա վերջին սերունդների ոչնչանալը: Նույնիսկ Հուդայի երկրում, որտեղ ճշմարիտ Աստծո երկրպագությունը երբեք պաշտոնապես չեղյալ չէր հայտարարվել, Գոթողիային հաջողվեց շատերին գայթակղել: Անզեղջ թագուհու մահապատժից անմիջապես հետո «երկրի բոլոր ժողովուրդը եկավ Բահաղի տուն և քանդեց նրա սեղանները և նրա պատկերները լավ փշրեց, և Բահաղի քուրմ Մատթանին սպանեց սեղանների առաջ»: Համար 18: ՄԹ 161.3

Սկսվեց բարեփոխումների շրջանը: Հովասին թագավոր հայտա-րարողները հանդիսավորությամբ ուխտեցին, «որ Տիրոջ ժողովուրդը լինին»: Եվ հիմա, երբ Հեզաբելի դստեր աղետաբեր ազդեցությունը հեռացվել էր Հուդայի թագավորությունից, Բահաղի քահանաները կո-տորվել էին ու նրանց տաճարն ավերվել, «երկրի ամեն ժողովուրդն ու-րախացաւ, եւ քաղաքը խաղաղեցաւ»: Բ Մնացորդաց 23.16, 21: [216] ՄԹ 161.4