ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

1/87

ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

Գլուխ 1. - «Աստված մեզ հետ»

«ՆՐԱ անունը կկոչեն Էմմանուել... Աստված մեզ հետ»: ԴՓ 5.1

«Աստծո փառքի գիտության լուսավորությունը» երևում է «Հիսուս Քրիստոսի դեմքին”: Հավիտենական ժամանակներից Տեր Հիսուս Քրիստոսը մեկ էր Աստծո հետ, Նա «Աստծո պատկերն էր”‘ Նրա մեծության և պայծառափայլության նկարագիրը, «Նրա փառքի լույսը”: Այդ փառքը հայտնելու համար Նա եկավ մեր աշխարհը: Նա եկավ մեղքից մթագնած այս երկիրը’ բացահայտելու մեզ Աստծո սիրո լույսը. լինելու «Աստված մեզ հետ»: Ուստի և Նրա մասին մարգարեությունն ասում է. «Նրա անունը կկոչեն Էմմանուել»: ԴՓ 5.2

Բնակվելով մեզ հետ’ Հիսուսը պետք է բացահայտեր Աստծո էությունը թե’ մարդկանց և թե’ հրեշտակներին: Նա Աստծո Խոսքն էր՝ Աստծո լսելի դարձած միտքը: Իր աշակերտների համար արված աղոթքում Նա ասում է. «Քո անունը հայտնեցի մարդկանց», «ողորմած և գթած, երկայնամիտ և առատ ողորմությունով ու ճշմարտությունով», «որ այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանցում լինի, և ես էլ’ նրանցում”: Սակայն միայն Իր երկրային զավակներին չէր տրված այս հայտնությունը: Մեր փոքրիկ աշխարհը տիեզերքի դասագիրքն է: Աստծո շնորհի հրաշալի նպատակը’ փրկարար սիրո խորհուրդն այն թեման է, «որի մեջ հրեշտակները ցանկանում են տեսնելով թափանցել», և դա նրանց ուսումնասիրության առարկան է լինելու անվերջանալի դարերի ընթացքում: Ինչպես փրկվածները, այնպես էլ չընկած էակները Քրիստոսի խաչի մեջ կըգտնեն իրենց գիտությունն ու երգը: Պարզ կդառնա, որ Հիսուսի դեմքին փայլող փառքն անձնազոհ սիրո փառքն է: Գողգոթայի լույսի ներքո հստակ կերևա, որ ինքնուրաց սիրո օրենքն է կյանքի օրենքը երկնքի և երկրի համար, որ Աստծո սիրտն է այն սիրո աղբյուրը, որն «իրենը չի փնտրում», և որ այն հեզ ու խոնարհ Մեկի մեջ բացա- հայտված է Նրա բնավորությունը, ով բնակվում է անմատույց լույսի մեջ: [20] ԴՓ 5.3

Սկզբում Աստված հայտնեց Իրեն արարչագործության մեջ: Քրիստոսն էր, որ տարածեց երկինքները և դրեց երկրի հիմքերը: Նրա ձեռքով ստեղծվեցին տիեզերքի աշխարհները, և ձևավորվեցին դաշտի ծաղիկները: Նա է, «որ սարերը հաստատում է իր կարողությունով”: «Նրանն է ծովը, և նա ստեղծեց այն” (Սաղմոս 65.6, 95.5): Նա է, ով լցրեց երկիրը գեղեցկությամբ և օդը’ երգով: Եվ ամենուր’ երկրում, օդում, թե երկնքում, Նա գրեց Հոր սիրո պատգա մը: ԴՓ 6.1

Թեև հիմա մեղքն աղավաղել է Աստծո կատարյալ գործը, Նրա ձեռագիրը դեռևս մնում է: Նույնիսկ հիմա էլ ստեղծված ամեն բան ցույց է տալիս Նրա գերազանցության փառքը: Չկա ոչինչ, մարդու եսասեր սրտից բացի, որ ապրի ինքն իր համար: Չկա օդում սավառնող մի թռչուն, գետնի վրա շարժվող մի կենդանի, որ չնպաստի մյուսների կյանքին: Անտառում չկա մի տերև, խոտի փոքրիկ մի ցողուն, որ չծառայի որևէ բանի: Ամեն ծառ, թուփ ու տերև կյանքի այն նյութն է արտադրում, առանց որի չի կարող ապրել ո’չ մարդը, ո’չ էլ կենդանին, իսկ մարդն ու կենդանին իրենց հերթին օգտակար են լինում ծառի, թփի և տերևի համար: Ծաղիկներն անուշահոտություն են սփռում և իրենց գեղեցկությամբ օրհնություն բերում աշ- խարհին: Արևն իր լույսն է տալիս’ ի ուրախություն հազարավոր աշխարհների: Օվկիանոսը, որից սկիզբ են առնում մեր բոլոր աղբյուրներն ու շատըրվանները, գետեր է ընդունում բոլոր ցամաքներից, բայց վերցնում է’ կրկին տալու նպատակով: Նրա խորքերից բարձրացող մշուշները տեղատարափ անձրևներով ջրում են երկիրը, որպեսզի այն ծլի և ծաղկի: [21] ԴՓ 6.2

Փառքի հրեշտակները տալու մեջ են գտնում իրենց ուրախությունը’ սեր և անխոնջ հոգատարություն ցուցաբերելով ընկած և անսուրբ մարդկության նկատմամբ: Երկնային էակները սիրով են շրջապատում մարդկանց, նրանք վերին արքունիքներից լույս են բերում այս խավար աշխարհին: Ջերմ և համբերատար ծառայությամբ նրանք դիպչում են մարդկային սրտին, որպեսզի կորածներին բերեն Քրիստոսի մոտ, ով շատ ավելի մոտ է, քան նրանք կարող են պատկերացնել: ԴՓ 7.1

Բայց այս բոլոր հայտնություններից առավել մենք Աստծուն տեսնում ենք Հիսուսի մեջ: Նայելով Հիսուսին’ մենք տեսնում ենք, որ Աստծո փառքը տալու մեջ է: «Ես իմ անձից ոչինչ չեմ անում,- ասաց Քրիստոսը,- ինձ ուղարկեց կենդանի Հայրը, և ես կենդանի եմ Հոր համար”: «Ես իմ, փառքը չեմ որոնում, այլ նրա, ով ուղարկեց ինձ” (Հովհաննես 8.28, 6.58, 8.50, 7.18): Այս խոսքերում բա- ցահայտված է այն մեծ սկզբունքը, որը տիեզերքի կյանքի օրենքն է: Քրիստոսն ամեն բան ստացել է Աստծուց, բայց Նա վերցրել է տալու համար: Այդպես է և երկընքում. ծառայելով Իր կողմից ստեղծված բոլոր էակներին’ Հոր կյանքն Իր սիրելի Որդու միջոցով հորդում է ամենքի վրա, Որդու միջոցով էլ սիրո ալիքները վերադառնում են ամեն ինչի մեծ Սկզբնաղբյուրին գովաբանությամբ և բերկրալի ծառայությամբ: Եվ այսպես’ բարերարության շղթան ամբողջանում է Քրիստոսով’ ներկայացնելով մեծ Պարգևողի բնավորությունը, կյանքի օրենքը: [22] ԴՓ 7.2

Այս օրենքը խախտվեց հենց երկնքում: Մեղքը սկիզբ առավ եսասիրությունից: Արուսյակը’ ծածկող քերովբեն, կամեցավ առաջինը լինել երկնքում: Նա ձգտեց իշխանություն ձեռք բերել երկնային էակների վրա, հեռացնել նրանց Արարչից և դեպի իրեն ուղղել նրանց երկրպագությունը: Այդ իսկ պատճառով էլ նա սխալ ներկայացրեց Աստծուն’ զրպարտելով Նրան ինքնամեծարման ցանկության մեջ: Նա ձգտում է իր սեփական չար հատկանիշները վերագրել սիրող Արարչին: Այսպես նա խաբեց հրեշտակներին: Այսպես նա խաբեց մարդկանց: Նա դրդեց նրանց կասկածելու Աստծո խոսքին և չվստահելու Նրա բարությանը: Քանի որ Աստված արդարադատության և զարհուրելի վեհափառության Աստված է, սատանան ստիպեց նրանց մտածել, որ Նա դաժան է և անգութ: Այդպես նա մարդկանց իր կողմը գրավեց’ միանալու իրեն’ Աստծո դեմ իր ապստամբության մեջ, և անեծքի գիշեր իջավ աշխարհի վրա: ԴՓ 7.3

Երկիրը պատվեց Աստծո մասին սխալ պատկերացման խավարով: Որպեսզի մութ ստվերները ցրվեին, և աշխարհը կրկին վերադառնար Աստծուն, անհրաժեշտ էր տապալել սատանայի մոլորեցնող իշխանությունը: Դա չէր կարելի անել բռնությամբ: Բռնության կիրառումը հակասում է Աստծո կառավարման սկզբունքներին, Նրա համար ցանկալի է միայն սիրո ծառայությունը, իսկ ստիպողաբար սիրել հնարավոր չէ, անհնար է այն ձեռք բերել ուժով կամ իշխանությամբ: Միայն սերն է սեր արթնացնում: Ճանաչել Աստծուն’ նշանակում է սիրել Նրան: Նրա բնավորությունը պետք է բացահայտվի ի հակադրություն սատանայի բնավորության: Ամբողջ տիեզերքում միայն մեկ Էակ կարող էր անել այս գործը: Միայն Նա կարող էր անել դա, ով գիտեր Աստծո սիրո վեհությունն ու խորությունը: Աշխարհի մութ գիշերվա մեջ պետք է ծագեր Արդարության Արե- գակը’ «բժշկությունը... նրա թևերի վրա” (Մաղաքիա 4.2): ԴՓ 8.1

Մեր փրկության ծրագիրն ուշացած մտահղացում չէր’ ի հայտ եկած Ադամի անկումից հետո: Դա հայտնությունն էր այն խորհրդի, «որ հավիտենական ժամանակներից լուռ պահված էր» (Հռոմեացիս 16.25): Դա բացահայտումն էր այն սկզբունքների, որոնք հավերժական դարերից ի վեր Աստծո գահի հիմքն են եղել: Հենց սկզբից Աստված և Քրիստոսը գիտեին սատանայի ապստամբության, ինչպես նաև մարդու անկման մասին’ խռովարարի մոլորեցնող ուժի միջոցով: Աստված չէր սահմանել, որ մեղքը գոյություն ունենա, բայց Նա կանխատեսել էր դրա գոյությունը ևմիջոցներ ձեռնարկել’ կասեցնելու այդ սոսկալի աղետը: Այնքան մեծ էր Նրա սերն աշխարհի հանդեպ, որ Նա հա- մաձայնեց տալ Իր միածին Որդուն, որպեսզի «ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3.16): ԴՓ 8.2

Արուսյակն ասել էր. «Աստծո աստղերից բարձր կդնեմ իմ աթոռը... Բարձրյալին կնմանվեմ» (Եսայիա 14.13,14): Բայց Քրիստոսը, «Աստծո կերպարանքում լինելով, հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իր անձն ունայնացրեց’ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով” (Փիլիպպեցիս 2.6,7): [23] ԴՓ 9.1

Սա կամավոր զոհաբերություն էր: Հիսուսը կարող էր մնալ Հոր կողքին: Նա կարող էր չզրկել Իրեն երկնային փառքից և հրեշտակների մեծարանքից: Բայց Նա որոշեց վերադարձնել գավազանն Իր Հոր ձեռքը և ցած իջնել տիեզերքի գահից, որպեսզի լույս բերի խավարի մեջ բնակվողներին և կյանք’ կորուսյալներին: ԴՓ 9.2

Մոտ երկու հազար տարի առաջ Աստծո երկնային գահից լսվեց խորհրդավոր մի ձայն. «Ահա գալիս եմ»: «Զոհ և պատարագ չկամեցար, բայց մի մարմին պատրաստեցիր ինձ համար... Ահա գալիս եմ, գրքի տոմսում գրված է ինձ համար քո կամքն անելու, ով Աստված» (Եբրայեցիս 10.57): Այս խոսքերում ասվում է այն ծրագրի իրագործման մասին, որը գաղտնի էր պահվել հավիտենական դարերից ի վեր: Քրիստոսը պատրաստվում էր գալ մեր աշխարհը և մարմնավորվել: Նա ասում է. «Մի մարմին պատրաստեցիր ինձ համար”: Եթե Նա հայտնվեր այն փառքով, որ ուներ Իր Հոր մոտ աշխարհի արարումից առաջ, մենք չէինք կարող դիմանալ Նրա ներկայության լույսին: Որպեսզի Նրան տեսնեինք և չոչնչանայինք, Նրա փառքը ծածկվեց: Նրա աստվածությունը քողարկվեց մարդկային բնությամբ, անտեսանելի փառքը’ տեսանելի մարդկային կերպարանքով: ԴՓ 9.3

Այս մեծ մտահղացումն արտահայտված է եղել խորհր- դանշանների և պատկերների միջոցով: Այրվող թուփը, որի մեջ Քրիստոսը երևաց Մովսեսին, խորհրդանշում էր Աստծուն: Աստվածությունը ներկայացնելու համար ընտրված խորհրդապատկերը մի համեստ թուփ էր, որն արտաքին ոչ մի գրավչություն չուներ: Սրանում հայտնվեց Անսահմանը: Ամենաբարեգութ Աստվածն Իր փառքը ծածկեց ամենապարզ պատկերի մեջ, որպեսզի Մովսեսը կարողանար նայել դրան և ապրել: Այդպես ցերեկն ամպի, գիշերը կրակի սյան մեջ, Աստված հաղորդակցվում էր Իսրայելի հետ’ Իր կամքը հայտնելով մարդկանց և Իր շնորհը պարգևելով նրանց: Աստծո փառքը ծածկվեց, և Նրա վեհությունը քողարկվեց, որպեսզի տկար մարդիկ իրենց թույլ տեսողությամբ կարողանային տեսնել դրանք: Այս- պիսով’ Քրիստոսը պետք է գար’ Իր վրա առնելով «մեր խոնարհ մարմինը”, «մարդկանց նման լինելով” (Փիլիպ- պեցիս 3.21): Նա վայելչագեղություն չուներ’ մարդկանց դեպի Իրեն գրավելու համար, սակայն Նա Աստված էր մարմնում’ երկնքի և երկրի լույսը: Նրա փառքը քողարկված էր, Նրա մեծությունն ու վեհությունը’ ծածկված, որպեսզի Նա կարողանար մոտենալ վշտահար և փորձության մեջ գտնվող մարդկանց: ԴՓ 9.4

Իսրայելի վերաբերյալ Աստված կարգադրել էր Մովսեսին. «Ինձ համար մի սրբարան շինեն, որ իրենց մեջ բնակվեմ”, և Նա բնակվում էր սրբարանում’ Իր ժողովրդի մեջ (Ելից 25.8): Անապատում հոգնատանջ թափառումների ամբողջ ընթացքում Նրա ներկայության խորհրդանիշը նրանց հետ էր: Այդպես էլ Քրիստոսն Իր խորանը կանգնեցրեց մեր մարդկային բնակատեղում: Նա Իր վրանը խփեց մարդկանց վրանների կողքին, որպեսզի ապրի մեր մեջ և մեզ ծանոթացնի Իր աստվածային բնավորությանն ու կյանքին: «Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ. և նրա փառքը տեսանք, ինչպես Հորից եղած միածնի փառք’ շնորհքով և ճշմարտությունով լիքը» (Հովհաննես 1.14): [24] ԴՓ 10.1

Քանի որ Հիսուսն եկավ մեզ հետ բնակվելու, մենք գիտենք, որ Աստված ծանոթ է մեր փորձություններին և մեր վշտերում կարեկցում է մեզ: Ադամի ամեն մի որդի կամ դուստր կարող է հասկանալ, որ մեր Արարիչը մեղավորների բարեկամն է: Որովհետև Փրկչի կյանքում դրսևորված շնորհի ամեն մի ուսմունքի, ուրախության ամեն մի խոստման, սիրո ամեն մի արտահայտության, աստվածային ամեն մի հմայքի մեջ մենք տեսնում ենք, որ «Աստված մեզ հետ” է: ԴՓ 11.1

Սատանան Աստծո սիրո օրենքը ներկայացնում է որպես եսասիրության օրենք: Նա հայտարարում է, որ մեզ համար անհնար է ենթարկվել նրա պատվիրաններին: Մեր նախածնողների անկման և դրանից բխող բոլոր դժբախտությունների մեջ Նա մեղադրում է Արարչին’ դրդելով մարդկանց Աստծուն նայել որպես մեղքի, տառապանքի և մահվան հեղինակի: Հիսուսը պետք է բացահայտեր այս խաբեությունը: Որպես մեզանից մեկը’ Նա պետք է հնազանդության օրինակ ծառայեր: Այս նպատակով Նա Իր վրա առավ մեր բնությունը և անցավ մեր փորձությունների միջով: «Ուստի պետք էր նրան, որ բոլորովին եղբայրներին նմանվի» (Եբրայեցիս 2.17): Եթե մենք ստիպված լինեինք կրել որևէ դժվարություն, որը Հիսուսը չէր կրել, ապա սատանան դա այնպես կներկայացներ, որ իբր Աստծո զորությունն այս հարցում անբավարար է մեզ համար: Հենց այդ պատճառով Հիսուսն «ամեն բանով փորձվեց մեր նման» (Եբրայեցիս 4.15): Նա հաղթահարեց ամեն մի փորձություն, որին մենք ենթարկվում ենք: Եվ Նա Իր կողմից չէր գործադրում ինչ-որ ուժ, որը մեզ տրված չէ: Նա փորձությունը կրում էր որպես մարդ և հաղթահարում էր այն Աստծուց Իրեն տրված զորությամբ: Նա ասում է. «Քո կամքը կատարել կամեցա, ո’վ Աստված, և քո օրենքն իմ սրտի մեջ է” (Սաղմոս 40.8): Երբ Նա քայլում էր’ բարիք գործելով և բուժելով նրանց, ովքեր սատանայի գերիներն էին, Նա պարզաբանում էր մարդկանց Աստծո օրենքի էությունը և Իր ծառայության բնույթը: Նրա կյանքը վկայում է, որ մենք նույնպես կարող ենք հնազանդվել Աստծո օրենքին: ԴՓ 11.2

Իր մարդկային բնությամբ Քրիստոսը միացավ մարդկությանը, Իր աստվածային էությամբ Նա կապված է Աստծո գահի հետ: Որպես մարդու Որդի’ Նա մեզ հնազանդության օրինակ ցույց տվեց, որպես Աստծո Որդի’ Նա մեզ զորություն է տալիս հնազանդվելու: Քրիստոսն է, որ Քորեբ սարի վրա թփի միջից խոսեց Մովսեսի հետ’ ասելով. «ԵՍ ԵՄ, ՈՐ ԵՄ... Այսպես ասա Իսրայելի որդիներին’ Ինձ ԵՄ-ը ուղարկեց ձեզ մոտ” (Ելից 3.14): Սա Իսրայելի ազատագըրման երաշխիքն էր: Ուստի երբ Նա եկավ’ «մարդկանց նման լինելով”, հռչակեց Իրեն’ ԵՍ ԵՄ: Բեթ- լեհեմի Մանուկը’ հեզ ու խոնարհ Փրկիչն Աստված էր, «որ հայտնվեց մարմնում» (Ա Տիմոթեոս 3.16): Եվ Նա ասում է մեզ. «ԵՍ ԵՄ բարի Հովիվը», «ԵՍ ԵՄ կենդանի հացը», «ԵՍ ԵՄ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը», «Ամեն իշխանություն ինձ տրվեց երկնքում և երկրում” (Հովհաննես 10.11, 6.51, 14.6, Մատթեոս 28.18): «ԵՍ ԵՄ ամեն մի խոստման գրավականը: ԵՍ ԵՄ, մի’ վախեցեք»: «Աստված մեզ հետ»‘ ահա մեղքերից ազատվելու մեր երաշխիքը, երկնքի օրենքին հնազանդվելու մեր կարողության հավաստիքը: [25] ԴՓ 12.1

Վար իջնելով’ Իր վրա առնելու մարդկային էություն’ Քրիստոսը դրսևորեց մի բնավորություն’ հակադիր սատանայի բնավորությանը: Բայց Նա էլ ավելի ցած իջավ նվաստացման ճանապարհով: «Եվ կերպարանքով մարդու պես գտնվելով’ իրեն խոնարհեցրեց և հնազանդ եղավ մինչև մահ և այն էլ’ խաչի մահ” (Փիլիպպեցիս 2.8): Ինչպես քահանայապետն էր մի կողմ դնում իր քահանայապետական շքեղ հանդերձները և հագնում սովորական քահանայի քթանե սպիտակ հագուստը, այնպես էլ Քրիստոսը ծառայի կերպարանք առավ և Իրեն զոհաբե- րեց’ միաժամանակ լինելով և’ քահանան, և’ զոհը: «Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ» (Եսայիա 53.5): ԴՓ 12.2

Քրիստոսին բաժին հասավ այն, ինչին մենք ենք արժանի, որպեսզի մեզ բաժին հասներ այն, ինչին Նա է արժանի: Նա դատապարտվեց մեր մեղքերի պատճառով, որոնցում ոչ մի մասնակցություն չուներ, որպեսզի մենք արդարացվենք Նրա արդարությամբ, որից մենք մաս չունենք: Նա ենթարկվեց այն մահվանը, որ մերն էր, որպեսզի մենք ստանանք այն կյանքը, որ Նրանն էր: «Նրա վերքերով մենք բժշկվեցինք»: ԴՓ 13.1

Իր կյանքով և մահով Քրիստոսն արեց ավելին, քան պարզապես ազատագրումն է մեղքի կործանարար հետևանքից: Սատանայի նպատակն էր մարդուն ընդմիշտ բաժանել Աստծուց, բայց Քրիստոսի միջոցով մենք ավելի ենք մերձենում Աստծուն, քան այն դեպքում, եթե երբեք ընկած չլինեինք: Վերցնելով մեր բնությունը’ Քրիստոսն Իրեն մարդկության հետ կապեց այնպիսի շղթաներով, որոնք երբեք չեն փշրվի: Հավերժական դարերի ընթացքում Նա միացած է մեզ հետ: «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց» (Հովհաննես 3.16): Նա տվեց Նրան’ ոչ միայն կրելու մեր մեղքերը և լինելու մեր զոհը: Նա ընկած մարդկությանը տվեց Նրան: Որպես հավաստիք խաղաղության Իր անխախտելի ուխ- տի’ Աստված տվեց Իր միածին Որդուն, որ Նա դառնար մարդկային ընտանիքի անդամներից մեկը և ընդմիշտ պահպաներ Իր մարդկային էությունը: Սա երաշխիք է, որ Աստված կկատարի Իր խոստումը: «Մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը կլինի նրա ուսի վրա»: Աստված մարդկային բնություն առավ’ ի դեմս Իր Որդու, և այդ բնությամբ էլ համբարձվեց ամենավեհ երկինքները: «Մարդու Որդին” է հենց, որ կիսում է տիեզերքի գահը: «Մարդու Որդին” է, որի անունը պետք է կոչվի «Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավի տենականության Հայր, Խաղաղության իշխան” (Եսայիա 9.6): ԵՍ ԵՄ-ը Աստծո և մարդկության Միջնորդն է, ով Իր ձեռքերը դնում է երկուսի վրա: Նա, ով «սուրբ է, անմեղ, անարատ և մեղավորներից ջոկված”, չի ամաչում մեզ եղբայր կոչել (Եբրայեցիս 7.26, 2.11): Քրիստոսի միջոցով երկրային ընտանիքը կապվում է երկնայինի հետ: Փառավորված Քրիստոսը մեր եղբայրն է: Երկինքը պարուրված է մարդկային էության մեջ, և մարդկային բնությունն առնված է Անսահման սիրո գիրկը: [26] ԴՓ 13.2

Իր ժողովրդի մասին Աստված ասում է. «Որպես թագի քարեր պիտի պըսպղան նրա երկրի վրա: Որովհետև ի՜նչ մեծ է նրա բարությունը, և ի՜նչ մեծ է նրա գեղեցկությունը» (Զաքարիա 9.16,17): Փրկվածների վեհացումը Աստծո ողորմության մշտնջենական վկայությունն է լինելու: «Նոր եկող դարերում հավիտյան» Նա ցույց կտա «իր շնորհի գերազանց մեծությունը’ Քրիստոս Հիսուսի’ մեզ վրա ցույց տված քաղցրությունով»: «Որ հիմա իշխանություններին և պետություններին երկնավորներում... հայտնվի Աստծո բազմապատիկ իմաստությունը այն հավիտենական առաջադրության պես, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսի ձեռքով արավ» (Եփեսացիս 2.7, 3.10,11): ԴՓ 14.1

Քրիստոսի փրկագործության միջոցով արդարացվում է Աստծո կառավարությունը: Ամենակարողը ճանաչվում է որպես սիրո Աստված: Սատանայի մեղադրանքները հերքված են, իսկ նրա էությունը’ մերկացված: Ապստամբությունն այլևս երբեք չի կրկնվի: Մեղքն այլևս երբեք չի կարող մուտք գործել տիեզերք: Հավերժական դարերի ընթացքում բոլորն ապահովագրված են խռովությունից: Անձնազոհ սիրո միջոցով երկրի և երկնքի բնակիչները միացած են իրենց Արարչի հետ անխզելի կապերով: ԴՓ 14.2

Փրկագնման գործը լիակատար կլինի: Որտեղ շատ է մեղքը, այնտեղ էլ ավելի շատ է շնորհը: Անգամ երկիրը’ այն դաշտը, որ սատանան իրենն է համարում, ոչ միայն կազատագրվի, այլև կվեհանա: Մեր փոքրիկ աշխարհը’ մեղքի անեծքի տակ ընկած միակ սև բիծը Նրա փառահեղ արարչագործության մեջ, Աստծո տիեզերքում գտնվող բոլոր մյուս աշխարհներից ավելի մեծ պատվի կարժանանա: Այստեղ, ուր Աստծո Որդին բնակվեց մարդկանց մեջ, ուր փառքի Թագավորն ապրեց, տառապեց և մեռավ, այստեղ, երբ Նա ամեն բան նորից կստեղծի, մարդկանց մեջ կդրվի Աստծո խորանը, «և նա կբնակվի նրանց հետ, և նրանք կլինեն նրան ժողովուրդ, և ինքն Աստված նրանց հետ կլինի նրանց Աստված»: Եվ անվախճան դարերի ընթացքում փրկվածները, բնակվելով Տիրոջ լույսի մեջ, կգովերգեն Նրան Իր անպատմելի Պարգևի համար. «ԷՄՄԱՆՈՒԵԼ’ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ”: [27] ԴՓ 14.3