ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 87. - «Իմ Հոր մոտ և ձեր Հոր մոտ”
(Ղուկաս 24.50-53, Գործք 1.9-12)
ԵԿԵԼ էր ժամանակը, որ Քրիստոսը համբարձվեր դեպի Իր Հոր գահը: Որպես աստվածային Հաղթող’ Նա պատրաստվում էր Իր հաղթանշաններով վերադառնալ երկնային ապարանք: Մեռնելուց առաջ Նա ասել էր Իր Հորը. «Ես կատարեցի այն գործը, որ դու ինձ տվիր անելու» (Հովհաննես 17.4): Իր հարությունից հետո Նա որոշ ժամանակ մնաց երկրի վրա, որպեսզի աշակերտներն ընտելանան Նրան Իր հարություն առած և փառավորված մարմնում: Հիմա Նա պատրաստ էր հեռանալու: Նա հաստատել էր, որ Ինքը կենդանի Փրկիչ է: Աշակերտներն արդեն գիտեին, որ Նա գերեզմանում չէ, և որ Նա փառավորված է ամբողջ երկնային տիեզերքի առջև: ԴՓ 1025.1
Իր համբարձման համար Հիսուսն ընտրել էր մի տեղ, որը հաճախ սրբվել էր Նրա ներկայությամբ, երբ Նա դեռ ապրում էր մարդկանց մեջ: Սիոն Լեռը չէ, որի վրա գտնվում էր Դավթի քաղաքը, ոչ էլ Մորիա սարը, որի վրա տաճար էր կառուցված, որ պիտի արժանանային այդ պատ- վին: Այնտեղ Քրիստոսը անարգվել և մերժվել էր: Այնտեղ ողորմության ալիքները, բախվելով քարացած սրտերին, փշրվել ու հետ էին դարձել: Այնտեղից Հիսուսը, հոգնած և ճնշված, գնում էր Յիթենյաց սարը հանգստանալու: Աստծո փառքի լույսը, հեռանալով առաջին տաճարից, կանգնել էր արևելյան սարի վրա’ չկամենալով, ասես, լքել ընտրյալ քաղաքը: Այդպես Քրիստոսը, կանգնած Յիթենյաց լեռան վրա, վշտաբեկ սրտով նայում էր Երուսաղեմին: Այդ լե- ռան հովիտներն ու թփերը սրբված էին Նրա աղոթքներով և արցունքներով: [830] Դրա լանջերն արձագանքել էին այն բազմության հաղթական աղաղակներին, որը Նրան թագավոր էր հռչակել: Դրա զառիվեր ստորոտին Նա օթևան էր գտել բեթանիացի Ղազարոսի տանը: Գեթսեմանի պարտեզում’ լեռան ստորոտին, Նա միայնակ աղոթել և հոգեկան տառապանք էր կրել: Հենց այդ սարից էլ Նա պիտի համբարձվեր երկինք: Դրա գագաթին Նա ոտք կդնի, երբ վերադառնա նորից: Նա կկանգնի Յիթենյաց սարին ոչ թե որպես վշտերի մարդ, այլ որպես փառավոր և հաղթական մի թագավոր: Եբրայերեն ալելուիաները կմիախառնվեն հեթանոսական օվսաննաներին, և փրկվածները, հսկայական զորքի նման, կբացականչեն’ Թագադրեք տերերի Տիրոջը: ԴՓ 1025.2
Եվ ահա տասնմեկ աշակերտների հետ Քրիստոսը ճամփա ընկավ դեպի սարը: Երբ նրանք դուրս եկան Երուսա- ղեմի դարպասներից, շատերը զարմացած նայում էին այդ փոքրիկ խմբին, որի առաջնորդին մի քանի շաբաթ առաջ իշխանները դատապարտել և խաչել էին: Աշակերտները չգիտեին, որ դա վերջին հանդիպումն է իրենց Ուսուցչի հետ: Հիսուսը զրուցում էր նրանց հետ’ կրկնելով Իր նախկին խրատները: Երբ մոտեցան Գեթսեմանին, Նա կանգ առավ, որպեսզի նրանք մտաբերեն այն դասերը, որ Նա տվել էր նրանց Իր հոգեվարքի այն սարսափելի գիշերը: Նա կրկին նայեց խաղողի որթին, որով այն ժամանակ պատկերել էր Իր եկեղեցու միությունն Իր և Իր Հոր հետ, նորից կրկնեց այն ճշմարտությունները, որ հայտնել էր այն ժամանակ: Շուրջը ամեն ինչ հիշեցնում էր Նրա անպատասխան սիրո մասին: Նույնիսկ աշակերտները, որ այդքան թանկ էին Նրա սրտին, Իր նվաստացման ժամին ամոթալի ձևով լքել էին Նրան: ԴՓ 1026.1
Երեսուներեք տարի Քրիստոսը պանդուխտ էր այս երկ- րում, որտեղ ծաղր, վիրավորանք և նախատինք կրեց և, վերջապես, մերժվեց ու խաչվեց: Մի՞թե նույնիսկ հիմա էլ, երբ պիտի համբարձվեր դեպի Իր փառաց աթոռը, հիշելով այն ժողովրդի երախտամոռությունը, որին եկել էր փրկելու, Նա չէր զրկելու նրան Իր կարեկցանքից և սի- րուց: Չէ՞ր կենտրոնացնի Նա արդյոք Իր սերն այն արքայության վրա, որտեղ Իրեն գնահատում են, և որտեղ սուրբ հրեշտակները սպասում են’ կատարելու Իր հրամանները: Ոչ, ահա Նրա խոստումն Իր սիրեցյալներին, ում Նա թողնում է այս երկրի վրա. «Ես ձեզ հետ եմ ամեն օր’ մինչև աշխարհի վերջը” (Մատթեոս 28.20): [831] ԴՓ 1026.2
Հասնելով Յիթենյաց սարը’ Հիսուսը նրա գագաթի վրա- յով ուղղվեց դեպի Բեթանիա: Այստեղ Նա կանգ առավ, և աշակերտները հավաքվեցին Նրա շուրջ: Երբ Նա սիրալիր նայեց նրանց, Նրա դեմքից ասես լույսի շողեր էին ար- տացոլվում: Նա չկշտամբեց նրանց իրենց սխալների և մեղքերի համար, իրենց Ուսուցչի շուրթերից ամենաջերմ քնքշանքի վերջին խոսքերը հասան նրանց ականջին: Վեր պարզելով Իր ձեռքերն օրհնելու, և հավաստիացնելով, ասես, Իր պաշտպանության և հոգատարության մեջ’ Նա, բաժանվելով նրանցից, դանդաղ համբարձվեց երկինք մի այնպիսի զորությամբ, որը գերազանց էր երկրի ձգողականության ուժից: Երբ Նա բարձրանում էր, սարսափահար աշակերտները չռած աչքերով նայում էին իրենց Տիրոջը, մինչև որ փառավոր մի ամպ չծածկեց Նրան տեսողությունից, և դարձյալ նրանք լսեցին այս խոսքերը, երբ հրեշտակների ամպեղեն կառքը վեր առավ Նրան. «Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր’ մինչև աշխարհի վերջը»: Նույն պահին վերևից նրանց հասավ հրեշտակների երգչախմբի ցնծության քաղցրահնչյուն մեղեդին: ԴՓ 1027.1
Մինչ աշակերտները նայում էին երկինք, հանկարծ քաղցրալուր երաժշտության պես ձայներ դիմեցին նրանց: Շրջվելով’ նրանք տեսան մարդկային կերպարանքով երկու հրեշտակների, որոնք ասացին նրանց. «Ով Գալիլեա- ցի մարդիկ, ի՞նչ եք կանգնել և նայում եք դեպի երկինք. այս Հիսուսը, որ ձեզանից վերացավ երկինք, այսպես կգա, ինչպես նրան տեսաք երկինք գնալիս»: [832] ԴՓ 1027.2
Այս հրեշտակներն այն խմբից էին, որ փառավոր ամպի մեջ սպասում էին’ ուղեկցելու Հիսուսին դեպի Իր երկնա- յին տունը: Ամենից ավելի փառավորված հրեշտակների բազմության մեջ նրանք այն երկուսն էին, ովքեր գերեզման էին եկել Քրիստոսի հարության ժամանակ, և նրանք միշտ ուղեկցել էին Նրան Իր երկրային կյանքի ընթացքում: Ամբողջ երկինքն անհամբեր սպասել էր, թե երբ է ավարտվելու Նրա պանդխտությունը մի երկրում, որն ընկած էր մեղքի անեծքի տակ: Հիմա եկել էր ժամանակը, որ երկնային տիեզերքը ընդուներ Իր Արքային: Որքա՜ն էին տենչում այս երկու հրեշտակները միանալ այն բազմությանը, որ ողջունում էր Հիսուսին: Բայց կարեկցանքից և սիրուց դրդված’ նրանք սպասեցին, որպեսզի մխիթարեն նրանց, ում Նա թողել էր երկրում: «Չէ՞ որ ամենքը սպասավոր հոգիներ են’ ուղարկված սպասավորություն անելու նրանց, ովքեր փրկություն պիտի ժառանգեն» (Եբրայեցիս 1.14): ԴՓ 1027.3
Քրիստոսը երկինք համբարձվեց մարդկային կերպարանքով: Աշակերտները տեսան, թե ինչպես ամպը վեր առավ Նրան: Այն նույն Հիսուսը, որ քայլել, զրուցել, աղոթել և հաց էր կտրել նրանց հետ, որ նրանց հետ միասին նավարկել էր լճի վրա, և որ հենց այդ օրը նրանց հետ բարձրացել էր Յիթենյաց սարը, հիմա արդեն երկնքում էր’ նստած Իր Հոր գահին: Եվ հրեշտակները հավաստիացրին նրանց, որ այն նույն Հիսուսը, ում նրանք տեսան երկինք գնալիս, դարձյալ կգա ճիշտ այնպես, ինչպես համբարձվել էր: Նա կգա «ամպերով, և ամեն աչք կտեսնի նրան»: «Տերն ինքը հրամանով, հրեշտակների ձայնով և Աստծո փողով վայր կգա երկնքից, և Քրիստոսով մեռելներն առաջ հարություն կառնեն”: «Մարդի Որդին իր փառքով կգա, և բոլոր սուրբ հրեշտակները’ նրա հետ, այն ժամանակ կնստի իր փառաց աթոռի վրա” (Հայտնություն 1.7, Ա Թե- սաղոնիկեցիս 4.15, Մատթեոս 25.31): Այդպես կկատարվի աշակերտներին տված Տիրոջ խոստումը. «Եթե գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ, որպեսզի դուք էլ լինեք այնտեղ, ուր որ ես եմ» (Հովհաննես 14.3): Եվ աշակերտները կարող էին ցնծալ’ սպասելով իրենց Տիրոջ վերադարձին: ԴՓ 1028.1
Երբ նրանք ետ դառան Երուսաղեմ, մարդիկ զարմացած նրանց էին նայում: Քրիստոսի դատից և խաչելությունից հետո թվում էր, թե նրանք ընկճված և ամոթահար կլինեն: Նրանց թշնամիները սպասում էին նրանց դեմքին տեսնել վշտի և պարտության արտահայտություն, սակայն, փոխարենը’ դրանք ցնծություն և բերկրանք էին արտա- ցոլում: Նրանց երեսները փայլում էին չնաշխարհիկ եր- ջանկությամբ: Նրանք չէին ողբում խորտակված հույսերի վրա, այլ սրտանց փառաբանում և գովերգում էին Աստծուն: Հրճվելով’ նրանք հաղորդում էին մարդկանց Քրիստոսի հարության և համբարձման լուրը, և նրանց վկայությունն ընդունվեց շատերի կողմից: [833] Աշակերտներն այլևս չէին անհանգստանում ապագայի մասին, նրանք գիտեին, որ Հիսուսը երկնքում է, և որ առաջվա պես հոգ է տանում իրենց համար: Նրանք գիտեին, որ մի բարեկամ ունեն Աստծո գահի մոտ և անկեղծորեն իրենց խնդրանքն էին հայտնում Հորը’ Հիսուսի անունով: Հանդիսավոր ակնածանքով նրանք խոնարհվում էին աղոթելու’ կրկնելով խոստումը. «Ինչ որ Հորից խնդրեք իմ անունով, կտա ձեզ: Մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք իմ անունով. խնդրեցեք, և կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի» (Հովհաննես 16.23,24): Նրանք ավելի ու ավելի վեր պարզե- ցին իրենց հավատի ձեռքը’ կրկնելով հզոր փաստարկը. «Քրիստոսը որ մեռավ, և ավելին, որ հարություն էլ առավ, Աստծո աջ կողմն է, որ մեզ համար բարեխոսի» (Հռոմեացիս 8.34): Եվ Պենտեկոստեի օրը Մխիթարիչը կատարյալ ուրախություն բերեց նրանց, ինչպես Հիսուսը խոստացել էր: ԴՓ 1029.1
Ամբողջ երկինքը սպասում էր’ ողջունելու Փրկչին չնաշխարհիկ պալատներում: Համբարձվելիս’ Նրան հետևում էր գերիների այն բազմությունը, որն ազատվել էր Նրա հարության ժամանակ: Երկնային զորքը ցնծության բա- ցականչություններով և հրաշալի երգերով ուղեկցում էր այդ շքերթին: ԴՓ 1029.2
Երբ նրանք մոտեցան Աստծո քաղաքին, ուղեկցող հրեշտակները գոչեցին. ԴՓ 1030.1
«Ով դռներ, բարձրացրեք ձեր գլուխները,
Եվ բարձրացեք, ով հավիտենական դռներ,
Որ փառաց Թագավորը մտնի»:
ԴՓ 1030.2
Լսվում է պահապան հրեշտակների ուրախ պատասխանը. ԴՓ 1030.3
«Ո՞վ է այդ փառաց Թագավորը”:
Նրանք սա ասում են ոչ թե նրա համար, որ չգիտեն, թե
ով է Նա, այլ որովհետև ուզում են լսել փառքի օրհներգը.
«Տերը’ զորավոր և ուժեղ.
Տերը’ ուժեղ պատերազմի մեջ.
Ով դռներ, բարձրացրեք ձեր գլուխները,
Եվ բարձրացեք, ով հավիտենական դռներ,
Որ փառաց Թագավորը մտնի»:
ԴՓ 1030.4
Կրկին լսվում է հարցը. «Ո՞վ է այդ փառաց Թագավորը”: Հրեշտակներըը երբեք չեն հոգնում լսել Նրա անվան մեծարումը: Ուղեկցող հրեշտակները պատասխանում են. ԴՓ 1030.5
«Զորաց Տերը, նա է փառաց Թագավորը»
(Սաղմոս 24.7-10):
ԴՓ 1030.6
Ահա լայն բացվում են Աստծո քաղաքի դարպասները, և հրեշտակների բազմությունը ներս է մտնում սքանչելի երաժշտության հնչյունների ուղեկցությամբ: [834] ԴՓ 1030.7
Երևում է գահը, և դրա շուրջ’ խոստումի ծիածանը: Այստեղ են քերովբեներն ու սերովբեները’ հրեշտակների բազմության հրամանատարները, Աստծո որդիների ներ- կայացուցիչները: Երկնային խորհուրդը, որի առջև սատանան մեղադրել էր Աստծուն և Նրա Որդուն, չմեղանչած աշխարհների ներկայացուցիչները, ում վրա նա խորհել էր հաստատել իր իշխանությունը. ամենքն էլ այստեղ են’ ողջունելու Փրկչին: Նրանք ուրախ են’ տոնելու Նրա հաղթանակը և փառավորելու իրենց Թագավորին: ԴՓ 1030.8
Բայց Նա կանգնեցնում է նրանց: Ոչ հիմա, Նա հիմա չի կարող ընդունել փառքի պսակն ու արքայական բեհեզը: Նա մոտենում է Իր Հորը, ցույց է տալիս Իր վիրավոր գլուխը, խոցված կողը և խոշտանգված ոտքերը, հետո բարձրացնում է Իր ձեռքերը, որոնց վրա երևում են խաչելության հետքերը: Ցույց տալով Իր հաղթության նշանները’ Նա ներկայացնում է Աստծուն երերացնելու ընծան’ նրանց, ովքեր հարություն են առել Իր հետ որպես այն մեծ բազմության ներկայացուցիչները, որ պիտի դուրս գա գերեզմաններից Նրա երկրորդ գալստյան ժամանակ: Նա մոտենում է Հորը, ով ցնծում է մեկ ապաշխարող մեղավորի համար և ողջունում է նրան երգով: Երկրի հիմունքները դնելուց առաջ Հայրն ու Որդին ուխտ էին կնքել մարդուն փրկելու համար, եթե նա հաղթվեր սատանայից: Նրանք հանդիսավոր կերպով իրար ձեռք էին սեղմել’ երդվելով, որ Քրիստոսը պետք է երաշխավոր դառնա մարդկային ցեղի համար: Քրիստոսը կատարել էր այս երդումը: Խաչի վրա բացականչելով’ «Կատարված է», Նա դիմեց Հորը: Ուխտի բոլոր պայմանները կատարված էին: Իսկ հիմա Նա հռչակում է. «Հայր, կատարված է: Ես կատարեցի Քո կամքը, ով Աստված, և ավարտեցի փրկության գործը: Եթե Քո արդարադատությունը բավարարված է, «կամենում եմ, որ նրանք էլ լինեն այնտեղ, որտեղ ես եմ»” (Հովհաննես 19.30, 17.24): ԴՓ 1031.1
Աստծո ձայնը հռչակում է, որ արդարադատությունը բավարարված է: Սատանան պարտություն կրեց: Քրիստոսի տառապյալ և պայքարող զավակները երկրում «ընդունված են Սիրելիով» (Եփեսացիս 1.6): Երկնային հրեշտակ- ների և չընկած աշխարհների ներկայացուցիչների առջև նրանք հռչակվում են արդարացված: Որտեղ Նա է, այնտեղ պետք է լինի նաև Նրա եկեղեցին: «Ողորմությունն ու ճշմարտությունը իրար կհանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը իրար կհամբուրեն» (Սաղմոս 85.10): Հայրը գրկում է Իր Որդուն և հրամայում. «Թող երկրպագեն նրան Աստծո բոլոր հրեշտակները” (Եբրայեցիս 1.6): ԴՓ 1031.2
Աննկարագրելի ցնծությամբ աշխարհակալները, տերություններն ու իշխանությունները խոստովանում են կենաց Իշխանի գերազանցությունը: Հրեշտակների զորքը խոնարհվում է’ երկրպագելու Նրան, և երկնային պալատներում հնչում է մի սքանչելի երաժշտություն. «Արժանի է մորթված Գառն առնելու և’ զորություն, և’ հարստություն, և’ իմաստություն, և’ կարողություն, և’ պատիվ, և’ փառք, և’ օրհնություն” (Հայտնություն 5.12): [835] ԴՓ 1032.1
Հաղթության երգերը միախառնվում են հրեշտակների քնարների երաժշտությանը, և թվում է, թե ամբողջ երկինքը ուրախությունից ցնծում և գովերգում է: Սերը հաղթանակեց: Կորածները գտնված են: Երկնքում զրնգում է հաղթության օրհներգը: «Աթոռի վրա նստողին և Գառին լինի օրհնությունը, փառքն ու կարողությունը հավիտյանս հավիտենից” (Հայտնություն 5.13): ԴՓ 1032.2
Երկնային ուրախության տեսարանից մեզ է հասնում Քրիստոսի հրաշալի խոսքերի արձագանքը. «Ես վեր եմ ելնում իմ Հոր մոտ և ձեր Հոր մոտ, իմ Աստծո մոտ և ձեր Աստծո մոտ” (Հովհաննես 20.17): Երկնային ընտանիքն ու երկրային ընտանիքը մեկ են: Մեզ համար Քրիստոսը համաբարձվեց, և մեզ համար էլ ապրում է: «Ուստի և բոլորովին կարող է փրկել նրանց, որ իրենով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենդանի է” (Եբրայեցիս 7.25): ԴՓ 1032.3