ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 70. - «Իմ այս փոքր եղբայրներից մեկին»
(Մատթեոս 25.31-46)
«ԵՎ երբ որ մարդու Որդին Իր փառով կգա և բոլոր սուրբ հրեշտակները Նրա հետ, այն ժամանակ կնստի Իր փառաց աթոռին, և բոլոր ազգերը կհավաքվեն Նրա առջև, և Նա կբաժանի նրանց իրարից”: Քրիստոսը Յիթենյաց սարում նկարագրեց Իր աշակերտներին դատաստանի մեծ օրվա տեսարանը: Նա ասաց նաև, որ դրա վճիռը կայացնելու է միակ չափանիշի հիմա վրա: Երբ ազգերը հավաքվեն Նրա առջև, նրանք կբաժանվեն երկու խմբի, և նրանց հավիտենական ճակատագիրը կորոշվի նրանով, թե ինչ են նրանք արել, կամ հրաժարվել են անել Նրա համար’ հանձինս աղքատների և տանջվողների: ԴՓ 785.1
Այն օրը Քրիստոսը մարդկանց չի հիշեցնի այն մեծ աշխատանքը, որ Նա արել է նրանց փրկության համար: Նա կներկայացնի Իր համար կատարված նրանց անկեղծ աշխատանքը: Նրանց, ովքեր կկանգնեն Նրա աջ կողմը, Նա կասի. «Եկեք, ով իմ Հոր օրհնածներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը: Որովհետև սովեցի, և դուք տվեցիք ինձ ուտել, ծարավեցի, և խմեցրիք ինձ, օտար էի, և ինձ ձեզ մոտ առաք, մերկ էի, և հագցրիք ինձ, հիվանդ էի, և ինձ այցելեցիք, բանտում էի, և ինձ մոտ եկաք”: Բայց նրանք, ում կգովի Քրիստոսը, չեն էլ կասկածում, որ ծառայել են Նրան: Նրանց շփոթված հարցերին Նա պատասխանում է. «Որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք’ ինձ արիք”: [638] ԴՓ 785.2
Հիսուսն Իր աշակերտներին պատմել էր, որ բոլոր մարդիկ պիտի ատեն, հալածեն և չարչարեն նրանց: Շատերին դուրս կքշեն իրենց տներից և կհասցնեն աղքատության, մյուսները կդժբախտանան հիվանդության ու զրկանքների պատճառով, ոմանք էլ բանտերը կնետվեն: Բոլոր նրանց, ովքեր հանուն Նրա կթողնեն իրենց ընկերներին և իրենց տները, Նա հարյուրապատիկ է խոստացել այս կյանքում: Հիմա Նա հատուկ օրհնություն է խոստանում բոլոր նրանց, ովքեր կծառայեն իրենց եղբայրներին: Նրանց մեջ, ովքեր կչարչարվեն Իմ անվան համար, ասաց Հիսուսը, դուք պետք է ճանաչեք Ինձ: Ինչպես Ինձ կծառայեիք, այնպես էլ պետք է նրանց ծառայեք: Դրանով ցույց կտաք, որ Իմ աշակերտներն եք: ԴՓ 785.3
Բոլոր նրանք, ովքեր ընդունվել են երկնային ընտանիքը, հատուկ իմաստով մեր Տիրոջ եղբայրներն են: Այդ ընտանիքի անդամները կապված են իրար հետ Քրիստոսի սիրով, և որտեղ էլ որ դրսևորվում է այդ սերը, այնտեղ առկա են աստվածային հարաբերություններ: «Ով որ սիրում է, Աստծուց է ծնված, և ճանաչում է Աստծուն” (Ա Հովհաննես 4.7): ԴՓ 786.1
Նրանք, ում Քրիստոսը կարդարացնի դատաստանի օրը, կարող են թույլ լինել աստվածաբանությունից, բայց նրանք հետևել են Նրա սկզբունքներին: Սուրբ Հոգու ազդեցության միջոցով նրանք օրհնություն են դարձել իրենց շրջապատի համար: Նույնիսկ հեթանոսների մեջ էլ կան այնպիսիք, ովքեր սիրում են բարությունը, և նախքան կյանքի խոսքերը կհասնեին նրանց ականջներին, նրանք օգնել են ավետարանիչներին, և նույնիսկ ծառայել են նրանց’ վտանգի ենթարկելով իրենց կյանքը: Հեթանոսների մեջ կան այնպիսիք, ովքեր անգիտակցաբար երկրպագում են Աստծուն, և ովքեր որ երբեք լույս չեն ստացել մարդկանցից, չեն կորչի: Թեև անտեղյակ Աստծո գրված օրենքից’ նրանք լսել են Նրա ձայնը, որ դիմել է նրանց բնության միջոցով, և կատարել են, ինչ պահանջում է օրենքը: Նրանց գործերը վկայում են, որ Սուրբ Հոգին դիպել է նրանց սրտերին, և նրանք ճանաչվում են որպես Աստծո զավակներ: ԴՓ 786.2
Որքա՜ն կզարմանան և կուրախանան տարբեր ազգերի մեջ խոնարհ մարդիկ’ լսելով Փրկչի շուրթերից. «Որովհետև իմ այս փոքր եղբայրներից մեկին արիք’ ինձ արիք”: Որքա՜ն ուրախ կլինի Անսահման Սիրո սիրտը, երբ Նրա հետևորդները զարմանքով և ուրախությամբ լսեն Նրա հավանության խոսքերը: ԴՓ 787.1
Բայց Քրիստոսի սերը չի սահմանափակվում մարդկանց որևէ խմբով: Նա Իրեն նույնացնում է ամեն մի մարդկային ընտանիքի զավակի հետ: Նա դարձավ երկրային ընտանիքի անդամ, որպեսզի մենք կարողանայինք երկնային ընտանիքի անդամներ դառնալ: Նա մարդու Որդի է, ուստի և եղբայր Ադամի ամեն մի որդու և դստեր: Նրա հետևորդները չպետք է անտարբեր լինեն իրենց շուրջը կործանվող աշխարհի հանդեպ: Նրանք մարդկային մեծ ընտանիքի մի մասն են կազմում, և Երկինքը նրանց դիտում է որպես եղբայրներ ինչպես մեղավորներին, այնպես էլ սուրբերին: Քրիստոսի սերը գրկում է բոլոր ընկածներին, մոլորվածներին ու մեղավորներին, և ընկած հոգին բարձրացնելու ամեն մի փորձ, գթության ամեն մի արարք ընդունվում է որպես ծառայություն Նրան: [639] ԴՓ 787.2
Երկնքի հրեշտակներն ուղարկվում են ծառայելու նրանց, ովքեր փրկություն պիտի ժառանգեն: Մենք չգիտենք, թե ովքեր են դրանք, դեռ հայտնի չէ’ ովքեր են հաղթելու և կիսելու «սուրբերի ժառանգությունը լույսում», բայց երկնային հրեշտակներն անցնում են երկրի մի ծայրից մյուսը’ ձգտելով մխիթարել դժբախտներին, պաշտպանել վտանգի ենթարկվածներին և հոգիներ շահել Քրիստոսի համար: Ոչ ոքի նրանք չեն արհամարհում կամ անտեսում: Աստված կողմնապահ չէ, Նա հավասարապես հոգ է տանում Իր բոլոր արարածների մասին: ԴՓ 787.3
Երբ բացում եք ձեր դուռը Քրիստոսի կարիքավոր ու տանջված եղբայրների առջև, դուք ողջունում եք անտեսանելի հրեշտակներին: Դուք հաղորդակցության մեջ եք մտնում երկնային էակների հետ: Նրանք ուրախության ու խաղաղության սուրբ մթնոլորտ են բերում իրենց հետ: Նրանք գալիս են փառաբանությունն իրենց շուրթերին, և ի պատասխան’ երկնքում սքանչելի մեղեդի է հնչում: Ամեն մի բարեգործության այնտեղ արձագանքում են երաժշտությամբ: Երկնավոր Հայրն Իր ամենաթանկար- ժեք մարգարիտների շարքն է դասում անշահախընդիր աշխատավորներին: ԴՓ 787.4
Նրանք, ովքեր Քրիստոսի ձախ կողմն են հավաքված, ովքեր մերժել են Նրան հանձինս աղքատների ու տառապյալների, չեն գիտակցում իրենց մեղքը: Սատանան կուրացրել է նրանց, և նրանք չեն հասկացել, թե ինչով են պարտավոր իրենց եղբայրներին: Ամփոփվելով իրենց մեջ’ նրանք չեն նկատել ուրիշների կարիքները: ԴՓ 788.1
Ունևորներին Աստված հարստություն է տվել, որպեսզի նրանք օգնեն և սփոփեն Նրա թշվառ զավակներին, բայց շատ հաճախ նրանք անտարբեր են այլոց կարիքներին: Նրանք իրենց ավելի բարձր են համարում իրենց աղքատ եղբայրներից, և իրենց չեն դնում չքավորի տեղը: Նրանք չեն հասկանում աղքատների մաքառումներն ու փորձությունները, և խիղճը մեռնում է նրանց սրտերում: Թանկարժեք տներում և հոյակերտ եկեղեցիներում հարուստներն իրենց թաքցնում են աղքատներից, և միջոցները, որ Աստված վստահել է նրանց’ օգնելու աղքատներին, ծախսվում են հպարտությունն ու եսասիրությունը բավարարելու հա- մար: Աղքատներից ամեն օր կողոպտում են այն գիտելիքները, որ նրանք պիտի ստանային Աստծո ողորմություն- ների վերաբերյալ, որովհետև Նա բավարար միջոցներ է նախատեսել, որպեսզի նրանք ապահովված լինեն կյանքի անհրաժեշտություններով: Նրանք մատնված են աղքատության’ զրկված իրավունքներից, և հաճախ դրանից դառնում են ագահ, նախանձ և չարամիտ: Նրանք, ովքեր իրենց վրա չեն զգացել չքավորության ճնշումը, շատ հաճախ արհամարհանքով են վերաբերվում աղքատներին, և ստիպում են նրանց մտածել, որ իրենք մուրացիկներ են: ԴՓ 788.2
Բայց, տեսնելով այդ ամենը, Քրիստոսն ասում է’ Այդ Ես էի սոված և ծարավ, Ես էի օտարական, Ես էի հիվանդ և Ես էի բանտում: Մինչ դուք խնջույք էիք անում ձեր ճոխ սեղանների շուրջ, ես սովի էի մատնված խրճիթում կամ փողոցներում: Մինչ դուք հանգստանում էիք ձեր շքեղ բնակարաններում, Ես տեղ չունեի գլուխս թեքելու: Մինչ դուք ձեր զգեստապահարանները լցնում էիք թանկարժեք հանդերձներով, Ես մերկ էի: Երբ դուք զվարճանում էիք ձեր հաճույքներով, Ես նվաղում էին բանտում: ԴՓ 789.1
Երբ դուք մի կտոր հացով օգնում էիք սովամահ չքավորին, երբ դուք նրանց մաշված հագուստներ էիք տալիս, որ ծածկեն իրենց սառնամանիքից, գիտակցո՞ւմ էիք արդյոք, որ տալիս եք փառքի Տիրոջը: Ձեր կյանքի բոլոր օրերում Ես ձեր կողքին եմ եղել հանձինս այս դժբախտների, բայց դուք չփնտրեցիք Ինձ: Դուք չուզեցիք ընկերակցել Ինձ: Ես ձեզ չեմ ճանաչում: [640] ԴՓ 789.2
Շատերը կարծում են, թե մեծ առավելություն կլինի, եթե այցելեն այն տեղերը, որտեղ Քրիստոսն անց է կացրել Իր երկրային կյանքը, քայլել այն ճամփաներով, որ Նա է անցել, նայել այն լճին, որի ափին Նա սիրում էր սովորեցնել, և այն բլուրներին ու հովիտներին, որոնց վրա հաճախ կանգ էր առնում Նրա հայացքը: Բայց մենք կարիք չունենք գնալու Նազարեթ, Կափառնայում կամ Բեթանիա, որպեսզի քայլենք Հիսուսի հետքերով: Մենք Նրա ոտնա- հետքերը կգտնենք հիվանդի մահճակալի մոտ, աղքատի հյուղակում, մեծ քաղաքի մարդաշատ փողոցներում և ամենուրեք, որտեղ մարդիկ մխիթարության կարիք ունեն: Երկրի վրա անելով այն, ինչ Հիսուսն էր անում, մենք կքայլենք Նրա հետքերով: ԴՓ 789.3
Բոլորն էլ ինչ-որ բան կգտնեն անելու: «Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք” (Հովհաննես 12.8), ասաց Հիսուսը, և ոչ ոք կարիք չունի մտածելու, թե իր համար աշխատելու տեղ չկա: Միլիոնավոր մարդիկ կան մահվան շեմին’ կապված տգիտության ու մեղքի շղթաներով, որ երբեք չեն լսել իրենց հանդեպ Քրիստոսի սիրո մասին: Եթե մենք լինեինք նրանց տեղը, ի՞նչ կցանկանայինք, որ նրանք անեին մեզ համար: Այս ամենը, մեր ուժերի ներածին չափով, մենք լրջորեն պարտավոր ենք անել նրանց համար: Քրիստոսի տված կյանքի կանոնը, որով մեզանից յուրաքանչյուրը կամ կկանգնի, կամ էլ կընկնի դատաստանի օրը, սա է. «Ինչ որ կամենում եք, որ ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց” (Մատթեոս 7.12): ԴՓ 789.4
Փրկիչը զոհել է Իր թանկագին կյանքը, որպեսզի ստեղծի մի եկեղեցի’ ընդունակ հոգ տանելու դժբախտ և փորձվող հոգիների մասին: Հավատացյալները կարող են լինել աղքատ, անկիրթ և չճանաչված, սակայն Քրիստոսով նրանք կարող են այնպիսի աշխատանք կատարել տանը, հարևանության մեջ, եկեղեցում և նույնիսկ «հեռավոր երկրներում”, որի արդյունքը նույնքան հեռահար կլինի, որքան հավերժությունը: ԴՓ 790.1
Այս աշխատանքն անտեսելու պատճառով է հենց, որ այդքան շատ երիտասարդ աշակերտներ քրիստոնեական փորձի այբուբենից այն կողմ չեն զարգանում: Այն լույսը, որ շողացել էր նրանց սրտերում, երբ Հիսուսն ասել էր նրանց’ «Քո մեղքերը ներված են քեզ», նրանք կարող էին վառ պահել’ օգնելով կարիքավորներին: Անխոնջ եռանդը, որն այնքան հաճախ վտանգի աղբյուր է երիտասարդների համար, ճիշտ նպատակներով օգտագործվելու դեպքում կարող էր օրհնության հեղեղներ բերել: «Ես”-ը կմոռացվեր ուրիշներին բարիք գործելու անկեղծ աշխա- տանքում: [641] ԴՓ 790.2
Նրանց, ովքեր ծառայում են ուրիշներին, կծառայի անձամբ Հովվապետը: Նրանք կխմեն կյանքի ջրից և կհագե- նան: Նրանք չեն ձգտի զգացմունքային հաճույքների կամ էլ ինչ-որ փոփոխության իրենց կյանքում: Նրանց գերագույն նպատակը կլինի այն, թե ինչպես փրկել մեռնելու պատրաստ հոգիները: Հաղորդակցությունը մարդկանց հետ արդյունավետ կլինի: Փրկչի սերը կմիաձուլի իրար նրանց սրտերը: ԴՓ 790.3
Երբ մենք գիտակցենք, որ համագործակցում ենք Աստծո հետ, Նրա խոստումներին անտարբեր չենք մնա: Դրանք կբորբոքվեն մեր սրտերում և կբոցավառվեն մեր շուրթե- րին: Մովսեսին կանչելով ծառայելու անկիրթ, անկարգ և ապստամբ ժողովրդին’ Աստված խոստացավ. «Իմ ներկայությունը պիտի գնա քեզ հետ, և ես քեզ կհանգստաց- նեմ»: Եվ Նա ասաց. «Ես քեզ հետ կլինեմ» (Ելից 33.14, 3.12): Այս խոստումը վերաբերում է բոլորին, ովքեր Քրիստոսի անունից ծառայում են դժբախտներին ու խեղճերին: ԴՓ 791.1
Սերը մարդկանց հանդեպ’ աշխարհին ուղղված Աստծո սիրո դրսևորումն է: Այդ սիրով մեզ օժտելու և մի ընտանիքի անդամներ դարձնելու համար էր հենց, որ փառքի Թագավորը մեկ դարձավ մեզ հետ: Ու երբ կատարվեն Նրա հրաժեշտի խոսքերը’ «Սիրեցեք իրար, ինչպես որ ես ձեզ սիրեցի» (Հովհաննես 15.12), երբ մենք սիրենք աշխարհն այնպես, ինչպես որ Նա այն սիրեց, այն ժամանակ Նրա առաքելությունը մեզ համար կավարտվի: Մենք պատրաստ կլինենք երկընքին, որովհետև երկինքը մեր սրտերի մեջ է: ԴՓ 791.2
«Ազատիր մահվան տարվողներին և սպանվելու համար դողդոջացողներին»: Իսկ «եթե ասես’ Մենք չգիտենք, ահա սրտեր կշռողը գիտի, և հոգիդ պահողը իմանում է, Նա, որ մարդուն հատուցում է իր գործերի համեմատ” (Առակաց 24.11,12): Դատաստանի մեծ օրը բոլոր նրանք, ովքեր չեն ծառայել Քրիստոսին, ովքեր ապրել և աշխատել են միայն իրենց համար, ամբողջ երկրի Դատավորի կողմից կդասվեն չարագործների շարքը: Նրանք կստանան նույն դատապարտությունը: ԴՓ 791.3
Յուրաքանչյուր հոգու ինչ-որ բան է վստահված, և յուրաքանչյուրից Հովվապետը կպահանջի. «Ո՞ւր է քեզ տրված հոտը’ քո փառքի հոտը»: Եվ «ի՞նչ պիտի ասես, երբ որ քեզ այցելություն անի” (Երեմիա 13.20,21): [642] ԴՓ 791.4