ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ
Գլուխ 66. - Հակամարտություն
(Մատթեոս 22.15-46, Մարկոս 12.13-40, Ղուկաս 20.20-47)
ՔԱՀԱՆԱՆԵՐՆ ու իշխանները լուռ լսեցին Քրիստոսի սուր հանդիմանությունները: Նրանք չկարողացան հեր- քել Նրա մեղադրանքները, սակայն էլ ավելի հաստատ վճռեցին ծուղակը գցել Նրան, և այդ նպատակով լրտեսներ ուղարկեցին Նրա մոտ, «որոնք կեղծավորությամբ իրենց անձերն արդար էին ցույց տալիս, որ խոսքով բռնեն նրան’ տերություն և կուսակալի իշխանությանը մատնելու համար”: Նրանք չուղարկեցին ծեր փարիսեցիների, որոնց Հիսուսը հաճախ հանդիպում էր, այլ եռանդուն ու կրակոտ երիտասարդների, ում, իրենց կարծիքով, Քրիստոսը չէր ճանաչում: Նրանց ուղեկցում էին մի քանի հե- րովդեսականներ, ովքեր պետք է լսեին Քրիստոսի խոսքերը, որպեսզի դատարանում վկայություն տային Նրա դեմ: Փարիսեցիներն ու հերովդեսականները ոխերիմ թշնամիներ էին, բայց հիմա թշնամությունը Քրիստոսի հանդեպ միաբանել էր նրանց: ԴՓ 733.1
Փարիսեցիներին մշտապես զայրացնում էր, որ հռոմեացիները ստիպում էին իրենց տուրք վճարել: Նրանց կարծիքով հարկատվությունը հակասում էր Աստծո օրենքին: Հիմա նրանց համար հնարավորություն էր ստեղծվել թակարդը գցել Հիսուսին: Լրտեսները եկան Նրա մոտ, և շինծու անկեղծությամբ, կարծես պարզապես ուզում էին իմանալ իրենց պարտականությունը, հարցրին. «Վարդապետ, գիտենք, որ ճշմարիտ ես և ոչ ոքից հոգս չունես, որովհետև մարդկանց երեսպաշտություն չես անում, այլ Աստծո ճանապարհը ճշմարտությամբ սովորեցնում ես: Արժա՞ն է կայսրին հարկ տալ, թե ոչ”: [602] Եթե «Գիտենք, որ ճշմարիտ ես» խոսքերը անկեղծ լինեին, դա մի հրաշալի խոստովանություն կլիներ, ու թեև դրանք ասվեցին խաբելու համար, նրանց վկայությունը ճշմարիտ էր: Փարիսեցիներին քաջ հայտնի էր, որ Քրիստոսը ճիշտ էր խոսում և սովորեցնում, և նրանք դատվելու են իրենց իսկ խոսքերով: ԴՓ 733.2
Քրիստոսին հարց տվողները կարծում էին, թե բավականին լավ են թաքցրել իրենց նպատակը, բայց Քրիստոսը բաց գրքի պես կարդաց նրանց սրտերը և մերկացրեց նրանց կեղծավորությունը: «Ինչո՞ւ եք փորձում Ինձ»,- ասաց Նա, ցույց տալով, որ Իրեն հայտնի է նրանց ծածուկ մտադրությունը: Նրանք էլ ավելի շփոթվեցին, երբ Նա ավելացրեց. «Ցույց տվեք Ինձ մի դահեկան”: Նրանք բերեցին, և Նա հարցրեց նրանց. «Այս պատկերը կամ գիրն ո՞ւմն է: Նրան ասացին’ Կայսեր: Այն ժամանակ ասեց. Ուրեմն կայսրինը տվեք կայսրին, իսկ Աստծունը’ Աստծուն»: ԴՓ 734.1
Լրտեսներն ակնկալում էին, որ Հիսուսն ուղղակիորեն կպատասխանի’ այո կամ ոչ: Եթե Նա ասեր, որ օրինավոր չէ հարկ վճարել կայսրին, ապա կմատնվեր հռոմեական իշխանություններին և կմեղադրվեր որպես խռովարար: Իսկ եթե Նա ասեր, որ պետք է հարկ վճարել, նրանք որոշել էին ժողովրդի առջև մեղադրել Նրան Աստծո օրենքի խախտման մեջ: Հիմա նրանք իրենց պարտված էին զգում: Նրանց ծրագրերը ձախողվեցին, և նրանց հարցին տրված համառոտ պատասխանը փակուղու առջև կանգնեցրեց նրանց, և այլևս ոչինչ չկարողացան ասել: ԴՓ 734.2
Քրիստոսի պատասխանը շրջանցում չէր հարցին, այն հստակ էր և կտրուկ: Իր ձեռքում բռնելով հռոմեական մետաղադրամը, որի վրա դրոշմված էր կայսեր անունն ու պատկերը, Նա ասաց, որ նրանք պետք է այնքան ժամանակ աջակցեն հռոմեական իշխանությանը, որի պաշտպանության տակ գտվում էին, քանի դեռ դա չի հակասի իրենց ավելի բարձր պարտականությանը: Բայց խոնարհությամբ հնազանդվելով երկրի օրենքներին’ նրանք պետք է ամեն ժամանակ առաջին հերթին հավատարիմ լինեին Աստծուն: ԴՓ 734.3
Փրկչի այս խոսքերը’ «Կայսրինը տվեք կայսրին, իսկ Աստծունը’ Աստծուն», սուր հանդիմանություն էին խարդախ հրեաներին: Եթե նրանք իրենց պարտքը հավատարմորեն վճարեին Աստծուն, ապա երբեք չէին ընկնի օտարերկրյա իշխանության լծի տակ: Հռոմեական դրոշը չէր ծածանվի Երուսաղեմի վրա, քաղաքի դարպասների մոտ չէին կանգնի հռոմեական ժամապահները, նրա պարիսպների ներսում չէր իշխի հռոմեացի կառավարիչը: Հրեա ազգն, այդպիսով, տուգանք էր վճարում’ Աստծուց նահանջելու համար: [603] ԴՓ 735.1
Լսելով Քրիստոսի պատասխանը’ փարիսեցիները «զարմացան, և նրան թողեցին ու գնացին”: Հանդիմա- նելով նրանց կեղծավորությունն ու մեծամտությունը’ Նա սահմանեց մի մեծ սկզբունք, որը հատուկ սահմանագիծ էր քաշում քաղաքական իշխանությունների և Աստծո հանդեպ մարդու պարտականությունների միջև: Շատերին հուզող այդ հարցը հասկանալի դարձավ, և այդ օրվանից նրանք սկսեցին գործել ճիշտ սկզբունքով: Ու թեև շատերն էլ հեռացան չբավարարված, սակայն հստակորեն տեսան այդ հարցի հիմքում ընկած սկզբունքը, և զարմացան Քրիստոսի հեռատեսության ու խորաթափանցության վրա: ԴՓ 735.2
Հենց որ փարիսեցիները լռեցին, առաջ եկան սադուկեցիներն իրենց նենգավոր հարցերով: Այդ երկու կուսակցությունները խիստ թշնամության մեջ էին իրար հետ: Փարիսեցիները բծախնդրորեն հետևում էին ավանդությանը, խիստ ուշադրություն էին դարձնում արտաքին ծիսակատարություններին, մշտապես լվացումներ էին անում, ծոմ պահում, երկար աղոթքներ անում և ցուցադրաբար ողոր- մություն տալիս: Բայց Քրիստոսը հայտարարեց, որ նրանք խախտում են Աստծո օրենքը’ սովորեցնելով վարդապետություններ, որ մարդկանց պատվիրաններ են: Որպես դասակարգ’ նրանք մոլեռանդ էին և կեղծավոր, սակայն նրանց մեջ կային նաև իսկական բարեպաշտ անձնավո- րություններ, ովքեր ընդունել էին Քրիստոսի ուսմունքը և դարձել Նրա աշակերտները: Սադուկեցիները չէին ընդունում փարիսեցիների ավանդույթները: Նրանք պնդում էին, որ հավատում են Գրքի ավելի մեծ մասին և իրենց կյանքում ղեկավարվում են դրանցով, բայց իրականում կասկածամիտներ և նյութապաշտներ էին: ԴՓ 735.3
Սադուկեցիները ժխտում էին հրեշտակների գոյությունը, մեռելների հարությունը, դատաստանի և գալիք կյանքի մասին ուսմունքը: Բոլոր այս հարցերում նրանք տարբերվում էին փարիսեցիներից: Այդ երկու աղանդների միջև ամենավիճահարույց թեման մեռելների հարությունն էր: Փարիսեցիները հաստատ համոզված էին, որ հարություն կա, բայց սադուկեցիների հետ վիճաբանելու ընթացքում պարզվեց, որ գալիք կյանքի մասին նրանք աղոտ պատկերացում ունեն: Մահը նրանց համար անբացատրելի մի գաղտնիք էր թվում: Սադուկեցիների փաստարկները հերքելու նրանց անկարողությունը մշտապես կրքեր էր բորբոքում: Երկու կուսակցությունների միջև վիճաբա- նությունները սովորաբար ավարտվում էին զայրացկոտ լեզվակռիվներով: [604] ԴՓ 736.1
Սադուկեցիները թվով շատ ավելի քիչ էին, քան նրանց հակառակորդները, և նրանց ազդեցությունը հասարակ ժողովրդի վրա այնքան էլ ուժեղ չէր, բայց նրանցից շատերը հարուստ էին, ուստի և մեծ հեղինակություն էին վայելում: Նրանց շարքերում էր ընդգրկված քահանաների մեծամասնությունը, և քահանայապետը սովորաբար ընտրվում էր հենց նրանց միջից, բայց մի պայմանով, որ նա հրապարակավ չի արտահայտի իր կասկածամիտ հա- յացքները: Հաշվի առնելով փարիսեցիների թիվն ու հան- րաճանաչությունը’ սադուկեցիները ստիպված էին առերևույթ համաձայնվել նրանց ուսմունքի հետ’ քահանայական որևէ պաշտոն ստանալու համար: Այս դեպքում, սա- կայն, նրանց սխալ կարծիքների ազդեցությունը ժողովրդի վրա ավելի էր մեծանում: ԴՓ 736.2
Սադուկեցիները չէին ընդունում Հիսուսի ուսմունքը, Նա գործում էր մի այնպիսի ոգով, որի իսկությունը նրանք չէին ուզում ճանաչել, և Աստծո վերաբերյալ Նրա ուսմունքը հակասում էր նրանց տեսությանը: Նրանք համոզված էին, որ Աստված մարդուն գերազանցող միակ էությունն է, սակայն պնդում էին, որ Նրա գերիշխող նախախնամությունն ու կանխատեսությունը զրկում է մարդուն բարոյական ազատությունից և նսեմացնում է նրան ստրկության աստիճանի: Նրանք հավատում էին, որ Աստված, ստեղծելով մարդուն, թույլ է տվել նրան գործելու ինքնուրույն’ անկախ ավելի բարձր իշխանությունից: Նրանք պնդում էին, թե մարդն ազատ է’ տնօրինելու իր կյանքը և ձևավորելու աշխարհի իրադարձությունները, թե նա ինքն է կերտում իր ճակատագիրը: Նրանք ժխտում էին, որ Աստծո Հոգին գործում է մարդկանց կամ բնության միջոցով: Ըստ նրանց, ինքնուրույն օգտագործելով իր բնական ուժերը’ մարդ կարող էր ազնվանալ և լուսավորվել, նրա կյանքը կարող էր սրբացվել ճգնավորի խիստ սահմանափակում- ներով: ԴՓ 737.1
Աստծո մասին նրանց պատկերացումն էլ ձևավորել էր նրանց բնավորությունը: Եվ քանի որ Աստված, նրանց կարծիքով, չէր հետաքրքրվում մարդկանցով, ուստի նրանք էլ այդքան չէին անհանգստանում միմյանց համար, նրանց մեջ լիարժեք միաբանություն չկար: Ժխտելով Սուրբ Հոգու ազդեցությունը մարդու գործողությունների վրա’ նրանք թուլացրել էին Նրա զորությունն իրենց կյանքում: Մյուս հրեաների նման’ նրանք էլ միշտ պարծենում էին, թե Աբրահամի զավակներն են և որ խստորեն հետևում են օրենքի պահանջներին, բայց իրականում չէին հասկանում օրենքի նշանակությունը և չունեին Աբ- րահամի հավատն ու ազնըվությունը: Նրանց բնական հետաքրքրությունների շրջանը շատ նեղ էր: Նրանք կար- ծում էին, թե բոլոր մարդիկ էլ հնարավորություն ունեն ձեռք բերելու կյանքի բարիքները և բարգավաճելու, ուստի նրանց չէին անհանգստացնում մյուսների կարիքներն ու ցավերը: Նրանք միայն իրենց համար էին ապրում: [605] ԴՓ 737.2
Իր խոսքերով և գործերով Քրիստոսը վկայեց, որ աստվածային զորությունը կարող է գերբնական հրաշքներ գործել, որ գալիք կյանքը վեր է ներկա կյանքից, որ Աստված’ որպես մարդկանց որդիների Հայր, մշտարթուն հոգ է տանում նրանց մասին: Նրա աստվածային բարությունն ու կարեկցանքը հանդիմանում էին սադուկեցիների եսամոլ բացառիկությունը: Նա սովորեցնում էր, որ Աստված Սուրբ Հոգով ազդում է մարդկային սրտի վրա ինչպես ժամանակավոր, այնպես էլ հավիտենական բարիքների համար: Նա ցույց էր տալիս, թե որքան սխալ է վստահել մարդկային զորությանը բնավորությունը վերափոխելու համար, ինչը միայն Աստծո Հոգին կարող է անել: ԴՓ 738.1
Սադուկեցիները որոշել էին հերքել այս ուսմունքը: Ձգտելով վիճաբանության մեջ մտնել Հիսուսի հետ’ նրանք համոզված էին, որ կխայտառակեն Նրան, նույնիսկ եթե իրենց չհաջողվի Նրան մեղադրանք ներկայացնել: Նրանք որոշեցին հարց տալ Նրան հարության մասին: Եթե Նա համաձայնվեր նրանց հետ, ապա խիստ վիրավորանք կհասցներ փարիսեցիներին, իսկ եթե առարկեր, սադուկեցիները որոշել էին ծաղրի ենթարկել Նրա ուսմունքը: Սադուկեցիները բացատրում էին, որ եթե մարմինը բաղկացած է միևնույն տարրերից ինչպես իր անմահ, այնպես էլ մահկանացու վիճակում, ապա, հարություն առնելով, այն պետք է կազմված լինի մսից և արյունից, և երկրում ընդհատված նրա կյանքը պետք է շարունակվի գալիք աշխարհում: Այդ դեպքում, նրանց կարծիքով, երկրային կապերը պետք է շարունակվեն, կանայք պետք է վերամիավորվեն ամուսինների հետ, կվերականգնվեն ամուսնական հարաբերությունները, և ամեն ինչ պետք է ընթանա այնպես, ինչպես մեռնելուց առաջ, այս կյանքի թուլություններն ու կրքերը պետք է հավերժացվեն հանդերձյալ կյանքում: ԴՓ 738.2
Պատասխանելով նրանց հարցին’ Հիսուսը բարձրացրեց ապագա կյանքի վարագույրը: «Հարությունում,- ասաց Նա,- ոչ կին են առնում, ոչ’ մարդի գնում, այլ երկնքում Աստծո հրեշտակների նման են»: Նա ցույց տվեց սադուկեցիների մոլորությունը: Նրանց նախադրյալները սխալ էին: «Մոլորված եք,- ավելացրեց Նա,- որ չգիտեք ո’չ Գիրքը, ո’չ էլ Աստծո զորությունը»: Նա մեղադրեց նրանց ոչ թե կեղծավորության մեջ, ինչպես մեղադրել էր փարիսեցիներին, այլ հավատի սխալության: [606] ԴՓ 739.1
Սադուկեցիները շողոքորթում էին իրենց, թե բոլորից ավելի խիստ են հետևում Գրքերին: Բայց Հիսուսը ցույց տվեց, որ նրանք ճիշտ չէին հասկանում դրանց նշանա- կությունը: Այդ գիտությունը կարելի է ձեռք բերել միայն Սուրբ Հոգու լուսավորության շնորհիվ: Նա հայտարարեց, որ Գրքերն ու Աստծո զորությունը չիմանալու պատճառով նրանց հավատն աղավաղվել և նրանց միտքը խավարել էր: Նրանք փորձում էին իրենց սահմանափակ դատողությամբ հասկանալ Աստծո խորհուրդները: Քրիստոսը կոչ արեց նրանց ուշադրություն դարձնել այն սրբազան ճշմարտությունների վրա, որոնք կընդլայնեին ու կզորաց- նեին նրանց հասկացողությունը: Հազարավոր մարդիկ անհավատներ են դառնում, որովհետև նրանց սահմանափակ միտքը չի կարողանում ըմբռնել Աստծո գաղտնիքները: Չկարողանալով բացատրել նախախնամության մեջ աստվածային զորության դրսևորումը’ նրանք, բնականաբար, մերժում են այդպիսի զորության վկայությունը’ վերագրելով դրանք բնության երևույթներին, որոնց մասին նրանք է’լ ավելի քիչ բան են հասկանում: Մեզ շրջա- պատող գաղտնիքների միակ բանալին այն է, որ այդ ամենի մեջ տեսնենք Աստծո ներկայությունն ու ուժը: Մարդիկ պետք է ճանաչեն Աստծուն որպես տիեզերքի Արարիչ և Կառավարիչ: Նրանք պետք է ավելի խորն ուսումնասիրեն Նրա բնավորությունն ու Նրա զորության գաղտնիքը: ԴՓ 739.2
Քրիստոսն Իր ունկնդիրներին ասաց, որ եթե մեռածները հարություն չեն առնում, ապա Գրքերը, որոնց նրանք իբր հավատում էին, ոչ մի արժեք չունեն: Նա ասաց. «Իսկ մեռելների հարության մասին չե՞ք կարդացել այն Աստծուց ձեզ խոսվածը, որ ասում է’ Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը: Աստված մեռելների Աստված չէ, այլ կենդանիների»: Աստծո համար չեղած բաները կարծես եղած լինեն: Նա տեսնում է վերջը սկզբից, տեսնում է Իր աշխատանքի արդյունքը դեռ չվերջացրած: Թանկագին ննջեցյալները, Ադամից սկսած մինչև վերջին մեռնող սուրբը, կլսեն Աստծո Որդու ձայնը և դուրս կգան գերեզմաններից հավերժական կյանքի համար: Աստված կլինի նրանց Աստվածը, նրանք կլինեն Նրա ժողովուրդը: Աստծո և կենդանացած սուրբերի միջև սերտ հարաբերություններ կլինեն: Նրա համար այդ վիճակը, որն Իր նպատակն է, արդեն կարծես գոյություն ունի: Մեռածները Նրա աչքին կենդանի են: ԴՓ 740.1
Քրիստոսի խոսքերից սադուկեցիները լռեցին: Նրանք չկարողացան պատասխանել Նրան: Ոչ մի այնպիսի խոսք չասվեց, որ գեթ մի քիչ հնարավորություն կտար մեղադրելու Նրան: Նրա հակառակորդները ոչնչի չարժանացան, բացի ժողովրդի արհամարհանքից: ԴՓ 740.2
Փարիսեցիները, սակայն, իրենց փորձերից դեռ չէին հրաժարվել’ դրդելու Նրան մի այնպիսի խոսք ասել, որը կարող էին օգտագործել Նրա դեմ: Մի կըրթված օրենսգետի նրանք հորդորել էին հարցնելու Հիսուսին, թե օրենքի տաս պատվիրաններից որն է ամենակարևորը: [607] ԴՓ 740.3
Փարիսեցիները մեծարում էին առաջին չորս պատվիրանները, որոնք ցույց էին տալիս, թե մարդ ինչպես պետք է վերաբերվի իր Ստեղծողի հետ’ շատ ավելի մեծ նշանակություն տալով դրանց, քան թե մյուս վեցին, որոնք նշում են մարդու պարտականությունն իր դրացու հանդեպ: Դրա համար էլ նրանց բոլորովին խորթ էր գործնական բարե- պաշտությունը: Հիսուսը, ցույց տալով ժողովրդին նրա մեծ պակասությունը, սովորեցնում էր, որ անհրաժեշտ է բարի գործեր անել, որովհետև ծառն իր պտուղներից կճանաչեն: Այս պատճառով Նրան մեղադրել էին, որ վերջին վեց պատվիրանները առաջին չորսից ավելի բարձր է դասում: ԴՓ 740.4
Օրինապաշտը, մոտենալով Հիսուսին, ուղղակիորեն հարցրեց. «Ո՞րն է ամենից առաջին պատվիրանը»: Փրկչի պատասխանը հստակ էր և համոզիչ. «Լսիր, Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է, և սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ սրտովդ, ամբողջ հոգովդ, ամբողջ մտքովդ և ամբողջ ուժովդ. սա է առաջին պատվիրանը: Երկրորդն էլ սրա նման է”, ասաց Քրիստոսը, որովհետև բխում է դրանից. «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես. սրանցից ավելի մեծ ուրիշ պատվիրան չկա»: «Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»: ԴՓ 741.1
Տաս պատվիրաններից առաջին չորսը գումարվում են այս մեծ սկզբունքի մեջ. «Սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ սրտովդ”: Վերջին վեցն ընդգրկված են մյուսի մեջ. «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես”: Այս երկու պատվիրաններն էլ հինված են սիրո վրա: Անհնար է պահել առաջինը և խախտել երկրորդը: Եթե Աստված Իրեն արժանի տեղն է գրավում սրտի մեջ, ապա ճիշտ տեղ կհատկացվի նաև դրացուն: Մենք կսիրենք նրան ինչպես ինքներս մեզ: Եվ միայն այդ դեպքում կարող ենք անկեղծորեն սիրել մեր ընկերոջը, եթե Աստծուն սիրում ենք ամեն ինչից առավել: ԴՓ 741.2
Եվ քանի որ ամբողջ օրենքի իմաստը սերն է Աստծո և մարդկանց հանդեպ, հետևապես հնարավոր չէ խախտել որևէ պատվիրան’ առանց ոտնահարելու այդ սկզբունքը: Այսպիսով Քրիստոսը բացատրեց Իր ունկնդիրներին, որ Աստծո օրենքը բաղկացած չէ իրարից անկախ պատվիրաններից, որոնցից մի քանիսը շատ կարևոր են, իսկ մյուսները’ քիչ և կարելի է դրանք անպատիժ ոտնահա- րել: Մեր Տերը առաջին չորս և վերջին վեց պատվիրաննե- րը ներկայացնում է որպես աստվածային ամբողջություն, և սովորեցնում է, որ սերն Աստծո հանդեպ դրսեվորվում է Նրա բոլոր պատվիրաններին հնազանդվելու մեջ: ԴՓ 741.3
Հիսուսին հարց տվող դպիրը քաջ ծանոթ էր օրենքին, և զարմացավ Նրա խոսքերի վրա: Նա չէր սպասում, որ Քրիստոսը կարող էր այդքան խոր գիտելիքներ ունենալ Օրենքից: Այդ օրենսգետը սկսեց ավելի խորը հասկանալ այն սկզբունքը, որն ընկած էր սրբազան պատվիրանների հիմքում: Հավաքված բոլոր քահանաների ու իշխանների առջև նա խոստովանեց, որ Քրիստոսը ճիշտ մեկնաբանեց օրենքը’ ասելով. «Լավ, Վարդապետ, ճշմարտությամբ ասացիր, որ մեկ է Աստված, նրանից բացի ուրիշը չկա: Եվ նրան սիրելն ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ մտքով ու ամբողջ ուժով, և ընկերոջը սիրելն իր անձի պես’ ավելի է, քան թե բոլոր ողջակեզներն ու զոհերը»: [608] ԴՓ 742.1
Քրիստոսի իմաստուն պատասխանը համոզեց դպիրին: Նա հասկացավ, որ հրեաների կրոնն ավելի շուտ արտաքին արարողությունների կատարում է, քան ներքին բա- րեպաշտություն: Նա որոշ չափով գիտակցում էր ծիսական զոհաբերությունների և մեղքերի թողություն ստանալու համար առանց հավատի արյուն թափելու անիմաստությունը: Հնազանդությունն ու սերն առ Աստված և անշահախնդիր վերաբերմունքը մարդկանց հանդեպ նրա համար ավելի արժեքավոր էին, քան այդ բոլոր արա- րողությունները: Քրիստոսի դատողության ճշտությունը խոստովանելու այս մարդու պատրաստակամությունը և ժողովրդի առջև նրա վճռական ու արագ պատասխանը ցույց տվեցին, որ այս մարդը բոլորովին այլ կերպ է մտածում, քան թե քահանաներն ու իշխանները: Քրիստոսը սրտանց կարեկցեց այս ազնիվ դպիրին, ով համարձակվեց իր նկատմամբ հարուցել քահանաների դժգոհությունն ու իշխանավորների սպառնալիքները’ արտահայտելով իր սրտի համոզմունքները: «Եվ Հիսուսը նրան տեսնելով, որ իմաստությամբ պատասխանեց, ասեց նրան. Դու հեռու չես Աստծո արքայությունից»: ԴՓ 742.2
Այս դպիրը մոտ էր Աստծո արքայությանը նրանով, որ արդարության գործերն ավելի ընդունելի էր համարում Աստծուն, քան թե ողջակեզներն ու զոհաբերությունները: Բայց նա դեռ պետք է ճանաչեր Քրիստոսի աստվածային բնությունը և, հավատալով Նրան, ուժ ստանար արդար գործեր անելու: Ծիսական ծառայությունն արժեք չուներ, եթե կենդանի հավատով կապված չլիներ Քրիստոսի հետ: Նույնիսկ բարոյական օրենքն է իմաստազրկվում, եթե դիտվում է Փրկչից անկախ: Քրիստոսը շարունակ ցույց էր տալիս, որ Իր Հոր օրենքը շատ ավելի խոր բան է պարունակում, քան պարզապես հրամայական պատվերներ: Օրենքի հիմքում ընկած է այն նույն սկզբունքը, որն արտահայտված է ավետարանում: Օրենքը նշում է մարդու պարտականությունը և ցույց է տալիս նրան իր մեղքը: Ու եթե մարդը ուզում է ներում ստանալ և ուժ, որպեսզի հնազանդվի օրենքի պահանջներին, ապա պետք է դիմի Քրիստոսին: [609] ԴՓ 743.1
Փարիսեցիները կիպ հավաքվել էին Հիսուսի շուրջը, երբ Նա պատասխանեց դպիրի հարցին: Հիմա, դառնալով նրանց, Նա հարցրեց. «Ի՞նչ եք մտածում Քրիստոսի մասին. Նա ո՞ւմ որդին է”: Այս հարցով Քրիստոսն ուզում էր պարզել, թե ինչ պատկերացում ունեն նրանք Մեսիայի մասին. Նրան Աստծո Որդի՞, թե՞ պարզապես մի սովորական մարդ են համարում: Նրանք միաձայն պատասխանցին. «Դավթի»: Դավթի Որդի’ ահա թե ինչ էր գրված Մեսիայի մասին մարգարեություններում: Երբ Հիսուսը բժշկում էր հիվանդներին և հարություն էր տալիս մեռածներին’ այդ զորավոր հրաշքներով բացահայտելով Իր աստվածային էությունը, մարդիկ իրար հարցնում էին. «Դավթի Որդին չէ՞ սա”: Փյունիկեցի կինը, կույր Բարտիմեոսը և շատ ուրիշներ աղաղակել էին Նրան օգնության համար. «Ողորմիր ինձ, Տեր, Դավթի Որդի» (Մատթեոս 15.22): Երբ Նա հաղթականորեն մուտք գործեց Երուսաղեմ, Նրան ող- ջունեցին ցնծագին բացականչություններով. «Օվսա՜ննա Դավթի Որդուն, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը” (Մատ- թեոս 21.9): Եվ փոքրիկ երեխաներն էլ նույն օրը տաճարում փառաբանում էին Նրան այդ նույն անունով: Բայց նրանցից շատերը, որ Հիսուսին Դավթի Որդի էին կոչում, չէին հասկանում, որ Դավթի Որդին նաև Աստծո Որդին է: ԴՓ 743.2
Ի պատասխան նրանց այն պնդմանը, որ Քրիստոսը Դավթի Որդին է, Հիսուսն ասաց. «Ապա ինչպե՞ս Դավի- թը Հոգով Նրան Տեր է կոչում’ ասելով. Տերն իմ Տիրոջն ասեց’ Իմ աջ կողմը նստիր, մինչև Քո թշնամիներին Քո ոտների պատվանդան դնեմ: Եթե Դավիթը Նրան Տեր է կոչում, Նա ինչպե՞ս է նրա որդին: Եվ ոչ ոք չէր կարողանում մի բան պատասխանել Նրան, և այն օրվանից էլ ոչ մեկը չէր համարձակվում Նրանից որևէ բան հարցնել»: [610] ԴՓ 744.1