ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

7/87

Գլուխ 7. - Մանկությունը

(Ղուկաս 2.39,40)

ՀԻՍՈՒՍԻ մանկությունն ու պատանեկությունը անցան մի փոքրիկ լեռնային գյուղում: Աշխարհում չկար մի այնպիսի վայր, որին Նրա ներկայությունը պատիվ չբերեր: Արքայական պալատների համար մեծ առավելություն կլիներ Նրան որպես հյուր ընդունելը: Բայց Նա շրջանցեց հարուստ տները, թագավորական արքունիքներն ու գիտության հայտնի կենտրոնները և Իր տունը հաստատեց խուլ և արհամարհված Նազարեթում: Իր կարևորությամբ զարմանալի է Նրա մանկության համառոտ նկարագրությունը. «Երեխան էլ աճում էր և զորանում հոգով’ իմաստությունով լցված, և Աստծո շնորհը նրա վրա էր»: Իր Հոր արևաշող հայացքի ներքո Հիսուսը «զարգանում էր իմաստությունով և հասակով ու շնորհով Աստծո և մարդկանց մոտ” (Ղուկաս 2.52): Նրա միտքը գործուն էր և խորաթափանց: Իր տարիքի համեմատ Նա շատ ավելի խորամիտ էր և իմաստուն: Նրա բնավորությունը շատ գեղեցիկ էր իր հավասարակշռվածությամբ: Մարմնի և մտքի կարողությունները զարգանում էին աստիճանաբար, մանկության օրենքներին համապատասխան: Մանուկ հասակում Հիսուսը բնավորության մի արտասովոր գրավչություն ուներ: Նրա հոժար ձեռքերը պատրաստ էին սիրով ծառայել ուրիշներին: Նրան ոչ մի կերպ հնարավոր չէր հանել համբերությունից: Անկեղծությամբ անբասիր և սկզբունքներում ժայռի պես ամուր Նրա կյանքն անշահախնդիր սիրալիրության օրինակ էր: [69] ԴՓ 55.1

Հիսուսի մայրն ամենայն լրջությամբ էր հետևում, թե ինչպես են զարգանում Նրա ընդունակությունները, և կատարելության դրոշմ էր տեսնում Նրա բնավորության վրա: Նա հիացմունքով ձգտում էր խրախուսել Նրա պայծառ, ընկալունակ միտքը£ Սուրբ Հոգու միջոցով նա իմաստություն էր ստանում’ երկնային գործակալների հետ համագործակցելու համար, երբ դաստիարակում էր այս երեխային, ով միայն Աստծուն էր համարում Իր Հայրը: ԴՓ 55.2

Ամենավաղ ժամանակներից բարեպաշտ մարդիկ Իսրայելում մեծ լրջությամբ են վերաբերվել պատանիների կրթությանը: Տերը պատվիրել էր հենց մանուկ հասակից երեխաներին սովորեցնել Իր բարության և մեծության մասին’ արտահայտված հատկապես Իր օրենքում և դրսևորված Իսրայելի պատմության մեջ: Երգերը, աղոթքներն ու Սուրբ Գրքերի դասերը պետք է մատչելի ձևով մատուցվեին երեխաներին: Հայրերն ու մայրերը պետք է սովորեցնեին իրենց փոքրիկներին, որ Աստծո օրենքը Նրա բնավորության արտահայտությունն է, և որ օրենքի սկզբունքները սրտի մեջ ընդունելիս’ Աստծո պատկերը դրոշմվում է մտքի և հոգու վրա: Ուսուցման մեծ մասը բանավոր էր, բայց պատանիները սովորում էին նաև կարդալ եբրայական գրությունները: Նրանց հնարավորություն էր տրվում ուսումնասիրելու Հին Կտակարանի մագաղաթյա փաթեթները: ԴՓ 56.1

Քրիստոսի օրերում համարում էին, որ եթե քաղաքում կամ գյուղում չեն զբաղվում պատանիների կրոնական դաստիարակությամբ, ապա քաղաքն Աստծո անեծքի տակ է: Բայցևայնպես, ուսուցումը ձևական էր դարձել: Գրքերը մեծ մասամբ փոխարինվել էին ավանդույթով: Ճշմարիտ կրթությունը պատանիներին կառաջնորդեր, «որ Աստծուն խնդրեն, որ լինի թե խարխափեն և նրան գտնեն” (Գործք առաքելոց 17.27): Բայց հրեա ուսուցիչներն իրենց ուշադրությունը հիմնականում կենտրոնացրել էին ծիսակատարությունների վրա: Միտքը ծանրաբեռնված էր այնպիսի նյութով, որն արժեք չուներ ուսանողի համար և չէր ընդունվի երկնքի վերին դպրոցում: Այն փորձը, որ ձեռք է բերվում Աստծո խոսքն անձամբ ընդունելու միջոցով, տեղ չուներ կրթական համակարգում: Խրված անվերջանալի ձևականությունների մեջ’ ուսանողներն ազատ ժամանակ չունեին’ առանձնանալու Աստծո հետ: Նրանք չէին լսում իրենց սրտին ուղղված Նրա ձայնը: Նրանք գիտելիքներ էին փնտրում, բայց շրջվել էին Իմաստության Աղբյուրից: Աստծո ծառայության մեջ ամենակարևորն անտեսվում էր: Օրենքի սկզբունքներն աղավաղված էին: Այն, ինչը գերազանց կրթություն էր համարվում, ամենից շատ էր խոչընդոտում բնականոն զարգացմանը: Վարդապետների դասավանդումը թուլացնում էր երիտասարդների կարողությունները: Նրանց մտածողությունը դառնում էր սահմանափակ և նեղ: [70] ԴՓ 56.2

Մանուկ Հիսուսը չէր սովորում ժողովարաններին կից դպրոցներում: Նրա մայրն էր Իր առաջին ուսուցիչը: Երկնային բաները Նա սովորեց Իր մոր շուրթերից և մարգարեների մագաղաթներից: Նստած մոր ծնկներին’ Նա սովորում էր այն նույն խոսքերը, որ Ինքն էր անձամբ հաղորդել Իսրայելին Մովսեսի միջոցով: Հիսուսն Իր պատանեկության տարիներին նույնպես չէր ձգտում հաճախել վարդապետների դպրոցները: Նրան պետք չէր այն կրթությունը, որ ձեռք էր բերվում նման աղբյուրներից, որովհետև Աստված էր Նրա ուսուցիչը: ԴՓ 57.1

Փրկչի ծառայության ժամանակ տրված այս հարցը’ «Սա ինչպե՞ս գիտի գրքերն առանց սովորած լինելու», չի նշանակում, որ Հիսուսը չէր կարողանում կարդալ, այլ որ պարզապես Նա կրթություն չէր ստացել վարդապետների մոտ (Հովհաննես 7.15): Այն գիտությունը, որ Նա ձեռք բերեց, մենք էլ կարող ենք ստանալ: Այն, որ Նա գերազանց գիտեր գրքերը, ցույց է տալիս, թե ինչպիսի ջանասիրությամբ էր Նա վաղ հասակում նվիրվել Աստծո խոսքի ուսումնասիրությանը: Նրա առջև սփռված էր նաև Աստծո արարչագործության մեծ գրադարանը: Նա, ով ստեղծել էր ամեն ինչ, յուրացնում էր այն դասերը, որոնք Իր սեփական ձեռքով էին գրվել երկրի, ծովի և երկնքի վրա: Աշխարհի անսուրբ ճանապարհներից հեռու’ Նա գիտելիքների հարուստ պաշար էր քաղում բնությունից: Նա ուսումնասիրում էր բույսերի, կենդանիների և մարդու կյանքը: Ամենավաղ տարիներից Նա միայն մի նպատակ էր հետապնդում’ օրհնություն լինել մյուսների համար: Եվ այդ նպատակին հասնելու համար Նա օգտվում էր բնական աղբյուրներից, նոր գաղափարներ էին փայլատակում Նրա մտքում, երբ Նա ուսումնասիրում էր բույսերի և կենդանիների կյանքը: Նա շարունակ ձգտում էր բնությունից տեսանելի դասեր քաղել, որպեսզի դրանց օգնությամբ ներկայացներ Աստծո կենդանի ճշմարտությունները: Այն առակները, որոնց միջոցով Նա Իր ծառայության ընթացքում սիրում էր ուսուցանել ճշմարտության Իր դասերը, ցույց են տալիս, թե որքան բաց էր Նրա հոգին բնության հանդեպ, և թե ինչպես էր Նա հոգևոր դասեր քաղել առօրյա կյանքում Իրեն շրջապատող միջավայրից: ԴՓ 57.2

Այսպես Հիսուսի առջև բացահայտվում էր Աստծո խոսքի և գործերի նշանակությունը, երբ Նա փորձում էր հասկանալ իրերի և երևույթների բացատրությունը: Երկնային էակները Նրա ուղեկիցներն էին, Նրա մտքերն ու խոսքերը սուրբ էին: Բանականության առաջին առկայծումներից հետո Նա շարունակ աճում էր հոգևոր շնորհի և ճշմարտության իմացության մեջ: [71] ԴՓ 58.1

Ամեն մի երեխա կարող է գիտելիքներ ձեռք բերել այնպես, ինչպես Հիսուսը: Հենց որ փորձենք ծանոթանալ մեր երկնային Հոր հետ Նրա խոսքի միջոցով, հրեշտակները կմոտենան մեզ, մեր միտքը կզորանա, մեր բնավորությունը կազնըվանա ու կհղկվի, և մենք ավելի կնմանվենք մեր Փրկչին: Եվ երբ տեսնում ենք գեղեցիկն ու վեհասքանչը բնության մեջ, ավելի ենք մտերմանում Աստծո հետ, մեր սիրտը լցվում է ակնածանքով, իսկ հոգին ուժ է ստանում’ շփման մեջ մտնելով Անսահմանի հետ Նրա ստեղծագործության միջոցով: Աղոթքի միջոցով հաղորդակցությունն Աստծո հետ զարգացնում է մտավոր և բարոյական ունա- կությունները, և հոգևոր կարողություններն ուժեղանում են, երբ մեր միտքը կենտրոնացնում ենք հոգևոր առարկաների վրա: ԴՓ 58.2

Հիսուսի կյանքը ներդաշնակ էր Աստծո կյանքի հետ: Մանուկ հասակում Նա մտածում և խոսում էր երեխայի նման, բայց մեղքի ոչ մի նշույլ չէր աղավաղում Նրա մեջ Աստծո պատկերը: Նա, սակայն, ապահովագրված չէր փորձություններից: Նազարեթի բնակիչները հայտնի էին իրենց ամբարշտությամբ: Այն, որ նրանք վատ համբավ էին վայելում, երևում է Նաթանայելի հարցից. «Կարելի՞ է, որ Նազարեթից մի բարի բան լինի» (Հովհաննես 1.46): Հիսուսի բնակավայրը ընտրվեց այնտեղ, որտեղ կարող էր փորձվել Նրա բնավորությունը: Նա պետք է անընդհատ զգոն լիներ’ Իր մաքրությունը պահպանելու համար: Նա կրում էր այն բոլոր դժվարությունները, որոնք մեզ են բաժին ընկնում, որպեսզի կարողանար օրինակ լինել մեզ համար ինչպես մանուկ հասակում, այնպես էլ պատանեկության և հասունության տարիներին: ԴՓ 59.1

Սատանան անընդհատ փորձում էր հաղթել Նազարեթ- ցի Մանկանը: Ամենափոքր հասակից Հիսուսին պահպանում էին երկնային հրեշտակները, բայցևայնպես Նրա կյանքը մի երկար պայքար էր խավարի ուժերի դեմ: Չարի ապականությունից զերծ թեկուզ մի կյանքն էլ երկրի վրա վիրավորանք և վրդովմունք էր պատճառում խավարի իշխանին: Նա ոչ մի միջոց չէր խնայում’ Հիսուսին ծուղակը գցելու համար: Երկրի վրա ոչ մի երեխա երբեք կոչված չի լինի սուրբ կյանքով ապրելու փորձությունների դեմ այնպիսի դաժան պայքարում, ինչպիսին վիճակված էր մեր Փրկչին: [72] ԴՓ 59.2

Հիսուսի ծնողներն աղքատ էին և ապրում էին ամենօրյա չարքաշ աշխատանքով: Նրան ծանոթ էին աղքատությունը, անձնուրացությունն ու զրկանքը: Այս ապրումների փորձը հուսալի պաշտպանություն էր Նրա համար: Նրա բեղմնավոր ու տքնաջան կյանքում պարապ րոպեներ չկային փորձության մեջ ընկնելու համար: Նա ոչ մի ժամ աննպատակ չէր վատնում կործանարար և դատարկ խոսակցությունների վրա, այլ, որքան հնարավոր է, փակում էր դուռը գայթակղիչի դեմ: Ոչ շահը կամ հաճույքը, ոչ էլ հավանությունը կամ մեղադրանքը չէին կարող ստիպել նրան սխալվելու: Նա չափազանց իմաստուն էր’ չարը զանազանելու համար, և բավականաչափ ուժեղ, որպեսզի դիմակայեր դրան: ԴՓ 59.3

Քրիստոսը միակ անմեղ էակն էր, որ երբևէ բնակվել է երկրի վրա, թեև գրեթե երեսուն տարի Նա ապրեց Նա- զարեթի ամբարիշտ բնակիչների մեջ: Այս փաստը հանդիմանություն է’ ուղղված բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե անմեղ կյանքով ապրելը կախված է բնակավայրից, բախտից կամ բարեկեցությունից£ Փորձությունը, աղքատությունն ու դժբախտությունը հենց այն պայմաններն են, որոնցում ձևավորվում է մաքուր և հաստատուն բնա- վորություն: ԴՓ 60.1

Հիսուսն ապրում էր գյուղական խրճիթում և ուրախությամբ ու հավատարմորեն էր կատարում ընտանեկան պարտականությունների Իր բաժինը: Նա, ով երկնքի Հրամանատարն էր եղել, և ում խոսքն ուրախությամբ էին կատարում հրեշտակները, հիմա մի խոնարհ ծառա էր, սիրող, հնազանդ որդի: Նա արհեստ էր սովորում և աշխատում էր հյուսնի արհեստանոցում Հովսեփի հետ: Սովորական աշխատավորի հասարակ հագուստով Նա քայլում էր փոքրիկ քաղաքի փողոցներով’ գնալով Իր համեստ աշխատանքին և վերադառնալով տուն: Նա չէր օգտվում Իր աստվածային զորությունից’ Իր բեռը թեթևացնելու կամ ծանր աշխատանքը հեշտացնելու համար: ԴՓ 60.2

Մինչ Հիսուսն աշխատում էր Իր մանկության և պատանեկության տարիներին, զարգանում էին Նրա միտքն ու մարմինը: Նա անտեղի չէր վատնում Իր մարմնավոր ուժերը, այլ այնպես էր անում, որ դրանք միշտ կենսական լինեն, որպեսզի լավագույն ձևով կատարի ամեն մի գործ: Նա չէր ցանկանում թերություններ ունենալ նույնիսկ գործիքների կիրառման մեջ: Աշխատանքում Նա նույնքան կատարյալ էր, որքան բնավորության մեջ: Իր օրինակով Նա սովորեցրեց, որ մենք պարտավոր ենք լինել ջանասեր, որ աշխատանքը պետք է կատարել անթերի ու խնամքով, և որ այդպիսի աշխատանքը պատվաբեր է: Այն վարժությունները, որոնց շնորհիվ ձեռքերն ավելի գործունյա, վարժ ու հմուտ են դառնում և օգնում կրելու կյանքի ծանրությունները, երիտասարդներին կոփում են ֆիզիկապես և զարգացնում նրանց բոլոր ձիրքերը: Ամեն մարդ պետք է այնպիսի աշխատանք գտնի, որն օգտակար կլինի և’ իր, և’ մյուսների համար: Աստված աշխատանքը տվել է որպես օրհնություն, և միայն քրտնաջան աշխատողն է գտնում կյանքի իսկական գեղեցկությունն ու ուրախությունը: Աստծո սերն ու հավանությունն են թևածում այն երեխաների ու պատանիների վրա, ովքեր հաճույքով են կատարում ընտանեկան պարտականություններն ու թեթևացնում հոր և մոր աշխատանքի բեռը: Այսպիսի երեխաները, հեռանալով տնից, պիտանի մարդիկ են դառնում հասարակության համար: [73] ԴՓ 60.3

Երկրի վրա անցկացրած Իր ամբողջ կյանքի ընթացքում Հիսուսը լուրջ և հաստատակամ աշխատող էր: Նա շատ սպասելիքներ ուներ, դրա համար էլ շատ բան էր ձեռնարկում: Իր ծառայությունը սկսելուց հետո Նա ասաց. «Ինձ պետք է նրա գործերը գործել, որ ինձ ուղարկեց, քանի ցերեկ է, գիշերը գալիս է, որ այն ժամանակ ոչ ոք չի կարող գործել» (Հովհաննես 9.4): Հիսուսը չէր խուսափում հոգսից և պատասխանատվությունից, ինչպես շատերը, ովքեր իրենց Նրա հետևորդն են համարում: Կարգապահությունն անտեսելու պատճառով է հենց, որ շատերը թույլ են և անընդունակ: Նրանք կարող են ունենալ արժեքավոր և գրավիչ հատկանիշներ, սակայն նրանք անզոր և գրեթե անօգնական են դժվարությունների հանդիպելիս և խոչընդոտներ հաղթահարելիս: Այն նույն կարգապահութ յան օգնությամբ, որ Քրիստոսն է ունեցել, մենք պետք է մեր մեջ զարգացնենք Նրանում դրսևորված հաստատակամությունն ու եռանդը, կայունությունն ու բնավորության ուժը: Եվ մեզ համար է այն շնորհը, որ Նա ստացել էր: ԴՓ 61.1

Ապրելով մարդկանց մեջ’ մեր Փրկիչը կիսեց չքավորների ճակատագիրը: Իր անձնական փորձից Նա գիտեր նրանց հոգսերն ու դժվարությունները և կարող էր մխիթարել ու քաջալերել բոլոր համեստ աշխատավորներին: Նրանք, ովքեր ճիշտ պատկերացում ունեն Նրա կյանքի և ուսմունքի մասին, երբեք չեն մտածի, թե պետք է տարբերություն դնել դասակարգերի միջև կամ էլ հարուստներին ավելի հարգել, քան արժանավոր աղքատներին: ԴՓ 62.1

Հիսուսը միշտ ուրախ և նրբանկատ էր Իր աշխատանքում: Պետք է չափազանց համբերատար և հոգևոր լինել’ Աստվածաշնչի կրոնը ընտանեկան և աշխատանքային կյանքում կիրառելու, աշխարհիկ գործերի լարվածությունը կրելու և միաժամանակ հայացքն Աստծո փառքից չհեռացնելու համար: Հենց այստեղ է, որ Քրիստոսը կարող է օգնել: Նա երբեք այնքան չէր տարվում աշխարհիկ հոգսերով, որ ժամանակ չունենար մտածելու երկնայինի մասին: Հաճախ Նա Իր սրտի ուրախությունն արտահայտում էր սաղմոսներ ու երկնային երգեր երգելով: Նազարեթի բնակիչները հաճախ էին լսում Նրա ձայնը, երբ փառաբանում և գովերգում էր Աստծուն: Նա երկնքի հետ կապ էր պահպանում երգի միջոցով, ու երբ Նրա գործընկերները դժգոհում էին հոգնեցուցիչ աշխատանքից, նրանց ուրախացնում էր Հիսուսի շուրթերից բխող քաղցր մեղեդին: Նրա գովասանքը կարծես քշում էր չար հրեշտակներին և խունկի անուշահոտությամբ լցնում շրջակայքը: Նրա ունկնդիրներն իրենց երկրային աքսորից մտովի տեղափոխվում էին երկնային տունը: [74] ԴՓ 62.2

Հիսուսը բուժիչ ողորմության աղբյուր էր աշխարհի համար, և Նազարեթում առանձին անցկացրած բոլոր տարիների ընթացքում Նրանից կարեկցանքի և սիրո վտակ- ներ էին հոսում: Ծերերը, դժբախտները, մեղքի գերիները, անմեղ ուրախությամբ խաղացող երեխաները, պուրակներում ապրող փոքրիկ արարածները, ծանր լուծ քաշող համբերատար կենդանիները, ամենքն էլ իրենց երջանիկ էին զգում Նրա ներկայությամբ: Նա, ով Իր խոսքի զորությամբ աշխարհներ էր պահում, կռանում էր’ օգնելու վիրավոր թռչնակին: Նրա ուշադրությունից ոչինչ չէր վրիպում, չկար մեկը, ում ծառայելը Նա արժանապատվությունից ցածր համարեր: ԴՓ 62.3

Այդպես, աճելով իմաստությամբ և հասակով, Հիսուսը զարգանում էր շնորհով Աստծո և մարդկանց մոտ: Նա վայելում էր բոլորի համակրանքը’ բոլորին կարեկցելու Իր ընդունակությամբ: Նրան շրջապատող հույսի և արիության մթնոլորտը օրհնություն էր բերում ամեն մի տանը: Հաճախ ժողովարանում շաբաթ օրը Նրան կանչում էին խրատներ կարդալու մարգարեներից, և լսողների սրտերը հուզմունքից դողում էին, երբ մի նոր լույս էր ճառագում սրբազան գրքերի ծանոթ տողերից: ԴՓ 63.1

Սակայն Հիսուսը խուսափում էր ցուցամոլությունից: Նազարեթում ապրած Իր բոլոր տարիների ընթացքում Նա ոչ մի անգամ ցուցադրաբար չդրսևորեց Իր հրաշագործ զորությունը: Նա չէր ձգտում բարձր պաշտոնի և տիտղոսների չէր հավակնում: Նրա հանդարտ և համեստ կյանքը, և նույնիսկ նրա վաղ տարիների վերաբերյալ Սուրբ Գրքի լռությունը կարևոր դաս են պարունակում: Որքան ավելի հանդարտ և համեստ է երեխայի կյանքը, այնքան ավելի զերծ է այն արհեստական հուզումներից և այնքան ավելի ներդաշնակ է բնության հետ, և ավելի նպաստավոր են պայմանները մարմնավոր, մտավոր և հոգևոր ուժերի զարգացման համար: ԴՓ 63.2

Հիսուսը մեր օրինակն է: Շատերը մեծ հետաքրքրությամբ են ուսումնասիրում Նրա հասարակական ծառայության ժամանակաշրջանը’ տեսադաշտից բաց թողնելով Նրա կյանքի ավելի վաղ տարիները£ Բայց հենց Իր ընտանեկան կյանքում էլ Նա օրինակ է բոլոր երեխաների և պատանիների համար: Փրկիչն աղքատությունը հանձն առավ, որպեսզի սովորեցնի, թե որքան մոտ կարող ենք լինել Աստծուն դժբախտության և թշվառության մեջ: Նա Իր առօրյա կյանքում գոհացնում, մեծարում և փառաբանում էր Հորը: Իր աշխատանքով Նա արժանին հատուցեց հյուսնի հասարակ արհեստին, հյուսնի, որ տքնաջան աշխատում է հանապազօրյա հացի համար: Փայտագործի հաստոցի առջև աշխատելիս Նա նույնքան էր ծառայում Աստծուն, որքան այն ժամանակ, երբ հրաշքներ էր գործում բազմության համար: Եվ ամեն մի պատանի, որ հետևում է Քրիստոսի օրինակին, որ հավատարիմ և հնազանդ է Իր համեստ տանը, կարող է հավակնել այս խոսքերին, որ Հայրն է ասել Նրա մասին Սուրբ Հոգու միջոցով. «Ահա իմ ծառան, որին ես հաստատել եմ, իմ ընտրյալը, որին հավանել է իմ հոգին” (Եսայիա 42.1): [75] ԴՓ 63.3