ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

48/87

Գլուխ 48. - Ո՞վ է ամենամեծը

(Մատթեոս 17.21-26, 18.1-20, Մարկոս 9.29-49,Ղուկաս 9.46-48)

ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՎ Կափառնայում’ Հիսուսը չուղևորվեց դեպի բոլորին հայտնի այն վայրերը, որտեղ Նա սովորեցրել էր ժողովրդին, այլ աշակերտների հետ աննկատելիորեն գնաց այն տունը, որն Իր ժամանակավոր կացարանը պիտի լիներ: Գալիլեայում մնալու ժամանակ Նա մտադիր էր ավելի շատ զբաղվել Իր աշակերտների դաստիարակությամբ, քան աշխատել բազմության համար: ԴՓ 527.1

Գալիլեայով ճամփորդելիս’ Քրիստոսը դարձյալ փորձեց նախապատրաստել Իր աշակերտների միտքը Իրեն սպասվող փորձություններին: Նա հայտնեց նրանց, որ Ինքը պետք է գնա Երուսաղեմ, մահապատժի ենթարկվի և հարություն առնի: Հետո դրան ավելացրեց նաև տարօրինակ և հանդիսավոր մի հայտարարություն, որ Ինքը պետք է մատնվի Իր թշնամիների ձեռքը: Բայց նույնիսկ այդ ժամանակ էլ աշակերտները չըմբռնեցին Նրա խոս- քերը: Թեև մեծ թախիծ էր պատել նրանց հոգուն, սակայն մրցակցության ոգին դարձյալ գրավել էր նրանց սրտերը: Նրանք վիճում էին միմյանց հետ, թե իրենցից ով պետք է ամենամեծը համարվի թագավորության մեջ: Փորձելով թաքցնել Հիսուսից այս վեճը’ նրանք հետ էին մնացել Նրանից և հակառակ իրենց սովորության’ չէին քայլում Նրա կողքից, այնպես որ Կափառնայում մտնելիս Նա առջ- ևից էր գնում: Կարդալով նրանց մտքերը’ Հիսուսն ուզում էր խրատներ և խորհուրդներ տալ նրանց: Բայց դրա համար Նա սպասում էր մի ավելի հարմար պահի, երբ նրանց սրտերը պատրաստ կլինեին ընդունելու Իր խոսքերը: ԴՓ 527.2

Շուտով’ քաղաք հասնելուց հետո, տաճարի հարկահա- վաքը եկավ Պետրոսի մոտ և հարցրեց. «Ձեր վարդապետը երկդրամեանը չի՞ վճարում”: Սա ոչ թե քաղաքացիական հարկ էր, այլ կրոնական, որն ամեն մի հրեա տարին մեկ անգամ պարտավոր էր վճարել’ տաճարին աջակցելու համար: Տուրքը վճարելուց հրաժարվելը դիտվում էր որպես անհավատարմություն տաճարին, իսկ վարդապետների աչքին’ որպես ամենածանր մեղք: Վարդապետների օրենքների հանդեպ Փրկչի վերաբերմունքը և ավանդության պաշտպաններին ուղղված Նրա բացահայտ հանդիմանությունները պատրվակ դարձան, որ Նրան մեղադրեն տաճարի ծառայությունը տապալելու ձգտումների մեջ: Նրա թշնամիները հիմա Նրան վարկաբեկելու հնարավորություն տեսան: Եվ հանձին հարկահավաքի’ նրանք մի հարմար դաշնակից գտան: [433] ԴՓ 527.3

Պետրոսը հարկահավաքի հարցի մեջ տաճարի հանդեպ Քրիստոսի հավատարմությանը դիպչող մի զրպարտություն նկատեց: Միշտ պատրաստ պաշտպանելու Իր Տիրոջ պատիվը’ Պետրոսն, առանց խորհրդակցելու Նրա հետ, շտապ պատասխանեց, թե Հիսուսը կվճարի տուրքը: Սակայն Պետրոսը մինչև վերջ չընկալեց հարցատուի մտադրությունը: Կային որոշ խավեր, որոնք ազատված էին տուրքը վճարելուց: Մովսեսի ժամանակներում, երբ ղևտացիներն ընտրվել էին սրբարանի ծառայության համար, նրանց ժառանգություն չէր տրվել ժողովրդի մեջ: Տերն ասել էր. «Ղևին իր եղբայրների հետ բաժին ու ժառանգություն չունի, Տերն է Նրա ժառանգությունը» (Երկրորդ Օրինաց 10.9): Քրիստոսի օրերում քահանաներն ու ղևտացիներն առաջվա պես տաճարի ծառայությանը նվիրված առանձնահատուկ խավ էին համարվում, և նրանցից չէր պահանջվում վճարել ամենամյա տուրքը: Մարգարեները նույնպես ազատ էին այս հարկից: Հիսու- սից տուրք պահանջելով’ վարդապետները դրանով իսկ արհամարհում էին Քրիստոսի մարգարե կամ ուսուցիչ լինելու հավակնությունը’ համարելով Նրան որպես սովո- րական անձնավորություն: Հարկը վճարելուց Նրա հրաժարականը կներկայացվեր որպես անհավատարմություն տաճարին, մինչդեռ, մյուս կողմից, վճարել այն’ կնշանակեր համաձայնել նրանց հետ, որ Ինքը մարգարե չէ: ԴՓ 528.1

Քիչ էր անցել այն պահից, երբ Պետրոսը Հիսուսին ճանաչել էր որպես Աստծո Որդի, բայց հիմա նա բաց թողեց իր Տիրոջ բնավորությունը բացահայտելու հնարավորությունը: Հարկահավաքին պատասխանելով, որ Հիսուսը կվճարի տուրքը’ նա փաստորեն հաստատեց Նրա մասին այն սխալ պատկերացումը, որ ամենուրեք ուզում էին տարածել քահանաներն ու իշխանները: ԴՓ 529.1

Երբ Պետրոսը տուն մտավ, Փրկիչը ոչինչ չասաց տեղի ունեցածի մասին, այլ միայն հարցրեց. «Քեզ ինչպե՞ս է երևում, Սիմո’ն, երկրի թագավորներն ումի՞ց են առնում հարկը կամ տուրքը. իրենց որդիների՞ց, թե՞ օտարներից”: Պետրոսը պատասխանեց. «Օտարներից»: Եվ Հիսուսն ասաց. «Ապա ուրեմն ազատ են որդիները»: Այն ժամանակ, երբ երկրի ժողովուրդը պարտավոր է տուրք վճարել թագավորին պահելու համար, միապետի զավակներն ազատ էին դրանից: Այդպես էլ Իսրայելը’ Աստծո ընտրյալ ժողովուրդը, պարտավոր էր աջակցելու Նրա ծառայությանը, բայց Հիսուսը’ Աստծո Որդին, ազատ էր այդ պարտականությունից: Եթե քահանաներն ու ղևտացիներն ազատ էին’ տաճարում ծառայելու պատճառով, ապա առավել ևս Նա, ում համար տաճարն Իր Հոր տունն էր: [434] ԴՓ 529.2

Եթե Հիսուսն առանց առարկության վճարեր տուրքը, Նա փաստորեն ընդունած կլիներ պահանջի արդարա- ցիությունը և այդպիսով կժխտեր Իր աստվածությունը: Ու թեև Նա անհրաժեշտ համարեց բավարարել այդ պահանջը, սակայն հերքեց այն հիմքը, ըստ որի այն ներկայացվել էր: Վճարելով հարկը’ Նա վկայեց Իր աստվածային էության մասին: Նա ցույց տվեց, որ մեկ է Աստծո հետ և հետևապես պարտավոր չէ տուրք վճարել, ինչպես թագավորության հասարակ քաղաքացիները: ԴՓ 529.3

«Գնա ծովը,- կարգադրեց Նա Պետրոսին,- կարթը գցի’ր և առաջին դուրս եկող ձուկն ա’ռ, բերանը բա’ց և մի արծաթե դրամ կգտնես, այն ա’ռ, տու’ր նրանց իմ և քո տեղ”: ԴՓ 530.1

Թեև Իր աստվածության վրա Նա մարդկային բնություն էր հագել, այս հրաշքով Նա բացահայտեց Իր փառքը: Ակնհայտ դարձավ, որ հենց Նա էր հռչակել Դավթի շուրթերով. «Իմն են անտառի բոլոր գազանները և հազարավոր սարերի անասունները: Ես գիտեմ սարերի բոլոր թռչուններին, և վայրի գազաններն իմ առաջին են: Եթե սովածանամ, քեզ չեմ ասի, որովհետև իմն է աշխարհը և նրա լիությունը» (Սաղմոս 50.10-12): ԴՓ 530.2

Թեև Հիսուսը բացատրեց, որ պարտավոր չէ վճարել տուրքը, սակայն բանավեճի մեջ չմտավ հրեաների հետ, որովհետև նրանք սխալ կմեկնաբանեին Իր խոսքերը և կօգտագործեին ի վնաս Իրեն: Որպեսզի հարկը չվճարելու պատճառով գայթակղության տեղիք չտար, Նա վճարեց այն, թեև դա Նրանից պահանջելու ոչ մի իրավունք չունեին: Այս դասը մեծ արժեք պիտի ունենար Նրա աշակերտների համար: Շուտով տաճարի ծառայության հանդեպ նրանց վերաբերմունքը պետք է բոլորովին փոխվեր, և Քրիստոսը սովորեցրեց նրանց անտեղի չհակառակվել սահմանված կարգերին: Որքան որ հնարավոր է, նրանք չպետք է թույլ տային սխալ մեկնաբանել իրենց հավատը: Թեև քրիստոնյաները ճշմարտության և ոչ մի սկզբունք չպետք է զոհաբերեն, սակայն պետք է հնարավորին չափ խուսափեն վիճաբանությունից: ԴՓ 530.3

Երբ Պետրոսը գնացել էր ծով, իսկ Քրիստոսն աշակերտների հետ մենակ էր մնացել տանը, Նա Իր մոտ կանչեց նրանց և հարցրեց. «Ի՞նչ էիք ճանապարհին իրար հետ վիճում»: Հիսուսի ներկայությունը և Նրա տված հարցը բոլորովին այլ լույսի տակ ներկայացրին այն նյութը, որի շուրջ նրանք վիճում էին ճանապարհին: Ամոթի և ինքնադատապարտման զգացումները ստիպեցին նրանց լռել: Հիսուսը հայտնել էր, որ Ինքը պետք է մեռնի նրանց փոխարեն, և նրանց եսասիրական տենչը ցավալիորեն հակասում էր Նրա անձնուրաց սիրուն: [435] ԴՓ 530.4

Երբ Հիսուսը պատմեց նրանց, որ պետք է մահապատժի ենթարկվի և հարություն առնի, Նա փորձում էր հրավիրել նրանց զրույցի իրենց հավատի մեծ փորձության մասին: Եթե նրանք պատրաստ լինեին ընդունելու այն, ինչ Նա կամենում էր հայտնել նրանց, ապա կխուսափեին դառը հուսահատությունից ու վշտից: Նրա խոսքերը մխիթարություն կբերեին ծանր կորստի և հիասթափության ժամին: Ու թեև Նա այնքան պարզ էր խոսել, թե ինչ է սպասվում Իրեն, այն փաստը, որ Նա շուտով գնալու է Երու- սաղեմ, կրկին հուսադրեց նրանց, որ արքայությունը շուտով կհաստատվի: Հենց սա էր դրդել նրանց վիճելու, թե իրենցից ով պետք է զբաղեցնի ամենաբարձր պաշտոնը: Պետրոսի’ ծովից վերադառնալուն պես, աշակերտները հաղորդեցին նրան Փրկչի հարցը, և վերջապես նրանցից մեկը համարձակվեց հարցնել Հիսուսին. «Ո՞վ է մեծ երկնքի արքայության մեջ»: ԴՓ 531.1

Փրկիչն Իր շուրջը հավաքեց աշակերտներին և ասաց. «Եթե մեկն ուզում է առաջինը լինել, թող ամենից վերջինն ու ամենքին ծառա լինի”: Այս խոսքերն այնքան հանդիսավոր և տպավորիչ էին, որ աշակերտներն անկարող էին ըմբռնել դրանք: Նրանք չէին կարող նկատել այն, ինչ Քրիստոսը տեսնում էր: Նրանք չէին հասկանում Քրիստոսի թագավորության բնույթը, և այս թյուրիմացությունն էր, ըստ երևույթին, նրանց մրցակցության պատճառը: Սակայն իրական պատճառն ավելի խորն էր: Բացատրելով Իր թագավորության բնույթը’ Քրիստոսը կարող էր միառժամանակ վերջ տալ նրանց վիճա- բանոությանը, բայց խնդրի արմատը կմնար: Նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք ամեն ինչ կհասկանային, առաջնության վերաբերյալ ցանկացած հարց կարող էր կրկին անախորժության տեղիք տալ: Եվ այդպես, Քրիս- տոսի համբարձվելուց հետո այդ չարիքը կարող էր ներխուժել եկեղեցի: Բարձրագույն դիրքի համար մղվող պայքարն այն նույն ոգու դրսևորումն էր, որ տիեզերքում մեծ հակամարտության սկզբնառիթ հանդիսացավ, և որն էլ Քրիստոսին երկնքից վայր բերեց’ մեռնելու: Նրա աչքերի առջև հայտնվեց Արուսյակի’ «արշալույսի որդու” կերպարանքը, ով իր փառքով գերազանցում էր գահը շրջապատող բոլոր հրեշտակներին և սերտորեն կապված էր Աստծո Որդու հետ: Արուսյակն ասել էր. «Ամենաբարձրյալին կնմանվեմ» (Եսայիա 14.12,14), և ինքնամեծարման ցանկությունը խռովություն առաջացրեց երկնքում և վտարեց այնտեղից Աստծո զորքերի մեծ բազ- մություններ: Եթե Արուսյակն իրոք ցանկանար նմանվել Բարձրյալին, նա երբեք չէր լքի իրեն հատկացված տեղը երկնքում, քանի որ Բարձրյալի ոգին դրսևորվում է անշահախնդիր ծառայության մեջ: Արուսյակն ուզում էր ձեռք բերել Աստծո իշխանությունը, բայց ոչ Նրա բնավորությունը: Նա ձգտում էր զբաղեցնել ամենաբարձր դիրքը, և յուրաքանչյուր էակ, ով շարժվում է նրա ոգով, նույնը կանի: Եվ արդյունքում անխուսափելի են օտարացումը, տարաձայնություններն ու վեճերը: Իշխանությունը դառնում է ամենաուժեղի ավարը: Սատանայի թագավորությունը բռնության թագավորություն է. յուրաքանչյուր անհատ մյուսին համարում է խոչընդոտ իր առաջընթացի ճանապարհին կամ էլ մի հենակետ, որի օգնությամբ կարող է ավելի վեր մագլցել: [436] ԴՓ 531.2

Մինչ Արուսյակը կլանված էր Աստծուն հավասար լինելու իր տենչով, Քրիստոսը’ Վեհափառը, «իր անձն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով, և կերպարանքով մարդի պես գտնվելով’ իրեն խոնարհեցրեց և հնազանդ եղավ մինչև մահ, և այն էլ’ խաչի մահ” (Փիլիպպեցիս 2.7,8): Հիմա խաչն ուղիղ Նրա առջևում էր, իսկ աշակերտներն այնքան էին տարված իրենց շահախնդրությամբ’ սատանայի թագավորության սկզբունքով, որ ի վիճակի չէին կարեկցելու Իրենց Տիրոջը կամ էլ նույնիսկ հասկանալու Նրան, երբ Նա խոսում էր Իր նվաստացման մասին: ԴՓ 532.1

Շատ զգույշ, բայց ընդգծված հանդիսավորությամբ Հի- սուսը փորձեց վերացնել այդ չարիքը: Նա ցույց տվեց, թե որ սկզբունքն է իշխում երկնքի արքայության մեջ, և որն է իսկական մեծությունը’ երկնային չափանիշների համաձայն: Նրանք, ովքեր առաջնորդվում էին հպարտությամբ ու ցուցամոլությամբ, ավելի շուտ մտածում էին իրենց և իրենց ստանալիք վարձատրության մասին, քան թե նրա, թե ինչպես իրենք վարձահատույց լինեին Աստծուն’ իրենց ստացած պարգևների դիմաց: Նրանք տեղ չէին ունենա երկնքի արքայության մեջ, որովհետև անցել էին սատանայի շարքերը: ԴՓ 533.1

Փառքին նախորդում է խոնարհությունը: Մարդկանց մեջ բարձր դիրք գրավելու համար Երկինքն այնպիսի աշխատավոր է ընտրում, որը Հովհաննես Մկրտչի նման խոնարհվում է Աստծո առջև: Աստծո համար ամենից լավ աշխատում է այն աշակերտը, ով ամենից շատ է նմանվում երեխայի: Երկնային գործակալները կարող են համագործակցել նրա հետ, ով ձգտում է ոչ թե մեծարել իրեն, այլ փրկել մարդկանց: Նա, ով ամենից խորն է զգում աստվածային օգնության կարիքը, կաղերսի այն, և Սուրբ Հոգին ցույց կտա նրան Հիսուսի փառքը, որը կզորացնի և կվեհացնի հոգին: Քրիստոսի հետ հաղորդակցվելուց հետո նա կշարժվի առաջ’ աշխատելու այն մարդկանց համար, ովքեր մեռնում են իրենց մեղքերի մեջ: Նա օծվում է իր առաքելության համար և հաջողության է հասնում այնտեղ, ուր կրթված և իմաստուն գործիչներից շատերը կձախողվեին: ԴՓ 533.2

Բայց երբ մարդիկ մեծարում են իրենց’ կարծելով, թե Աստծո մեծ ծրագրի հաջողության մեջ իրենք անհրաժեշտ են, Տերը մերժում է այդպիսիներին: Ակնհայտ է դառնում, որ Աստված կախում չունի նրանցից: Գործը կանգ չի առ- նում նրանց հեռանալուց հետո, այլ ընդհակառակը, ավելի թափով է առաջ գնում: [437] ԴՓ 533.3

Հիսուսի աշակերտների համար բավական չէր իմանալ սոսկ Նրա թագավորության բնույթը: Սրտի վերափոխումը, որ նրանց ներդաշնակ կդարձներ արքայության սկզբունքների հետ. ահա թե ինչի կարիք էին նրանք զգում: Իր մոտ կանչելով մի երեխայի’ Հիսուսը նրան կանգնեցրեց նրանց մեջտեղը և գորովանքով գրկելով’ ասաց. «Եթե դարձի չգաք և չլինեք երեխաների նման, չեք մտնի երկնքի արքայությունը”: Փոքրիկ երեխայի պարզությունը, ինքնամոռացությունը և վստահող սերը հենց այն հատկանիշներն են, որոնք գնահատվում են երկնքում: Սրանք են իսկական մեծության հատկանիշները: ԴՓ 534.1

Եվ նորից Հիսուսը բացատրեց աշակերտներին, որ Իր արքայությունը չի բնութագրվում աշխարհիկ պատվով և ցուցամոլությամբ: Հիսուսի ոտքերի մոտ այս բոլորը մոռացվում են: Այստեղ հանդիպում են հարուստն ու աղքատը, կըրթվածն ու տգետը’ առանց անդրադառնալու իրենց խավին կամ աշխարհիկ գերազանցությանը: Բոլորն էլ հանդիպում են որպես արյունով գնված հոգիներ’ հավասարապես կախված Նրանից, ով փրկագնել է նրանց Աստծո համար: ԴՓ 534.2

Աստված թանկ է գնահատում անկեղծ, փշրված հոգին: Նա Իր կնիքն է դնում մարդկանց վրա’ հաշվի առնելով ոչ թե նրանց կոչումը, հարստությունը կամ մտավոր բարձր կարողությունները, այլ սոսկ այն, որ նրանք մեկ են Քրիստոսի հետ: Փառքի Տիրոջը բավականություն են պատճառում նրանք, ովքեր հեզ ու խոնարհ են սրտով: «Եվ տալիս ես ինձ,- ասել է Դավիթը,- քո փրկության վահանը... և քո քաղցրությունը”, որը, որպես մարդկային բնավորության մի մասնիկ, «մեծացնում է ինձ” (Սաղմոս 18.35): ԴՓ 534.3

«Ով որ այսպիսի երեխաներից մեկին իմ անունով ընդունի, ինձ է ընդունում, և ով որ ինձ ընդունի, ինձ չի ըն- դունում, այլ ինձ ուղարկողին”: «Այսպես է ասում Տերը. «Երկինքն իմ աթոռն է, և երկիրը’ իմ ոտքերի պատվանդանը... և ես սրան եմ մտիկ տալիս’ խոնարհին, կոտրած հոգի ունեցողին և իմ խոսքից դողացողին»» (Եսայիա 66.1,2): ԴՓ 534.4

Փրկչի խոսքերն աշակերտների մեջ անինքնավստա- հության զգացում արթնացրին: Նրա խոսքն ուղղված չէր կոնկրետ աշակերտներից որևէ մեկին, բայց Հովհաննեսը հարմար գտավ հարցնել, թե արդյոք ճի՞շտ է վարվել մի պարագայում: Մանկան միամտությամբ նա պատմեց այդ դեպքը Հիսուսին: «Վարդապե’տ,- ասաց նա,- մեկին տեսանք, որ քո անունով դևեր էր հանում, և մեր հետևից չէր գալիս, և մենք արգելեցինք նրան, որովհետև մեր հետևից չէր գալիս”: [438] ԴՓ 535.1

Հակոբոսն ու Հովհաննեսը կարծել էին, թե այդ մարդուն արգելելով’ պաշտպանել են իրենց Տիրոջ պատիվը, բայց հիմա նրանք սկսեցին հասկանալ, որ դա արել են իրենց իսկ պատվի համար: Նրանք գիտակցեցին իրենց սխալը և ընդունեցին Հիսուսի հանդիմանությունը. «Մի’ արգելեք նրան, որովհետև ոչ ոք չկա, որ իմ անունով մի զորություն անի և կարողանա շուտով հայհոյել ինձ”: Նրանցից, ովքեր որևէ կերպ բարեկամաբար էին տրամադրված Հի- սուսի հանդեպ, ոչ մեկը չպետք է մերժվեր: Կային շատերը, ովքեր խորապես ազդվել էին Քրիստոսի բնավորությունից ու աշխատանքից, և որոնց սրտերը բացվում էին Նրա առջև հավատով: Եվ աշակերտները, չհասկանալով դրդապատճառները, պետք է շատ զգույշ լինեին, որպեսզի չհիասթափեցնեին այդ մարդկանց: Երբ Հիսուսն անձամբ նրանց հետ չէր լինի այլևս, և գործը կթողներ նրանց ձեռքերում, նրանք չպետք է փայփայեին նեղ, բացառիկ ոգի, այլ պիտի դրսևորեին նույն անհուն կարեկցանքը, որ տեսել էին իրենց Ուսուցչի մեջ: ԴՓ 535.2

Այն հանգամանքը, որ ինչ-որ մեկը լիովին չի կիսում մեր անձնական հայացքներն ու գաղափարները, չի կա- րող հիմք ծառայել մեզ համար, որպեսզի արգելենք նրան աշխատել հանուն Աստծո: Քրիստոսն է Մեծ Ուսուցիչը. մենք չպետք է դատենք կամ հրամայենք, այլ ամեն մեկս պետք է խոնարհությամբ նստենք Հիսուսի ոտքերի մոտ և սովորենք Նրանից: Յուրաքանչյուր ոք, ում Աստված դրդել է աշխատել, մի անոթ է, ում միջոցով Քրիստոսը կհայտնի Իր գթառատ սերը: Որքա՜ն զգույշ պետք է լինենք, որպեսզի չվհատեցնենք Աստծո լույսը կրող որևէ մեկին և այդ- պիսով չփակենք այն ճառագայթների հոսքը, որ կարող էին շողալ աշխարհի վրա: ԴՓ 535.3

Որևէ աշակերտի կողմից ցուցաբերած կոպտությունն ու սառնությունը մեկի նկատմամբ, ում դեպի Իրեն էր ձգում Քրիստոսը, ինչպես Հովհաննեսը վարվեց, երբ արգելեց մեկին հրաշքներ գործել Քրիստոսի անունով, կարող էին ավարտվել նրանով, որ շեղվելով ճանապարհից’ հոգին կընկներ թշնամու ձեռքը և կկորչեր: Հիսուսն ասաց, որ այսպես վարվելու փոխարեն’ «ավելի լավ էր նրան, որ նրա վզից մի ջաղացի քար կապվի, և ծովը գցվի”: Հետո Նա ավելացրեց. «Եթե քո ձեռքը քեզ գայթակղեցնի, կտրի’ր այն, որովհետև լավ է քեզ, որ խեղ մտնես հավիտենական կյանքը, քան երկու ձեռք ունենաս և գեհենը գնաս այն անանցանելի կրակի մեջ... Եվ եթե քո ոտքը քեզ գայթակղեցնի, կտրի’ր այն, լավ է քեզ, որ կաղ մտնես հավիտենական կյանքը, քան թե երկու ոտք ունենաս և գեհենն ընկնես» (Մարկոս 9.42-44): ԴՓ 536.1

Ինչի՞ համար են այս խիստ խոսքերը, որ ոչ ոք չի կարող տանել դրանք: Որովհետև «մարդի Որդին եկավ փրկելու կորածը»: Մի՞թե Նրա աշակերտներն ավելի պակաս հոգատարություն պիտի ցուցաբերեին իրենց դրացիների նկատմամբ, քան դրսևորել էր երկնքի Վեհափառությունը: Յուրաքանչյուր հոգի անսահման թանկ արժեք ունի, և ի՜նչ սոսկալի մեղք է հեռացնել որևէ մեկին Քրիստոսից, քանզի նրա համար իզուր կլինեին Փրկչի սերը, անարգանքն ու հոգեվարքը: [439] ԴՓ 536.2

«Վա՜յ աշխարհիս’ գայթակղությունների համար, որովհետև պետք է, որ գայթակղությունները գան” (Մատ- թեոս 18.7): Սատանայի կողմից կախարդված աշխարհն անշուշտ կհակառակվի Քրիստոսի հետևորդներին և կձգտի ոչնչացնել նրանց հավատը, սակայն վա՜յ նրան, ով կրում է Քրիստոսի անունը, բայց իրականում այս գործն է անում: Մեր Տիրոջը ստիպում են ամաչել այն մարդիկ, ովքեր հայտարարում են, թե ծառայում են Նրան, բայց սխալ են ներկայացնում Նրա բնավորությունը, որի հետևանքով բազում մարդիկ խաբվում և մոլորվում են ճիշտ ճանապարհից: ԴՓ 537.1

Լավ կլիներ, ինչ գնով էլ որ լինի, թողնել այն սովորություններն ու գործերը, որոնք տանում են դեպի մեղքը և անպատվում Քրիստոսին: Այն, ինչ պատվազըրկում է Աստծուն, չի կարող օգուտ տալ հոգուն: Երկնային օրհնությունը չի կարող ուղեկցել այն մարդուն, ով խախտում է արդարության հավերժական սկզբունքները: Եվ փայփայված միակ մեղքն անգամ բավական է բնավորությունն այլա- սերելու և մյուսներին մոլորեցնելու համար: Եթե մարմինը մահից փրկելու համար անհրաժեշտ է կտրել ոտքը կամ ձեռքը կամ նույնիսկ հեռացնել աչքը, ապա որքա՜ն ավելի լրջորեն պետք դեն գցել մեղքը, որը մահ է բերում հոգուն: ԴՓ 537.2

Ծիսական ծառայության ժամանակ զոհի վրա աղ էին ցանում: Սա, ինչպես և խունկ ծխելը, նշանակում էր, որ միայն Քրիստոսի արդարությունը կարող է ծառայությունն ընդունելի դարձնել Աստծո համար: Հիշատակելով այս ծիսակարգը’ Հիսուսն ասաց. «Եվ ամեն զոհ աղով պետք է աղանվի»: «Ա’ղ ունեցեք ձեր անձերում և իրար հետ խաղաղությու՜ն արեք»: Բոլոր նրանք, ովքեր ուզում են ներկայացնել իրենց որպես «կենդանի, սուրբ և Աստծո ընդունելի պատարագ” (Հռոմեացիս 12.1), պետք է ընդունեն փրկարար աղը’ մեր Փրկչի արդարությունը: Այնուհետև նրանք դառնում են «երկրի աղը»‘ պահպանելով մարդկանց այլասերումից, ինչպես աղն է պահպանում փչանալուց (Մատթեոս 5.13): Բայց եթե աղը կորցնում է իր համը, եթե կա բարեպաշտություն’ առանց Քրիստոսի սիրո, ապա երբեք չի կարող զորություն լինել ի բարին: Կյանքը չի կարող փրկարար ազդեցություն ունենալ աշխարհի վրա: «Իմ արքայության հաստատման մեջ ձեր ջանքն ու եռանդը,- ասում է Հիսուսը,- կախված են Իմ Հոգին ընդունելուց: Դուք պետք է Իմ շնորհի մասնակիցները լինեք, որպեսզի կյանքի հոտ լինեք’ դեպի կյանք: Այդ ժամանակ այլևս չեն լինի ո’չ մրցակցություն, ո’չ շահախնդրություն, ո’չ էլ փառասիրություն: Մեր սրտերում կթագավորի այն սերը, որը ոչ թե իր, այլ ուրիշի բարօրությունն է փնտրում»: ԴՓ 537.3

Թող ապաշխարող մեղավորն իր հայացքն ուղղի դեպի «Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը” (Հովհաննես 1.29), և Նրան նայելով’ նա կվերափոխվի: Նրա վախը կփոխվի ուրախության, տարակուսանքը’ հույսի: Երախտագիտության աղբյուր կցայտի նրանից: Քարացած սիրտը կփշրվի, և սիրո ալիքը կհեղեղի նրա հոգին: Քրիստոսը նրա մեջ ջրի աղբյուր կդառնա, որ դեպի հավերժական կյանք կբխի: Երբ մենք տեսնում ենք Հիսու- սին’ Վշտերի Մարդուն, որ ցավի տեղյակ դարձավ’ արհամարհված, մերժված և անարգված, շրջելով քաղաքից քաղաք, որպեսզի փրկի կորածներին, երբ տեսնում ենք Նրան Գեթսեմանում’ քրտինքի արյունոտ կաթիլները ճակատին, և ապա խաչի վրա մեռնելիս’ հոգեվարքի մեջ, մեր «ես”-ն այլևս գլուխ չի բարձրացնում: Նայելով Հի- սուսին’ մենք ամոթահար կլինենք մեր սառնության, անտարբերության և շահախնդրության համար: Մենք կցանկանանք լինել որևէ բան կամ ոչինչ, միայն թե սրտանց ծառայենք Տիրոջը: Մենք ուրախ կլինենք կրելու խաչը Հիսուսի հետևից, հանուն Նրա դիմանալու փորձությանը, ամոթանքին և հալածանքին: [440] ԴՓ 538.1

«Մենք, որ զորավոր ենք, պետք է տկարների թուլությունը վեր առնենք և միայն մեր անձերին հաճո չլինենք” (Հռոմեացիս 15.1): Քրիստոսին հավատացող ոչ մի հոգի, որքան էլ նրա հավատը թույլ լինի, և քայլերը’ երերուն փոքրիկ երեխայի քայլերի նման, չի թերագնահատվի: Այն ամենով, ինչը մեզ առավելություն է տալիս մյուսների նկատմամբ’ լինի դա դաստիարակություն, թե նրբաճաշակություն, բնավորության ազնվություն, քրիստոնեական կրթություն, թե կրոնական փորձառություն, մենք պարտական ենք բոլոր տկարներին, և մեր հնարավորությունների սահմանում պետք է ծառայենք նրանց: Եթե մենք ուժեղ ենք, պետք է ձեռք մեկնենք թույլերին: Փառքի հրեշտակները, ովքեր միշտ տեսնում են Հոր դեմքը երկնքում, հաճույքով են ծառայում Նրա փոքրիկ զավակներին: Դողդոջուն հոգիները, ովքեր բնավորության դատապարտելի շատ գծեր ունեն, նրանց հոգատարության առարկան են: Հրեշտակները միշտ այնտեղ են, որտեղ նրանց կարիքն ամենից շատ է զգացվում, նրանց հետ, ովքեր դժվարին պայքարի մեջ են իրենց «ես”-ի դեմ, և ովքեր աշխատում են ամենաանբարենպաստ պայմաններում: Քրիստոսի ճշմարիտ հետևորդները կհամագործակցեն այս ծառայության մեջ: ԴՓ 538.2

Եթե այս փոքրերից մեկը սայթաքի և մեղանչի ձեր դեմ, դուք պետք է աշխատեք ոտքի կանգնեցնել նրան: Մի’ սպասեք, որ նա առաջինը փորձի հաշտվել ձեզ հետ: «Ինչպե՞ս է երևում ձեզ,- ասաց Հիսուսը,- եթե մի մարդու հարյուր ոչխար լինի, և նրանցից մեկը մոլորվի, նա չի՞ թողնի իննսուն և ինը ոչխարը սարերում և գնա այն մոլորվածին որոնելու: Եվ եթե լինի, որ գտնի նրան, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրա վրա ավելի կուրախանա, քան թե այն իննսուն և ինի վրա, որ մոլորած չեն: Այսպես էլ ձեր Հայրը, որ երկնքում է, չի կամենում, որ այս փոքրերից մեկը կորչի»: ԴՓ 539.1

Հեզության հոգով, «զգուշանալով քո անձին, որ դու էլ չփորձվես» (Գաղատացիս 6.1), մոտեցի’ր մոլորվածին և «նրան հանդիմանի’ր, երբ որ դու և նա մենակ լինեք»: Մի’ խայտառակիր նրան՝ հայտնելով նրա մեղքը ուրիշնե- րին և ոչ էլ անարգիր Քրիստոսին’ հրապարակելով մեկի հանցանքը, ով Նրա անունն է կրում: Հաճախ մենք պետք է մոլորվածին պարզապես հայտնենք ճշմարտությունը, նրան պետք է օգնենք գիտակցելու իր մեղքը, որպեսզի կարողանա ուղղվել: Բայց դուք չպետք է դատեք կամ մեղադրեք: Մի’ փորձեք արդարացնել ինքներդ ձեզ: Ձեր բոլոր ջանքերը գործադրե’ք’ նրան ուղղելու համար: Հոգու վերքերը բուժելիս’ չափազանց նուրբ մոտեցում և զգուշություն է հարկավոր: Նման դեպքերում կարող է օգնել միայն Գողգոթայի Տառապյալից բխող սերը: Թող եղբայրը ջերմ կարեկցանքով վերաբերվի եղբորը’ իմանալով, որ հաջողության դեպքում «մի հոգի կփրկի մահից և մեղքերի շատությունը կծածկի» (Հակոբոս 5.20): [441] ԴՓ 539.2

Բայց հնարավոր է, որ այս ջանքերն էլ անօգուտ լինեն: Հիսուսն ասաց, որ այդ դեպքում «վե’ր առ մեկ կամ երկու ուրիշն էլ քեզ հետ»: Գուցե նրանց միացյալ ազդեցությունը կարողանա հաջողություն բերել այնտեղ, որտեղ առաջին փորձը ձախողվել էր: Տեղիք չտալով անախորժութ- յան’ շատ հավանական է, որ նրանց անկողմնակալ վերաբերմունքն ավելի ուժեղ ազդեցություն ունենա մոլորվածի վրա: ԴՓ 540.1

Եթե նա չլսի նրանց, այդ դեպքում միայն, և ոչ ավելի շուտ, հարցը պետք է դրվի ամբողջ համայնքի առջև: Թող եկեղեցու անդամները’ որպես Քրիստոսի ներկայացուցիչներ, միանան սիրով աղոթքի մեջ, որպեսզի մեղսագործը կարողանա ուղղվել: Սուրբ Հոգին կխոսի Իր ծա- ռաների շուրթերով՝ մոլորվածին աղաչելով կրկին վերադառնալ Աստծուն: Ոգեշնչված’ Պողոս առաքյալն ասում է. «Իբրև թե Աստված է հորդորում մեզանով, աղաչում ենք Քրիստոսի տեղ, հաշտվեցե’ք Աստծո հետ” (Բ Կորն- թացիս 5.20): Նա, ով մերժում է հաշտության այս միացյալ փորձը, խզում է իր կապերը Քրիստոսի հետ և այդպիսով’ բաժանում իրեն եկեղեցու ընկերակցությունից: «Այսու- հետև,- ասաց Հիսուսը,- թող լինի նա քեզ համար ինչպես հեթանոս և մաքսավոր»: Սակայն չպետք է կարծել, թե նա զրկված է Աստծո ողորմածությունից: Թող նրա նախկին եղբայրները չարհամարհեն և չմերժեն նրան, այլ ջերմ ու կարեկից վերաբերմունք ցուցաբերեն նրա հանդեպ, ինչպես այն կորած ոչխարներից մեկի, ում Քրիստոսը դեռևս ձգտում է Իր փարախը բերել: ԴՓ 540.2

Քրիստոսի ցուցումն այն մասին, թե ինչպես պետք է վարվել սխալվողների հետ, առանձնահատուկ կրկնությունն է այն խրատի, որ Մովսեսի միջոցով տրվեց Իսրայելին. «Քո եղբորը սրտումդ չատես, քո դրացուն անպատճառ հանդիմանես, որ նրա համար մեղք չկրես” (Ղևտա- ցոց 19.17): Այսինքն’ եթե որևէ մեկը մերժում է Քրիստոսի կողմից մեր վրա դրված պարտականությունը’ փորձել վերականգնել մոլորվածին և մեղսագործին, նա մասնակից է դառնում մեղքին: Եթե մենք կարող ենք կանխել չարիքը, բայց չենք արել, ապա նույնքան պատասխանատու ենք դրա համար, որքան այն դեպքում, եթե ինքներս գործած լինեինք հանցանքը: ԴՓ 541.1

Բայց հենց անձամբ մոլորվածին է, որ պետք է ցույց տանք սխալը: Մենք չպետք է այն մեր մեկնաբանություն- ների և քննադատության նյութը դարձնենք, և եթե անգամ եկեղեցուն է ասվել այդ մասին, մենք դա չպետք է քննարկենք ուրիշների հետ: Անհավատ աշխարհը միայն կգայթակղվի’ լսելով քրիստոնյաների թույլ տված սխալների մասին, և մենք ինքներս էլ վնաս կկրենք’ անընդհատ խոսելով այդ մասին, որովհետև հենց նայելով ենք փոխվում: Մինչ մենք ձգտում ենք ուղղել մեր եղբոր սխալները, Քրիստոսի Հոգին կդրդի մեզ, որքան հնարավոր է, պաշտպանել նրան նրա իսկ եղբայրների և առավել ևս’ անհավատ աշխարհի քննադատությունից: Մենք ինքներս էլ սխալվում ենք և Քրիստոսի գթասրտության ու ներման կարիքն ունենք, և ինչպես կցանկանայինք, որ Նա մեզ հետ վարվեր, ճիշտ այդպես էլ Նա պատվիրում է մեզ վարվել միմյանց հետ: [442] ԴՓ 541.2

«Ինչ որ երկրի վրա կապեք, երկնքում էլ կապված կլինի, և ինչ որ երկրի վրա արձակեք, երկնքում էլ արձակված կլինի”: Դուք գործում եք որպես երկնքի դեսպաններ, և ձեր աշխատանքը հավերժական հետևանքներ ունի: ԴՓ 542.1

Սակայն այս մեծ պատասխանատվությունը մենք միայնակ չենք կրում: Որտեղ էլ անկեղծորեն ընդունվի Քրիստոսի խոսքը, Նա միշտ այնտեղ է: Նա ոչ միայն եկեղեցական ժողովներում է ներկա, այլև այնտեղ, որտեղ Նրա անունով հավաքվում են աշակերտները, որքան էլ փոքրաթիվ լինեն: Եվ Նա ասում է. «Եթե ձեզանից երկուսը երկրի վրա միաբանվեն, ինչ բանի համար էլ որ խնդրեն, կլինի նրանց իմ Հորից, որ երկնքում է»: ԴՓ 542.2

Հիսուսն ասում է. «Իմ Հորից, որ երկնքում է”‘ կարծես հիշեցնելով Իր աշակերտներին, որ թեև Իր մարդկային բնությամբ Ինքը կապված է նրանց հետ, կիսում է նրանց փորձությունները և կարեկցում նրանց իրենց տառապանքներում, Իր աստվածությամբ, սակայն, Նա կապված է Ամսահմանի գահի հետ: Զարմանալի՜ հավաստիա- ցում: Երկնային գործակալները սիրով համագործակցում են մարդկանց հետ’ կորածին փրկելու համար: Եվ երկնքի ողջ զորությունը միաձուլվում է մարդկային ջանքերի հետ’ դեպի Քրիստոսը գրավելով հոգիներին: [443] ԴՓ 542.3