ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ

29/87

Գլուխ 29. - Շաբաթը

ՇԱԲԱԹԸ սրբացվել էր արարչագործության ժամանակ: Սահմանված լինելով մարդու համար’ նրա սկիզբը դրվել էր «առավոտյան աստղերը միասին ցնծալիս, և Աստծո բոլոր որդիք երբ որ գովաբանում էին” (Հոբ 38.7): Խաղաղություն էր տիրում աշխարհում, քանի որ երկիրը ներդաշնակության մեջ էր երկնքի հետ: «Եվ Աստված տեսավ բոլորն, ինչ-որ արել էր, և ահա շատ բարի էր», և ուրախությամբ նայելով Իր ավարտած աշխատանքին’ հանգստացավ (Ծննդոց 1.31): ԴՓ 328.1

Հանգիստ առնելով շաբաթ օրը’ «Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբեց այն», այսինքն’ առանձնացրեց այն սուրբ նպատակի համար: Նա այն տվեց Ադամին որպես հանգստյան օր: Որպես արարչագործության հիշատակ’ այն Աստծո զորության ու սիրո նշանն էր: Գիրքն ասում է. «Հիշատակ շինեց իր հրաշքների համար”: «Աշխարհի սկզբից ստեղծվածներով...» տեսնվում են «նրա աներևույթ բաները”, «նրա մշտնջենավոր զորությունն ու Աստվածությունը» (Ծննդոց 2.3, Սաղմոս 111.4, Հռոմեացիս 1.20): ԴՓ 328.2

Ամեն բան ստեղծվել է Աստծո Որդու կողմից: «Սկզբումն էր Բանը. և Բանն Աստծո մոտ էր... Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրան ոչինչ չեղավ, ինչ-որ եղավ» (Հովհաննես 1.1-3): Եվ քանի որ շաբաթն արարչագործության հիշատակ է, այն Քրիստոսի սիրո և զորության խորհրդանիշն է: ԴՓ 328.3

Շաբաթը մեր մտքերն ուղղում է դեպի բնությունը և շփման մեջ է դնում Արարչի հետ: Թռչունների ճռվողյունի, ծառերի սոսափյունի և ծովի խշշոցի մեջ մենք առաջվա պես կարող ենք լսել Նրա ձայնը, ով խոսում էր Ադամի հետ Եդեմում օրվա հով ժամին: Տեսնելով Նրա զորությունը բնության մեջ’ մենք մխիթարվում ենք, որովհետև այն նույն խոսքը, որ ստեղծել է ամեն բան, կյանք է տալիս նաև հոգուն: Նա, «որ ասաց, թե խավարից լույս ծագի, ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց Աստծո փառքի գիտության լուսավորությունը Հիսուս Քրիստոսի դեմքում” (Բ Կորն- թացիս 4.6): [282] ԴՓ 328.4

Հենց այս միտքն է ծնել հետևյալ երգը. ԴՓ 329.1

«Որովհետև դու, Տե’ր, ուրախացրիր ինձ քո գործերով,
Քո ձեռքի գործերով ցնծում եմ:
Ո’վ Տեր, որքա՜ն մեծ են քո գործերը.
Շա՜տ խորն են քո խորհուրդները» (Սաղմոս 92. 4,5):
ԴՓ 329.2

Եվ Սուրբ Հոգին Եսայիա մարգարեի միջոցով ասում է. «Ուրեմն ո՞ւմ եք նմանեցնում Աստծուն, և ի՞նչ նմանություն հավասարեցնում նրան... Մի՞թե չգիտեք, մի՞թե չլսեցիք, մի՞թե չպատմվեց ձեզ սկզբից, մի՞թե չեք հասկացել երկրի հիմնադրությունից: Նա է երկրի շրջանի վրա նստողը, որի բնակիչները մարախների պես են, նա է, որ երկինքը տարածում է վարագույրի պես, և նրանց սփռել է վրանի պես’ բնակվելու համար... «Ուրեմն ո՞ւմ եք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ”,- ասում է Սուրբը: Վե’ր բարձրացրեք ձեր աչքերը և նայեցե՜ք’ ով է ստեղծել սրանց. նրանց զորքերը թվով հանողը, որ նրանց ամենին կանչում է անունով, մեծ իշխանությամբ և սաստիկ զորությամբ. մեկը չի կորչի: Ինչո՞ւ համար ես ասում, ո’վ Հակոբ, և ինչո՞ւ ես խոսում, ո’վ Իսրայել, թե իմ ճանապարհը ծածկված է Տերից, և իմ Աստծուց զանց է եղած իմ իրավունքը: Մի՞թե չգիտես, կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Եհովան’ երկրի ծայրերի ստեղծողը. նա չի հոգնի և չի վաստակի... նա է հոգնածին ուժ տվողը, և նա կարողություն չունեցողին զորություն է շատացնում”: ԴՓ 329.3

«Մի’ վախենա, որովհետև ես քեզ հետ եմ, մի’ վեհերիր, որովհետև ես քո Աստվածն եմ. ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ. նաև քեզ հաստատել եմ իմ արդարության աջով»: «Ո’վ երկրի բոլոր ծայրերը, դեպի ի’նձ դարձեք, որ փրկվեք, որովհետև ես եմ Աստված, և ուրիշը չկա”: Շաբաթը սահմանվել է՝ հիշեցնելու համար այս լուրը’ գրված բնության մեջ: Իսրայելին պատվիրելով սուրբ պահել շաբաթները’ Նա ասաց. «Որ նրանք նշան լինեն իմ մեջ և ձեր մեջ, որ իմանաք, թե ես եմ Տերը’ ձեր Աստվածը” (Եսայիա 40.18-29, 41.10, 45.22, Եզեկիել 20.20): [283] ԴՓ 330.1

Շաբաթը Սինայից տրված օրենքի մի մասն էր կազմում, բայց այն վաղուց էր հայտնի որպես հանգստյան օր: Իսրայելի ժողովրդին այն ծանոթ էր դեռ մինչև Սինա հասնելը: Ճանապարհին նրանք արդեն պահում էին շաբաթը: Երբ ոմանք խախտում էին այն, Տերը հանդիմանում էր նրանց’ ասելով. «Մինչև ե՞րբ չեք ուզում պահել իմ պատվիրաններն ու օրենքները” (Ելից 16.28): ԴՓ 330.2

Շաբաթը տրվել է ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ աշխարհի համար: Այդ մասին մարդը գիտեր դեռևս Եդեմում, և Տասնաբանյա օրենքի մյուս բոլոր պատվիրանների նման այն մի անխախտելի պարտավորություն էր: Այդ օրենքի մասին, որի անբաժանելի մասն է կազմում չորրորդ պատվիրանը, Քրիստոսն ասում է. «Մինչև որ երկինքն ու երկիրս անց կենան, օրենքից մի կետ կամ մեկ պստիկ նշանագիր չի անցնի”: Քանի դեռ գոյատևում են երկինքն ու երկիրը, շաբաթը կմնա որպես Արարչի զորության նշան: Ու երբ երկրի վրա կրկին ծաղկի Եդեմը, Աստծո հանգստյան սուրբ օրը կպատվեն արեգակի տակ բոլոր ապրողները: «Շաբաթից շաբաթ” փառավորված նոր երկրի բնակիչները պիտի վեր բարձրանան «...իմ առաջը երկրպագելու, ասում է Տերը» (Մատթեոս 5.18, Եսայիա 66.23): ԴՓ 330.3

Ուրիշ ոչ մի պատվիրան շրջակա ազգերից այնպես չէր տարբերում հրեաներին, որքան շաբաթը: Աստված նա- խատեսել էր, որ շաբաթի պահումը մատնանշեր նրանց’ որպես Իր ժողովրդի: Դա պետք է կռապաշտությունից հետ պահեր նրանց և լիներ կենդանի Աստծո ժառանգորդները կոչվելու նրանց խորհըրդանիշը: Բայց շաբաթը սուրբ պահելու համար անհրաժեշտ էր, որ մարդիկ իրենք սուրբ լինեին: Հավատի միջոցով նրանք պետք է հաղորդակից լինեին Քրիստոսի արդարությանը: Երբ Իսրայելին հրաման տրվեց. «Հիշի’ր հանգըստության օրը՝ նրան սուրբ պահելու համար”, Տերը նաև ասաց նրանց. «Եվ դուք սուրբ մարդիկ պիտի լինեք ինձ համար” (Ելից 20.8, 22.31): Միայն այս կերպ շաբաթը իսրայելցիներին կարող էր առանձնացնել որպես Աստծո երկրպագուների: [284] ԴՓ 330.4

Քանի որ հրեաները հեռացել էին Աստծուց, և Քրիստոսի արդարությունն իրենցը չէին դարձրել հավատի միջոցով, Շաբաթը կորցրել էր իր նշանակությունը նրանց համար: Սատանան ձգտում էր մեծարել իրեն և հեռացնել մարդկանց Քրիստոսից, և ջանում էր ամեն կերպ խեղաթյուրել շաբաթը, որովհետև այն Քրիստոսի զորության նշանն է: Հրեա առաջնորդներն իրականացրին սատանայի կամքը’ Աստծո հանգստյան օրը ծանրաբեռնելով դժվարին պա- հանջներով: Քրիստոսի օրերում շաբաթն այնքան էր խեղաթյուրվել, որ այն պահելն ավելի շուտ արտացոլում էր եսասեր ու ինքնակամ մարդկանց, քան սիրող երկնավոր Հոր բնավորությունը: Վարդապետները, փաստորեն, այնպես էին ներկայացրել Աստծուն, որ իբր Նա մարդկանցից պահանջում է հնազանդվել Իր օրենքներին, որոնց անհնար է հետևել: Նրանց գործունեության հետևանքով ժողովուրդը կարող էր Աստծուն բռնակալ համարել և մտածել, որ շաբաթը պահելը, ինչպես Նա էր պահանջում, մարդկանց դարձնում է քարսիրտ և դաժան: Քրիստոսի նպատակն էր ցրել այդ սխալ պատկերացումները: Թեև վարդապետները հետևում էին Նրան անողոք ատելությամբ, Նա չէր էլ փորձում հնազանդվել նրանց պահանջներին, այլ հաստատակամորեն շարժվում էր առաջ’ պահելով շաբաթն Աստծո օրենքի համաձայն: ԴՓ 331.1

Մի շաբաթ օր’ պաշտամունքից վերադառնալիս, Փրկիչն Իր աշակերտների հետ անցնում էր հասունացած ցորենի դաշտի միջով: Հիսուսն աշխատել էր մինչև ուշ գիշեր, և աշակերտները դաշտի միջով անցնելիս’ սկսեցին հավաքել հասկերը և ձեռքի մեջ տրորելուց հետո’ ուտել դրանց հատիկները: Ուրիշ օր այս գործողությունը որևէ դիտողության չէր արժանանա, քանի որ հացահատիկի դաշտի, պտղատու ծառերի կամ խաղողի այգու միջով անցնելիս’ մարդն ազատ կարող էր քաղել այն, ինչով որ ցանկանար քաղցը հագեցնել (տե’ս Երկրորդ Օրինաց 23.24,25): Բայց շաբաթ օրն այդ նույն բանը սրբապղծություն էր դիտվում: Եթե հացահատիկ քաղելը հունձք էր համարվում, ապա այն ձեռքի մեջ տրորելը’ կալսելու մի տեսակ: Դա, վարդապետների կարծիքով, կրկնակի հանցագործություն էր: ԴՓ 332.1

Լրտեսներն անմիջապես բողոքեցին Հիսուսին’ ասելով. «Ահա քո աշակերտներն անում են, ինչ-որ արժան չէ շաբաթ օրն անել”: ԴՓ 332.2

Երբ Բեթհեզդայում Հիսուսին մեղադրեցին շաբաթը խախտելու մեջ, Նա պաշտպանեց Իրեն’ հաստատելով, որ Աստծո Որդին է և գործում է Հոր կամքի համաձայն: Իսկ հիմա, երբ հարձակման ենթարկվեցին Նրա աշակերտները, Նա Իր մեղադրողներին օրինակներ բերեց, դեպքեր, որ կատարվել էին շաբաթ օրը նրանց մասնակցությամբ, ովքեր ծառայում էին Աստծուն: [285] ԴՓ 332.3

Հրեա ուսուցիչները պարծենում էին Գրքերի իրենց գիտելիքներով, բայց Փրկիչն ի պատասխան կշտամբեց նրանց հենց նրա համար, որ անտեղյակ էին Գրքերից: «Դուք չե՞ք կարդացել այն, որ Դավիթն արավ, երբ որ սովեց ինքը և նրա հետ լինողները. ինչպես նա Աստծո տունը մտավ և առաջավորության հացերն առավ ու կերավ... որոնց օրենք չէր ուտել, բացի միայն քահանաներին»: «Եվ նրանց ասաց’ շաբաթը մարդի համար եղավ, և ոչ թե մարդը’ շաբաթի համար”: «Կամ չե՞ք կարդացել օրենքում, որ քահանաները շաբաթ օրերին տաճարի մեջ շաբաթը պղծում են և անմեղ են: Բայց ես ասում եմ ձեզ, որ տաճարից էլ մեծն է այստեղ»: «Մարդի Որդին շաբաթի էլ տերն է” (Ղուկաս 6.3,4, Մարկոս 2.27,28, Մատթեոս 12.5,6): ԴՓ 332.4

Եթե Դավիթն իրավացի էր’ ուտելով այն սուրբ հացը, որ միայն քահանաների համար էր, ապա իրավացի էին նաև աշակերտները, որ շաբաթվա սուրբ ժամերին պոկեցին հասկերը’ իրենց քաղցը հագեցնելու համար: Բացի դրանից’ քահանաները շաբաթ օրն ավելի շատ աշխատանք էին կատարում տաճարում, քան մյուս օրերին: Նույն գոր- ծը’ որպես աշխարհիկ աշխատանք, մեղք կլիներ, բայց քահանաների գործը ծառայություն էր Աստծուն: Նրանք այն ծեսերն էին կատարում, որոնք մատնանշում էին Քրիստոսի փրկարար զորությունը, և նրանց աշխատանքը համապատասխանում էր շաբաթվա նպատակին: Բայց հիմա Քրիստոսն Ինքն էր եկել: Աշակերտները, Քրիստոսի գործն անելով, ծառայում էին Աստծուն, և այն, ինչ անհրաժեշտ էր այդ գործի իրականացման համար, կարելի էր անել շաբաթ օրը: ԴՓ 333.1

Քրիստոսն ուզում էր սովորեցնել Իր աշակերտներին, ինչպես նաև Իր թշնամիներին, որ Աստծո ծառայությունը բոլոր գործերից ամենաառաջնայինն է: Աստծո գործն այս աշխարհում մարդու փրկությունն է, ուստի այն ամենը, ինչ այդ նպատակով արվում է շաբաթ օրը, չորրորդ պատվիրանի խախտում չէ: Հետո Հիսուսն իր փաստարկները եզրափակեց նրանով, որ Իրեն «շաբաթի Տերը» հռչակեց, Մեկը, որ վեր է բոլոր հարցերից և բոլոր օրենքնե- րից: Այս հավիտենական Դատավորն արդարացնում է Իր աշակերտներին’ վկայակոչելով հենց այն օրենքը, որի խախտման մեջ նրանց մեղադրում էին: ԴՓ 333.2

Հիսուսը չսահմանափակվեց միայն նրանով, որ հան- դիմանեց Իր հակառակորդներին: Նա հայտարարեց, որ իրենց կուրությամբ նրանք սխալ են հասկացել շաբաթվա նշանակությունը: Նա ասաց. «Եթե գիտեիք’ ինչ է’ ողոր- մություն եմ ուզում, և ոչ թե զոհ, դուք չէիք դատապարտի անմեղներին» (Մատթեոս 12.7): Նրանց բազմաթիվ անշունչ ծիսակատարությունները չէին կարող լրացնել պակասն այն ճշմարիտ մաքրության ու գորովալից սիրո, որոնք պետք է լինեն Աստծո ճշմարիտ երկրպագողի մշտական ուղեկիցները: [286] ԴՓ 333.3

Քրիստոսը նորից կրկնեց այն ճշմարտությունը, որ զոհաբերություններն ինքնին ոչ մի արժեք չունեն: Դրանք սոսկ միջոց են, բայց ոչ նպատակ: Դրանց նպատակն է մարդկանց առաջնորդել դեպի Փրկիչը և այդպիսով’ նրանց ներդաշնակ դարձնել Աստծո հետ: Սիրո ծառայությունն է, որ գնահատում է Աստված: Երբ այն բացակայում է, ամեն տեսակի արարողություն վիրավորական է դառնում Նրա համար: Նույնը վերաբերում է նաև շաբաթին: Այն նախատեսված էր, որ մարդիկ շփվեին Աստծո հետ, բայց երբ միտքը կլանված է լինում ձանձրալի ծեսերով, շաբաթը կորցնում է իր նշանակությունը: Այն ձևականորեն պահելը ոչ այլ ինչ է, եթե ոչ ծաղրանք: ԴՓ 334.1

Մի ուրիշ շաբաթ օր, մտնելով ժողովարան, Հիսուսը տեսավ ձեռքը չորացած մի անդամալույծի: Փարիսեցիները լարված հետևում էին Նրան, որպեսզի տեսնեն, թե ինչ է անելու: Փրկիչը քաջ գիտեր, որ եթե շաբաթ օրը բուժեր, Իրեն մեղադրելու էին օրենքը խախտելու մեջ, բայց չտատանվեց խորտակել մարդկային ավանդույթների այն պատնեշը, որով շրջափակել էին շաբաթը: Հիսուսն այդ դժբախտ մարդուն պատվիրեց մոտենալ և ապա հարցրեց. «Արժա՞ն է շաբաթ օրը բարի գործել, թե՞ չար գործել. մի հոգի ապրեցնե՞լ, թե՞ սպանել»: Հրեաները գտնում էին, որ եթե մեկը հնարավորություն ունի բարին գործել և չի անում, ուրեմն չարիք է գործում, որ հրաժարվել մեկի կյանքը փրկելուց’ նշանակում է սպանել նրան: Այս- պիսով’ Հիսուսը նրանց զենքերն ուղղեց հենց իրենց դեմ: «Իսկ նրանք լռեցին: Նա էլ, բարկությունով չորս կողմով նրանց մտիկ տալով, նրանց սրտերի կուրության համար տրտմած, այն մարդին ասաց. «Ձեռքդ մեկնի’ր”, և նա մեկնեց, ու նրա ձեռքը ողջացավ, ինչպես մյուսը» (Մարկոս 3.4,5): ԴՓ 334.2

Երբ Հիսուսին հարցրին. «Շաբաթ օրն արժա՞ն է բժշկություն անել», Նա պատասխանեց. «Ո՞վ կլինի ձեզանից այն մարդը, որ մեկ ոչխար ունենա, և եթե նա շաբաթ օրը ընկնի փոսի մեջ, մի՞թե չի բռնի նրան և վեր հանի: Ապա որքա՞ն առավել է մարդը ոչխարից. ապա ուրեմն՝ արժան է շաբաթ օրը բարիք գործել» (Մատթեոս 12.10-12): ԴՓ 335.1

Լրտեսները չհամարձակվեցին Քրիստոսին պատասխանել բազմության ներկայությամբ’ վախենալով ընկնել դժվարին կացության մեջ: Նրանք գիտեին, որ Նա ճշմարտությունն էր ասել: Նրանք կնախընտրեին մարդուն լքել դժբախտության մեջ, քան խախտել իրենց ավանդույթները, մինչդեռ կազատեին անասունին, որպեսզի վնաս չկրեն: Այսպիսով’ համր կենդանու նկատմամբ ավելի հոգատար էին, քան մարդու, որ ստեղծված էր Աստծո պատկերով: Սա լուսաբանում է, թե ինչպես են գործում բոլոր կեղծ կրոնները: Դրանք առաջանում են Աստծուց սեփական անձը վեր դասելու մարդու ցանկությունից, ինչը հանգեցնում է նրան, որ մարդն անասունից վատթար վիճակում է հայտնվում: Աստծո գերագույն իշխանության դեմ պայքարող ամեն մի կրոն զրկում է մարդուն այն փառքից, որ նա ուներ արարչագործության ժամանակ, և որը շուտով կվերադարձվի նրան Քրիստոսի միջոցով: Ամեն մի կեղծ կրոն սովորեցնում է իր հետևորդներին անտարբեր լինել մարդկային կարիքների, տառապանքների և իրավունքների նկատմամբ: Ավետարանը չափազանց թանկ է գնահատում մարդկությանը, որի համար որպես փրկագին վճարվել է Քրիստոսի արյունը, և սովորեցնում է սրտագին կարեկցել մարդուն իր կարիքների ու վշտերի մեջ: Տերն ասում է. «Ես մարդուն մաքուր ոսկուց ավելի պատվական պիտի անեմ և հողեղենին՝ Ոփիրի գանձից» (Եսայիա 13.12): [287] ԴՓ 335.2

Երբ Հիսուսը դարձավ փարիսեցիներին’ հարցնելով, թե ինչն է օրինավոր անել շաբաթ օրը’ բարի՞քը, թե՞ չարիքը, կյանք փրկե՞լը, թե՞ սպանելը, Նա բացահայտեց նրանց չար մտադրությունները: Նրանք անողոք ատելությամբ հալածում էին Նրան, մինչդեռ Նա, փրկելով մարդկանց կյանքը, երջանկություն էր բերում հազարավորներին: Ավելի լավ էր սպանե՞լ շաբաթ օրը, ինչպես նրանք էին մտադիր անել, թե՞ բուժել դժբախտներին, ինչպես Ինքն էր անում: Մի՞թե ավելի օրինավոր էր Աստծո սուրբ օրը սպանություն ծրագրել, քան սիրով լցվել բոլոր մարդկանց նկատմամբ և դրսևորել այն բարեգործական արարքնե- րում: ԴՓ 336.1

Բուժելով անդամալույծի ձեռքը’ Հիսուսը դատապարտեց հրեաների սովորույթները և պահեց չորրորդ պատվիրանն այնպես, ինչպես Աստված էր այն տվել: «Արժան է շաբաթ օրը բարիք գործել”,- հայտարարեց Նա: Արհամարհելով հրեաների անիմաստ սահմանափակումները’ Քրիստոսը պատվեց շաբաթը, մինչդեռ նրանք, ովքեր դժգոհում էին Նրանից, պղծում էին Աստծո սուրբ օրը: ԴՓ 336.2

Ովքեր կարծում են, թե Քրիստոսը վերացրել է օրենքը, սովորեցնում են, որ Նա խախտել է շաբաթը և արդարացրել Իր աշակերտներին նույն բանի համար: Այսպիսով’ նրանք իրականում նույն տեսակետն են պաշտպանում, ինչ-որ մանրախնդիր հրեաները: Դրանցով նրանք հերքում են Քրիստոսի անձնական վկայությունը. «Ես իմ Հոր պատվիրանները պահեցի և կենում եմ նրա սիրո մեջ” (Հովհաննես 15.10): Ո’չ Քրիստոսը և ո’չ էլ Նրա հետևորդները չեն խախտել շաբաթվա պատվիրանը: Քրիստոսն օրենքի կենդանի մարմնացումն էր: Նա Իր կյանքում երբեք չի խախտել սուրբ պատվիրաններից և ոչ մեկը: Դիմելով Իրեն դատապարտելու առիթ փնտրող մի ողջ ժողովրդի’ Նա կարող էր անառարկելիորեն ասել. «Ձեզանից ո՞վ կարող է ինձ մեղքի մեջ հանդիմանել» (Հովհաննես 8.46): [288] ԴՓ 336.3

Փրկիչը չէր եկել հերքելու այն, ինչ ասել էին նահա- պետներն ու մարգարեները, քանի որ հենց Ինքն էր խոսել նրանց շուրթերով: Աստծո խոսքի բոլոր ճշմարտությունները Նրանից են բխել: Բայց այս անգին քարերը կեղծ շրջանակների մեջ էին դրվել: Դրանց թանկագին լույսն օգտագործվել էր’ մոլորությանը ծառայելու համար: Աստված կամենում էր դրանք հանել իրենց կեղծ շրջանակներից և դնել ճշմարտության իսկական հիմքի վրա: Այս աշխատանքը միայն աստվածային ձեռքը կարող էր կատարել: Խառնված մոլորության հետ’ ճշմարտությունը ծառայում էր Աստծո և մարդկանց թշնամու գործին: Քրիստոսը եկել էր ամեն բան իր իսկական տեղը դնելու, ինչը կփառաբաներ Աստծուն և կծառայեր մարդկության փրկությանը: ԴՓ 336.4

«Շաբաթը մարդու համար եղավ, և ոչ թե մարդը’ շաբաթի համար”,- ասաց Հիսուսը: Բոլոր այն կանոնները, որ Աստված սահմանել է, մարդու բարօրության համար են: «Ամեն բան ձեզ համար է»: «Թե’ Պողոսը, թե’ Ապողո- սը, թե’ Կեփասը, թե’ աշխարհը, թե’ կյանքը, թե’ մահը, թե’ ներկա բաները, թե’ գալու բաները. ամեն բան ձերն է: Դուք՝ Քրիստոսինը, և Քրիստոսն’ Աստծունը» (Բ Կորնթա- ցիս 4.15, Ա Կորնթացիս 3.22,23): Աստված Իր ժողովրդին որպես օրհնություն տվեց Տասնաբանյա օրենքը, որի մի մասն է կազմում շաբաթը: «Եվ Եհովան մեզ պատվիրեց,- ասաց Մովսեսը,- որ այս բոլոր կանոնները կատարենք, և մեր Եհովա Աստծուց վախենանք, որ մեզ համար բարի լինի ամեն ժամանակ, որ մեզ ողջ պահի, ինչպես այսօր” (Երկրորդ Օրինաց 6.24): Իսկ սաղմոսերգուի միջոցով Իսրայելին ասվել է. «Ծառայեցե’ք Տիրոջն ուրախությունով, եկե’ք նրա երեսի առաջը ցնծությունով: Ճանաչեցե’ք, որ Տերն է Աստված, նա ստեղծեց մեզ, և ոչ թե մենք, որ մենք նրա ժողովուրդը և նրա արոտի ոչխարներն ենք: Մտե’ք նրա դռները գոհությունով, նրա սրահները փառաբանությունով» (Սաղմոս 100.2-4): Եվ բոլոր նրանց, ովքեր պահել են «շաբաթը պղծելուց», Տերն ասում է. «նրանց էլ պիտի բերեմ իմ սուրբ սարը, և նրանց ուրախացնեմ իմ աղոթքի տան մեջ” (Եսայիա 56.6,7): ԴՓ 337.1

«Մարդի Որդին շաբաթի էլ տերն է”. այս խոսքերը շատ խրատական են և մխիթարությամբ լի: Քանի որ շաբաթը մարդկանց համար է սահմանվել, այն Տիրոջ օրն է: Այն պատկանում է Քրիստոսին: Որովհետև «ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրան ոչինչ չեղավ, ինչ-որ եղավ» (Հովհաննես 1.3): Քանի որ Նա է ստեղծել ամեն բան, ուրեմն շաբաթն էլ է Նա ստեղծել: Այդ Նա է առանձնացրել այն որպես արարչագործության հիշատակ: Շաբաթը ցույց է տալիս, որ Քրիստոսը միաժամանակ և’ Արարիչ է, և’ Սրբագործող: Այն հավաստում է, որ Նա, ով ստեղծել է ամեն բան երկնքում և երկրի վրա, և ում միջոցով այդ ամենը պահվում է, եկեղեցու գլուխն է, և որ միայն Նրա միջոցով ենք մենք հաշտվում Աստծո հետ: Որովհետև, խոսելով Իսրայելի մասին, Նա ասել է. «Նաև իմ շաբաթները տվի նրանց, որ նշան լինեն իմ և նրանց մեջ, որ իմանան, թե ես եմ նրանց սրբող Տերը», այսինքն’ նրանց սուրբ դարձնողը (Եզեկիել 20.12): Ուրեմն’ շաբաթը մեզ սուրբ դարձնելու Քրիստոսի զորության նշանն է: Եվ այն տրված է բոլոր նրանց, ում Քրիստոսը սրբացնում է: Որպես Նրա սրբագործող զորության նշան’ շաբաթը տրված է բոլոր նրանց, ովքեր Քրիստոսի միջոցով դառնում են Աստծո Իսրայելի մի մասը: [289] ԴՓ 338.1

Եվ Տերն ասում է. «Եթե հետ դարձնես շաբաթից քո ոտքը, որ բաղձանքդ չկատարես իմ սուրբ օրը, և շաբաթը կոչես զվարճություն, և Տիրոջը նվիրվածը’ պատվական,... այն ժամանակ կզվարճանաս Տերով” (Եսայիա 58.13,14): Շաբաթը բերկրանք կլինի բոլոր նրանց համար, ովքեր ընդունում են այն որպես Քրիստոսի ստեղծագործ և փրկարար զորության նշան: Նրա մեջ տեսնելով Քրիստոսին’ նրանք կցնծան Նրանով: Շաբաթը նրանց ցույց է տալիս, որ արարչագործությունը Նրա հզոր ուժի վկայությունն է փրկագնման մեջ: Հիշեցնելով Եդեմի կորուսյալ երջան- կությունը’ այն միաժամանակ պատմում է Փրկչի միջոցով վերականգնվող խաղաղության մասին: Եվ բնության մեջ ամեն բան կրկնում է Նրա հրավերը. «Ինձ մո’տ եկեք, ամե’ն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ” (Մատթեոս 11.28): [290] ԴՓ 338.2