ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

29/62

Կորած դրամը

Կորած ոչխարի առակից հետո Քրիստոսը մի ուրիշ առակ պատմեց’ ասելով. «Ո՞վ է այն կինը, որ տասը դրամ ունենա, և եթե մեկ դրամ կորցնի, ճրագ չի՞ վառի և տունն ավլի, սաստիկ որոնի, մինչև որ գտնի”: ՔԱ 146.1

Արևելքում աղքատների տները սովորաբար բաղկացած էին լինում միայն մեկ սենյակից, հաճախ առանց պատուհանի էին և մութ: Սենյակը հազվադեպ էին ավլում, և գետնին ընկած դրամը շուտով ծածկվում էր փոշով ու աղբով: Այն գտնելու համար, նույնիսկ ցերեկվա ժամերին, անհրաժեշտ էր ճրագ վառել և տունը խնամքով ավլել: [193] ՔԱ 146.2

Կնոջ օժիտը սովորաբար բաղկացած էր լինում դրամներից, որոնք նա խնամքով պահպանում էր որպես իր ամենասիրելի սեփականությունը, որ փոխանցվելու էր իր դուստրե- րին: Այս դրամներից որևէ մեկի կորուստը կդիտվեր որպես լուրջ դժբախտություն, իսկ այն գտնելը մեծ ուրախություն կպատճառեր, որը պատրաստ էին կիսելու հարևան կանայք: ՔԱ 146.3

«Եվ երբ գտնի,- ասաց Քրիստոսը,- բարեկամներին և դրացիներին կկանչի և կասի. Ուրախացեք ինձ հետ, որովհետև դրամը գտա, որ կորցրել էի: Ասում եմ ձեզ, այդպես էլ Աստծո հրեշտակների առաջին ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ կապաշխարի”: ՔԱ 146.4

Այս առակը նախորդի նման պատմում է ինչ-որ մի բանի կորստի մասին, որ կարելի է գտնել ուշադիր որոնումների դեպքում, և ինչը կարող է մեծ ուրախություն պատճառել: Սակայն երկու առակները ներկայացնում են մարդկանց տարբեր դասակարգեր: Կորած ոչխարը գիտի, որ ինքը կորած է: Նա հեռացել է հովվից ու հոտից և ինքնուրույն չի կարող վերադառնալ: Նա խորհրդանշում է նրանց, ովքեր հասկանում են, որ բաժանված են Աստծուց և գտնվում են շփոթության, անարգանքի ու դառը փորձության մեջ: Կորած դրամը ներկայացնում է նրանց, ովքեր կորած են հանցանքների ու մեղքերի մեջ, սակայն չեն գիտակցում իրենց վիճակը: Նրանք օտարացել են Աստծուց, բայց դա չգիտեն: Նրանց հոգիները վտանգի մեջ են, բայց նրանք անտեղակ են ու անհոգ: [194] Այս առակում Քրիստոսը սովորեցնում է, որ նույնիսկ նրանց, ովքեր անտարբեր են Աստծո պահանջներին, Նա գթասրտորեն սիրում է: Պետք է այդպիսիններին փնտրել ու հետ վերադարձնել Աստծուն: ՔԱ 147.1

Ոչխարը հեռացել էր փարախից, կորել էր անապատում կամ սարերում: Դրամը կորել էր տանը և շատ մոտիկ էր, սակայն կարող էր գտնվել միայն փութաջան որոնումների շնորհիվ: ՔԱ 147.2

Այս առակում դաս կա ընտանիքների համար: Հաճախ ընտանիքում մեծ անհոգություն է նկատվում նրա անդամների հանդեպ: Նրանց մեջ կարող է լինել մեկը, որ օտարացել է Աստծուց, սակայն որքան քիչ են մտահոգվում ընտանիքի անդամները, որ չկորցնեն Աստծո վստահված պարգևներից մեկը: ՔԱ 147.3

Դրամը, թեև փոշու և աղբի մեջ է, այնուամենայնիվ, արծաթի կտոր է: Եվ տերը փնտրում է այն, որովհետև արժեք ունի: Այդպես էլ ամեն մի մարդ, որքան էլ այլասերված լինի մեղքի պատճառով, Աստծո աչքին արժեքավոր է համարվում: Ինչպես որ դրամն է կրում տիրող կառավարության պատկերն ու դրոշմը, այնպես էլ մարդն էր կրում իր ստեղծման ժամանակ Աստծո պատկերն ու դրոշմը, ու թեև հիմա ապականված և խամրած է մեղքի ազդեցության տակ, սակայն այս ձեռագրի հետքերը մնում են ամեն մի հոգու վրա: Աստված կամենում է գտնել այդ հոգին և վերականգնել նրանում Իր պատկերն արդարության և սրբության մեջ: ՔԱ 147.4

Առակում կինն ուշադրությամբ փնտրում է իր կորած դրամը: Նա վառում է ճրագը և ավլում տունը, տեղաշարժում է ամեն ինչ, որ կարող է խանգարել իր որոնմանը: Չնայած միայն մեկ դրամ է կորել, նա չի դադարեցնում իր ջանքերը, մինչև չգտնի այն: Այդպես էլ ընտանիքում, եթե մեկ անդամ կորած է Աստծո համար, ամեն միջոց պետք է գործադրվի նրան շահելու համար: Մյուս բոլորը թող հանգամանորեն և մանրազնին քննեն իրենց սրտերը: Թող հետազոտվի կյանքը: Տեսեք չկա՞ արդյոք որևէ սխալ, որևէ վրիպում ընտանիքի ղեկավարման մեջ, որի պատճառով այդ հոգին մխրճվել է մեղքի մեջ: [195] ՔԱ 148.1

Եթե ընտանիքում կա մի երեխա, ով չի գիտակցում իր մեղավոր վիճակը, ծնողները չպետք է հանգստանան: Թող ճրագը վառվի: Ուսումնասիրեք Աստծո խոսքը և նրա լույսի ներքո ուշադրությամբ քննեցեք ամեն բան տան մեջ, որպեսզի տեսնեք, թե ինչո՞ւ է կորչում երեխան: Թող ծնողները քննեն իրենց սրտերը, իրենց սովորություններն ու գործերը: Երեխաները Տիրոջ ժառանգությունն են, և մենք պատասխանատու ենք Նրա սեփականության տնօրինության համար: ՔԱ 148.2

Կան հայրեր և մայրեր, ովքեր կամենում են աշխատել մի որևէ օտարերկրյա ավետարանչական դաշտում, կան շատերը, ովքեր ակտիվ են քրիստոնեական աշխատանքում տնից դուրս, մինչդեռ նրանց զավակներն անծանոթ են Փրկչին և Նրա սիրուն: Քրիստոսի համար իրենց երեխաներին շահելու գործը շատ ծնողներ վստահում են քարոզչին կամ շաբաթօրյա դպրոցի ուսուցչին, բայց, այսպես վարվելով, նրանք անտեսում են Աստծո կողմից իրենց վրա դրված պատասխանատվությունը: Իրենց զավակների քրիստոնեական կրթության և դաստիարակության գործն ամենամեծ ծառայությունն է, որ ծնողները կարող են մատուցել Աստծուն: Դա աշխատանք է, որ համբերություն, եռանդ և համառ ջանքեր է պահանջում ողջ կյանքի ընթացքում: Այս վստահությունն արհամարհելով’ մենք ապացուցում ենք, որ անհավատարիմ տնտեսներ ենք: Նման արհամարհանքի համար Աստված ոչ մի արդարացում չի ընդունի: ՔԱ 148.3

Բայց նրանք, ովքեր մեղավոր են եղել այս անհոգության մեջ, չպետք է հուսահատվեն: Կինը, ում դրամը կորել էր, փնտրեց այնքան ժամանակ, մինչև գտավ այն: Այդպես էլ ծնողները թող հավատով, սիրով ու աղոթքով աշխատեն իրենց ընտանիքի անդամների համար, մինչև որ նրանք կարողանան ուրախությամբ մոտենալ Աստծուն’ ասելով. [196] «Ահա ես և այն զավակները, որ Տերը տվեց ինձ” (Եսայիա 8.18): ՔԱ 148.4

Սա է ճշմարիտ ընտանեկան ավետարանչական աշխատանքը, և այն օգտակար է ինչպես կատարողներին, այնպես էլ նրանց, ում համար դա արվում է: Հավատարմորեն հոգ տանելով մեր ընտանեկան շրջանակի համար’ մենք պատրաստվում ենք աշխատել Տիրոջ ընտանիքի անդամների համար, որոնց հետ պիտի ապրենք հավիտենական դարերի ընթացքում, եթե հավատարիմ մնանք Քրիստոսին: Մենք պարտավոր ենք այն նույն հոգատարությունը ցուցաբերել քրիստոնյա եղբայրների և քույրերի նկատմամբ, որ ընտանիքի անդամներն ունեն իրար հանդեպ: ՔԱ 149.1

Աստծո ծրագրի համաձայն այս ամենը կպատրաստի մեզ աշխատելու ուրիշների համար: Երբ մեր համակրանքը և սերն ավելանան, մենք ամենուրեք գործ կգտնենք անելու: Աստծո մարդկային մեծ ընտանիքն ընդգրկում է ամբողջ աշխարհը, և նրա անդամներից որևէ մեկի կողքով չպետք է անցնել արհամարհանքով: ՔԱ 149.2

Որտեղ էլ լինենք, կորած դրամը սպասում է մեր որոնումներին: Փնտրո՞ւմ ենք արդյոք մենք այն: Ամեն օր հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ովքեր ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերում կրոնի հանդեպ, մենք խոսում ենք նրանց հետ, այցելում ենք նրանց: Արդյոք շահագրգռվա՞ծ ենք նրանց հոգևոր բարօրությամբ, ծանոթացնո՞ւմ ենք նրանց Քրիստոսի հետ որպես մեղքեր ներող Փրկիչ: Պատմո՞ւմ ենք արդյոք նրանց Քրիստոսի այն ջերմ սիրո մասին, որով լցված են մեր սրտերը: Եթե ոչ, ապա ինչպե՞ս կհանդիպենք այն հոգիների հետ, ովքեր հավիտենապես կորած են, երբ նրանց հետ միասին կանգնենք Աստծո գահի առաջ: ՔԱ 149.3

Ո՞վ կարող է գնահատել հոգու արժեքը: Եթե ուզում եք իմանալ նրա գինը, գնացեք Գեթսեման, արթուն մնացեք Քրիստոսի հետ Նրա տառապանքի ժամերին, երբ Նրա քրտինքն արյան խոշոր կաթիլների պես էր: Նայեք Փրկչին խաչի վրա գամված: Լսեք Նրա հուսահատ աղաղակը. «Իմ Աստված, իմ Աստված, ինչո՞ւ թողեցիր ինձ” (Մարկոս 15.34): Նայեք վիրավոր գլխին, խոցված կողին, վիրավոր ոտքերին: Հիշեք, որ Քրիստոսը վտանգի դիմեց, քանի որ կարող էր կորցնել ամեն բան: Հանուն մեր փրկության երկինքն իսկ վտանգի ենթարկվեց: Խաչի պատվանդանի մոտ հիշելով, որ Քրիստոսն Իր կյանքը կդներ նույնիսկ մեկ մեղավորի համար, դու կարող ես գնահատել հոգու արժեքը: [197] ՔԱ 149.4

Եթե դուք կապված եք Քրիստոսի հետ, ապա Նրա պես կգնահատեք ամեն մի մարդու: Դուք ուրիշների նկատմամբ կզգաք այն նույն խորը սերը, որ Քրիստոսը տածում է ձեր հանդեպ: Այնժամ ի վիճակի կլինեք ոչ թե կորցնելու, այլ շահելու, և ոչ թե վանելու, այլ գրավելու նրանց, ում համար Նա մեռավ: Ոչ ոք երբեք չէր դառնա Աստծուն, եթե Քրիստոսն անձամբ ջանք չգործադրեր նրա համար, և հենց այս անհատական աշխատանքով է, որ կարող ենք հոգիներ փրկել: Երբ տեսնում ենք կործանվողներին, չպետք է հանգիստ ու անտարբեր մնանք: Որքան ավելի մեծ կլինի նրանց մեղքը, և խորը’ դժբախտությունը, այնքան ավելի լուրջ և քնքուշ պիտի լինեն ձեր ջանքերը նրանց վերադարձնելու համար: Դուք կտեսնեք նրանց կարիքը, ովքեր ցավ են քաշում, ովքեր մեղանչել են Աստծո դեմ, ովքեր ճնշված են հանցանքների ծանրության տակ: Ձեր սիրտը նրանց նկատմամբ կլցվի կարեկցանքով, և նրանց օգնության ձեռք կմեկնեք: Ձեր հավատի և սիրո ձեռքերով նրանց Քրիստոսին կբերեք: Դուք կհսկեք և կքաջալերեք նրանց, և ձեր կարեկցանքն ու վստահությունը կօգնեն նրանց հաստատ մնալ: ՔԱ 150.1

Երկնքի բոլոր հրեշտակները պատրաստ են համագործակցելու այս աշխատանքում: Երկնքի բոլոր միջոցները նրանց տրամադրության տակ են, ովքեր ջանում են փրկել կորածին: Հրեշտակները կօգնեն ձեզ գտնելու ամենաանհոգներին ու ամենախստասիրտներին: Ու երբ մեկը հետ է վերադարձվում Աստծուն, ամբողջ երկիքը ցնծում է, սերովբեներն ու քերովբեները նվագում են իրենց ոսկյա քնարների վրա և գովասանքի երգեր են երգում Աստծուն և Գառին’ մարդկանց որդիների հանդեպ ունեցած Իրենց ողորմության ու սիրառատ բարության համար: [198] ՔԱ 150.2