ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

24/62

Խնդրել’ այլոց տալու համար

Ըստ Ղուկասի 11.1-13:

Քրիստոսը շարունակ Հորից ստանում էր, որպեսզի կարողանար հաղորդել մեզ: «Այն խոսքը, որ լսում եք, - ասաց Նա, - իմը չէ, այլ ինձ ուղարկող Հորը» (Հովհաննես 14.24): «Մար- դի Որդին չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի» (Մատթեոս 20.28): Ոչ թե Իր, այլ ուրիշների համար էր Նա ապրում, մտածում և աղոթում: Աստծո հետ ժամերով հաղորդակցվելուց հետո, առավոտից առավոտ Նա գալիս էր մարդկանց մոտ երկնքի լույսը բերելու համար: Ամեն օր Նա նորից մկրտվում էր Սուրբ Հոգով: Նոր օրվա վաղ ժամերին Տերն արթնացնում էր Նրան քնից, և Նրա հոգին ու շրթունքները օծվում էին շնորհով, որ կարողանար հաղորդել մյուսներին: Նրան նոր խոսքեր էին տրվում երկնային պալատից, խոսքեր, որ Նա կարողանար ժամանակին ասել հոգնածներին և ճշնվածներին: «Տեր Եհովան ինձ ուսումնավարժ լեզու է տվել, - ասաց Նա, - որ գիտենամ վաստակածին օգնել խոսքով: Նա զարթնեցնում է ամեն առավոտ’ զարթեցնում է իմ ականջը, որ լսեմ աշակերտների պես” (Եսայիա 50.4): [140] ՔԱ 100.1

Քրիստոսի աշակերտները խորապես ազդված էին Նրա աղոթքներից և Աստծո հետ հաղորդակցվելու Նրա սովորությունից: Մի օր նրանք իրենց Տիրոջ կարճատև բացակայությունից հետո Նրան գտան աղոթքի մեջ խորասուզված: Չնկատելով կարծես նրանց ներկայությունը’ Նա շարունակում էր բարձրաձայն աղոթել: Աշակերտների սրտերը խորապես զգացված էին: Երբ Նա դադարեց աղոթել, նրանք բացականչեցին. «Տեր, սովորեցրու մեզ աղոթել”: ՔԱ 100.2

Ի պատասխան’ Քրիստոսը կրկնեց Տերունական աղոթքը, ինչպես Նա տվել էր լեռան քարոզում: Հետո առակով Նա բացատրեց այն դասը, որ կամենում էր սովորեցնել: ՔԱ 100.3

«Ձեզանից ո՞վ է, - ասաց Նա, - որ բարեկամ ունենա, և կես-գիշերին նրա մոտ գնա, և նրան ասի. Բարեկամ, ինձ երեք հաց փոխ տուր, որովհետև իմ բարեկամն ինձ մոտ եկավ ճանապարհից, և ես բան չունեմ, որ նրա առաջին դնեմ: Եվ նա պատասխանի ներսից և ասի. Մի հոգնեցնիր ինձ. դուռն արդեն փակված է, և երեխաներս ինձ հետ անկողնումն են. չեմ կարող վեր կենալ և տալ քեզ: Ասում եմ ձեզ, եթե վեր էլ չկենան և նրան տա նրա բարեկամ լինելու համար, սակայն նրա թախանձանքի համար վեր կկենա և կտա նրան ինչ որ էլ պետք լինի»: ՔԱ 100.4

Այստեղ Քրիստոսը ներկայացնում է այնպիսի խնդրատուի, որ խնդրում է ուրիշին տալու համար: Նա պետք է հաց ճարի, որ կարողանա հոգալ ուշացած և հոգնած ճամփորդի կարիքները: Չնայած նրա հարևանը չի կամենում, որ իրեն անհանգստացնեն, սակայն նա չի դադարի խնդրելուց, քանի որ ընկերոջը պետք է օգնել, և վերջապես’ նրա համառությունը վարձատըր- վում է, նրա կարիքները բավարարված են: ՔԱ 101.1

Նույն կերպ էլ աշակերտները պետք է օրհնություններ խնդրեին Աստծուց: ժողովրդին կերակրելու ժամանակ և երկնային հացի մասին քարոզում Քրիստոսը հայտնեց նրանց, թե ինչ պետք է անեն որպես Իր ներկայացուցիչներ: Նրանք պետք է տային մարդկանց կյանքի հացը: Նա, ով կարգել էր նրանց այդ գործին, տեսավ, թե որքան հաճախ էր փորձվելու նրանց հավատը: Հաճախ նրանք պիտի ընկնեին անսպասելի իրավիճակների մեջ և գիտակցեին իրենց մարդկային անկարողությունը: [141] Հոգիներ, ովքեր կարոտ էին կյանքի հացի, կգային նրանց մոտ, և նրանք իրենց զուրկ ու անօգնական կզգային: Նրանք պիտի հոգևոր սնունդ ստանային, այլապես ոչինչ չէին կունենա բաժանելու: Բայց նրանք ոչ մի մարդի չպետք է հետ ուղարկեին առանց կերակրելու: Քրիստոսը նրանց հայացքն ուղղում էր մատակարար աղբյուրի վրա: Այն մարդը, ում ընկերը եկել էր իր մոտ հյուրընկալվելու, թեև կեսգիշերվա անպատեհ ժամին, հետ չուղարկեց նրան: Նա ոչինչ չուներ դնելու նրա առջև, բայց գնաց նրա մոտ, ով ուտելիք ուներ, և այնքան թախանձեց, մինչև որ հարևանը բավարարեց նրա պահանջը: Եվ մի՞թե Աստված, որ ուղարկել է Իր ծառաներին կերակրելու սովածին, չի բավարարի նրանց կարիքներն Իր իսկ գործի համար: ՔԱ 101.2

Բայց առակում եսասեր հարևանը չի ներկայացնում Աստծո բնավորությունը: Պետք է դաս վերցնել ոչ թե համեմատելու, այլ հակադրելու կարգով: Եսասեր մարդը կբավարարի համառ խնդրանքը, որպեսզի ազատի իրեն նրանից, ով խանգարում է իր հանգիստը: Բայց Աստված ցնծությամբ է տալիս: Նա լի է կարեկցությամբ և պատրաստ է բավարարել նրանց խնդրանքը, ովքեր Իր մոտ են գալիս հավատով: Նա տալիս է մեզ, որ ծառայենք մյուսներին և այդպիսով նմանվենք Իրեն: ՔԱ 101.3

Քրիստոսը հայտարարում է. «Խնդրեցեք և կտրվի ձեզ, որոնեցեք և կգտնեք, դուռը թակեցեք և կբացվի ձեզ: Որովհետև ամեն, ով որ խնդրում է’ առնում է, և ով որ որոնում է’ գտնում է, և ով որ դուռը թակում է’ բացվում է նրան”: ՔԱ 102.1

Փրկիչը շարունակում է. «Եվ ձեզնից ո՞ր հորիցն իր որդին հաց ուզի, մի՞թե քար կտա նրան. կամ եթե ձուկ’ մի՞թե ձկան տեղ օձ կտա նրան: Եվ կամ ձու ուզի, մի՞թե կարիճ կտա նրան: Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդկանցը, էլ որքա՞ն ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, ովքեր ուզում են նրանից”: ՔԱ 102.2

Մեր վստահությունն առ Աստված ամրացնելու համար Քրիստոսը սովորեցնում է մեզ դիմել Նրան նոր անունով, մի անուն, որը կապված է մարդկային սրտի ամենաթանկագին զգացմունքների հետ: [142] Նա մեզ արտոնություն է տալիս անսահման Աստծուն մեր Հայր կոչելու: Այս անունը, որով դիմում ենք Նրան, մեր սիրո և վստահության նշանն է Նրա հանդեպ, և Նրա հոգատարության ու բարեկամության գրավականը մեր նկատմամբ: Երբ Նրա հովանավորությունն ու օրհնությունն ենք խնդրում’ տալով այս անունը, դա Նրա ականջին երաժշտության պես է հնչում: Որպեսզի մենք չկարծենք, թե ինքնավստահություն է Նրան այդ անունով կոչելը, Նա կրկնում էր այն նորից ու նորից: Նա կամենում է, որ մենք ընտելանանք այդ անվանը: ՔԱ 102.3

Աստված մեզ Իր զավակներն է համարում: Նա մեզ փրկագնել է այս անհոգ աշխարհից և ընտրել է, որ դառնանք թագավորական ընտանիքի անդամներ, երկնավոր Արքայի որդիներ ու դուստրեր: Նա կամենում է, որ մենք կատարելապես ու ուժգին վստահենք Իրեն, քան երեխան կվստահի իր երկրավոր հորը: Ծնողները սիրում են իրենց երեխաներին, բայց Աստծո սերն ավելի մեծ է, ավելի ընդարձակ, ավելի խորը, քան մարդկայինը կարող է լինել: Այն անչափելի է: Եվ եթե երկրավոր ծնողները գիտեն բարի պարգևներ տալ իրենց զավակներին, որքա՞ն ավելի մեր երկնավոր Հայրը կտա Սուրբ Հոգին նրանց, ովքեր խնդրում են Իրենից: ՔԱ 102.4

Աղոթքի վերաբերյալ տրված Քրիստոսի դասերի մասին պետք է ուշադրությամբ խորհել: Աստվածային գիտություն կա աղոթքի մեջ, և Նրա լուսաբանումն ի հայտ է բերում սկզբունքներ, որ բոլորը պետք է հասկանան: Նա ցույց է տալիս, թե որն է ճշմարիտ աղոթքի ոգին, սովորեցնում է համառության անհրաժեշտությունը մեր խնդրանքներն Աստծուն ներկայացնելիս, և վստահեցնում է մեզ, որ պատրաստ է լսել ու պատասխանել աղոթքին: ՔԱ 103.1

Մեր աղոթքները չպետք է եսասիրական բնույթ կրեն, չպետք է միայն մեր անձնական շահի համար լինեն: Մենք պիտի խնդրենք, որ կարողանանք տալ: Քրիստոսի կյանքի սկզբունքը պետք է մեր կյանքի սկզբունքը լինի: «Եվ ես նրանց համար, - ասում է Իր աշակերտների մասին, - իմ անձը սուրբ եմ անում, որ նրանք էլ ճշմարտությունով սրբված լինեն” (Հովհաննես 17.19): Նույն նվիրվածությունը, նույն անձնազոհությունը, նույն հնազանդությունն Աստծո խոսքի պահանջներին, որ դրսևորվեցին Քրիստոսում, պետք է երևան Նրա ծառաների մեջ: Մեր առաքելությունն աշխարհում մեր անձին ծառայելը կամ հաճոյանալը չէ, մենք պետք է փառավորենք Աստծուն’ համագործակցելով Նրա հետ մեղավորների փրկության գործում: [143] Մենք Աստծուց պետք է օրհնություններ խնդրենք, որ կարողանանք հաղորդել ուրիշներին: Ստանալու ընդունակությունը պահպանվում է միայն տալով: Մենք չենք կարող շարունակ ստանալ երկնային գանձը, եթե այն չփոխանցենք նրանց, ովքեր շրջապատում են մեզ: ՔԱ 103.2

Առակում խնդրատուն կրկին ու կրկին մերժվում է, սակայն հետ չի քաշվում իր նպատակից: Այդպես էլ մեր աղոթքներին, թվում է, միշտ չէ, որ անմիջապես պատասխան ենք ստանում, բայց Քրիստոսը սովորեցնում է, որ մենք չպիտի դադարենք աղոթել: Աղոթքն Աստծո մեջ որևէ փոփոխություն մտցնելու համար չէ, այլ’ նրա, որ մեզ ներդաշնակեցնի Աստծո հետ: Երբ մենք խնդրանք ենք ներկայացնում Նրան, Նա տեսնում է, որ մեզ անհրաժեշտ է քննել մեր սրտերը և ապաշխարել մեղքի համար: Այդ պատճառով էլ Նա մեզ անց է կացնում փորձությունների միջով և խոնարհեցնում, որպեսզի տեսնենք, թե ինչն է խանգարում Սուրբ Հոգուն գործելու մեր միջոցով: ՔԱ 103.3

Աստծո խոստումների իրականացման համար պայմաններ կան, և աղոթքը երբեք չի կարող փոխարինել պարտականությանը: «Եթե ինձ սիրում եք, - ասում է Քրիստոսը,- իմ պատ- վիրանքները պահեցեք»: «Ով որ իմ պատվիրանքներն ունի և նրանց պահում է, նա է ինձ սիրողը, և ինձ սիրողն իմ Հորից կսիրվի. և ես կսիրեմ նրան, և ինձ կհայտնեմ նրան» (Հովհաննես 14.15,21): Նրանք, ովքեր իրենց խնդրանքը Աստծուն են ներկայացնում, պահանջելով Նրա խոստումն այն դեպքում, երբ իրենք չեն ենթարկվում պայմաններին, վիրավորում են Ե- հովային: Նրանք տալիս են Քրիստոոսի անունը որպես խոստման իրականացման հեղինակության, բայց չեն կատարում այն ամենը, ինչը ցույց կտա նրանց հավատն ու սերը Քրիստոսի հանդեպ: ՔԱ 104.1

Շատերը խախտում են Հոր կողմից ընդունվելու պայմանները: Մենք պետք է լրջորեն քննարկենք այն հավատը, որով մոտենում ենք Աստծուն: Եթե մենք անհնազանդ ենք, Տիրոջը պարտատոմս ենք ներկայացնում վճարելու համար, այն ժամանակ, երբ մենք չենք կատարել պայմանները, որոնց դեպքում այն կարող է վճարվել: Մենք ներկայացնում ենք Աստծուն Իր խոստումները և խնդրում ենք Նրան կատարել դրանք, և եթե Նա այդպես անի, ապա կանարգի Իր անունը: [144] ՔԱ 104.2

Խոստումը սա է. «Եթե կենաք ինձանում, և իմ խոսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք, կխնդրեք, և կլինի ձեզ” (Հովհաննես 15.7): Եվ Հովհաննեսը հայտարարում է. «Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատ- վիրանքները պահենք: Ով որ ասում է, թե ճանաչեցի նրան և նրա պատվիրանքները չի պահում, ստախոս է, և ճշմարտությունը չկա նրանում: Բայց ով որ նրա խոսքը պահի, իրավ Աստծո սերը նրանում կատարյալ է” (Ա Հովհաննես 2.3-5): ՔԱ 104.3

Իր աշակերտներին տրված Քրիստոսի վերջին պատգամներից մեկը սա էր. «Իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի» (Հով- հաննես 13.34): Հնազանդվո՞ւմ ենք արդյոք այս պատվերին, թե՞ ցուցաբերում ենք դաժան ու ոչ քրիստոնավայել բնավորության գծեր: Եթե մենք որևէ կերպ վշտացրել կամ վիրավորել ենք մյուսներին, ապա մեր պարտքն է խոստովանել մեր սխալը և հաշտվել: Սա անհրաժեշտ նախապատրաստություն է, որպեսզի հավատով կարողանանք գալ Աստծո առաջ և խնդրել Նրա օրհնությունը: ՔԱ 104.4

Կա նաև մեկ ուրիշ պատճառ, որ հաճախ անտեսում են նրանք, ովքեր փնտրում են Աստծուն աղոթքի մեջ: Արդյո՞ք դուք ազնիվ եք Աստծո առաջ: Մաղաքիա մարգարեի միջոցով Տերը հայտարարում է. «Ձեր հայրերի օրիցն ի վեր խոտորել եք իմ պատվերներից և նրանց չեք պահել. հետ դարձեք դեպի ինձ, և ես էլ կդառնամ դեպի ձեզ, ասում է Զորաց Տերը, բայց դուք ասում եք. Ի՞նչ բանում հետ դառնանք: Մի՞թե մարդ Աստված կխաբի, որ դուք ինձ խաբում եք: Բայց ասում եք ի՞նչ բանում ենք քեզ խաբում. տասանորդում և ընծայում» (Մաղաքիա 3.7,8): ՔԱ 105.1

Որպես ամեն օրհնության Նվիրատու’ Աստված մեր ողջ ունեցվածքից մի որոշակի բաժին է պահանջում: Նա այդ նախատեսել է Ավետարանի քարոզին աջակցելու համար: Վերադարձնելով Աստծուն Իր բաժինը’ մենք պետք է ցույց տանք մեր երախտագիտությունը Նրա պարգևների համար: Բայց եթե մենք պահենք Նրանից այն, ինչ Նրա սեփականությունն է, ինչպե՞ս կարող ենք Նրանից օրհնություն պահանջել: Եթե մենք անհավատարիմ տնտեսներ ենք երկրային բաների մեջ, ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ Նա մեզ երկնային բաներ կվստահի: Կարող է պատահել, որ հենց այստեղ է մեր անպատասխան աղոթքի գաղտնիքը: ՔԱ 105.2

Բայց Տերն Իր մեծ ողորմությամբ պատրաստ է ներելու, և Նա ասում է. [145] «Բոլոր տասանորդը տարեք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի. և ինձ մեկ փորձեցեք սրանով... թե արդյո՞ք չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափի ձեզ համար’ մինչև որ նրա համար տեղ չլինի: Եվ ես պիտի կշտամբեմ ձեզ համար ուտողին, որ նա չապա- կանի ձեզ համար երկրի արդյունքը, և ձեզ համար անպտուղ չլինի որթը այգում... Եվ ձեզ պիտի երանեն բոլոր ազգերը, որովհետև դուք պիտի ցանկալի երկիր լինեք, ասում է Զորաց Տերը» (Մաղաքիա 3.10-12): ՔԱ 105.3

Նույն սկզբունքն է գործում Աստծո ամեն մի պահանջում: Նրա բոլոր պարգևները խոստացված են հնազանդության պայմանով: Աստված օրհնություններով լի մի երկինք ունի նրանց համար, ովքեր կհամագործակցեն Իր հետ: Բոլորը, ովքեր հնազանդվում են Նրան, վստահությամբ կարող են պահանջել Նրա խոստումների իրականացումը: ՔԱ 106.1

Բայց մենք պետք է ամուր, անշեղ վստահություն ցուցաբերենք Աստծո հանդեպ: Յաճախ Նա հապաղում է մեզ պատասխանել, որպեսզի փորձի մեր հավատը կամ էլ ստուգի ցանկության անկեղծությունը: Խնդրելով Նրա խոսքի համաձայն’ մենք պիտի հավատանք Նրա խոստմանը և պնդենք մեր խնդրանքներն այնպիսի վճռականությամբ, որը չի մերժվի: ՔԱ 106.2

Աստված չի ասում, թե խնդրեք մեկ անգամ և կստանաք: Նա պատվիրում է մեզ խնդրել: Անխոնջ համառեք աղոթքում: Յամառ խնդրանքն ավելի ջերմեռանդ է դարձնում խնդրողին, ավելի մեծ ցանկություն է առաջանում ստանալու այն, ինչ խնդրում է: Ղազարոսի գերեզմանի մոտ Քրիստոսը Մարթա- յին ասաց. «Չասացի՞ քեզ, որ եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես” (Յովհաննես 11.40): ՔԱ 106.3

Բայց շատերը չունեն կենդանի հավատ: Սա է պատճառը, որ նրանց կյանքում Աստծո ավելի մեծ զորություն չի դրսևորվում: Անհավատության պատճառը նրանց տկարությունն է: Նը- րանք ավելի շատ հավատում են իրենց անձնական գործերին, քան այն գործերին, որ Աստված կարող է անել իրենց համար: Այդպիսիք իրենց են ապավինում: Նրանք ծրագրում ու որոշում են, սակայն քիչ են աղոթում և իրականապես քիչ են վստահում Աստծուն: Նրանք կարծում ենք, թե հավատ ունեն, սակայն դա միայն պահի մղում է: [146] Չգիտակցելով իրենց կարիքները կամ Աստծո տալու պատրաստակամությունը’ նրանք չեն համառում իրենց պահանջները Տիրոջը ներկայացնելու գործում: ՔԱ 106.4

Մեր աղոթքները պետք է այնքան ջերմեռանդ և համառ լինեն, որքան այն կարիքավոր ընկերոջ աղաչանքը, որ հաց էր խնդրում կեսգիշերին: Որքան ջերմեռանդ ու հաստատակամ խնդրենք, այնքան ավելի սերտ կլինի մեր հոգևոր միությունը Քրիստոսի հետ: Մենք ավելի մեծ օրհնություններ կստանանք, քանի որ ավելացրել ենք հավատը: ՔԱ 106.5

Մեր գործն է աղոթել և հավատալ: Արթուն եղեք աղոթքի մեջ: Արթուն եղեք և համագործակցեք աղոթքներ լսող Աստծո հետ: Հիշեք, որ «մենք Աստծո գործակիցներ ենք” (Ա Կորնթա- ցիս 3.9): Խոսեք և գործեք ձեր աղոթքների համաձայն: Միայն փորձությունը ցույց կտա այն անսահման տարբերությունը, թե որքանով է անկեղծ ձեր հավատը, կամ էլ, որ ձեր աղոթքները սոսկ ձևական են եղել: ՔԱ 107.1

Երբ նեղությունների և դժվարությունների եք հանդիպում, մարդկանցից օգնություն մի սպասեք: Ամեն բան Աստծուն վստահեք: Ուրիշներին մեր դժվարությունների մասին պատմելու սովորությունը միայն թուլացնում է մեզ, և ոչ էլ նրանց է ուժ տալիս: Նրանց վրա է դրվում մեր հոգևոր տկարության բեռը, որը նրանք չեն կարողանում թեթևացնել: Մենք ուզում ենք ուժ ստանալ սխալական, սահմանափակ մարդկանցից, այն դեպքում, երբ կարող ենք ուժ ստանալ անսխալական ու անսահման Աստծո զորությունից: ՔԱ 107.2

Իմաստնություն ձեռք բերելու համար կարիք չկա հասնելու աշխարհի ծայրերը, քանի որ Աստված մոտ է: Ընդունակությունները չեն, որ դու հիմա ունես կամ երբևէ կունենաս, որ քեզ հաջողություն կտան, այլ այն, ինչը որ Տերը կարող է անել քեզ համար: Մենք շատ ավելի քիչ պիտի վստահենք, թե ինչ մարդիկ կարող են անել, և ավելի շատ, թե ինչ Աստված կարող է անել յուրաքանչյուր հավատացող հոգու համար: Նա փափագում է, որ դուք հասնեք Նրան հավատով: Նա բաղձում է, որ Իրենից մեծ բաներ սպասեք: Նա տենչում է հասկանալու ունակություն տալ ձեզ ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր հարցերում: Նա կարող է խորաթափանց դարձնել ձեր միտքը: Կարող է տալ նրբաղզգացություն և հմտություն: Գործի դրեք ձեր տաղանդները, Աստծուց խնդրեք իմաստնություն, և այն կտրվի ձեզ: ՔԱ 107.3

Քրիստոսի խոսքն ընդունեք որպես հավաստիացում: [147] Մի՞թե Նա չի հրավիրել ձեզ Իր մոտ գալու: Երբեք թույլ մի տվեք ձեզ խոսելու անհույս, հիասթափված տոնով: Եթե այդպես վարվեք, դուք շատ բան կկորցնեք: Արտաքուստ բանե- րին նայելով և բողոքելով, երբ գալիս են դժվարություններն ու նեղությունները, դուք վկայում եք ձեր հիվանդ և թույլ հավատի մասին: Խոսեք և գործեք այնպես, կարծես թե ձեր հավատն անհաղթահարելի է: Տերը հարուստ է միջոցներով: Նա տիրում է աշխարհին: Հավատով նայեք դեպի երկինք: Նայեք Նրան, Ով ունի լույս, զորություն և կարողություն: ՔԱ 107.4

Իսկական հավատի մեջ կենսուրախություն, սկզբունքի ամրություն և նպատակի հաստատակամություն կա, որ ոչ ժամանակը և ոչ էլ ծանր աշխատանքը չեն կարող թուլացնել: «Եվ երիտասարդները կհոգնեն և կվաստակեն, և ընտիրները թուլությունով կթուլանան: Բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակի, կգնան և չեն հոգնի” (Եսայիա 40.30,31): ՔԱ 108.1

Կան շատերը, ովքեր ցանկանում են օգնել մյուսներին, բայց զգում են, որ հոգևոր ուժ կամ լույս չունեն տալու: Թող նրանք իրենց խնդրանքը ներկայացնեն շնորհաց գահի առջև: Աղաչեք Սուրբ Հոգու համար: Աստված կանգնած է Իր տված յուրաքանչյուր խոստման հետևում: Ձեռքդ վերցրու Աստվածաշունչը և ասա. ես արել եմ այնպես, ինչպես Դու ես ասել: Ես ներկայացնում եմ Քո խոստումը’ «Խնդրեցեք և կտրվի ձեզ, որոնեցեք և կգտնեք, դուռը թակեցեք’ և կբացվի ձեզ”: ՔԱ 108.2

Մենք պիտի աղոթենք ոչ միայն Քրիստոսի անունով, այլ նաև Սուրբ Հոգու ներշնչանքով: Սա բացատրում է, թե ինչ է նշանակում, երբ ասվում է, որ Հոգին «անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում» (Հռոմեացիս 8.26): Այդպիսի աղոթքին Աստված հաճույքով է պատասխանում: Երբ ջերմեռանդ ու համառ աղոթում ենք Քրիստոսի անունով, հենց այդ համառության մեջ մի երաշխիք կա Աստծուց, որ Նա արդեն պատրաստ է պատասխանելու մեր աղոթքին «ամեն բաներից ավելի, քանի որ խնդրում ենք և իմանում” (Եփեսացիս 3.20): ՔԱ 108.3

Քրիստոսն ասել է. «Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք, և կլինի ձեզ” (Մարկոս 11.24): [148] «Եվ ինչ էլ որ խնդրեք իմ անունով, այն կանեմ, որ Հայրը փառավորվի Որդում» (Հովհաննես 14.13): Եվ սիրելի Հովհաննեսը, Սուրբ Հոգով ներշնչված, մեծ հստակությամբ ու վստահությամբ ասում է. «Ինչ որ նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ, և եթե գիտենք, թե լսում է մեզ, ինչ խնդրում ենք, գիտեք, որ առնում ենք մեր խնդրվածքները, որ խնդրեցինք նրանից» (Ա Հովհաննես 5.14,15): Ուրեմն համառորեն խնդրեք Հորը Հիսուսի անունով: Աստված կպատվի այդ անունը: ՔԱ 108.4

Աստծո գահի շուրջը գտնվող ծիածանը երաշխիք է, որ Աստված ճշմարիտ է, և Նրանում ոչ մի փոփոխություն կամ փոփոխման ստվեր չկա: Մենք մեղանչել ենք Նրա դեմ և անարժան ենք Նրա բարյացակամությանը, սակայն Նա Ինքն է մեր շուրթերին դրել աղոթքներից ամենահրաշալին. «Մի զզվիր քո անունի սերի համար, մի անարգիր քո փառքի աթոռը, հիշիր և մի քանդիր քո ուխտը մեզ հետ” (Երեմիա 14.21): Երբ Նրա մոտ գանք խոստովանելով մեր անարժանությունն ու մեղքը, Նա երդվել է Իրենով ուշադրություն դարձնել մեր աղաղակին: Նրա գահի պատիվը մեզ տված Նրա խոստման իրականացման գրավականն է: ՔԱ 109.1

Ահարոնի նման, որ խորհրդանշում է Քրիստոսին, մեր Փրկիչը Իր սրտի վրա է կրում Իր ողջ ժողովրդի անունները սրբարանում: Մեր մեծ Քահանայապետը հիշում է այն բոլոր խոսքերը, որով քաջալերել է մեզ, որ վստահություն ձեռք բերենք: Նա միշտ հիշում է Իր ուխտը: ՔԱ 109.2

Բոլոր նրանք, ովքեր փնտրում են Նրան, կգտնեն: Բոլոր նրանց առջև, ովքեր թակում են, կբացվեն դռները: Երբեք չի ասվի. «Մի անհանգստացրեք Ինձ, դուռը փակ է, Ես չեմ ցանկանում բացել այն»: Ոչ ոքի չի ասվի. «Ես չեմ կարող օգնել քեզ»: Նրանք, ովքեր կեսգիշերին հաց են խնդրում կերակրելու սոված հոգիներին, հաջողություն կունենան: ՔԱ 109.3

Առակում այն մարդը, որ հաց է խնդրում օտարականի համար, ստանում է «ինչ որ պետք է”: Եվ ի՞նչ չափով Աստված մեզ պիտի տա, որ մենք էլ կարողանանք ուրիշներին տալ: [149] «Քրիստոսի պարգևի չափի պես” (Եփեսացիս 4.7): Հրեշտակները մեծ հետաքրքրությամբ են դիտում, թե ինչպես է մարդը վարվում իր դրացիների հետ: Երբ նրանք տեսնում են, որ մեկը քրիստոսանման կարեկցանք է ցույց տալիս մոլորյալին, շրջապատում են նրան’ հիշեցնելով, որ խոսի այն բառերը, որոնք կենաց հացի պես կլինեն մոլորյալի հոգու համար: Այդպես «Աստված լրացնի... ձեր ամեն կարոտությունը իր հարըս- տության չափով’ փառքով Քրիստոս Հիսուսում” (Փիլիպպեցիս 4.19): Ձեր վկայությունն իր անկեղծությամբ և իսկությամբ Նա ազդեցիկ կդարձնի հավիտենական կյանքի ուժով: Տիրոջ խոսքը ձեր շուրթերում կհնչի որպես ճշմարտություն և արդարու- թյուն: ՔԱ 109.4

Ուրիշներին փրկելու համար ձեր ջանքերը պետք է զուգակցվեն բազում գաղտնի աղոթքներով, քանի որ հոգիների փրկության գիտությունը հասկանալու համար մեծ իմաստնություն է պահանջվում: Մինչև մարդկանց հետ հաղորդակցվելը’ կապվեք Քրիստոսի հետ: Երկնային շնորհի գահից պատրաստություն ձեռք բերեք մարդկանց ծառայելու համար: ՔԱ 110.1

Թող ձեր սիրտը փշրվի կենդանի Աստծո հանդեպ ունեցած փափագից: Քրիստոսի կյանքը ցույց տվեց, թե ինչ կարող է անել մարդկությունը’ հաղորդակից լինելով աստվածային բնությանը: Այն ամենը, ինչ Քրիստոսը ստացավ Աստծուց, մենք նույնպես կարող ենք ունենալ: Ուրեմն խնդրեք և ստացեք: Հակոբի համառ հավատով, Եղիայի անկոտրում հաստատակամությամբ պահանջեք Աստծուց այն բոլորը, ինչ Նա խոստացել է: ՔԱ 110.2

Թող Աստծո մասին վեհ պատկերացումները տիրեն ձեր մտքերին: Թող ձեր կյանքն անտեսանելի կապով կապված լինի Հիսուսի կյանքի հետ: Նա, Ով հրամայեց, որ լույս ծագի խավարից, պատրաստ է ճառագելու ձեր սրտի մեջ և տալու Աստծո փառքի գիտության լույսն ի դեմս Հիսուս Քրիստոսի: Սուրբ Հոգին կբացի Աստծո ճշմարտությունները’ դրոշմելով դրանք ինչպես մի կենդանի զորություն հնազանդ սրտի մեջ: Քրիստոսը կառաջնորդի ձեզ դեպի Անսահմանի շեմը: Դուք կարող եք վարագույրի հետևում տեսնել փառքը և հայտնել մարդկանց Նրա զորության մասին, Ով միշտ կենդանի է, որ բարեխոսի մեզ համար: [150] ՔԱ 110.3