ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

17/62

Գանձի արժեքը

Փրկիչը տեսավ, որ մարդիկ ընկած են շահի հետևից և տեսադաշտից կորցնում են հավիտենական իրականությունները: Նա Իր վրա վերցրեց այս չարիքն ուղղելու գործը: Նա փորձում էր հեռացնել այն շլացնող հմայքը, որը կաթվածահար էր անում հոգին: Իր ձայնը բարձրացնելով’ Նա աղաղակեց. «Ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհն ստանա, և իր անձը կորցնի. կամ ի՞նչ գին կտա մարդ իր անձը փրկելու համար” (Մատթեոս 16.26): Նա ընկած մարդկության առաջ ներկայացնում է ավելի ազնիվ մի աշխարհ, որ մարդիկ կորցրել էին տեսադաշտից, որպեսզի նրանք կարողանան տեսնել հավիտենական իրողությունները: Նա հասցնում է նրանց Անսահմանի շեմին, որ լցված է Աստծո աննկարագրելի փառքով, և ցույց է տալիս այնտեղ գտնվող գանձը: [107] ՔԱ 73.3

Այս գանձի արժեքը վեր է ոսկուց կամ արծաթից: Երկրի հանքերի հարստությունը չի կարող համեմատվել դրա հետ: ՔԱ 73.4

«Անդունդն ասում է. Նա ինձանում չէ, և ծովն ասում է. Ինձ մոտ չկա: Նրա փոխարեն ամենամաքուր ոսկին չի տրվի, և արծաթը չի վճարվի իբրև նրա գինը: Նա Ոփիրի ոսկիով չի գնահատվի և ոչ պատվական եղեգնաքարով ու շափյուղայով: Նրան չարժի ոսկի ու ակնվանի, և նա չի փոխվի ոսկեկուռ անոթների հետ: Բուստն ու բյուրեղը չեն էլ հիշվի. և իմաստնության ստացվածքը մարգարիտներից առավել է” (Յոբ 28.14-18): ՔԱ 73.5

Սա այն գանձն է, որ գտնվում է Սուրբ Գրքում: Աստվածաշունչը Աստծո մեծ դասագիրքն է, Նրա մեծ դաստիարակը: Աստվածաշնչում է գտնվում բոլոր ճշմարիտ գիտությունների հիմքը: Ամեն տեսակ գիտելիք կարելի է ձեռք բերել’ քննելով Աստծո խոսքը: Եվ մնացած ամեն ինչից առավել այն պարունակում է բոլոր գիտությունների գիտությունը’ փրկության գիտությունը: Աստվածաշունչը Քրիստոսի անքննելի հարստությունների հանքն է: ՔԱ 74.1

ճշմարիտ բարձրագույն կրթությունը ձեռք է բերվում ուսումնասիրելով Աստծո խոսքը և հնազանդվելով նրան: Բայց երբ Աստծո խոսքը արհամարհվում է այն գրքերի պատճառով, որոնք չեն առաջնորդում դեպի Աստված կամ երկնային արքայություն, ապա այդ ձեռք բերված կրթությունն այդ անվան խեղաթյուրումն է: ՔԱ 74.2

Հրաշալի ճշմարտություններ կան բնության մեջ: Երկիրը, ծովը և երկինքը լի են ճշմարտությամբ: Դրանք մեր ուսուցիչներն են: Բնության ձայնը լսվում է երկնային իմաստության և հավիտենական ճշմարտության դասերի մեջ: Բայց ընկած մարդը չի հասկանում: Մեղքը խավարեցրել է նրա տեսողությունը, և նա ինքը չի կարողանում մեկնաբանել բնությունը’ առանց այն Աստծուց վեր դասելու: ճշմարիտ դասերը չեն կարող տպավորվել նրանց մտքերում, ովքեր մերժում են Աստծո խոսքը: Նրանք այնպես են խեղաթյուրել բնության ուսուցումը, որ այն հեռացնում է միտքը Արարչից: ՔԱ 74.3

Շատերը մարդկային իմաստությունն ավելի բարձր են համարում, քան աստվածային Ուսուցչի իմաստությունը, իսկ Աստծո դասագիրքը դիտվում է որպես հնացած և անհետաքրքիր: [108] Բայց նրանք, ովքեր կենդանացել են Սուրբ Հոգով, այդպես չեն կարծում: Նրանք տեսնում են անգին գանձը, և համաձայն են վաճառել ամեն ինչ’ գնելու համար այն դաշտը, որտեղ գտնվում է գանձը: Այն գրքերի փոխարեն, որոնք ընդգրկում են մեծահամբավ հեղինակների ենթադրությունները, նրանք ընտրում են Նրա խոսքը, Ով մեծագույն հեղինակն է և մեծագույն ուսուցիչը, որ երբևէ ճանաչել է աշխարհը, Ով Իր կյանքը տվեց մեզ համար, որ Նրա միջոցով մենք կարողանանք հավիտենական կյանք ունենալ: ՔԱ 74.4