ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ
Մանանեխի հատիկի նման
Ըստ Մատթեոսի 13.31,32, Մարկոսի 4.30-32, Ղուկասի 13.18,19:
Քրիստոսի խրատները լսող բազմության մեջ կային շատ փարիսեցիներ: Սրանք արհամարհանքով էին նկատում, թե որքան քչերն են Նրան ընդունում որպես Մեսիա: Եվ իրենք իրենց հարց էին տալիս, թե ինչպե՞ս կարող էր այս համեստ Ուսուցիչը Իսրայելին հասցնել համաշխարհային իշխանության: Ինչպե՞ս էր Նա հաստատելու նոր արքայությունը’ չունենալով ոչ հարստություն, ոչ պատիվ և ոչ էլ իշխանություն: Քրիստոսը, կարդալով նրանց մտքերը, պատասխանեց. «Աստծո արքայությունն ինչի՞ նման է. և ինչի՞ նմանեցնեմ նրան”: Երկրային կառավարությունների մեջ չկար ոչինչ, որ օրինակ ծառայեր նմանեցնելու համար: Քաղաքացիական ոչ մի հասարակարգ չէր կարող Նրա համար որպես խորհրդանշան ծառայել: Աստծո արքայությունը «նման է մանանեխի հատի, - ասաց Նա,- որ երբ որ հողի մեջ սերմվում է, երկրի վրա եղած ամեն սերմերից փոքրն է, և երբ որ սերմվում է, բուսնում է և ամեն բանջարից ավելի մեծ է լինում, և մեծ-մեծ ճյուղեր է արձակում, մինչև որ կարողանում են երկնքի թռչունները նրա հովանիի տակ բնակվել”: [77] ՔԱ 51.1
Սերմի մեջ սաղմը աճում է Աստծո կողմից ներդրված կյանքի սկզբունքի դրսևորման շնորհիվ: Նրա զարգացումը կախում չունի մարդկային ուժից: Այդպես էլ Քրիստոսի արքայությունը: Դա նոր արարչություն է, որի զարգացման սկզբունքները հակադիր են նրանց, ովքեր ղեկավարում են այս աշխարհի թագադրությունները: Երկրային կառավարություններն իշխում են ֆիզիկական ուժով, նրանք պահպանում են իրենց իշխանությունը պատերազմով, սակայն նոր թագավորության հիմնադիրը Խաղաղության Իշխանն է: Սուրբ Հոգին երկրային թագադրությունները ներկայացնում է գիշատիչ գազանների խորհրդանշով, բայց Քրիստոսը «Աստծո Գառն է, որ վեր է առ- նում աշխարհի մեղքը” (Հովհաննես 1.29): Նրա կառավարման համակարգում խղճի վրա բռնություն չկա: Հրեաները սպասում էին, որ Աստծո արքայությունը պետք է հաստատվի նույն ձևով, ինչպես աշխարհի թագավորությունները: Արդարություն ձեռք բերելու համար նրանք դիմում էին արտաքին ձևերին: Նրանք մեթոդներ և ծրագրեր էին հնարում: Բայց Քրիստոսը սկզբունք է սերմանում: ճշմարտություն և արդարություն սերմանելով’ Նա հակամարտում է մոլորության ու մեղքի հետ: ՔԱ 51.2
Երբ Հիսուսը պատմում էր այս առակը, հեռվում և մոտակայքում կարելի էր մանանեխի թուփ տեսնել, որն աճելով ինքնիրեն, բարձրացել էր խոտից ու հասկից էլ վեր ու թեթևակի ճոճում էր իր ճյուղերն օդում: Թռչունները թռչկոտում էին ճյուղից ճյուղ և դայլայլում տերևախիտ սաղարթի մեջ: Մինչդեռ այն սերմը, որից ծլել էր այս հսկա բույսը, փոքրագույննե- րից մեկն էր: Սկզբում այն մի նուրբ ընձյուղ է արձակում, որը սակայն մեծ կենսունակություն ունի, և աճում է ու փարթամանում, մինչև հասնում է մեծ չափերի: Քրիստոսի արքայությունն էլ սկզբում ասես համեստ ու աննշան էր: Համեմատած երկրային թագավորությունների հետ’ այն ամենափոքրն էր թվում: Այս աշխարհի կառավարիչները ծաղրեցին Քրիստոսի’ թագավոր լինելու հավակնությունը: Բայցևայնպես, հետևորդներին տրված զորեղ ճշմարտություններում պարունակվող Ավետարանի արքայությունն աստվածային կյանք ուներ: Եվ որքա՜ն արագընթաց էր նրա աճը, որքա՜ն լայնատարած’ նրա ազդեցությունը: Երբ Քրիստոսը պատմում էր այս առակը, այնտեղ կային ընդամենը մի քանի գալիլեացի գյուղացիներ, որ կարող էին ներկայացնել նոր թագավորությունը: [78] Նրանց աղքատության, սակավաթիվ լինելու պատճառով էր, որ շատերը չմիացան նրանց’ այդ պարզամիտ ձկնորսներին, ովքեր հետևում էին Հիսուսին: Սակայն մանանեխի հատիկը պետք է աճեր ու սփռեր իր ճյուղերն ամբողջ աշխարհով մեկ: Երբ երկրային թագավորությունները, որոնց փառքով էր լցված մարդկանց սրտերը, կործանվեին, Քրիստոսի թագավորությունը կմնար որպես զորեղ և հավիտենական իշխանություն: ՔԱ 52.1
Շնորհի աշխատանքը սրտի մեջ նույնպես աննշմարելի է սկզբում: Ասված մի խոսք, հոգու վրա ընկած լույսի մի ճառագայթ, և ազդեցությունը կատարված է, որը նոր կյանքի սկիզբն է, և ո՞վ կարող է չափել դրա արդյունքները: ՔԱ 52.2
Մանանեխի սերմի առակով ոչ միայն Քրիստոսի արքայության աճն է լուսաբանվում, այլ նաև դրա աճման յուրաքանչյուր աստիճանում կրկնվում է առակում ներկայացված փորձառությունը: Յուրաքանչյուր սերնդում Իր եկեղեցու համար Աստված ունի հատուկ ճշմարտություն և հատուկ գործ: Այն ճշմարտությունը, որը ծածկված է աշխարհիկ իմաստուններից և գիտուններից, հայտնվում է նրանց, ովքեր երեխայի նման են և խոնարհ: Այն ինքնազոհության կոչ է անում: Այն մարտեր ունի պատերազմելու և հաղթանակներ’ շահելու: Սկզբում նրա ջատագովները քիչ են: Նրանց առարկում ու արհամարհում են երկրի մեծամեծները և աշխարհի հետ համակերպված եկեղեցին: Տեսեք Հովհաննես Մկրտչին’ Քրիստոսի նախակարապետին, որ մենակ դուրս եկավ կշտամբելու հրեա ժողովրդի հպարտությունն ու ձևամոլությունը: Տեսեք Եվրոպայ ում Ավետարանի առաջին տարածողներին: Որքան մռայլ, որքան անհույս էր թվում Պողոսի և Շիղայի առաքելությունը, երբ նրանք, երկու վրանագործներ, իրենց ընկերների հետ նավ են նստում Տրովադայից Փիլիպպե գնալու համար: Տեսեք «տարեց Պո- ղոսին” շղթաների մեջ, որ Քրիստոս է քարոզում կայսեր ամրոցում: Տեսեք ստրուկների և գյուղացիների փոքրիկ համայնքները, որ պայքարում են կայսերական Հռոմի հեթանոսության դեմ: Տեսեք Մարտին Լյութերին, որ դուրս էր գալիս հզոր եկեղեցու դեմ, որն աշխարհի իմաստության գլուխգործոցն էր: Տեսեք, թե ինչպես է նա ամուր բռնել Աստծո խոսքն ընդդեմ կայսեր և պապի’ հայտարարելով. «Սա է իմ կյանքի հիմքը, ես այլ կերպ չեմ կարող վարվել, թող Աստված ինձ օգնի”: [79] Տեսեք Ջոն Ուեսլիին, երբ Քրիստոսին ու Նրա արդարությունն էր քարոզում ձևապաշտության, զգայապաշտության և անհավատության մեջ: Տեսեք նրան’ բեռնավորված հեթանոս աշխարհի վշտերով աղաչելիս, որ Քրիստոսի սիրո ավետիսը կարողանա նրանց հասցնել: Լսեք հոգևորականության պատասխանը. «Նստիր, երիտասարդ: Երբ Աստված կամենա դարձի բերել հեթանոսներին, Նա կանի այդ առանց քո կամ իմ օգնության»: ՔԱ 53.1
Ներկա սերնդի կրոնական մեծ առաջնորդները փառաբա- նություններ են հնչեցնում և հուշարձաններ կանգնեցնում նրանց համար, ովքեր դարեր առաջ ցանել են ճշմարտության սերմը: Մի՞թե այսօր շատերը չեն շրջվում այդ աշխատանքից ու կոխկրտում նույն սերմից աճած ծլերը: Կրկնվում է հին աղաղակը. «Մենք գիտենք, որ Աստված Մովսեսի հետ խոսեց, բայց սրան (Քրիստոսին՜ ի դեմս Իր լրաբերի) չգիտենք, թե որտեղից է” (Հովհաննես 9.29): Այսօր էլ, ինչպես անցյալ դարերում, ներկա ժամանակվա համար հատուկ ճշմարտությունները կարելի է գտնել ոչ թե եկեղեցական հեղինակությունների, այլ այն տղամարդկանց և կանանց մոտ, ովքեր չափազանց կըրթ- ված կամ չափազանց իմաստուն չեն Աստծո խոսքին հավատալու համար: ՔԱ 54.1
«Հենց ձեր կոչումին նայեք, եղբայրներ, որ ոչ թե շատ իմաստուններ մարմնի կողմից, և ոչ թե շատ զորավորներ, և ոչ թե շատ ազնվականներ. Այլ այս աշխարհի հիմարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնի իմաստուններին, և աշխարհիս տկարներին Աստված ընտրեց, որ ամաչեցնի զորավորներին: Եվ աշխարհիս անտոհմներին և անարգվածներին Աստված ընտրեց և ոչինչներին, որ մի բան լինողներին ոչնչացնի» (Ա Կորնթացիս 1.26-28), «որ ձեր հավատքը մարդկանց իմաստությունով չլինի, այլ Աստծո զորությունով» (Ա Կորնթացիս 2.5): ՔԱ 54.2
Եվ այս վերջին սերնդի մեջ էլ մանանեխի հատիկի առակը պետք է հասնի փայլուն և հաղթական իրականացման: Փոքրիկ սերմը ծառ է դառնալու: Նախազգուշացման և ողորմության վերջին լուրը պետք է հասնի «ամեն ազգի և ցեղի և լեզվի” (Հայտնություն 14.6-14), «որ հեթանոսներից ժողովուրդ առնի իր անունի համար” (Գործք առաքելոց 15.14, Հայտնություն 18.1): Եվ երկիրը կլուսավորվի Նրա փառքից: [80] ՔԱ 54.3