ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

60/62

Ո՞վ է իմ ընկերը

Ըստ Ղուկասի 10.25-37:

«Ո՞վ է իմ ընկերը» հարցը հրեաների մեջ անվերջանալի վիճաբանություն էր առաջացնում: Նրանք ոչ մի կասկած չունեին հեթանոսների և սամարացիների վերաբերյալ: Սրանք օտարականներ ու թշնամիներ էին: Բայց որտե՞ղ պիտի լիներ սահմանագիծն իրենց ազգի մարդկանց և հասարակության տարբեր խավերի միջև: Քահանաները, վարդապետներն ու ծերերը ո՞ւմ պիտի համարեին ընկեր: Նրանք անց էին կացնում իրենց կյանքը շարունակական ծեսերի մեջ, որպեսզի մաքրեին իրենց: Տգետ ու անհոգ բազմության հետ շփումը, ինչպես նրանք սովորեցնում էին, այնպիսի պղծություն էր, որ տանջալից ջանքեր էր պահանջում մաքրվելու համար: Մի՞թե «անմաքուրներին» նրանք պետք է ընկերներ համարեին: ՔԱ 306.1

Այս հարցին Քրիստոսը պատասխանեց բարի սամարացու առակով: Նա ցույց տվեց, որ մեր ընկերը սոսկ նա չէ, ով պատկանում է մեր եկեղեցուն կամ հավատին: Դա ոչ մի առնչություն չունի ռասայի, գույնի կամ դասակարգային տարբերության հետ: Մեր ընկերն է յուրաքանչյուր անձնավորություն, որ մեր օգնության կարիքն է զգում: Մեր ընկերն է ամեն մի մարդ, որ վիրավորված ու վնասված է ոսոխի կողմից: Մեր ընկերն է ամեն ոք, ով Աստծո սեփականությունն է: [377] ՔԱ 306.2

Բարի սամարացու առակով Քրիստոսը պատասխանեց օրենքի վարդապետի տված հարցին: Երբ Փրկիչը սովորեցնում էր, «մեկ օրինական վեր կացավ, նրան փորձում էր’ ասելով. Վարդապետ, ի՞նչ գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»: Փարիսեցիներն առաջարկել էին օրինականին տալու այդ հարցը այն հույսով, որ Յիսուսին բռնացնեին Իր խոսքերի մեջ, և անհամբերությամբ սպասում էին Նրա պատասխանին: Բայց Փրկիչը վիճաբանության մեջ չմտավ: Նա պատասխանը պահանջեց հարց տվողից: «Օրենքումն ի՞նչ է գրված,- հարցրեց Նա,- ինչպե՞ս ես կարդում»: Հրեաները դեռևս մեղադրում էին Հիսուսին, որ Նա թեթևամտությամբ է վերաբերվում Սինա լեռան վրա տրված օրենքին, բայց Նա փրկության հարցը կապեց Աստծո պատվիրանների հետ: ՔԱ 306.3

Օրինականն ասաց. «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտով, քո բոլոր հոգով, քո բոլոր զորությունով, և քո բոլոր մտքով. և քո ընկերոջը’ քո անձի պես»: «Ուղիղ պատասխանեցիր,- ասաց Քրիստոսը,- այդ արա, և կապրես»: ՔԱ 307.1

Օրինականը չէր բավարարվում փարիսեցիների վիճակով ու գործով: Նա ուսումնասիրում էր գրքերը դրանց ճշմարիտ իմաստը հասկանալու փափագով: Հետաքրքրությունից դրդված’ նա անկեղծորեն հարցրեց. «Ի՞նչ գործեմ»: Օրենքի պահանջներին վերաբերող իր պատասխանում նա շրջանցեց բոլոր ծիսական արարողությունները: Նա դրանց ոչ մի արժեք չտվեց, այլ ներկայացրեց երկու մեծ սկզբունքները, որոնց վրա հիմնված են օրենքն ու մարգարեները: Հավանություն տալով այդ պատասխանին’ Փրկիչը առավելություն ձեռք բերեց փարիսեցիների համեմատ: Նրանք չկարողացան մեղադրել Նրան այն բանի հաստատման համար, որ տվել էր օրենքի մեկնաբանը: ՔԱ 307.2

«Այդ արա, և կապրես”,- ասաց Քրիստոսը: Իր ուսուցման մեջ Նա միշտ օրենքը ներկայացնում էր որպես աստվածային միասնություն’ ցույց տալով, որ անհնարին պահել մեկ պատվիրանը և խախտել մյուսը, քանի որ բոլորի հիմքում ընկած է նույն սկզբունքը: Ողջ օրենքին հնազանդվելուց է կախված մարդու ճակատագիրը: [378] ՔԱ 307.3

Քրիստոսը գիտեր, որ ոչ մեկը չի կարող հնազանդվել օրենքին իր սեփական ուժերով: Նա ցանկանում էր օրինականին առաջնորդել ավելի հստակ և խոր ուսումնասիրության, որպեսզի նա կարողանար գտնել ճշմարտությունը: Միայն Քրիստոսի արժանիքներն ու շնորհն ընդունելով’ մենք կարող ենք պահել օրենքը: Հավատալով մեղքի քավությանը’ ընկած մարդն ի վիճակի է դառնում սիրել Աստծուն իր ամբողջ սրտով և իր ընկերոջն’ իր անձի պես: ՔԱ 307.4

Օրինականը գիտեր, որ ինքը ոչ առաջին չորս պատվիրանն էր պահել, ոչ էլ վերջին վեցը: Նա գիտակցեց իր մեղավորությունը Քրիստոսի քննող խոսքերի ազդեցության տակ, բայց իր մեղքը խոստովանելու փոխարեն’ նա փորձեց արդարացնել այն: ճշմարտությունը ճանաչելու փոխարեննա ջանաց ցույց տալ, թե որքան դժվար է կատարել պատվիրանները: [379] Այսպես նա հույս ուներ միաժամանակ և’ կասեցնել հանդիմանությունը և’ արդարացնել իրեն ժողովրդի աչքին: Փրկչի խոսքերը ցույց տվեցին, որ նրա հարցն իզուր էր, քանի որ նա ինքն էլ կարող էր պատասխանել դրան: Բայց և այնպես նա մի ուրիշ հարց տվեց. «Ո՞վ է իմ ընկերը»: ՔԱ 307.5

Քրիստոսը կրկին հրաժարվեց մտնելու վիճաբանության մեջ: Նա պատասխանեց հարցին՝ պատմելով մի դեպք, որը դեռ թարմ էր Իր ունկնդիրների հիշողության մեջ: «Մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով. և ավազակների ձեռքն ընկավ, նրանք էլ մերկացրին նրան և խոցոտեցին նրան, կիսամահ թողեցին գնացին»: ՔԱ 308.1

Երուսաղեմից դեպի Երիքով գնալիս ճամփորդը պիտի անցներ Յուդայի անապատի մի մասով: ճանապարհն անցնում էր վայրի, ժայռոտ կիրճով, որը լի էր ավազակներով և հաճախ էր դառնում բռնության թատերաբեմ: Այստեղ էր, որ հարձակվել էին ճամփորդի վրա, թալանել այն ամենը, ինչ արժեքավոր էր’ կիսամեռ թողնելով նրան ճանապարհի եզրին: Երբ նա այդպես ընկած էր, մի քահանա անցավ այդ ճանապարհով, տեսավ վիրավոր ու ծեծված մարդուն, որ շաղախված էր իր իսկ արյունով, բայց լքեց նրան’ առանց որևէ օգնություն ցույց տալու: Նա «անցավ ճանապարհի մյուս կողմով”: Հետո եկավ մի ղևտացի: Հետաքրքրված, թե ի՞նչ է պատահել, նա կանգ առավ ու նայեց տուժածին: Գիտակցեց, թե ինչ պետք է անել, բայց դա ցանկալի պարտականություն չէր: Նա կուզենար, որ այդ ճանապարհով անցած չլիներ, որպեսզի չտեսներ վիրավոր մարդուն: Նա համոզեց ինքն իրեն, որ այդ դեպքը իրեն չի վերաբերում, և նույնպես անցավ «ճանապարհի մյուս կողմով»: ՔԱ 308.2

Բայց մի սամարացի նույն ճանապարհով ճամփորդելիս տեսավ տուժածին և արեց այն, ինչ մյուսները հրաժարվեցին անել: Քնքշանքով ու բարությամբ նա ծառայեց վիրավոր մարդուն: «Երբ նրան տեսավ’ գթաց: Եվ մոտ եկավ, նրա խոցերը փաթաթեց’ վրան ձեթ և գինի ածելով. և իր անասունի վրա դրած տարավ նրան մի իջևան, և նրան հոգ տարավ: [380] Եվ հետևյալ օրը, երբ որ այն տեղից դուրս էր գնում, երկու դահեկան հանեց և իջևանի տիրոջը տվեց և ասաց նրան. Դրան հոգ տար, և ինչ որ ավելի ծախս անես, ես մյուս անգամ հետ դառնալիս կվճարեմ քեզ»: Քահանան և ղևտացին’ երկուսն էլ բարեպաշտ էին ձևանում, բայց սամարացին ցույց տվեց, որ ինքը իրապես դարձի եկած է: Նրան այդ աշխատանքը ավելի հաճելի չէր, քան քահանայի և ղևտացու համար, բայց հոգով և գործերով նա ապացուցեց, որ ներդաշնակ է Աստծո հետ: ՔԱ 308.3

Տալով այս դասը’ Քրիստոսը պարզ ու համոզիչ ձևով ներկայացրեց օրենքի սկզբունքները’ ցույց տալով լսողներին, որ նրանք անտեսել են կատարել դրանք: Նրա խոսքերն այնքան որոշակի և նպատակասլաց էին, որ լսողները ոչ մի հնարավորություն չկարողացան գտնել առարկելու Նրան: Օրինականը դասի մեջ ոչինչ չգտավ, որ կարողանար քննադատել: Նրա նախապաշարումները Քրիստոսի վերաբերյալ անհետացան: Բայց նա դեռ բավականաչափ չէր հաղթահարել իր ազգային ատելությունը, որ պատվեր սամարացուն անունով: Երբ Քրիստոսը հարցրեց. «Այս երեքից ո՞րն է երևում քեզ, թե ընկեր է եղել այն ավազակների ձեռքն ընկած մար- դին», նա պատասխանեց. «Նա, որ ողորմություն արեց նրան”: ՔԱ 309.1

«Ապա Հիսուսը նրան ասաց. Գնա, դու էլ այնպես արա»: Ցույց տուր նույն քնքուշ բարությունը նրանց, ովքեր կարիքի մեջ են: Այդպիսով կվկայես, որ կատարում ես ամբողջ օրենքը: ՔԱ 309.2

Հրեաների և սամարացիների միջև եղած մեծ տարբերությունը նրանց հավատի մեջ էր այն հարցում, թե որն է ճշմարիտ երկրպագությունը: Փարիսեցիները ոչ մի լավ բան չէին ասում սամարացների մասին, այլ ամենաթունդ անեծքներն էին թափում նրանց վրա: Այնքան ուժեղ էր հրեաների և սամարացիների միջև եղած հակակրանքը, որ սամարացի կնոջը տարօրինակ թվաց, երբ Քրիստոսը ջուր խնդրեց նրանից: «Դու, որ հրեա ես, ինչպե՞ս ես ինձնից ջուր ուզում խմել, որ մի սամարացի կին եմ»: «Որովհետև ,- ավելացնում է ավետարանիչը,- հրեաները չեն խառնվում սամարացիների հետ” (Հովհաննես 4.9): [381] Հրեաները լցված էին այնքան վայրագ ատելությամբ Քրիստոսի հանդեպ, որ տաճարը մտան քարկոծելու Նրան, և ավելի լավ խոսքեր չգտան արտահայտելու իրենց ատելությունը, քան’ «Չէ՞ որ մենք լավ ենք ասում, թե դու սամարացի ես և դև ունես” (Հովհաննես 8.48): Եվ այնուհանդերձ, քահանան ու ղևտացին անտեսեցին այն գործը, որ Տերը պատվիրել էր նրանց’ թողնելով, որ ատելի ու արհամարհված սամարացին ծառայի իրենց իսկ հայրենակիցներից մեկին: ՔԱ 309.3

Սամարացին կատարեց պատվիրանը’ «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես”‘ դրանով ցույց տալով, որ ինքն ավելի արդար մարդ է, քան նրանք, ում կողմից դատապարտվում էր: Վտանգելով իր սեփական կյանքը’ նա իր եղբոր պես վարվեց վիրավորի հետ: Այս սամարացին ներկայացնում է Քրիստոսին: [382] Փրկիչը մեր հանդեպ այնպիսի սեր ցուցաբերեց, որին մարդկային սերը երբեք չի կարող հավասարվել: Երբ մենք վիրավոր էինք և մահամերձ, Նա խղճաց մեզ: Նա չանցավ մեր կողքով’ թողնելով մեզ կորչելու անօգնական ու անհույս: Նա չմնաց Իր սուրբ ու երջանիկ տան մեջ, որտեղ Նա սիրված էր երկնային ողջ զորքի կողմից: Նա տեսավ մեր խորը կարիքը, հանձն առավ մեր գործը և մարդկության շահերն Իրենը դարձրեց: Նա մեռավ, որ փրկեր Իր թշնամիներին: Նա աղոթեց Իրեն սպանողների համար: Ցույց տալով Իր սեփական օրինակը’ Նա ասում է Իր հետևորդներին. «Սա եմ պատվիրում ձեզ, որ իրար սիրեք», «ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք” (Հովհաննես 15.17, 13.34): ՔԱ 310.1

Քահանան ու ղևտացին տաճարում պաշտամունքի էին եղել, և նրանց ծառայությունը նշանակված էր անձամբ Աստծո կողմից: Մասնակցել այդ արարողությանը’ մեծ ու պատվավոր առավելություն էր, և նրանք մտածեցին, որ այդպես մեծարվելուց հետո իրենց համար ստորացուցիչ բան է ծառայել ճանապարհին ընկած մի անծանոթ տուժածի: Այդպես նրանք արհամարհեցին այն հատուկ հնարավորությունը, որ Աստված առաջարկել էր նրանց որպես Իր գործակիցների’ օգնել իրենց ընկերոջը: ՔԱ 310.2

Շատերն այսօր էլ նման սխալներ են գործում: Նրանք իրենց պարտականությունները բաժանում են երկու տարբեր խմբերի: Մի խումբը բաղկացած է մեծ բաներից, որոնք պետք է ղեկավարվեն Աստծո օրենքով, մյուսը կազմված է այսպես կոչված փոքր բաներից, որոնց մեջ. «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես” պատվիրանն անտեսված է: Աշխատանքի այս ասպարեզը թողնված է քմահաճույքին, որ ենթակա է հակվածությանը կամ մղումներին: Այսպիսով բնավորությունն ապականվում է, իսկ Քրիստոսի կրոնը’ խեղաթյուրվում: ՔԱ 310.3

Կան այնպիսիք, որ մտածում են, թե իրենց արժանապատվությունից ցածր է ծառայել տառապյալ մարդկությանը: Շատերն անտարբերությամբ ու արհամարհանքով են նայում նրանց, ովքեր ավերել են իրենց հոգու տաճարը: Մյուսներն աղքատներին արհամարհում են տարբեր պատճառներով: Նրանք կարծում են, թե Քրիստոսի գործի համար են աշխատում’ ձգտելով մի ինչ-որ մեծ ձեռնարկություն կառուցել: [383] Նրանք հավատում են, որ մի մեծ գործ են անում, և չեն կարող կանգ առնել ու նկատել աղքատի և տառապյալի կարիքները: Այդ մեծ թվացող գործն առաջ տանելու համար նրանք նույնիսկ կարող են ճնշել աղքատներին: Նրանց կարող են գցել ծանր ու դժվարին կացության մեջ’ զրկելով իրավունքներից կամ անտեսելով նրանց կարիքները: Եվ նրանք դեռ կարծում, թե այդ բոլորը թույլատրելի է, որովհետև նրանք, ինչպես իրենք են կարծում, առաջ են տանում Քրիստոսի գործը: ՔԱ 311.1

Շատերը թույլ են տալիս մի եղբոր կամ մերձավորի առանց որևէ օգնության պայքարելու անբարենպաստ հանգամանքներում: Քանի որ նրանք իրենց քրիստոնյա են անվանում, նա կարող է եզրակացնել, որ իրենց սառը եսասիրությամբ նրանք ներկայացնում են Քրիստոսին: Եվ քանի որ Տիրոջ կոչեցյալ ծառաները չեն համագործակցում Նրա հետ, Աստծո սերը, որ պետք է հորդեր նրանցից, մեծ չափով կտրված է նրանց մերձավորներից: Եվ երախտագիտության ու փառաբանության մի հսկայական հեղեղ, որ պիտի բխեր մարդկանց սրտերից ու շուրթերից, հետ չի հոսում առ Աստված: Նրանից կողոպտում են Նրա սուրբ անվանը վայել փառքը: Նրանից կողոպտում են այն հոգիներին, ում համար մեռավ Քրիստոսը, հոգիներ, ում Նա փափագում է Իր թագավորության մեջ ընդունել, որպեսզի ապրեն Իր ներկայությամբ անվերջ դարերի ընթացքում: ՔԱ 311.2

Աստվածային ճշմարտությունը քիչ ազդեցություն է գործում աշխարհի վրա, մինչդեռ մեր գործունեության շնորհիվ այն մեծ ազդեցություն պետք է ունենար: Կրոնի ձևական դավանումը շատ տարածված է, բայց այն կշիռ չունի: Մենք կարող ենք պնդել, թե Քրիստոսի հետևորդներն ենք, թե հավատում ենք Աստծո խոսքի յուրաքանչյուր ճշմարտությանը, բայց սա ոչ մի օգուտ չի տա մեր մերձավորներին, եթե մեր հավատը չկիրառվի մեր առօրյա կյանքում: Մեր կրոնը կարող է այնքան վսեմ լինել, որքան երկինքը, բայց դա ոչ մեզ կփրկի, ոչ էլ մեր ընկերոջը, եթե մենք քրիստոնյա չլինենք: Մի ճիշտ օրինակ ավելի շատ օգուտ կբերի աշխարհին, քան թե մեր բոլոր խոս- քերը: ՔԱ 311.3

Եսասիրական արարքներով երբեք չենք կարող ծառայել Քրիստոսի գործին: Նրա գործը ճնշվածի և աղքատի գործն է: [384] Նրա այսպես կոչված հետևորդների սրտերը Քրիստոսի ջերմ կարեկցության կարիքն ունեն’ մի ավելի խորը սիրո այն անձանց հանդեպ, որոնց Նա այնքան գնահատեց, որ Իր կյանքը տվեց նրանց փրկության համար: Սա կարող ենք մատուցել Աստծուն: Մեր ամբողջ եռանդի վատնումը ինչ-որ առերևույթ մեծ գործի վրա այն ժամանակ, երբ արհամարհում ենք կարիքավորներին կամ զրկում օտարականին իր իրավունքներից, այն ծառայությունը չէ, որ արժանանա Նրա հավանությանը: ՔԱ 312.1

Մարդու սրբագործումը Սուրբ Հոգու աշխատանքի շնորհիվ’ Քրիստոսի բնության արմատավորումն է մարդկության մեջ: Ավետարանի կրոնը’ հենց Քրիստոսն է սրտում, կենդանի գործուն մի սկզբունք: Դա Քրիստոսի շնորհն է’ բացահայտված բնավորության մեջ և արտահայտված բարի գործերում: Ավետարանի սկզբունքները չի կարելի առանձնացնել գործնական կյանքի որևէ բնագավառից: Քրիստոնեական կյանքի ու գործունեության ամեն մի ոլորտում պիտի երևա Քրիստոսի կյանքը: ՔԱ 312.2

Աստվածապաշտության հիմքը սերն է: Ինչպիսին էլ լինեն խոսքերը, ոչ մի մարդ չի կարող մաքուր սեր ունենալ առ Աստված հանդեպ, եթե անշահախնդիր սեր չունենա իր եղբոր հանդեպ: Բայց մենք երբեք չենք տիրանա այս հոգուն’ փորձելով սիրել ուրիշներին: Քրիստոսի սերը մեր սրտում’ ահա թե ինչ է հարկավոր մեզ: Երբ «ես”-ը թաղվում է Քրիստոսի մեջ, սերը ինքնաբերաբար դուրս է ցայտում: Քրիստոնեական կատարյալ բնավորությունը ձեռք է բերվում այն ժամանակ, երբ ներքին մի ուժ մշտապես դրդում է օգնելու և երջանկացնելու ուրիշներին, երբ երկնային լույսը լցնում է սիրտը և արտահայտվում դեմքի վրա: ՔԱ 312.3

Անհնար է, որ սիրտը զուրկ լինի սիրուց, եթե նրանում բնակվում է Քրիստոսը: Եթե սիրում ենք Աստծուն, քանի որ սկզբից Նա սիրեց մեզ, մենք կսիրենք բոլոր նրանց, ում համար մեռավ Քրիստոսը: Մենք չենք կարող շփվել աստվածության հետ, եթե չշփվենք մարդկության հետ, քանի որ Նրանում, Ով նստում է տիեզերքի գահին, միաձուլված են աստվածայինն ու մարդկայինը: Միանալով Քրիստոսին’ մենք միանում ենք նաև մեր ընկերներին սիրո շղթայի ոսկյա օղակներով: [385] Հետևաբար Քրիստոսի գութն ու կարեկցանքը կարտահայտվեն մեր կյանքում: Մենք չեն սպասի, որ մեզ մոտ բերեն կարիքավորին ու դժբախտին: Մեզ չեն աղերսի, որ հասկանանք ուրիշների վիշտը: Մեզ համար բնական կլինի ծառայել կարիքավորին ու տառապյալին, ինչպես Քրիստոսն էր ման գալիս’ բարին գործելով: ՔԱ 313.1

Որտեղ որ սիրո ու կարեկցանքի մղումներ կան, որտեղ որ սիրտը ձգտում է օրհնել ու օգնել ուրիշներին, այնտեղ դրսևորվում է Աստծո Սուրբ Հոգու աշխատանքը: Հեթանոսության խորքերում մարդիկ, ովքեր ոչ մի գաղափար չունեին Աստծո գրված օրենքից, ովքեր երբեք չէին լսել Քրիստոսի անունն անգամ, բարի են եղել Նրա ծառաների հանդեպ’ պաշտպանելով նրանց իրենց սեփական կյանքի գնով: Նրանց գործերը ցույց են տալիս աստվածային զորության աշխատանքը: Սուրբ Հոգին Քրիստոսի շնորհն է ներդրել վայրենի հեթանոսի սրտում’ արթնացնելով նրա կարեկցանքը’ հակառակ իր բնությանն ու դաստիարակությանը: Այն «Լույսը, որ ամեն մարդի լուսավորում է, որ գալիս է աշխարհ» (Հովհաննես 1.9), շողում է նրա հոգու մեջ, և այս լույսը, եթե ընդունվի, նրա քայլերը կուղղի դեպի Աստծո թագավորությունը: [386] ՔԱ 313.2

Երկնքի փառքը ընկածին բարձրացնելու, դժբախտին մխիթարելու մեջ է: Եվ որտեղ էլ որ Քրիստոսը բնակվի մարդկանց սրտերում, Նա կբացահայտվի այդ սկզբունքով: Որտեղ էլ որ այն գործի, այնտեղ Քրիստոսի կրոնը օրհնություն կբերի: Որտեղ Աստծո փառքն է, այնտեղ պայծառություն կլինի: ՔԱ 313.3

Աստված ոչ մի տարբերություն չի դնում ազգերի, ցեղերի կամ դասակարգերի միջև: Նա ողջ մարդկության Արարիչն է: Բոլոր մարդիկ պատկանում են մեկ ընտանիքի թե’ ստեղծագործությամբ և թե’ փրկությամբ: Քրիստոսը եկավ քանդելու բաժանության ամեն մի պատ, բացելու տաճարի ամեն մի բաժանմունք, որպեսզի յուրաքանչյուր հոգի ազատ կարողանա մոտենալ Աստծուն: Նրա սերն այնքան լայն է, այնքան մեծ և այնքան խորը, որ թափանցում է ամենուրեք: Այն ազատում է սատանայի կապանքներից այն խեղճ հոգիներին, ովքեր մոլորության մեջ են ընկել նրա խաբեությամբ: Այն մոտեցնում է նրանց Աստծո գահին, գահ, որի շուրջը փայլում է ավետյաց ծիածանը: ՔԱ 314.1

Քրիստոսի մեջ ոչ հրեա կա, ոչ հույն, ոչ ծառա, ոչ ազատ: Բոլորն էլ մոտեցել են Նրա թանկագին արյունով: (Գաղատա- ցիս 3.28, Եփեսացիս 2.13): ՔԱ 314.2

Ինչպիսին էլ լինի կրոնական հավատի տարբերությունը, տառապյալ մարդկության կանչը պետք է լսվի ու պատասխան ստանա: Որտեղ որ թշնամական հարաբերություն գոյությունի ունի դավանանքի տարբերության պատճառով, այնտեղ շատ գործ կարելի է կատարել անհատական ծառայության միջոցով: Սիրո ծառայությունը կվերացնի նախապաշարումները և Աստծո համար հոգիներ կշահի: ՔԱ 314.3

Մենք պետք է նկատենք ուրիշների վշտերը, դժվարություններն ու նեղությունները: Պիտի կիսենք թե’ մեծերի և թե’ փոքրերի, թե’ հարուստների և թե’ աղքատների ուրախություններն ու հոգսերը: «Ձրի առել եք՝ ձրի տվեք»,- ասում է Քրիստոսը: (Մատթեոս 10.8): Մեր շուրջբոլորը խեղճ, փորձվող հոգիներ են, ովքեր կարիք ունեն կարեկից խոսքերի և գործնական օգնության: Կան որբևայրիներ, որոնց Քրիստոսն Իր հետևորդներին պատվիրեց ընդունել որպես Աստծո կողմից վստահվածներ: Շատ հաճախ նրանց արհամարհանքով շրջանցում են: Նրանք կարող են լինել ցնցոտիավոր, անտաշ և ամեն ինչով անհրապույր, բայց և այնպես նրանք Աստծո սեփականությունն են: [387] Նրանց համար փրկագին է վճար- վել, և նրանք նույնքան թանկ են Նրա աչքին, որքան և մենք: Նրանք Աստծո մեծ ընտանիքի անդամներ են, և քրիստոնյաները’ որպես Նրա տնտեսներ, պատասխանատու են նրանց համար: «Նրանց հոգիները,- ասում է Նա,- ես ձեր ձեռքից կպահանջեմ”: ՔԱ 314.4

Մեղքը մեծագույնն է բոլոր չարիքներից, և մեր պարտքն է խղճալ և օգնել մեղավորին: Բայց բոլորին չի կարելի նույն ձևով մոտենալ: Կան շատերը, ովքեր թաքցնում են իրենց հոգու սովը: Սրանց մեծապես կօգնեն քնքուշ խոսքն ու բարի հիշողությունները: Կան ուրիշները, ովքեր մեծ կարիքի մեջ են, սակայն չգիտեն այդ մասին: Նրանք չեն գիտակցում իրենց հոգու սարսափելի թշվառությունը: Շատ շատերն այնպես են ընկղմվել մեղքի մեջ, որ ընդունակ չեն ընկալելու հավիտենական իրականությունը, կորցրել են Աստծո նմանությունը և նույնիսկ չգիտեն, որ հոգի ունեն, որը պետք է փրկվի: Նրանք ոչ հավատ ունեն Աստծո հանդեպ և ոչ էլ վստահություն’ մարդու վրա: Սրանցից շատերին կարելի է մոտենալ միայն անշահախնդիր բարությամբ: Նախ պիտի հոգալ նրանց ֆիզիկական կարիքները: Նրանց պետք է կերակրել, մաքրել և կարգին հագցնել: Երբ նրանք տեսնեն ձեր անձնուրաց սիրո ապացույցը, նրանց համար հեշտ կլինի հավատալ Քրիստոսի սիրուն: ՔԱ 315.1

Մարդիկ կան, որ սխալ են գործում և զգում են իրենց ամոթն ու հիմարությունը: Նրանք այնքան են նայում իրենց սխալներին ու մոլորություններին, մինչև հասնում են գրեթե հուսահատության: Մենք չպետք է անտեսենք այս հոգիներին: Երբ մեկը փորձում է լողալ հոանքին հակառակ, ապա այն ամբողջ ուժով հետ է քաշում նրան: Եկեք օգնության ձեռք մեկնենք նրան, ինչպես Ավագ Եղբոր ձեռքը հասավ սուզվող Պետրոսին: Ասացեք նրան հուսադրող խոսքեր, որոնք վստահություն կներշնչեն և սեր կարթնացնեն: ՔԱ 315.2

Ձեր եղբայրը, որ հոգեպես հիվանդ է, ձեր կարիքն ունի, ինչպես դուք էլ եք կարիք ունեցել եղբայրական սիրո: Նրան այնպիսի մեկի փորձն է պետք, որ նույնքան թույլ է եղել, որքան ինքը, մեկի, որ կարող է կարեկցել ու օգնել իրեն: Մեր սեփական թուլության զգացումը կօգնի մեզ, որ կարողանանք օգնել մեկ ուրիշին իր խիստ կարիքի մեջ: [388] Երբեք չպետք է անցնենք մի տառապյալի կողքով’ առանց ջանալու մխիթարել նրան այնպես, ինչպես մենք ենք մխիթարվում Աստծուց: ՔԱ 315.3

Քրիստոսի հետ հաղորդակցությունն անձնական կապն է կենդանի Փրկչի հետ, որ ուժ է տալիս մտքին, սրտին ու հոգուն հաղթահարելու ստոր, մեղավոր բնությունը: Պատմեք թափառականին, որ ամենակարող ձեռքը նրան կպահի, պատմեք, թե ինչպիսի անսահման մարդասիրությամբ է Քրիստոսը լցված, որ խղճում է նրան: Բավական չէ, որ նա հավատա միայն օրենքին և ուժին, բաներ, որոնք ոչ մի խղճահարություն չունեն և երբեք չեն լսում օգնության կանչը: Նա կարիք ունի սեղմելու մի ջերմ ձեռք, վստահելու մի սրտի, որը լի է բարությամբ: Նրա ուշադրությունը կենտրոնացրեք այն մտքի վրա, որ աստվածային ներկայությունը միշտ իր կողքին է, միշտ իրեն է նայում գթառատ սիրով: Խնդրեք նրան մտածել Յոր մասին, Ում սիրտը միշտ ցավում է մեղքի համար, Յոր մասին, Ում ձեռքը դեռևս մեկնված է, և Ում ձայնն ասում է դեռ. «Իմ զորությունից բռնեն, ինձ հետ խաղաղություն անեն. խաղաղություն անեն ինձ հետ” (Եսայիա 27.5): ՔԱ 316.1

Եթե դուք զբաղվում եք այս գործով, ապա այնպիսի աշխատակիցներ ունեք, ովքեր անտեսանելի են մարդկային աչքին: Երկնքի հրեշտակները սամարացու կողքին էին, որ հոգ էր տանում վիրավոր օտարականի մասին: Երկնային պալատների հրեշտակները կանգնած են բոլոր նրանց կողքին, ովքեր, օգնելով իրենց ընկերներին, ծառայում են Աստծուն: Եվ դուք համագործակցում եք նաև անձամբ Քրիստոսի հետ: Նա է Վերականգնողը, ու երբ աշխատեք Նրա ղեկավարության տակ, կտեսնեք մեծ արդյունքներ: ՔԱ 316.2

Այս գործում ձեր հավատարմությունից է կախված ոչ միայն ուրիշների բարօրությունը, այլ նաև ձեր հավիտենական ճակատագիրը: Քրիստոսը ջանում է ազնվացնել բոլոր նրանց, ովքեր ընկերակցում են Իրեն, որպեսզի մեկ լինենք Նրա հետ, ինչպես որ Ինքը մեկ է Յոր հետ: Նա թույլ է տալիս մեզ առնչվելու տառապանքի ու դժբախտության հետ, որպեսզի մեզ ազատի եսասիրությունից: Նա ձգտում է մեր մեջ զարգացնել Իր բնավորության հատկանիշները’ կարեկցանք, քնքշություն և սեր: Անցնելով ծառայության այս գործին’ մենք ընդունվում ենք Նրա դպրոցը, որպեսզի պատրաստվենք Աստծո պալատներում ապրելու համար: [389] Մերժելով այն’ մերժում ենք Նրա խրատները և ընտրում հավիտենական բաժանումը Նրանից: ՔԱ 316.3

«Եթե իմ ճանապարհներով գնաս,- ասում է Տերը,- եթե իմ պահպանությունը պահես, այն ժամանակ, ես քեզ ընթացք կտամ այս կանգնողների մեջ”, նույնիսկ այն հրեշտակների մեջ կկանգնես, որ շրջապատում են Նրա գահը: (Զաքարիա 3.7): Երկրում համագործակցելով երկնային էակների հետ նրանց աշխատանքում’ մենք պատրաստվում ենք հաղորդակցվել նրանց հետ երկնքում: Երկնային հրեշտակները, որ «սպա- սավոր հոգիներ են, ուղարկված սպասավորություն անելու նրանց համար, որ փրկությունը պիտի ժառանգեն» (Եբրայեցիս 1.14), կողջունեն նրան, ով ապրել է երկրի վրա, որպեսզի «ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի» (Մատթեոս 20.28): Այս օրհնյալ հաղորդակցության մեջ մենք կսովորենք, ի հավիտենական ուրախություն մեզ, այն ամենը, ինչ ընդգրկված է «Ո՞վ է իմ ընկերը» հարցի մեջ: [390] ՔԱ 317.1