ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ
Հետ վերցված տաղանդը
օույլ ծառայի դատավճիռը եղավ’ «Առեք դրանից տաղանդը և տվեք տասը տաղանդ ունեցողին»: Այստեղ, ինչպես նաև հավատարիմ ծառայի վարձատրության մեջ, ցույց է տրվում ոչ միայն վերջնական դատավճիռը, այլև հատուցման աստիճանական ընթացքն այս կյանքում: Ինչպես բնական, այնպես էլ հոգևոր աշխարհում, չօգտագործված ամեն մի ուժ կթուլանա և կկորչի: Գործելը կյանքի օրենքն է, ծուլությունը’ մահ: «Ամեն մեկին տրված է Հոգու հայտնությունը օգտի համար” (Ա Կորնթացիս 12.7): Սուրբ Հոգու պարգևներն ավելանում են, երբ դրանք օգտագործվում են ուրիշներին օրհնություն տալու համար: Բայց սահմանափակվելով ինքնածառայությամբ’ դրանք նվազում և ի վերջո վերանում են: Նա, ով հրաժարվում է տալ այն, ինչը ստացել է, ի վերջո կհայտնաբերի, որ ոչինչ չունի: Նա ընտրում է այն ընթացքը, որն անխուսափելիորեն դադարեցնում է ունակությունների զարգացումը և ի վերջո ոչնչացնում է դրանք: ՔԱ 295.1
Ոչ ոք չպետք է կարծի, թե կարող է ապրել եսասիրական կյանքով, և ծառայելով իր անձնական շահերին’ մտնել իր Տիրոջ ուրախության մեջ: Նրանք չեն կարող մասնակցել անձնուրաց սիրո ուրախությանը: Նրանք պիտանի չեն լինի երկնային բնակարաններին [365], չեն կարողանա գնահատել սիրո այն մաքուր մթնոլորտը, որ լցնում է երկինքը: Հրեշտակների ձայներն ու նրանց քնարների մեղեդին չեն գոհացնի նրանց: Երկնքի գիտությունը նրանց միայն առեղծված կթվա: ՔԱ 295.2
Մեծ դատաստանի օրը նրանց, ովքեր չեն աշխատել Քրիստոսի համար, ովքեր անհոգ ապրել են’ չկրելով ոչ մի պատասխանատվություն, մտածելով միայն իրենց մասին, գոհացնելով իրենց’ ողջ երկրի Դատավորը կդասի այն մարդկանց շարքին, ովքեր չարություն են գործել: Նրանք արժանի են նույն դատավճռին: ՔԱ 295.3
Շատ կոչեցյալ քրիստոնյաներ արհամարհում են Աստծո պահանջները և դրանում ոչ մի վատ բան չեն տեսնում: Նրանք գիտեն, որ հայհոյողները, մարդասպանները, շնացողները արժանի են պատժի, իսկ ինչ վերաբերում է իրենց, ապա իրենք հաճույք են ստանում կրոնական արարողություններից: Նրանք սիրում են լսել Ավետարանի քարոզը, դրա համար էլ իրենց քրիստոնյաներ են համարում: Թեև նրանք անց են կացրել կյանքը’ հոգալով միայն իրենց մասին, բայց նույնքան կզարմանան, որքան առակի անհավատարիմ ծառան, երբ լսեն այս վճիռը. «Առեք դրանից տաղանդը»: Հրեաների նման, նրանք իրենց օրհնությունների վայելքը շփոթում են դրանց օգտագործման հետ: ՔԱ 296.1
Մարդիկ, ովքեր արդարացնում են իրենց անգործությունը քրիստոնեական աշխատանքում, պատճառաբանում են, թե ի վիճակի չեն աշխատելու: Բայց մի՞թե Աստված նրանց այդքան անընդունակ է ստեղծել: Ոչ, երբեք: Այս անկարողությունն առաջացել է իրենց իսկ անգործությունից և ամրագրվել ու հավերժացվել իրենց կանխամտածված ընտրությամբ: Արդեն իրենց սեփական բնավորությունից նրանք հասկանում են դատավճռի արդյունքը. «Առեք դրանից տաղանդը»: Մշտապես արհամարհելով օգտագործել իրենց տաղանդները’ նրանք վշտացնում են Սուրբ Հոգուն, Ով միակ լույսն է: «Այն անպիտան ծառային հանեցեք դրսի խավարը”‘ այս դատավճիռը երկինքը հաստատում է’ ելնելով այն ընտրությունից, որ իրենք են արել հավիտենականության համար: [366] ՔԱ 296.2