ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

7/62

Փշերի մեջ

«Եվ փշերի մեջ սերմածը նա է, որ խոսքը լսում է, և այս աշխարհի հոգսերը, և հարստության խաբեությունը խեղդում են այն խոսքը, և անպտուղ է լինում»: ՔԱ 28.1

Ավետարանի սերմը հաճախ ընկնում է փշերի և վնասակար մոլախոտերի մեջ: Եվ եթե մարդկային սրտում բարոյական վերափոխում չի կատարվում, եթե հին սովորություններն ու գործերը և նախկին մեղսալից կյանքը չեն թողնվում, եթե սատանային բնորոշ հատկություններն արմատախիլ չեն արվում հոգուց, ապա ցորենի բերքը խեղդվում է: Փշերը բերք կտան և կխեղդեն ցորենին: ՔԱ 28.2

Շնորհը կարող է զարգանալ միայն այն սրտում, որը մշտապես պատրաստ է ընդունելու ճշմարտության թանկագին սերմը: Մեղքի փշերը աճում են ցանկացած հողի մեջ, նրանք մշակման կարիք չեն զգում, սակայն շնորհը պետք է խնամքով մշակվի: Տատասկներն ու փշերը միշտ պատրաստ են ծլելու, և անընդհատ պետք է մաքրման աշխատանքներ ձեռնարկել: Եթե սիրտը չպահվի Աստծո հսկողության տակ, եթե Սուրբ Հոգին անդադար չհղկի և ազնվացնի բնավորությունը, ապա հին սովորույթները երևան կգան կյանքում: Մարդիկ կարող են ասել, թե հավատում են Ավետարանին, բայց եթե նրանք սրբված չեն Ավետարանով, նրանց հավատն օգուտ չունի: [51] Եթե նրանք չեն հաղթում մեղքը, ապա մեղքն է հաղթում նրանց: Փշերը, որ կտրվել են, բայց արմատախիլ չեն արվել, նորից կաճեն, մինչև հոգին ամբողջությամբ չծածկվի դրանցով: ՔԱ 28.3

Քրիստոսը հատուկ կերպով նշել է այն բաները, որոնք վտանգավոր են հոգու համար: Ըստ Մարկոսի’ Նա նշում է դրանք’ այս աշխարհի հոգսերը, հարստության խաբուսիկությունը և այլ բաների ցանկությունները: Ղուկասն առանձնացնում է հոգսերը, հարստությունները և այս կյանքի հաճույքները: Ահա սրանք են, որ խեղդում են խոսքը, աճող հոգևոր սերմը: Հոգին այլևս չի սնվում Քրիստոսից, և հոգևորը մեռնում է սրտում: ՔԱ 28.4

«Այս աշխարհի հոգսերը»: Ոչ մի խավ ազատ չէ աշխարհիկ հոգսերի փորձությունից: Աղքատի համար ծանր աշխատանքը, զրկանքը և կարիքի վախը ծանր բեռ են ու շփոթեցնում են նրան: Հարուստին մտատանջում է կորուստի վախը, և նա լեցուն է անհանգստացնող բազում հոգսերով: Քրիստոսի հետևորդներից շատերը մոռանում են այն դասը, որ Նա պատվիրեց մեզ սովորելու դաշտի ծաղիկներից: Նրանք չեն վստահում Նրա մշտական հոգատարությանը: Քրիստոսը չի կարող կրել նրանց բեռը, որովհետև նրանք չեն դնում այն Իր վրա: Այդ պատճառով էլ կյանքի հոգսերը, որոնք նրանց պետք է մոտեցնեին Փրկչին օգնություն և մխիթարություն ստանալու համար, բաժանում են Նրանից: ՔԱ 28.5

Շատերը, ովքեր կարող են պտղաբեր լինել Աստծուն ծառայելու գործում, կքված են հարստություն ձեռք բերելու հոգսերի տակ: Նրանց ողջ եռանդը ներդրված է գործարքների, ձեռներեցության մեջ, և նրանք ստիպված են լինում արհամարհել հոգևոր արժեքները: Այսպիսով նրանք իրենց բաժանում են Աստծուց: Սուրբ Գիրքը մեզ պատվիրում է, «ջանքի մեջ թույլ չլինեք» (Հռոմեացիս 12.11): Մենք պարտավոր ենք աշխատել, որպեսզի կարիք ունեցողին բաժին հանենք: Քրիստոնյաները պետք է աշխատեն, պետք է գործարքների մեջ մտնեն, սակայն նրանք կարող են դա անել առանց մեղք գործելու: Սակայն շատերն այնքան կլանված են գործով, որ ժամանակ չունեն աղոթելու, Աստվածաշունչը կարդալու, Աստծուն փնտրելու և Նրան ծառայելու: Երբեմն հոգու ծարավը նրանց մղում է դեպի սրբություն, դեպի երկինք, բայց նրանք ժամանակ չունեն շրջվելու աշխարհի ժխորից, որպեսզի լսեն Աստծո Հոգու վսեմ և հեղինակավոր խոսքերը: [52] Հավերժականը երկրորդական է դառնում, աշխարհայինը’ գլխավոր: Խոսքի սերմը չի կարող պտուղ բերել, քանի որ հոգու ուժերը ծախսվում են աշխարհի փշերի վրա: ՔԱ 29.1

Շատերը, ովքեր գործում են անգամ այլ նպատակով, հայտնվում են նույն սխալի մեջ: Նրանք աշխատում են ուրիշների բարօրության համար, նրանց պարտականությունները և պատասխանատվությունները շատ են, և նրանք թույլ են տալիս, որ աշխատանքը խանգարի աստվածապաշտ կյանքին: Աստծո հետ հաղորդակցությունն աղոթքի և Նրա խոսքի ուսումնասիրության միջոցով’ արհամարհվում է: Նրանք մոռանում են, որ Քրիստոսն ասել է. «Առանց ինձ ոչինչ չեք կարող անել» (Հովհաննես 15.5): Նրանք քայլում են Քրիստոսից հեռու, նրանց կյանքը ներծծված չէ Նրա շնորհով, և «ես”-ին բնորոշ գծեր են ի հայտ գալիս: Նրանց ծառայությունն ապականված է գերիշխանության տենչով և անհնազանդ սրտի կոպիտ ու անվայել գծերով: Այստեղ է քրիստոնեական աշխատանքում ձախողման գլխավոր գաղտնիքներից մեկը: Ահա թե ինչու նրա արդյունքները հաճախ այսքան խղճուկ են լինում: ՔԱ 29.2

«Հարստության խաբեությունը”: Հարստության սերը գրավիչ, խաբուսիկ ուժ ունի: Շատ հաճախ նրանք, ովքեր աշխարհային գանձեր ունեն, մոռանում են, որ Աստված է իրենց ուժ տալիս հարստություն ձեռք բերելու համար: Նրանք ասում են. «Այս հարստությունն իմ կարողությամբ և իմ ձեռքի ուժով վաստակեցի” (Երկրորդ Օրինաց 8.17): Աստծո հանդեպ երախտագիտություն արթնացնելու փոխարեն’ այդ հարստությունը տանում է անձի մեծարման: Նրանք կորցնում են Աստծուց կախված լինելու և մերձավորների հանդեպ իրենց պարտքի զգացումը: Հարստությունը որպես տաղանդ գնահատելու փոխարեն, որը պետք է գործածվի Աստծո փառքի և մարդկության վերելքի համար, այն դիտում են որպես միջոց իրենց ծառայելու համար: Մարդու մեջ Աստծո բնավորության գծերը զարգացնելու փոխարեն’ այս կերպ օգտագործված հարստությունը զարգացնում է նրանում սատանայի հատկանիշները: Խոսքի սերմը խեղդվում է փշերով: [53] ՔԱ 30.1

«Եվ այս կյանքի հաճույքները»: Վտանգավոր են այն զվարճությունները, որոնք միայն մարդու «ես»-ն են բավարարում: Բավականություն ստանալու բոլոր սովորությունները, որոնք թուլացնում են ֆիզիկական ուժերը, մթագնում միտքը կամ թմրեցնում հոգևոր ընկալունակությունը, «մարմնավոր ցանկություններ են, որ կռվում են հոգու դեմ” (Ա Պետրոս 2.11): ՔԱ 30.2

«Եվ այլ բաների ցանկությունները»: Պարտադիր չէ, որ սրանք իրենց էությամբ մեղսավոր լինեն, բայց այսպիսիք, որ Աստծո թագավորությունից առաջ են դրվում: Ինչ որ շեղում է միտքը Աստծուց, ինչ որ հեռացնում է սերը Քրիստոսի հանդեպ, թշնամի է հոգուն: ՔԱ 30.3

Երբ միտքը երիտասարդ է, զորավոր և ընդունակ արագ զարգանալու, մեծ գայթակղություն կա եսամոլության և «ես”- ին ծառայելու համար: Երբ աշխարհիկ ծրագրերը հաջողվում են, ապա հակում կա շարունակելու այդ գործը, որը բթացնում է խիղճը, խանգարում ճիշտ գնահատել, թե որն է համարվում բնավորության իսկական գերազանցությունը: Երբ հանգամանքները նպաստեն սրա զարգացմանը, ապա այն կզարգանա Աստծո խոսքով արգելված ուղղությամբ: ՔԱ 30.4

Երեխաների կյանքի ձևավորման այս շրջանում ծնողների պատասխանատվությունը շատ մեծ է: Նրանք պետք է սովորեն ներգործել պատանիների վրա ճիշտ ազդեցությամբ, ազդեցություն, որը նրանց ճիշտ պատկերացում կտա կյանքի և նրա իսկական հաջողության մասին: Սրա փոխարեն որքա՜ն շատ ծնողներ իրենց առաջնային խնդիրն են դարձնում ապահովել երեխաների նյութական և երկրային բարգավաճումը: Նրանց ողջ ընկերական շրջապատն ընտրվում է այս նպատակին համապատասխան: Շատ ծնողներ հիմնում են իրենց տունը մի ինչ-որ մեծ քաղաքում և ծանոթացնում իրենց զավակներին բարձրաշխարհիկ հասարակության հետ: Նրանք շրջապատում են նրանց այնպիսի ազդեցություններով, որոնք զարգացնում են աշխարհասիրություն և հպարտություն: Այսպիսի պարագայում միտքը և հոգին գաճաճ են մնում, և կյանքի վեհ ու ազնիվ նպատակները տեսադաշտից դուրս մղվում: Աստծո որդի և հավիտենականության ժառանգորդ լինելու առավելությունը փոխանակվում է աշխարհային շահով: [54] ՔԱ 31.1

Շատ ծնողներ ջանում են նպաստել իրենց երեխաների երջանկությանը’ բավարարելով նրանց սերը զվարճությունների հանդեպ: Նրանք թույլ են տալիս նրանց զբաղվելու սպորտով, հաճախելու զվարճավայրեր, և նրանց ապահովում են դրամով, որպեսզի ինքնակամորեն օգտագործեն այն ցուցադրանքի և ինքնաբավարարման համար: Որքան ավելի շատ է բավարարվում հաճույքի տենչը, այնքան ավելի զորեղ է այն դառնում: Պատանիներն ավելի ու ավելի են գերվում զվարճություններով, մինչև որ դրանք դառնում են կյանքի մեծագույն նպատակ: Նրանք սովորում են ծուլության և գերի դառնում իրենց ինքնաբավարարման սովորություններին, ինչը գրեթե անհնարին է դարձնում երբևէ կայուն քրիստոնյա լինելը: ՔԱ 31.2

Անգամ եկեղեցին, որ պետք է լինի ճշմարտության սյուն և հաստատություն, խրախուսում է հաճույքի հանդեպ եսամոլական սերը: Երբ անհրաժեշտ է դրամ հայթհայթել կրոնական նպատակով, ինչպիսի՞ միջոցների են դիմում շատ եկեղեցիներ: Կազմակերպում են ընթրիքներ, բարեգործական տոնավաճառներ, նույնիսկ վիճակախաղեր և նման միջոցառումներ: Հաճախ այն տեղը, որ հատկացված է Աստծո պաշտամունքի համար, սրբապղծվում է կերուխումով, առուծախով և խնջույքներով: Երիտասարդության մեջ նվազում է հարգանքը Աստծո տան և Նրա պաշտամունքի նկատմամբ: Ինքնազսպման սահմանները թուլանում են: Եսասիրությունը, ախորժակը, ցուցամոլության սերը բավարարվելով’ ավելի են ամրապնդվում: ՔԱ 32.1

Հաճույքների և զվարճության վայրերը կենտրոնացված են քաղաքներում: Շատ ծնողներ, ովքեր ընտրում են քաղաքը որպես իրենց երեխաների բնակավայր’ հուսալով նրանց համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծել, հիասթափ- վում են և շատ ուշ զղջում իրենց ահավոր սխալի համար: Այսօրվա քաղաքներն արագորեն նմանվում են Սոդոմին ու Գոմորին: Մեծաթիվ տոները նպաստում են ծուլությանը: Գրգռիչ ժամանցները’ թատրոն հաճախելը, ձիարշավները, թղթախաղը, ոգելից խմիչքների գործածությունը և խնջույքները խթանում են ամեն տեսակ կրքերի ակտիվությունը: Երիտասարդությունը տարված է համընդհանուր հոսանքով: [55] Նրանք, ովքեր սովորում են սիրել զվարճությունը որպես այդպիսին, դուռ են բացում փորձությունների հեղեղի առաջ: Նրանք տրվում են հասարակական զվարճություններին և անմիտ ուրախություններին, և նրանց հաղորդակցությունը հաճոյասերների հետ թունավոր ազդեցություն է թողնում գիտակցության վրա: Շվայտության մի ձևից նրանք անցնում են դեպի մյուսը, մինչև կորցնում են օգտակար կյանք վարելու և’ ցանկությունը, և’ կարողությունը: Նրանց կրոնական ձգտումները սառչում են, և հոգևոր կյանքը մթագնում է: Հոգու բոլոր ազնիվ ունակությունները, այն ամենը, ինչ մարդուն կապում է հոգևոր աշխարհի հետ, որակազրկվում են: ՔԱ 32.2

ճիշտ է, որ ոմանք կարող են տեսնել իրենց հիմարությունը և ապաշխարել: Աստված կարող է ներել նրանց: Սակայն նրանք վնասել են իրենց հոգին և վտանգի ենթարկել իրենց մինչև կյանքի վերջը: Զանազանելու ուժը, որ միշտ պետք է խորաթափանց և նրբազգաց պահել ճիշտը սխալից տարբե- րե լու համար, գլխավորապես ոչնչացված է: Նրանք շուտ չեն կողմնորոշվում ճանաչելու Սուրբ Հոգու առաջնորդող ձայնը կամ տարբերելու սատանայի հնարքները: Շատ հաճախ վը- տանգի ժամանակ նրանք ընկնում են փորձության մեջ և Աստծուց հեռանում: Իրենց հաճոյասեր կյանքի վերջը կործանում է լինում թե’ այս և թե’ գալիք աշխարհի համար: ՔԱ 32.3

Հոգսերը, հարստությունը, հաճույքները, այս ամենը սատանան օգտագործում է կյանքի խաղի մեջ, որ նա խաղում է մարդկային հոգիներ շահելու նպատակով: Նախազգուշացումը տրված է. «Մի սիրեք աշխարհը և ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է: Եթե մեկն աշխարհը սիրի, Հոր սերը նրանում չէ, որովհետև ամեն ինչ, որ աշխարհումն է՝ մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և այս կյանքի ամբարտավանությունը, Հորից չէ, այլ աշխարհիցն է” (Ա Հովհաննես 2.15,16): Նա, Ով բաց գրքի պես կարդում է մարդկանց սրտերը, ասում է. «Զգույշ եղեք անձերիդ, միգուցե ձեր սրտերը ծանրանան շատակերությունով և արբեցությունով և ապրուստի հոգսերով» (Ղուկաս 21.34): Պողոս առաքյալն էլ, Սուրբ Հոգով լցված, գրում է. «Իսկ նրանք, որ կամենում են հարստանալ, փորձության և որոգայթի և շատ անմիտ վնասակար ցանկությունների մեջ են ընկնում, որ ընկղմում են մարդկանց սատակումի և կորուստի մեջ: [56] Որովհետև արծաթասիրությունը ամեն չարիքների արմատն է, որին մի քանիսը անձնատուր լինելով հավատքից մոլորվեցին և իրենց անձերը շատ ցավերով խոցեցին” (Ա Տի- մոթեոս 6.9,10): ՔԱ 33.1