ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 15 - ՆՈՐ ՍԿԻԶԲԸ
«Եվ տեսա նոր երկինք և նոր երկիր, որովհետև առաջի երկինքը և երկիրն անցավ” (Հայտնություն 21.1): Ամբարիշտներին լափող կրակը մաքրում է երկիրը: Անեծքի բոլոր հետքերը մաքրվում են: Չկա ոչ մի հավերժ այրվող դժոխք, որ փրկվածներին անդադար ներկայացնի մեղքի զարհուրելի հետևանքները: Մի բան է միայն հիշեցնելու դա, որ մեր Փրկիչը հավերժ պիտի կրի Իր խաչելության հետքերը: Նրա վիրավոր գլխի, խոցված ձեռքերի և ոտքերի վրա միակ հետքերն են այն դաժանության, որ գործել է մեղքը: ՀՊ 133.1
«Ով հոտի աշտարակ, Սիոնի աղջկա բլուրը, մինչև քեզ է գալու և հասնելու առաջի իշխանությունը” (Միքիա 4.8): Քրիստոսը հետ է նվաճել մեղքի կողմից բռնագրավված թագավորությունը, և փրկվածները պիտի Նրա հետ միասին տիրեն դրան: «Արդարները երկիրը կժառանգեն և հավիտյան կբնակվեն նրանում” (Սաղմոս 37.29): Սրբերի ժառանգությունը չափազանց նյութական դարձնելու վախը շատերին ստիպել է այլաբանորեն մեկնաբանել այն տողերը, ըստ որոնց նոր երկիրը պետք է լինի մեր տունը: Քրիստոսը հավատացնում էր Իր աշակերտներին, որ գնում է նրանց համար տներ պատրաստելու: Նրանք, ովքեր ընդունում են Աստծո խոսքը, ամբողջապես անտեղյակ չեն լինի երկնային բնակատեղից: Սակայն Պողոս առաքյալն ասում է. «Ինչ որ աչք չտեսավ, և ականջ չլսեց և մարդի սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված իրեն սիրողների համար” (Ա Կորնթացիս 2.9): Մարդկային լեզուն չափազանց աղքատ է, որպեսզի կարողանա նկարագրել արդարների վարձքը: Դա միայն նրանք կիմանան, ովքեր կտեսնեն սեփական աչքերով: Սահմանափակ միտքը անկարող է ըմբռնել Աստծո դրախտի փառքը: ՀՊ 133.2
Փրկվածների ժառանգությունը Աստվածաշնչում կոչվում է հայրենիք (Եբրայեցիս 11.14-16): Այնտեղ մեծ Հովիվը առաջնորդում է Իր հոտը դեպի կենդանի ջրերի աղբյուրներ: Կենաց ծառը ամիսը մեկ պտուղ է տալիս, և նրա տերևները ազգերի համար են: Հա- վերժ հոսող գետեր կան այնտեղ’ բյուրեղապակու նման մաքուր ջրով, իսկ դրանց ափերին օրորվող ծառերը ստվեր են գցում Աստծո փրկվածների համար պատրաստված կածանների վրա: Այնտեղ լայնատարած դաշտերը դառնում են չքնաղ բլուրներ, վեր են բարձրանում Աստծո լեռների սիգապանծ գագաթները: Այդ խաղաղ դաշտերում, այդ կենդանի գետերի կողքին Աստծո ժողովուրդը, որն այդքան երկար ժամանակ թափառական է եղել, կգտնի իր տունը: ՀՊ 133.3