ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՔՐԻՍՏՈՍԻ ԹԱԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Քրիստոսը նորից է հայտնվում Իր թշնամիների տեսադաշտում: Քաղաքի վերևում’ ողորկ ոսկյա պատվանդանի վրա, մի գահ է տեղադրված: Գահի վրա նստած է Աստծո Որդին, իսկ Նրա շուրջը’ Նրա թագավորության հպատակները: Բառերը կամ գրիչն անկարող են պատկերել Քրիստոսի հզորությունն ու վսեմությունը: Հավերժական Հոր փառքը պարուրել է Նրա Որդուն: Նրա ներկայութ- յան պայծառությունը լցնում է Աստծո քաղաքը ու տարածվում նրա պարիսպներից դուրս’ իր ճաճանչներով ողողելով ամբողջ երկիրը: ՀՊ 125.3
Գահին ամենամոտը կանգնած են նրանք, ովքեր մի ժամանակ սատանայի եռանդուն կամակատարներն են եղել, բայց հետո, ինչպես խանձողը կրակից փրկվելով, անմնացորդ նվիրվածությամբ հետևել են իրենց Փրկչին: Հետո գալիս են նրանք, ովքեր կեղծիքի ու անհավատության հորձանուտում կատարելագործել են իրենց քրիստոնեական բնավորությունները, նրանք, ովքեր ամեն ինչից բարձր են դասում Աստծո օրենքը, երբ քրիստոնյա աշխարհն արգելում էր այն, և բոլոր դարերում ապրած այն միլիոնավորները, ովքեր նահատակվել են հանուն իրենց հավատի: Նրանցից հետո գալիս է «մի շատ ժողովուրդ, որ ոչ ոք չէր կարող համարել, ամեն ազգից և ցեղերից և ժողովուրդներից և լեզուներից... աթոռի առաջին և Գառի առաջին, և սպիտակ հանդերձներ հագած, և իրենց ձեռքերում արմավենիներ” (Հայտնություն 7.9): Նրանց պատերազմն ավարտված է, հաղթանակը’ նվաճված: Նրանք վազել են իրենց ասպարեզը ու հաղթանակի հասել: Նրանց ձեռքի արմավենիները նրանց հաղթանակն են խորհրդանշում, իսկ սպիտակ հանդերձները’ Քրիստոսի անբիծ արդարությունը, որն այժմ իրենցն է: ՀՊ 126.1
Փրկվածները Տիրոջ գովքն են երգում, որը արձագանքում է երկնքի կամարների տակ. «Փրկությունը մեր Աստծուն, որ նստում է աթոռի վրա, և Գառին»: Հրեշտակները նրանց են միացնում իրենց ձայնը: Տեսնելով սատանայի զորությունն ու չարությունը’ փրկվածները այժմ առավել, քան երբեք, գիտակցում են, որ ոչ մի ուրիշ ուժ, բացի Քրիստոսի զորությունից, չէր կարող իրենց հաղթողներ դարձնել: Այդ ամբողջ բազմության մեջ չկա գեթ մեկը, որ իրեն վերագրի իր փրկությունը, մտածի, թե սեփական ուժերով ու առաքինությամբ է նվաճել այն: Ոչ ոք չի խոսում իր արածների կամ իր կրած տանջանքների մասին: Բոլոր երգերի բովանդակությունը, բոլոր հիմների թեման մեկն է. «Փրկությունը մեր Աստծուն. և Գառին” (Հայտնություն 7.10): ՀՊ 126.2
Երկրի և երկնքի բնակիչների ներկայությամբ տեղի է ունենում Աստծո Որդու վերջնական թագադրությունը: Եվ այժմ’ գերագույն իշխանությամբ ու զորությամբ օժտված, թագավորների Թագավորը կարդում է Իր իշխանության դեմ ապստամբածների դատավճիռը ու պատժում նրանց, ովքեր խախտել են Իր օրենքը ու հալա- ծել Իր ժողովրդին: Աստծո մարգարեն ասում է. «Ես տեսա մի սպիտակ աթոռ, և նրա վրա նստողին, որի երեսից երկինքը և երկիրը փախան և տեղ չգտնվեց նրանց համար: Եվ տեսա մեռելները մեծ և փոքր կանգնած աթոռի առջև, և գրքեր բացվեցին, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ է կյանքի գիրքը, և մեռելները դատվեցին այն գրքում գրվածներից իրենց գործերի համեմատ” (Հայտնություն 20.11,12): ՀՊ 126.3
Հենց որ բացվում են հիշատակի գրքերը, ու Հիսուսը նայում է ամբարիշտներին, նրանք անմիջապես մեկ առ մեկ գիտակցում են իրենց բոլոր մեղքերը: Նրանք տեսնում են, թե որտեղ է իրենց ոտքը շեղվել անարատության ու սրբության արահետից, ուր է հասցրել իրենց գոռոզությունն ու խռովարարի ոգին, ինչ աստիճանի են խախտել Աստծո օրենքը: Հրապուրիչ գայթակղությունները, որոնք նրանք իրենց վրա են բերել մեղքին անձնատուր լինելով, օրհնանքները, որ աղավաղել են, ողորմածության ալիքները, որ հետ են մղել’ համառ, չապաշխարող սրտով, այս ամենը, կարծես բոցեղեն տառերով գրված, հայտնվում է նրանց աչքերի առաջ: ՀՊ 127.1