ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

55/100

Թաղումը

Հովհաննեսն իրեն կորցրել էր՝ չիմանալով, թե ինչ պիտի անի իր սիրելի Տիրոջ մարմնի հետ: Նա սարսռում էր այն մտքից, որ անտաշ ու անզգամ զինվորները կարող են հանել Նրան խաչից ու թաղել որևէ անպատիվ գերեզմանոցում: Նա գիտեր, որ հրեական իշխանություններն իրեն չեն տա Հիսուսի մարմինը: Պիղատոսից էլ նա մեծ սպասելիքներ չուներ: Սակայն Հովսեփն ու Նիկոդեմոսը դիմեցին այդ քայլին: Նրանք երկուսն էլ ատյանի անդամ էին, ծանոթ էին Պիղատոսի հետ, երկուսն էլ հարուստ ու ազդեցիկ մարդիկ էին: Նրանք որոշել էին արժանավայել ձևով թաղել Հիսուսի մարմինը: ՀՊ 78.4

Հովսեփը համարձակորեն գնաց Պիղատոսի մոտ ու խնդրեց Հիսուսի դին’ թաղելու համար: Այդ ժամանակ Պիղատոսը պաշտոնապես հրամայեց, որ Հիսուսի մարմինը տրվի Հովսեփին: Մինչ Հովհաննեսը տագնապի մեջ էր’ անհանգստանալով իր սիրելի Ուսուցչի աճյունի ճակատագրով, Արիմաթացի Հովսեփը վերադարձավ կուսակալի մոտից’ թույլտվությունը ձեռքին, իսկ Նիկոդեմո- սը, որ կանխազգում էր Պիղատոսի և Հովսեփի հանդիպման արդյունքը, եկավ’ հետը բերելով մոտ հարյուր լիտրի չափ թանկարժեք զմուռս ու հալվե: Երուսաղեմի ամենապատվավոր քաղաքացիները նույնիսկ նման մեծ պատիվների չէին արժանանում մահվան մահճում: ՀՊ 79.1

Հովսեփն ու Նիկոդեմոսը մեղմորեն ու ակնածանքով’ սեփական ձեռքերի վրա իջեցրեցին Հիսուսին խաչից: Նրանց արցունքի դառն կաթիլներն ընկնում էին Փրկչի ծեծված, բզկտված մարմնին: Նրանք լվացին մարմինն ու մաքրեցին արյան բծերը նրա վրայից: Հովսեփը քարե մի նոր գերեզման ուներ, որն իր համար էր պա- հում: Այն Գողգոթայի մոտ էր: Նա գերեզմանը պատրաստեց Հիսուսի համար: Մարմինը’ Նիկոդեմոսի բերած խնկերի հետ միասին, զգուշությամբ փաթաթեցին կտավե սավանով, և երեք աշակերտներ տարան այդ թանկարժեք մարմինը գերեզման, որտեղ նախկինում ոչ մի հանգուցյալ չէր թաղվել: Այնտեղ նրանք ուղղեցին Հիսու- սի խեղված ոտքերը և խոցոտված ձեռքերը ծալեցին Նրա անշունչ կրծքի վրա: Գալիլեայի կանայք մոտ եկան’ տեսնելու, թե արդյո՞ք արվել է այն ամենը, ինչ կարելի էր անել իրենց սիրելի Ուսուցչի անկենդան մարմնի հետ: Նրանք տեսան, թե ինչպես գերեզմանի մուտքը փակվեց ծանր քարով, և Աստծո Որդին մնաց գերեզմա- նում: Կանայք վերջինն էին, որ հեռացել էին խաչի մոտից, և վերջինը հեռացան Քրիստոսի գերեզմանից: ՀՊ 79.2

Չնայած հրեա իշխանավորներն իրագործել էին իրենց սատանայական մտադրությունը’ մահվան մատնելով Աստծո Որդուն, նրանց երկյուղը չէր անցել, և ոչ էլ մարել էր նախանձը Քրիստոսի հանդեպ: Բավարարված վրեժի զգացումը խառնված էր մի մշտական վախի հետ, որ Հովսեփի գերեզմանում զետեղված Նրա մեռած մարմինը կարող է դարձյալ կենդանանալ: Դրա համար էլ «քա- հանայապետերը և փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ և ասացին. Տեր, հիշում ենք, որ այն մոլորեցուցիչը, դեռ կենդանի, ասում էր. Երեք օրից հետո հարություն կառնեմ. ուրեմն հրամայիր, որ մինչև երրորդ օրը գերեզմանն զգուշությունով պահեն. միգուցե աշակերտները գիշերը գան’ նրան գողանան և ժողովրդին ասեն’ Մեռելներից հարություն առավ, և հետին մոլորությունը չար լինի, քան թե առաջինը” (Մատթեոս 27.62-64): Պիղատոսը նույնպես, ինչպես հրեաները, չէր ցանկանում, որ Հիսուսը հարություն առնի զորությամբ և պատժի նրանց, ովքեր մահվան են մատնել Իրեն: Եվ նա քահանաների տրամադրության տակ դրեց հռոմեացի զինվորների մի ջոկատ: ՀՊ 79.3

Հրեաները հասկանում էին Հիսուսի գերեզմանի մոտ նման մի պահակախումբ ունենալու անհրաժեշտությունը: Նրանք կնիք դրեցին գերեզմանի մուտքը փակող քարի վրա, որպեսզի այն հնարավոր չլինի առանց իմացվելու շարժել տեղից: Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի թույլ չտան, որ Հիսուսի աշակերտները որևէ խաբեության դիմեն իրենց Ուսուցչի մարմնի վերաբերյալ: Սակայն նրանց բոլոր ծրագրերն ու նախազգուշական միջոցները ծառայեցին միայն այն բանին, որ ավելի կատարյալ դարձնեն հաղթական հարությունը և ավելի հաստատեն դրա ճշտությունը: ՀՊ 80.1