ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Երկու բաժինները
Խորանը երկու բաժնից կամ սենյակից էր բաղկացած, որոնք միմյանցից բաժանված էին վարագույրով: Խորանի ողջ կահույքը ձուլածո ոսկուց էր պատրաստված կամ ոսկեջրած էր: Խորանի վարագույրները տարբեր գույների էին՝ գեղեցիկ կերպով դասավորված, և նրանց վրա ոսկյա ու արծաթյա թելերով քերովբեներ էին ասեղնագործված: Այդ քերովբեները պետք է խորհրդանշեին հրեշտակների այն բազմությունը, ովքեր մասնակցում են երկնային սրբարանի աշխատանքին և սրբերի համար սպասարկու հրեշտակներ են երկրի վրա: ՀՊ 50.1
Երկրորդ վարագույրի կամ քողի հետևում տեղադրված էր վկայության տապանակը, և գեղեցիկ ու շքեղ վարագույրը քաշված էր սրբազան տապանակի առաջից: Վարագույրը չէր հասնում շինության առաստաղին: Աստծո փառքը, որը քավության վերևում էր, տեսանելի էր երկու բաժիններից, սակայն առաջին բաժնից շատ ավելի քիչ էր երևում: ՀՊ 50.2
Տապանակի դեմ-դիմաց, բայց վարագույրով բաժանված, գտնվում էր խունկի ոսկե սեղանը: Այս սեղանի վրայի կրակը Տերն Ինքն էր վառել: Այն մեծ սրբությամբ պահպանվում էր’ նրա մեջ մշտապես խունկ դնելով, որն օր ու գիշեր իր անուշ բուրմունքով լցնում էր սրբարանը: Այդ բուրմունքը խորանից մի քանի մղոն հեռավորության վրա անգամ զգացվում էր: Երբ քահանան խունկ էր ծխում Տիրոջ առջև, նա նայում էր դեպի քավությունը: Չնայած նա չէր տեսնում այն, բայց գիտեր, որ դա այնտեղ է, և երբ խունկն ամպի նման վեր էր բարձրանում, Տիրոջ փառքը իջնում էր քավության վրա և լցնում Սրբությունների Սրբությունը և տեսանելի էր նաև առաջին բաժնից: Փառքը հաճախ այնպես էր լցնում երկու բաժիններն էլ, որ քահանան ի վիճակի չէր լինում ծառայություն կատարել և ստիպած էր լինում կանգնել խորանի դռան մոտ: ՀՊ 50.3
Քահանան, ով հավատով իր աղոթքն էր ուղղում դեպի անտեսանելի քավությունը, խորհրդանշում է Աստծո ժողովրդին, ով իր աղոթքներն է ուղղում Քրիստոսին’ երկնային սրբարանի քավու թյան առաջ: Մարդիկ բնական աչքերով չեն տեսնում իրենց Միջնորդին, այլ հավատի աչքով են տեսնում Նրան’ քավության առաջ կանգնած, ու Փրկչին են ուղղում իրենց աղոթքները՝ վստահաբար պահանջելով Նրա միջնորդության օրհնությունները: ՀՊ 50.4
Այս սրբազան բաժինները պատուհաններ չունեին, որպեսզի լույսը ներս մտներ: Զուտ ոսկուց պատրաստված աշտանակը գիշեր ու ցերեկ վառվում էր ու երկու բաժինն էլ լուսավորում: Աշտանակների վրա տեղադրված ճրագների լույսը արտացոլվում էր շինության պատերի, սրբազան կահույքի և հրաշալի գույներով պատրաստված վարագույրների վրա, որոնց վրայի ոսկե ու արծաթե թելերով ասեղնագործված քերովբեները աննկարագրելիովն փառահեղ տեսք ունեին: Բառերով անհնար է նկարագրել այդ բաժինների գեղեցկությունը, գրավչությունն ու սրբազան շքեղությունը: Սրբարանի ոսկին արտացոլում էր վարագույրների գույները, որոնք փայլում էին ծիածանի բազմազան երանգներով: ՀՊ 51.1
Տարին միայն մեկ անգամ քահանայապետն իրավունք ուներ մուտք գործել Սրբությունների Սրբություն’ ուշադիր ու լուրջ նախապատրաստությունից հետո: Քահանայապետից բացի ոչ մի ուրիշ մահկանացուի աչք չէր կարող նայել այդ բաժնի սրբազան վեհությանը, քանի որ այն Աստծո տեսանելի փառքի հատուկ կացարանն էր: Քահանայապետը միշտ սարսռալով էր մտնում այդ սրահը’ մինչ մարդիկ հանդիսավոր լռությամբ սպասում էին նրա վերադարձին: Նրանց անկեղծ փափագն էր’ Աստծուց օրհնություն ստանալ: Քավության առջև Աստված խոսում էր քահանայապետի հետ: Եթե քահանայապետը սովորականից ավելի երկար էր մնում Սրբությունների Սրբությունում, մարդիկ հաճախ սարսափի էին մատնվում’ մտածելով, թե իրենց մեղքերի կամ քահանայապետի որևէ մեղքի պատճառով Տիրոջ փառքը սպանել է նրան: Սակայն երբ լսվում էր նրա շորերի վրայի զանգակների ձայնը, նրանք թեթևացած շունչ էին քաշում: Հետո քահանայապետը դուրս էր գալիս և օրհնում ժողովրդին: ՀՊ 51.2
Երբ խորանի աշխատանքներն ավարտվեցին, «մի ամպ ծածկեց ժողովքի վրանը, և Եհովայի փառքը լցրեց խորանը: Եվ Մով- սեսը չէր կարողանում մտնել ժողովքի վրանը, որովհետև ամպը նրա վրա էր նստել, և Եհովայի փառքը լցրել էր խորանը”: Որովհետև «Եհովայի ամպը ցերեկը խորանի վրա էր, և գիշերը նրա վրա կրակ կար, Իսրայելի բոլոր ժողովրդի առաջին’ իրենց բոլոր ճանապարհորդություններում”: ՀՊ 51.3
Խորանն այնպես էր պատրաստված, որ հնարավոր լիներ այն բաժանել մասերի ու իրենց հետ վերցնել բոլոր ճանապարհորդությունների ժամանակ: ՀՊ 52.1