ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Պատուհասները
Փարավոնի վրա ոչ մի ազդեցություն չգործեցին այն հրաշքները, երբ որ գավազանը օձ դարձավ, իսկ գետը’ արյուն: Դրանք միայն ավելի սաստկացրին նրա ատելությունը իսրայելացիների նկատ- մամբ: Երբ նրա մոգերն էլ նույնն արեցին, նա կարծեց, թե դա ոչ այլ ինչ է, քան կախարդանք: Սակայն նա բավարար չափով ապացույց ուներ’ համոզվելու, որ գորտերին հեռացնելն այլևս կախարդանք չէր: Աստված կարող էր մի ակնթարթում ոչնչացնել գորտերին, հող դարձնել, սակայն Նա չարեց այդ, քանի որ եթե գորտերը վերանային, թագավորն ու եգիպտացիները կասեին, թե դա նույնպես կախարդանք է, ճիշտ այնպիսի մի կախարդանք, ինչպիսին մոգերն են գործում: Գորտերը սատկեցին, և մարդիկ կույտ-կույտ հավաքեցին դրանց: Նրանց աչքի առաջ էին գորտերի նեխող մարմինները: Դրանց փտող մարմիններն ապականում էին օդը: Սրանք այնպիսի ապացույցներ էին թագավորի և ողջ Եգիպտոսի համար, որ նրանց ունայն փիլիսոփայությունն անկարող էր ժխտել, և պիտի ընդուներ, որ դա ոչ թե կախարդանք է, այլ երկնային Աստծո դատաստան: ՀՊ 31.4
Մոգերը չկարողացան ստեղծել մունը, որը հաջորդ պատուհասն էր: Տերը թույլ չտվեց անգամ, որ տեսողական խաբկանքի միջոցով թե’ նրանց և թե’ եգիպտացիներին թվա, թե իրենք կարող են ստեղծել մունը: Նա ցանկանում էր վերացնել անհավատության բոլոր պատճառները փարավոնի համար: Նա ստիպեց անգամ մոգերին հայտարարել. «Սա Աստծո մատն է”: ՀՊ 32.1
Հետո Եհովան շնաճանճի պարսեր ուղարկեց Եգիպտոսի վրա: Դրանք սովորական ճանճեր չէին՝ այն անվնաս արարածներին նման, որ ձանձրացնում են մեզ տարվա որոշ ամիսների, այլ մեծ ու թունավոր էին: Նրանք ցավոտ կերպով խայթում էին մարդկանց ու կենդանիներին: Աստված բաժանեց Իր ժողովրդին եգիպտացիներից և թույլ չտվեց, որ ճանճերը ներխուժեն նրանց բնակավայրերը: ՀՊ 32.2
Հաջորդ պատուհասը դաբաղն էր, որ կոտորեց եգիպտացիների անասուններին, իսկ հրեաների անասուններին չդիպավ: Ոչ մի եբրայեցու անասուն չսատկեց: Հետո Տերը թարախապալարներ առաջացրեց մարդկանց ու կենդանիների վրա, և նույնիսկ մոգերը չկարողացան պաշտպանվել դրանից: Հաջորդ պատուհասը, որ Տերն ուղարկեց եգիպտացիների գլխին՝ կարկուտն էր, որ տեղում էր կրակի հետ խառնված, կայծակով ու որոտով: Յուրաքանչյուր պատուհասից առաջ Տերը հայտնում էր, թե այն երբ է գալու, որպեսզի ոչ ոք չասեր, թե դա պատահական բան է: Տերը ցույց տվեց եգիպտացիներին, որ ամբողջ երկիրը հրեաների Աստծո իշխանության տակ է, որ Նրա ձայնին են ենթարկվում որոտը, կարկուտը և փոթորիկը: Փարավոնը’ հպարտ արքան, ով մի ժամանակ ասում էր. «Եհովան ո՞վ է, որ նրա խոսքին լսեմ”, այժմ խոնարհվեց և ասաց. «Մեղանչեցի. Եհովան արդար է, իսկ ես և իմ ժողովուրդը հանցավոր ենք”: Նա աղաչեց Մովսեսին, որ միջնորդի Աստծո մոտ և խնդրի, որ այդ ահավոր որոտն ու կայծակը կտրվեն: ՀՊ 32.3
Այնուհետև Տերը սարսափելի մորեխ բերեց Եգիպտոսի վրա: Սակայն թագավորը գերադասեց ընդունել մորեխի պարսերը, քան հնազանդվել Աստծուն: Նա առանց խղճի խայթ զգալու նայում էր, թե ինչպես է իր ամբողջ թագավորությունը ենթարկվում այդ ահավոր պատիժներին: Հետո Տերը խավար բերեց Եգիպտոսի վրա: Մարդիկ ոչ միայն լույսից կտրվեցին, այլ նաև հայտնվեցին հեղձուցիչ մի մթնոլորտում, այնպես, որ դժվարությամբ էին շնչում: Սակայն հրեաների մոտ մթնոլորտը մաքուր էր ու լույս կար նրանց տներում: ՀՊ 33.1
Տերը մի ահավոր պատուհաս ևս բերեց Եգիպտոսի գլխին, ավելի դաժան մի աղետ, քան մինչ այդ եղածները: Արքան ու կռապաշտ քահանաներն էին, որ մերժում էին բավարարել Մովսեսի խնդրանքը: Ժողովուրդը ցանկանում էր, որ հրեաներին թույլ տրվի հեռանալ Եգիպտոսից: Մովսեսը հայտնեց փարավոնին ու Եգիպտոսի ժողովրդին, ինչպես նաև իսրայելացիներին, թե ինչ բնույթի էր լինելու այս վերջին պատուհասը և ինչ հետևանքներ էր ունենալու. ամեն տան առաջնեկը պիտի մեռնի: Եգիպտացիների համար այնքան ահավոր ու Աստծո ժողովրդի համար այնքան փառավոր այդ գիշերը հիմնվեց զատկի հանդիսավոր արարողությունը: ՀՊ 33.2
Շատ դժվար էր Եգիպտոսի արքայի և հպարտ ու կռապաշտ ժողովրդի համար ենթարկվել երկնային Աստծո պահանջներին: Պատուհաս պատուհասի հետևից գալիս էր Եգիպտոսի գլխին, և փարավոնը տեղի էր տալիս ոչ ավելի, քան ստիպված էր լինում’ տեսնելով Աստծո ցասման զարհուրելի ապացույցները: ՀՊ 33.3
Յուրաքանչյուր հաջորդ պատուհաս նախորդից ավելի դաժան էր լինում, իսկ այս վերջինը պիտի ամենաահավորը լիներ: Սակայն հպարտ արքան չափազանց զայրացած էր և չէր ցանկանում հնազանդվել: Երբ եգիպտացիները տեսան, թե ինչ մեծ պատրաստություն են տեսնում իսրայելացիները այդ ահավոր գիշերվա համար, սկսեցին ծաղրել դռների կողափայտերին նրանց քսած արյան նշանը: Իսրայելի որդիները հետևել էին Աստծո տված ցուցումներին, և մինչ մահվան հրեշտակը մի եգիպտացու տնից մյուս եգիպ- տացու տունն էր անցնում, նրանք բոլորն արդեն պատրաստ էին ճանապարհ ընկնելու և սպասում էին, թե երբ պետք է ապստամբ թագավորն ու իր մարդիկ հրամայեն իրենց գնալ: ՀՊ 33.4
«Եվ եղավ, որ կեսգիշերին Եհովան Եգիպտոսի երկրում ամեն առաջինեկին զարկեց, իր աթոռի վրա նստող փարավոնի առաջի- նեկից մինչև բանտում եղած գերիի առաջինեկը’ և ամեն անասունի առաջինեկը: Եվ փարավոնի գիշերը վեր կացավ և նրա բոլոր ծառաները’ և բոլոր եգիպտացիները, և Եգիպտոսի մեջ մեծ աղաղակ կար, որովհետև տուն չկար, որ նրա մեջ մեռել չլիներ: ՀՊ 34.1
Եվ այդ գիշեր կանչեց Մովսեսին և Ահարոնին և ասաց. Վեր կացեք դուրս ելեք իմ ժողովրդի միջից դուք էլ և Իսրայելի որդիքն էլ, և գնացեք պաշտեցեք Եհովային’ ինչպես որ ասացիք: Ձեր հոտերն էլ և ձեր արջառներն էլ առեք’ ինչպես ասացիք և գնացեք և ինձ էլ օրհնեցեք: Եվ եգիպտացիք բռնադատեցին ժողովրդին, որ շուտով այն երկրից դուրս ուղարկեն նրանց, որովհետև ասացին. Ամենքս էլ կմեռնենք”: ՀՊ 34.2
«Եվ ժողովուրդն իրենց զանգվածը դեռ չխմորած, իրենց խմորի տաշտերը իրենց կտավներով չփաթաթած՝ իրենց ուսերի վրա դրին: Եվ Իսրայելի որդիք Մովսեսի խոսքի պես արին, և եգիպտացիներից արծաթեղեն զարդեր ու ոսկեղեն զարդեր և հանդերձներ ուզեցին: Եվ Եհովան ժողովրդին շնորհ տվեց եգիպտացիների առաջին, և եգիպտացիք նրանց ուզածը տվին, և նրանք կողոպտեցին եգիպտացիներին»: ՀՊ 34.3
Դրանից չորս հարյուր տարի առաջ Աստված այս ամենը հայտնել էր Աբրահամին: «Եվ Եհովան ասաց Աբրամին. Ստույգ գիտենաս, որ քո սերունդը մի երկրում, որ իրենցը չէ, պանդուխտ կլինի, և ծառայություն կանեն, և նրանց չորս հարյուր տարի կչարչարեն: Բայց այն ազգն էլ, որին արդեն կծառայեն, ես կդատեմ. և նրանցից հետո մեծ ստացվածքով դուրս կգան» (Ծննդոց 15.13,14): ՀՊ 34.4
«Եվ նրանց հետ խառն բազմություն էլ ելավ. և ոչխարներն ու արջառները շատ մեծ հոտ էին»: Իսրայելի որդիները Եգիպտոսից դուրս եկան’ իրենց հետ տանելով իրենց ունեցվածքը, որը փարավոնին չէր պատկանում, քանի որ նրանք չէին վաճառել այն փարավոնին: Հակոբն ու իր որդիները իրենց հետ Եգիպտոս էին բերել իրենց հոտերն ու անասունները: Իսրայելի որդիները շատ էին բազմացել, և խիստ աճել էր նրանց հոտերի ու արջառների քանակը: Աստված դատել էր եգիպտացիներին’ նրանց վրա պատուհասներ ուղարկելով, և այնպես արել, որ նրանք շտապեցնեն Իր ժողովրդին հեռանալու Եգիպտոսից’ իրենց ամբողջ ունեցվածքի հետ միասին: ՀՊ 34.5