ԱՐԱՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՋՐՀԵՂԵՂ

Գլուխ 2 - Արարումը

Ծննդոց 1 և 2

«Տիրոջ խոսքով երկինքը ստեղծվեց, և նրա բերանի հոգով’ նրա բոլոր զորքերը»: «Որովհետև նա ասաց, և եղավ, նա հրամայեց, և հաստատվեց” (Սաղմոս 33.6,9): «Նա հաստատեց երկիրն իր հիմունքի վրա, որ տեղից չշարժվի բնավ և հավիտյան» (Սաղմոս 104.5): ԱՄՋ 18.1

Չափազանց գեղեցիկ էր երկիրը, երբ դուրս եկավ Արարչի ձեռքերից: Նրա մակերեսը ծածկված էր զանազան լեռներով, բլուրներով և հարթավայրերով, ամեն տեսակ ջինջ գետերով ու սքանչելի լճերով, բայց սարերն ու բլուրները քարքարոտ և խորդուբորդ չէին’ առատ սարսափելի զառիթափերով ու ահարկու վիհերով, ինչպես հիմա: Երկրի անհարթ կմախքի վերին շերտը թաղված էր բերրի հողի տակ, որն ամենուրեք փարթամ բուսականություն էր աճեցնում: Չկային զզվելի ճահիճներ և չոր անապատներ: Նազանի թփերն ու նրբագեղ ծաղիկներն աչք էին շոյում ամեն քայլափոխի: Բլուրները պատված էին ծառերով’ շատ ավելի վեհաշուք, քան այսօրվա ծառերը: Օդը’ զերծ վարակիչ բացիլնե- րից ու թույներից, մաքուր էր և առողջարար: Ամբողջ բնապատկերն իր գեղեցկությամբ գերազանցում էր ամենաշքեղ պալատի զարդարված պարտեզներն անգամ: Այդ տեսարանը հրճվանք էր պատճառում հրեշտակների զորքին, որոնք ցնծում էին Աստծո հրաշագործությունները տեսնելով: ԱՄՋ 18.2

Այն բանից հետո, երբ գոյության կոչվեց երկիրն’ իր հարուստ կենդանական և բուսական աշխարհով, մարդը’ արարչագործության պսակը, ում համար ստեղծվեց գեղեցիկ երկիրը, մտավ իր իրավունքների մեջ: Նրան իշխանություն էր տրված այն ամենի վրա, ինչ նրա աչքը կարող էր տեսնել, որովհետև «Աստված ասաց. Մեր պատկերով և մեր նմանության պես մարդ շինենք, որ իշխեն ...բոլոր երկրի վրա ...Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով’ ...արու և էգ ստեղծեց նրանց”: Այստեղ պարզ ներկայացված է մարդկային ցեղի ծագումը, և աստվածային գրությունն այնքան հստակ է շարադրված, որ սխալ եզրակացություններ անելու ոչ մի հիմք չկա: Աստված ստեղծեց մարդուն Իր իսկ պատկերով: Գաղտնիք չկա այստեղ: Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ մարդն առաջացել է կենդանական կամ բուսական աշխարհի ցածր տեսակներից աստիճանական զարգացման հետևանքով: Նման ուսմունքը նսեմացնում է Արարչի վեհ աշխատանքը մինչև մարդկային սուղ, աշխարհիկ պատկերացումները: Մարդիկ այնքան են հակված բացառելու Աստծուն տիեզերքի գերիշխանությունից, որ նսեմացնում են մարդուն’ զրկելով նրան իր բարձր ծագման պատվից: Նա, ով բարձրերում ստեղծել է աստղային աշխարհները և վարպետ նկարչի պես զարդարել դաշտի ծաղիկները, ով երկինքն ու երկիրը լցրել է Իր զորության հրաշքներով, հասնելով Իր փառավոր գործի ավարտին’ չթերացավ ստեղծել մի էակ, որն արժանի կլիներ իր Արարչին ու պետք է իշխեր հիասքանչ երկրին: Մեր ցեղի ծննդաբանությունը, ինչպես գրված է ներշնչված Խոսքում, սկիզբ է առնում ոչ թե զարգացող սաղմերից, կակղամորթերից կամ չորքոտանիներից, այլ’ մեծ Արարչից: Ադամը, թեև կազմված հողից, «Աստծո որդին” էր: ԱՄՋ 18.3

Նա, որպես Աստծո ներկայացուցիչ, վեր էր դասվում գոյության ցածր կարգերից: Նրանք չէին կարող հասկանալ կամ ճանաչել Աստծո գերիշխանությունը, սակայն ստեղծվել էին մարդուն սիրելու և ծառայելու ունակությամբ: Սաղմոսերգուն ասում է. «Դու իշխան կարգեցիր նրան քո ձեռքի գործերի վրա, ամեն բան նրա ոտքի տակ դրիր’ ...վայրի գազանները, երկնքի թռչունները ...և ինչ որ ման է գալիս ծովի ճանապարհներում» (Սաղմոս 8.6-8): ԱՄՋ 19.1

Ինչպես արտաքուստ, այնպես էլ բնավորությամբ մարդը պիտի կրեր իր Արարչի պատկերը: Քրիստոսն է միմիայն Հոր «էության նկարագիրը” (Եբրայեցիս 1.3), բայց մարդն ստեղծվել է Աստծո նմանությամբ: Նրա բնությունը ներդաշնակ էր Աստծո կամքին, նրա միտքը’ ընդունակ ըմբռնելու աստվածային բաները: Նրա զգացմունքները մաքուր էին, ախորժակն ու կրքերը’ ենթարկված բանականության հսկողությանը: Կրելով Աստծո պատկերը և կատարելապես հնազանդվելով Նրա կամքին’ մարդը սուրբ էր ու երջանիկ: ԱՄՋ 19.2

Երբ Արարչի ձեռքն ստեղծեց մարդուն, նա վայելչակազմ էր և կատարելապես համաչափ: Նրա դեմքին առողջարար վարդագույն կար, այն շողում էր կյանքի և ուրախության լույսով: Ադամը շատ ավելի բարձրահասակ էր, քան մարդիկ, որ հիմա բնակվում են երկրում: Եվան նրանից քիչ ցածր էր հասակով, սակայն’ վայելչակազմ էր և չափազանց գեղեցիկ: Անմեղ զույգն արհեստական հագուստ չէր կրում. նրանք, հրեշտակների պես, լույսի փառավոր հանդերձ էին հագած: Քանի դեռ նրանք հնազանդ էին Աստծուն, այս լուսեղեն հանդերձը միշտ նրանց ծածկոցն էր: ԱՄՋ 19.3

Ադամի ստեղծումից հետո բոլոր կենդանի արարածները նրա մոտ բերվեցին’ ստանալու իրենց անունները: Նա տեսավ, որ դրանցից յուրաքանչյուրն իր զույգի հետ էր, սակայն դրանց մեջ «իրեն նման մի օգնական չգտնվեց”: Երկրում Աստծո ստեղծած բոլոր արարածներից և ոչ մեկը հավասար չէր մարդուն: Եվ Աստված ասեց. «Լավ չէ, որ մարդը մենակ լինի. նրա նման մի օգնական շինեմ իրեն հարմար»: Մարդը չէր ստեղծվել միայնակ ապրելու, նա պետք է հասարակական էակ լիներ: Առանց ընկերակցության’ Եդեմի գեղեցիկ տեսարաններն ու սքանչելի ստեղծագործությունները չէին կարող կատարյալ երջանկություն պար- գևել: Նույնիսկ հրեշտակների մտերմությունն ի վիճակի չէր լինի բա- վարարելու կարեկցանքի և ընկերության մարդու ցանկությունը: Չկար մեկը նույն բնությամբ’ նրան սիրելու և նրանից սիրվելու համար: ԱՄՋ 20.1

Ինքն Աստված ընկեր տվեց Ադամին: Նա «նրա նման մի օգնական” շինեց’ նրան համապատասխան, որը կարող էր նրա ընկերը լինել, նրա հետ ներդաշնակ’ սիրով ու փոխըմբռնումով: Եվան ստեղծվեց Ադամի կողոսկրից. դա նշանակում էր, որ կինը չպետք է մարդու գլուխը լինի, ոչ էլ պետք է մարդը ոտնահարի նրան որպես ստորադաս անձի, այլ պետք է ընդունի որպես հավասարի, սիրի ու պաշտպանի նրան: Լինելով մարդու մի մասը’ ոսկր նրա ոսկրից և մարմին նրա մարմնից, կինը նրա երկրորդ «ես”-ն էր, և դա ցույց էր տալիս այն սերտ միությունն ու սիրո կապվածությունը, որ պետք է գոյություն ունենար նրանց միջև: «Որովհետև ոչ ոք իր անձը չի ատում, այլ կերակրում և պահպանում է այն” (Եփեսացիս 5.29): «Սրա համար մարդը կթողնի իր հորն ու իր մորը և կհարի իր կնոջը. և մեկ մարմին կլինեն”: ԱՄՋ 20.2

Աստված Ինքը տոնեց առաջին ամուսնությունը: Եվ այսպես’ այս դրվածքը սահմանել է անձամբ տիեզերքի Արարիչը: «Ամուսնությունը ...պատվական է” (Եբրայեցիս 13.4), դա մարդուն տրված Աստծո առաջին պարգևներից մեկն էր և այն երկու դրվածքներից մեկը, որ մեղանչումից հետո Ադամն իր հետ դուրս բերեց Դրախտից: Երբ այս հարցում համաձայնվում և հնազանդվում են աստվածային սկզբունքներին, ամուսնությունն օրհնություն է բերում, այն պահպանում է մարդկային ցեղի մաքրությունն ու երջանկությունը, դրդում է միջոցներ ձեռնարկել մարդու հասարակական կարիքները հոգալու համար, ազնվացնում է մարդու ֆիզիկական, մտավոր և բարոյական էությունը: ԱՄՋ 20.3

«Եվ Եհովա Աստվածը արևելքի կողմում’ Եդեմի մեջ մի պարտեզ տնկեց և իր շինած մարդուն դրեց այնտեղ”: Այն ամենն, ինչ ստեղծել էր Աստված, կատարյալ էր գեղեցկությամբ, և կարծես պակաս ոչինչ չկար սուրբ զույգի երջանկության համար, սակայն Արարիչը նրանց տվեց Իր սիրո ևս մի նշան’ հատուկ նրանց համար, որպես տուն, ստեղծելով մի գեղեցիկ պարտեզ: Այս պարտեզում կային ամեն տեսակի ծառեր, որոնցից շատերը կքված էին անուշաբույր և համեղ պտուղների ծանրության տակ: Այնտեղ կային խաղողի սքանչելի որթատունկեր, որոնց ճյուղերից կախված էին ամենահրաշալի և երփներանգ, գայթակղիչ պտուղներ: Ադամն ու Եվան խաղողի ճյուղերն այնպես պետք է թեքեին, որ իրենց համար սաղարթներով և պտուղներով լի կենդանի ծառերից բնակարան ստացվեր: Այնտեղ կային բազմերանգ և անուշաբույր սքանչելի ծաղիկներ: Պարտեզի կենտրոնում կյանքի ծառն էր, որն իր շքեղությամբ գերազանցում էր բոլոր մյուս ծառերին: Դրա պտուղները նման էին ոսկե և արծաթե խնձորների և հավիտենական կյանք տալու հատկություն ունեին: ԱՄՋ 21.1

Ահա և ավարտված է արարչագործությունը: «Եվ կատարվեցին երկինքն ու երկիրը և նրա բոլոր զորքը”: «Եվ Աստված տեսավ բոլորը, ինչ որ արել էր, և ահա շատ բարի էր»: Եդեմը ծաղկում էր երկրում: Ադամն ու Եվան ազատ մուտք ունեին դեպի կենաց ծառը: Մեղքի ոչ մի բիծ կամ մահվան ստվեր չէր ապականում հիասքանչ արարչությունը: «Առավոտյան աստղերը միասին ցնծում էին, և Աստծո բոլոր որդիները գովաբանում էին” (Հոբ 38.7): ԱՄՋ 21.2

Մեծ Եհովան է դրել երկրի հիմունքը, Նա է գեղեցկությամբ պատել ամբողջ աշխարհը և լցրել այն մարդուն օգտակար բաներով: Նա է ստեղծել երկրի և ծովի բոլոր հրաշքները: ԱՄՋ 21.3

Արարչության մեծ աշխատանքն ավարտվեց վեց օրում: Եվ Աստված «յոթերորդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից, որ արեց: Եվ ...օրհնեց յոթերորդ օրը և սրբեց այն, որովհետև դրանում հանգստացավ իր բոլոր գործերից, որ Աստված ստեղծեց և արեց”: Աստված բավականությամբ նայեց Իր ձեռքի գործին: Ամեն բան կատարյալ էր, արժանի’ իր աստվածային Հեղինակին, և Նա հանգստացավ ոչ թե նրա համար, որ հոգնած էր, այլ’ որ գոհ էր Իր իմաստության ու բարության պտուղներից և Իր փառքի դրսևորումներից: ԱՄՋ 21.4

Հանգստանալով յոթերորդ օրը’ Աստված սրբեց կամ էլ առանձնացրեց այն որպես հանգստի օր մարդու համար: Հետևելով Արարչի օրինակին’ մարդը պետք է հանգստանար այս սրբազան օրը, որպեսզի, նայե- լով երկնքին ու երկրին, խորհեր Աստծո արարչության մեծ գործի մասին, ու երբ տեսներ Աստծո իմաստության ու բարության վկայությունները, նրա սիրտը լցվեր սիրով ու պատկառանքով իր Ստեղծողի հանդեպ: ԱՄՋ 21.5

Օրհնելով յոթերորդ օրը’ Աստված Եդեմում արարչագործության հիշատակ սահմանեց: Շաբաթը տրվել էր Ադամին’ մարդկային ողջ ընտանիքի հորն ու ներկայացուցչին: Բոլոր նրանք, ովքեր պիտի ապրեին երկրի վրա, պահելով այն’ կհայտնեին իրենց երախտագիտությունը և կճանաչեին, որ Աստված է իրենց Ստեղծողն ու իրենց լիիրավ գերիշխանը, որ իրենք Նրա ձեռքի գործն ու Նրա իշխանության հպատակներն են: Հետևապես, այս դրվածքն ամբողջովին հիշարժան էր’ տրված ողջ մարդկությանը: Դրանում ոչ մի անհասկանալի բան չկար, և այն չէր սահմանափակվում որևէ առանձին ազգով: ԱՄՋ 22.1

Աստված տեսավ, որ Շաբաթն անհրաժեշտ է մարդուն նույնիսկ Եդեմում: Նա կարիք ուներ շաբաթվա օրերից մեկում մի կողմ դնելու իր անձնական շահերն ու առօրյա գործերը, որպեսզի կարողանար ամբողջովին մտածել Աստծո գործերի մասին և խորհել Նրա զորության ու բարության շուրջ: Շաբաթն առավել վառ հիշատակ պիտի լիներ Աստծո մասին և երախտագիտությամբ պետք է լցներ մարդու սիրտը, որովհետև այն ամենն, ինչ նա վայելում էր և ուներ, Արարչի բարերար ձեռքն էր ստեղծել: ԱՄՋ 22.2

Աստված կամենում է, որ Շաբաթը մարդկանց դրդի խորհելու Իր արարչագործության մասին: Բնությունը դիմում է նրանց գիտակցությանը’ հռչակելով, որ կա կենդանի Աստված’ Արարիչ, ամեն բանի Գերտիրակալը: «Երկինքները պատմում են Աստծո փառքը, և հաստատությունն իմացնում է նրա ձեռքի գործերը: Օրը օրին խոսք է բխում, և գիշերը գիշերին գիտություն է ցույց տալիս” (Սաղմոս 19.1,2): Գեղեցկությունը, որով երկիրը զարդարված է, Աստծո սիրո վկայությունն է: Մենք կարող ենք դա տեսնել հավերժական բլուրների, վեհասքանչ ծառերի, բացվող բողբոջների և նրբագեղ ծաղիկների մեջ: Այս ամենը վկայում է Աստծո մասին: Շաբաթը, որ մշտապես մատնացույց է անում Նրան, ով ստեղծել է այդ բոլորը, մարդկանց պատվիրում է բացել բնության մեծ գիրքը և հայտնաբերել այնտեղ Արարչի իմաստությունը, զորությունն ու սերը: ԱՄՋ 22.3

Սեր նախածնողները, թեև ստեղծված անմեղ և սուրբ, զերծ չէին սխալվելու հնարավորությունից: Աստված ստեղծել էր նրանց որպես ազատ բարոյական էակներ’ ընդունակ գնահատելու Իր բնավորության քաղցրությունն ու Իր պահանջների արդարացիությունը’ հնազանդ — վելու կամ չհնազանդվելու լիակատար ազատությամբ: Նրանք պետք է վայելեին հաղորդակցությունն Աստծո և սուրբ հրեշտակների հետ, բայց, նախքան ընդմիշտ ապահով կլինեին, նրանց հավատարմությունը պիտի փորձվեր: Մարդու գոյության ամենասկզբից քննության ենթարկվեց նրա ինքնաբավարարման ցանկությունը’ այն ճակատագրական տենչը, որը սատանայի անկման հիմքը հանդիսացավ: Գիտության ծառը, որ տնկված էր պարտեզի կենտրոնում’ կյանքի ծառի կողքին, մեր նախածնողների հնազանդության, հավատի և սիրո ստուգարքը պիտի լիներ: Թեև նրանք ազատ էին ուտելու պարտեզի բոլոր մյուս ծառերից, այս մեկից, սակայն, մահվան սպառնալիքով, նրանց արգելված էր ճաշակել: Նրանք պետք է նաև ենթարկվեին սատանայի փորձություններին, բայց դիմանալով գայթակղությանը’ նրանք վերջնականապես հեռու կմնային նրա զորությունից և կվայելեին Աստծո հետ լինելու հավիտենական բերկրանքը: ԱՄՋ 22.4

Որպես մարդու գոյության պարտադիր պայման’ Աստված նրան տվել է օրենք: Նա աստվածային կառավարության հպատակ էր, իսկ առանց օրենքի’ ոչ մի կառավարություն չի կարող լինել: Աստված կարող էր մարդուն ստեղծել այնպիսին, որ նա հնարավորություն չունենար խախտելու Իր օրենքը, Նա կարող էր ետ պահել Ադամի ձեռքն արգելված պտղից, բայց այդ դեպքում մարդը կլիներ ոչ թե ազատ բարոյական էակ, այլ, պարզապես, մի մեխանիզմ: Նրա հնազանդությունն, առանց ընտրելու ազատության, կլիներ ոչ թե կամավոր, այլ’ ստիպողական: Բնավորության զարգացում չէր լինի: Դա կհակասեր մյուս աշխարհների բնակիչների հետ վարվելու Աստծո մրագրին: Մարդը չէր կարող բանական էակ կոչվել, և սատանայի այն մեղադրանքը, որ Աստծո կառավարությունը բռնատիրական է, կարդարացվեր: ԱՄՋ 23.1

Աստված մարդուն ստեղծել է ուղիղ’ բնավորության ազնիվ գծերով և առանց որևէ հակման դեպի չարը: Նա օժտել է նրան մտավոր բարձր կարողություններով և հայտնել հավատարիմ լինելու հնարավոր ամենաուժեղ դրդումները: Հավիտենական երջանկության նախապայմանը կատարյալ և մշտական հնազանդությունն էր: Միայն այս դեպքում նա կարող էր օգտվել կյանքի ծառից: ԱՄՋ 23.2

Սեր նախածնողների տունն օրինակ պիտի լիներ նրանց բոլոր զավակների համար, երբ վերջիններս տարածվեին ամբողջ երկրով մեկ: Այդ տունը, որն Աստված Ինքն էր զարդարել, հոյակերտ պալատ չէր: Մարդիկ զմայլվում ու հպարտանում են’ կանգնեցնելով շքեղ և վեհաշուք կառույցներ, որոնք իրենց ձեռքի գործն են, իսկ Աստված Ադամին բնակեցրեց պարտեզում: Դա էր նրա տունը: Կապույտ երկինքն էր դրա տանիքը, երկիրն’ իր նրբերանգ ծաղիկներով ու թարմ խոտերի գորգով’ դրա հատակը, իսկ վեհասքանչ ծառերի սաղարթախիտ ճյուղերը’ դրա վարագույրները: Պատերը զարդարված էին հրաշագեղ նկարներով’ մեծ Վարպետի ձեռքի գործերով: Սուրբ զույգի շրջապատը դաս էր բոլոր ժամանակների համար, որ ճշմարիտ երջանկությունը ոչ թե հպարտության և փառասիրության բավարարման, այլ’ Աստծո հետ Նրա ստեղծագործության միջոցով հաղորդակցվելու մեջ է: Եթե մարդիկ ավելի քիչ ուշադրություն դարձնեին արհեստական բաների վրա և ավելի շատ ձգտեին պարզության, ապա շատ ավելի կհամապատասխանեին այն նպատակին, որի համար Աստված ստեղծել էր նրանց: Հպարտությունն ու փառասիրությունը երբեք չեն բավարարվում, բայց նրանք, ովքեր իսկապես իմաստուն են, օգտակար և ազնվացնող հաճույք կգտնեն այն վայելքների մեջ, որ Աստված մատչելի է դարձրել ամենքի համար: ԱՄՋ 23.3

Եդեմի բնակիչներին հանձնարարված էր հոգ տանել պարտեզի մասին’ «մշակել և պահել այն»: Նրանց այդ զբաղմունքը ոչ թե հոգնե- ցուցիչ էր, այլ’ հաճելի և առողջարար: Աստված աշխատանքը տվել է մարդուն որպես օրհնություն’ զբաղեցնելու նրա միտքը, ուժեղացնելու նրա մարմինն ու զարգացնելու նրա կարողությունները: Ադամը մտավոր և ֆիզիկական աշխատանքի մեջ էր գտնում իր սուրբ գոյության մեծագույն հաճույքը: Ու երբ անհնազանդության հետևանքով վտարվեց իր գեղեցիկ տնից, նա ստիպված էր երեսի քրտինքով վաստակել իր հանապազօրյա հացը: Այն նույն աշխատանքը, որը թեև բոլորովին տարբեր էր իր հաճելի զբաղմունքից պարտեզում, նրա պաշտպանությունն էր փորձության դեմ և նրա երջանկության աղբյուրը: Նրանք, ովքեր աշխատանքն անեծք են համարում, քանի որ այն հաճախ ուղեկցվում է հոգնածությամբ ու ցավով, մեծապես սխալվում են: Հարուստները հաճախ արհամարհանք են տածում դեպի աշխատավոր դասակարգը, բայց սա ամբողջովին հակասում է մարդուն ստեղծելու Աստծո ծրագրին: Ի՞նչ է ամենահարուստ մարդկանց ունեցվածքն այն ժառանգության համեմատ, որ տրված էր արքայական Ադամին: Սակայն Ադամը չպետք է պարապ մնար: Սեր Արարիչը, ով հասկանում է, թե ինչ է անհրաժեշտ մարդու երջանկության համար, Ադամին տվել էր իր աշխատանքը: Կյանքում իսկական ուրախություն կարող են գտնել միայն աշխատող տղամարդիկ և կանայք: Հրեշտակները ժրաջան աշխատողներ են, նրանք ծառայում են Աստծուն’ սպասավորություն անելով մարդկանց որդիներին: Արարիչը ոչ մի տեղ չի պատրաստել ձրիակերների համար: ԱՄՋ 24.1

Քանի դեռ հավատարիմ էին Աստծուն, Ադամն ու նրա ընկերուհին պետք է իշխեին երկրին: Անսահմանափակ իշխանություն էր տրված նրանց ամեն մի կենդանություն ունեցողի վրա: Առյուծը դառան հետ հաշտ խաղում էր նրանց շուրջը կամ էլ միասին պառկում էին նրանց ոտքերի մոտ: Ուրախ թռչուններն առանց վախի ճախրում էին նրանց շուրջը, ու երբ զվարթ դայլայլով փառաբանում էին իրենց Ստեղծողին, Ադամն ու Եվան միանում էին նրանց’ զովերզելով Հորը և Որդուն: ԱՄՋ 25.1

Սուրբ զույգը ոչ միայն Աստծո հայրական խնամքի տակ գտնվող զավակներ էին, այլ նաև’ ուսանողներ, որոնք դասեր էին ստանում ամենագետ Արարչից: Նրանց այցելում էին հրեշտակները, և նրանք իրենց Ստեղծողի հետ անմիջական հաղորդակցության առավելությունն ունեին: Նրանք լի էին կյանքի ծառի կենարար ուժով և մտավոր կարողությամբ քիչ էին զիջում հրեշտակներին: Տեսանելի տիեզերքի գաղտնիքները’ «գիտությամբ Կատարյալի հրաշքները” (Հոբ 37.16), նրանց համար գիտելիքների և հիացմունքի անսպառ աղբյուր էին: Բնության օրենքներն ու երևույթները, որոնք ահա արդեն վեց հազար տարի է զբաղեցում են մարդկային միտքը, բացահայտում էր նրանց անսահման և ամենակալ Արարիչը: Նրանք ուսումնասիրում էին տերևները, ծաղիկներն ու ծառերը’ պարզելով դրանցից յուրաքանչյուրի կյանքի գաղտնիքները: Ադամը ծանոթ էր ամեն մի կենդանու հետ’ ջրերում լողացող վիթխարի լևիաթանից մինչև աննշան միջատը, որ սավառնում էր արեգակի ճառագայթների ներքո: Դրանցից յուրաքանչյուրին նա տվել էր անուն և ծանոթ էր բոլորի բնավորությանն ու սովորություններին: Աստծո փառքը երկնքում, անհամար աշխարհներն’ իրենց կարգավորված պտույտի մեջ, «ամպերի հավասարակշռությունը», լույսի և ձայնի, ցերեկվա և գիշերվա գաղտնիքները’ այս ամենը մեր նախածնողների ուսումնասիրության առարկան էին: Անտառի ամեն մի տերևի կամ լեռան քարերի, ամեն մի շողացող աստղի վրա’ երկրում, օդում և երկնքում, գրված էր Աստծո անունը: Արարչագործության կարգն ու ներդաշնակութունը նրանց վկայում էին անսահման իմաստության և զորության մասին, ու երբ նրանք ինչ-որ հրապուրիչ բան էին հայտնաբերում, դա նրանց սրտերը լցնում էր ավելի ջերմ սիրով ու երախտագիտության ավելի խոր զգացումներով: ԱՄՋ 25.2

Քանի դեռ նրանք հավատարիմ էին աստվածային օրենքին’ ճանաչելու, վայելելու և սիրելու նրանց ունակություններն անընդհատ պիտի աճեին: Նրանք պետք է մշտապես գիտության նոր գանձեր ձեռք բերեին, երջանկության նորանոր աղբյուրներ հայտնաբերեին և Աստծո անմատչելի ու անփոփոխ սիրո ավելի ու ավելի հստակ վկայություններ գտնեին: ԱՄՋ 25.3