ԱՐԱՐՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՋՐՀԵՂԵՂ

Գլուխ 4 - Փորձություն & անկում

Ծննդոց 3

Այլևս չկարողանալով ազատ ապստամբություն բորբոքել երկըն- քում’ սատանան որոշեց իր թշնամությունն Աստծո դեմ շարունակել երկրի վրա’ հուսալով կործանման հասցնել մարդկային ցեղը: Եդեմում սուրբ զույգի երջանկության ու խաղաղության մեջ նա տեսավ այն երանությունը, որն ընդմիշտ կորած էր իր համար: Նախանձից դրդված’ նա վճռեց նրանց մղել անհնազանդության և նրանց վրա բերել մեղքի ու հանցանքի պատիժը: Նա ուզում էր նրանց սերն իրենց Արարչի հանդեպ փոխել անվստահության և նրանց գովասանքի երգերը’ նախատինքի: Այսպիսով’ նա կկարողանար այս անմեղ էակներին ոչ միայն գցել նույն դժբախտության մեջ, որում ինքն էր գտնվում, այլ նաև’ անարգանք կհասցներ Աստծուն և վիշտ կպատճառեր երկնքին: ԱՄՋ 34.1

Սեր նախածնողներն առանց նախազգուշացման չթողնվեցին իրենց սպառնացող վտանգի վերաբերյալ: Երկնային լրաբերները հայտնեցին նրանց սատանայի մեղանչման պատմությունը և նրանց կործանելու’ նրա դավադրությունները’ ավելի հստակ բացատրելով նրանց աստվածային այն կառավարության բնույթը, որը սատանան փորձում էր տապալել: Աստծո արդար պատվիրաններին չհնազանդվելու հետևանքով է, որ սատանան և նրա զորքը մեղանչեցին: Որքա՜ն կարևոր էր, ուրեմն, որ Ադամն ու Եվան պատվեին այն օրենքը, որի միջոցով միայն կարելի էր կարգ ու արդարություն պահպանել: ԱՄՋ 34.2

Աստծո օրենքը նույնքան սրբազան է, որքան’ Ինքն Աստված: Դա Նրա կամքի հայտնությունն է, Նրա բնավորության պատճենը, աստվածային սիրո և իմաստության արտահայտությունը: Արարչության ներդաշնակությունը կախված է բոլոր արարածների’ շնչավոր, թե անշունչ, կատարյալ հնազանդությունից Արարչի օրենքին: Աստված օրենքներ է սահմանել ոչ միայն կենդանի էակների, այլ նաև բնության բոլոր երևույթների կառավարման համար: Ամեն բան ղեկավարվում է հաստատուն օրենքներով, որոնք չպետք է անտեսվեն: Բայց մինչ բնության մեջ ամեն բան գործում է բնական օրենքներով, երկրի բոլոր բնակիչներից միայն մարդն է, որ ենթակա է բարոյական օրենքին: Մարդուն, որն արարչագործության պսակն է, Աստված ունակություն է տվել հասկանալու Իր պահանջները, ըմբռնելու Իր օրենքի արդարությունն ու բարությունը, իսկ նրանից, ի պատասխան, պահանջվում է հնազանդություն այդ օրենքի սրբազան պատվիրաններին: ԱՄՋ 34.3

Եդեմի բնակիչները, հրեշտակների նման, պետք է քննության ենթարկվեին, նրանց երջանկությունը կարող էր պահպանվել միայն Արարչի օրենքին հավատարիմ մնալու պայմանով: Նրանք կարող էին հնազանդվել և ապրել, կամ’ չենթարկվել և կորչել: Աստված առատ օրհնություններ էր պարզևել նրանց, բայց եթե նրանք չենթարկվեին Նրա կամքին, Նա, ով չխնայեց մեղանչած հրեշտակներին, չէր խնայի նաև նրանց: Օրինազանցությունն անեծքի կվերածեր Նրա պարգևները, իսկ նրանց կհասցներ թշվառության ու կորստյան: ԱՄՋ 35.1

Հրեշտակներն զգուշացրին նրանց’ զգոն լինել սատանայի հնարքների դեմ, քանի որ նա ոչ մի ջանք չէր խնայի նրանց թակարդը գցելու համար: Քանի դեռ նրանք հնազանդ էին Աստծուն, չարագործը չէր կարող վնասել նրանց, որովհետև անհրաժեշտության դեպքում երկնքի բոլոր հրեշտակներն օգնության կուղարկվեին նրանց: Եթե նրանք վճռականորեն ետ վանեին նրա առաջին շշնջոցները, ապա նույնքան ապահով կլինեին, որքան երկնային լրաբերները: Բայց եթե զեթ մեկ անգամ զիջեին փորձությանը, նրանց էությունն այնպես կայլասերվեր, որ այլևս ոչ ուժ կունենային դիմակայելու սատանային, ոչ էլ’ ցանկու- թյուն: ԱՄՋ 35.2

Գիտության ծառը նախատեսված էր Աստծո հանդեպ նրանց սերն ու հնազանդությունը փորձելու համար: Ինչ վերաբերում է պարտեզում աճած պտուղները ճաշակելուն’ Տերն անհրաժեշտ էր զտել ընդամենը մեկ արգելք դնել նրանց վրա, բայց եթե նրանք անտեսեին Աստծո կամքն այս հարցում, ապա իրենց վրա կբերեին անօրենության պատիժը: Սատանան չէր կարող ամենուրեք հետապնդել նրանց իր փորձություններով, նա կարող էր նրանց մոտենալ միայն արգելված ծառի մոտ: Եթե նրանք փորձեին ուսումնասիրել դրա էությունը, ապա կընկնեին նրա ազդեցության տակ: Նրանց հորդորել էին միշտ հիշել Աստծո նախազգուշացումը և հետևել այն ցուցումին, որ Նա հարմար էր զտել տալ: ԱՄՋ 35.3

Իր գործն աննկատելիորեն իրականացնելու համար սատանան որպես միջնորդ ընտրեց օձին’ մի դիմակ, որը խիստ հարմար էր խաբեության իր նպատակին հասնելու համար: Օձն այն ժամանակ երկրի ամենաիմաստուն և ամենագեղեցիկ արարածներից մեկն էր: Նա ուներ թևեր, և օդում թռչելիս ապշեցուցիչ պայծառության տեսարան էր ներկայացնում, ինչպես ողորկ ու շողշողուն ոսկին: Նստած արգելված ծառի սաղարթախիտ ճյուղերին և ճաշակելով նրա համեղ պտուղը’ նա մի ուշագրավ և դյութիչ տեսարան էր նայողի համար: Խաղաղ պարտեզում այսպես ծպտվել էր չարագործը’ սպասելով իր զոհին: ԱՄՋ 35.4

Հրեշտակները նախազգուշացրել էին Եվային, որ նա, պարտեզում առօրյա գործերով զբաղված ժամանակ, չբաժանվի ամուսնուց, ում կողքին փորձության մեջ ընկնելու ավելի քիչ վտանգ կսպառնար, քան եթե միայնակ լիներ: Բայց, կլանված իր հաճելի զբաղմունքով, նա անգիտակցաբար հեռացավ ամուսնու կողքից: Նկատելով, որ միայ նակ է, կինը վտանգի կանխազգացում ունեցավ, բայց դեն վանեց իր երկյուղը’ մտածելով, որ բավական իմաստուն և ուժեղ է’ նկատելու չարը և դիմակայելու նրան: Մոռացած հրեշտակների նախազգուշացումը’ նա հանկարծ սթափվեց, գիտակցելով, որ հափշտակված հետաքրքրությամբ նայում է արգելված ծառին: Զգալով այդ’ նա շուտով մի պահ սթափվեց: Պտուղը չափազանց գեղեցիկ էր, և նա ինքն իրեն հարցրեց, թե ինչու է Աստված արգելել դա իրենց: Այժմ հիանալի հնարավորություն էր փորձիչի համար: Ընդունակ ասես կարդալու կնոջ մտքերը’ նա դիմեց նրան. «Իրա՞վ Աստված ասեց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք”: Եվան զարմանքից ցնցվեց’ կարծես լսելով իր մտքերի արձագանքը: Բայց օձը շարունակեց’ քաղցրաձայն ու քնքշորեն գովաբանելով նրա հիասքանչ գեղեցկությունը, և կինը ոչ առանց հաճույքի լսեց նրա խոսքերը: Այդտեղից փախչելու փոխարեն’ նա շվարած կանգ առավ’ լսելու օձի խոսքերը: Եթե նրան դիմեր հրեշտակի պես մի էակ, կինը սարսափահար կլիներ, բայց նրա մտքով անգամ չէր անցնում, որ հրապուրիչ օձը կարող էր դառնալ ընկած թշնամու միջնորդը: ԱՄՋ 36.1

Փորձիչի խորամանկ հարցին նա պատասխանեց. «Պարտեզի ծառերի պտղից ուտում ենք, բայց այն ծառի պտղից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասաց’ մի° ուտեք դրանից և դրան մի° դիպչեք, որ չմեռնեք: Եվ օձը կնոջն ասաց. Բնավ չեք մեռնի: Այլ Աստված գիտի, թե այն օրը, որ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և Աստծո պես կլինեք’ չարն ու բարին իմացող”: ԱՄՋ 36.2

ճաշակելով այս ծառից, ասաց նա, նրանք գոյության ավելի բարձր մակարդակի կհասնեն և կմտնեն գիտության ավելի լայն ասպարեզ: Նա ինքն էլ ճաշակել է արգելված պտուղը և, որպես արդյունք, խոսելու ունակություն է ստացել: Եվ նա ներշնչում էր, թե Տերը դիտավորյալ է այն թաքցրել նրանցից, որպեսզի, ուտելով, չհավասարվեն Իրեն: Իմաստությամբ ու զորությամբ օժտելու հատկության պատճառով է, որ Նա արգելել է նրանց ճաշակել այն և, նույնիսկ, դիպչել նրան: Փորձիչն ակնարկեց, որ աստվածային նախազգուշացումն իրականում չի կատարվի, այն նախատեսվել է միայն նրանց վախեցնելու համար: Ինչպե՞ս կարող էին նրանք մեռնել: Մի՞թե իրենք չեն կերել կյանքի ծառից: Աստված ձգտում է ետ պահել նրանց զարգացման ավելի գերազանց աստիճանի և ավելի մեծ երջանկության հասնելուց: ԱՄՋ 36.3

Ահա թե ինչպես է գործել սատանան Ադամի օրերից մինչև այժմ, և դա նրան մեծապես հաջողվել է: Նա մարդկանց դրդում է չհավատալ Աստծո սիրուն և կասկածել Նրա իմաստությանը: Նա անդադար փորձում է անհարգալից հետաքրքրասիրության ոգի արթնացնել’ անհանգիստ, քննախույզ մի ցանկություն’ ներթափանցելու աստվածային իմաստության և զորության գաղտնիքների մեջ: Փորձելով պարզել այն խորհուրդները, որոնք Աստված նպատակահարմար է գտել թաքցնել, հազարավորներն անտեսում են այն ճշմարտությունները, որ Նա արդեն հայտնել է և որոնք էական են փրկության համար: Գայթակղելով մարդկանց’ սատանան մղում է նրանց անհնազանդության’ դրդելով հավատալ, թե իրենք գիտության մի հրաշալի ասպարեզ են մտնում: Այս ամենը, սակայն, մոլորություն է: Խանդավառված զարգացման իրենց գաղափարներով’ նրանք, ոտնահարելով Աստծո պահանջները, բռնում են այն ուղին, որը տանում է դեպի այլասերում և մահ: ԱՄՋ 37.1

Սատանան սուրբ զույգին ներշնչեց, որ խախտելով Աստծո օրենքը’ նրանք միայն կշահեն: Մի՞թե այսօր էլ նույնը չենք լսում: Շատերը խոսում են նրանց հետամնացության մասին, ովքեր հնազանդվում են Աստծո պատվիրաններին, միաժամանակ պնդելով, թե իրենք ավելի լայն մտահորիզոն ունեն և վայելում են ավելի մեծ ազատություն: Ուրեմն ի՞նչ է սա, եթե ոչ Եդեմում լսված այս ձայնի արձագանքը’ «Այն օրը, որ դրանից ուտեք», այսինքն’ ոտնահարեք աստվածային պատվիրանը, «Աստծո պես կլինեք»: Սատանան հավաստիացրեց, որ մեծ բարիք է ստացել’ ճաշակելով արգելված պտուղը, սակայն ցույց չտվեց, որ իր անօրենության պատճառով վտարվել է երկնքից: Թեև արդեն գիտեր, որ մեղքի արդյունքը հավիտենական կորուստ է, նա, այնուամենայնիվ, իր թշվառությունը թաքցրեց, որպեսզի մյուսներին էլ գցի նույն վիճակի մեջ: Հիմա էլ, նույն ձևով, մեղսագործ մարդը ձգտում է թաքցնել իր իսկական էությունը: Նա կարող է հավակնել, որ սուրբ է, և այդ վեհ հավակնությունը նրան, որպես խաբեբայի, միայն ավելի վտանգավոր է դարձնում: Ոտնահարելով Աստծո օրենքը և դրդելով մյուսներին էլ նույնն անել իրենց անձերի կորստյան համար’ նա կատարում է սատանայի կամքը: ԱՄՋ 37.2

Եվան անկեղծորեն հավատաց սատանայի խաբեությանը, բայց այդ հավատը չփրկեց նրան մեղքի պատժից: Նա չհավատաց Աստծո խոսքերին և արդյունքում’ մեղանչեց: Դատաստանի ժամանակ մարդիկ դատապարտվելու են ոչ թե նրա համար, որ անկեղծորեն հավատացել են ստին, այլ’ որ չեն հավատացել ճշմարտությանը և մերժել են այն իմանալու հնարավորությունը: Չնայած սատանայի իմաստախոսությանը’ Աստծուն չհնազանդվելը միշտ էլ կործանարար է: Մենք պետք է սրտանց փափագենք իմանալ ճշմարտությունը: Աստծո խոսքի բոլոր դասերը մեզ նախազգուշացնելու և խրատելու համար են: Դրանք տրված են մոլորությունից մեզ ետ պահելու համար: Մերժելով դրանք’ մենք կդատապարտվենք կորստյան: Կարող ենք համոզված լինել, որ այն ամենն, ինչ հակասում է Աստծո խոսքին, սատանայից է: ԱՄՋ 38.1

Պոկելով արգելված ծառի պտուղը’ օձը դրեց այն կիսով չափ դժկամ Եվայի ձեռքերի մեջ: Հետո հիշեցրեց նրան իր իսկ խոսքերը, որ Աստված արգելել է նրանց դիպչել դրան, որպեսզի չմեռնեն: Պտուղն ուտելը նույնքան անվնաս է, հայտարարեց նա, որքան’ դրան դիպչելը: Չզգալով իր արածի չար հետևանքները’ Եվան ավելի համարձակ դարձավ: Երբ «կինը տեսավ, որ ծառը լավ էր ուտելու համար, հաճելի էր աչքերին և փափագելի’ իմաստություն տալու համար, առավ դրա պտղից և կերավ” (Ծննդոց 3.6, աԱգլ. թարգմ.): Պտուղը հիանալի համ ուներ, և ուտելով այն’ կինն ասես կենդանացնող զորություն զգաց և պատկերացրեց, թե հայտնվում է գոյության ավելի բարձր վիճակում: Առանց երկյուղի’ նա քաղեց և կերավ: Եվ հիմա, դառնալով օրինազանց, նա սատանայի գործիքը դարձավ իր ամուսնուն կործանելու մեջ: Հայտնված տարօրինակ և անբնականորեն գրգռված վիճակում’ նա, ձեռքերը լի արգելված պտուղներով, որոնեց նրան և պատմեց ամբողջ պատահածը: ԱՄՋ 38.2

Ադամի դեմքին տխրություն իջավ: Նա զարմացած ու տագնապած էր երևում: Եվայի խոսքերին նա պատասխանեց, որ դա, հավանաբար, այն թշնամին է եղել, որի մասին իրենց զգուշացրել էին, և աստվածային դատավճռի համաձայն’ կինը պետք է մեռնի: Ի պատասխան’ Եվան համոզեց նրան ուտել’ կրկնելով օձի այն խոսքերը, որ իրենք բնավ չեն մեռնի: Նա փաստարկեց, թե դա պետք է որ ճիշտ լինի, քանի որ ինքն Աստծո կողմից դժգոհության ոչ մի վկայություն չի տեսել, այլ, ընդհակառակը, զգացել է հաճելի, աշխուժացնող մի ազդեցություն, որն ասես նոր կյանք է տվել ամեն մի ունակությանը, այնպիսի կյանք, ինչպիսին, նրան թվում էր, ունեն երկնային հրեշտակները: ԱՄՋ 38.3

Ադամը հասկացավ, որ իր ընկերուհին խախտել է Աստծո հրամանը’ հաշվի չառնելով այն միակ արգելքը, որ դրված էր իրենց սերն ու հավատարմությունը փորձելու համար: Նրա մտքում սարսափելի պայքար սկսվեց: Նա ողրաց, որ թույլ էր տվել Եվային’ հեռանալ իր կողքից: Սակայն հիմա արդեն ուշ էր, նա պետք է քաժանվեր նրանից, ում մտերմությունն իր ուրախությունն էր: Բայց ինչպե՞ս կարող էր այդ անել: Ադամը վայելել էր Աստծո և սուրք հրեշտակների ընկերակցությունը: Նա տեսել էր Արարչի փառքը: Նա հասկացել էր այն վսեմ ապագան, որին կհասներ մարդկային ցեղը, եթե հավատարիմ մնար Աստծուն: Սակայն այդ քոլոր օրհնությունները մոռացության տրվեցին, և նա վախեցավ կորցնել այն մեկ պարգևը, որն իր աչքին քոլոր մյուսներից ավելի թանկ էր: Սերը, երախտագիտությունն ու հավատարմությունն առ Աստված’ այս ամենը զոհաքերվեց հանուն սիրո Եվայի հանդեպ: Նա իր էության մի մասն էր, և քաժանման միտքն անտանելի էր նրա համար: Նա չգիտակցեց, որ այն նույն Անսահման Զորությունը, ով հողի փոշուց ստեղծել էր իրեն’ մի կենդանի, գեղեցիկ էակի, և մեծ սիրով իրեն մի ընկերուհի էր տվել, կարող էր մի ուրիշ կին ստեղծել Եվայի փոխարեն: Նա որոշեց կիսել կնոջ ճակատագիրը. եթե նա մեռնելու է, ինքն էլ կմեռնի նրա հետ: Եվ վերջապես, մտածեց նա, գուցե ճիշտ լինեն իմաստուն օձի խոսքերը: Եվան նրա առջև էր’ նույնքան գեղեցիկ և առերևույթ անմեղ, որքան մինչև այդ խախտումը: Նա ավելի մեծ սեր էր տածում իր հանդեպ, քան առաջ: Մահվան ոչ մի հետք չէր երևում կնոջ վրա, և ինքն էլ որոշեց արհամարհել հետևանքները: Նա արագորեն վերցրեց պտուղը և անմիջապես կերավ: ԱՄՋ 39.1

Անօրենություն գործելուց հետո Ադամին սկզբում թվաց, թե մտնում է գոյության մի ավելի քարձր ասպարեզ, քայց շուտով մեղքի գիտակցումը սարսափով լցրեց նրան: Օդը, որ մինչ այդ մեղմ և անփոփոխ ջերմություն ուներ, հիմա կարծես մրսեցրեց հանցավոր զույգին: Սերն ու խաղաղությունը չքացել էին նրանց սրտերից, իսկ փոխարենը նրանք զգում էին խղճի խայթոց, ապագայի հանդեպ սարսափ և հոգու դատարկություն: Նրանց պարուրող լուսեղեն հանդերձն այժմ անհետացել էր, և դրա փոխարեն նրանք փորձեցին իրենց համար ծածկոցներ շինել, որովհետև չէին կարող մերկ վիճակում հայտնվել Արարչի և սուրք հրեշտակների աչքին: ԱՄՋ 39.2

Միայն հիմա նրանք սկսեցին հասկանալ իրենց մեղքի իսկական էությունը: Ադամը նախատեց իր ընկերուհուն այն խենթության համար, որ հեռացել էր իր կողքից և թույլ տվել օձին’ խաբել իրեն: Նրանք երկուսն էլ հույս էին տածում, թե Նա, ով իրենց այնքան շատ վկայություններ էր տվել Իր սիրո մասին, կների այս մեկ անօրենությունը կամ էլ չի ենթարկի այդքան սոսկալի պատժի, որից խիստ վախենում էին: ԱՄՋ 40.1

Սատանան ցնծում էր իր հաջողությունից: Նա գայթակղել էր կնոջը’ չվստահելու Աստծո սիրուն, կասկածելու Նրա իմաստությանը և խախտելու Նրա օրենքը, իսկ նրա միջոցով էլ մեղքի մեջ էր գցել Ադամին: ԱՄՋ 40.2

Բայց մեծ Օրենսդիրը քիչ հետո Ադամին ու Եվային իմացնում է իրենց անօրենության հետևանքները: Ահա աստվածային ներկայությունը հայտնվում է պարտեզում: Իրենց անմեղության ու սրբության մեջ նրանք ցնծությամբ էին ողջունում Արարչին, բայց հիմա սարսափահար փախան և փորձեցին թաքնվել այգու ամենախուլ անկյուններում: Բայց «Աստված կանչեց Ադամին և ասաց նրան. Ու՞ր ես. Եվ նա ասաց. 0ո ձայնը լսեցի պարտեզում և վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի: Եվ ասաց. Ո՞վ պատմեց քեզ, թե դու մերկ ես, արդյո՞ք այն ծառից, որի համար քեզ պատվիրեցի, որ նրանից չուտես, կերար”: ԱՄՋ 40.3

Ադամը չկարողացավ ոչ մերժել և ոչ էլ արդարացնել իր մեղքը, բայց զղջալու փոխարեն’ փորձեց մեղքը գցել իր կնոջ և, հետևապես, հենց Աստծո վրա: «Այն կինը, որին տվիր’ ինձ հետ լինելու, նա տվեց ինձ այն ծառից, և ես կերա»: Նա, ով, կուրացած Եվայի սիրուց, գիտակցաբար նախընտրեց զրկվել Աստծո բարեհաճությունից, իր դրախտային տնից և հավիտենական երջանիկ կյանքից, կարողացավ հիմա’ մեղանչելուց հետո, իր անօրենության պատասխանատվությունը գցել իր ընկերուհու և, նույնիսկ, հենց Արարչի վրա: Այդքան սոսկալի է մեղքի զորությունը: ԱՄՋ 40.4

Երբ կնոջը հարց տրվեց’ «Այդ ի՞նչ ես արել», նա պատասխանեց. «Օձն ինձ խաբեց, և ես կերա”: «Ինչու՞ դու ստեղծեցիր օձին: Ինչու՞ թույլ տվիր նրան մտնելու Եդեմ”, ահա այս հարցերն էր ակնարկում նա’ արդարացնելով իր մեղքը: Այդպես նա էլ, Ադամի պես, իրենց մեղանչման պատասխանատվությունը գցեց Աստծո վրա: Սեր նախածնողները, հենց որ տրվեցին սատանայի ազդեցությանը, փայփայեցին ինքնարդարացման ոգին, որը ծնվել էր ստության հոր մեջ, և մինչև այժմ էլ դրսևորվում է Ադամի բոլոր որդիների և դուստրերի կյանքում: Իրենց մեղքերը խոնարհությամբ խոստովանելու փոխարեն’ նրանք փորձում են իրենց պաշտպանել’ մեղքը գցելով ուրիշների, հանգամանքների կամ Աստծո վրա’ Նրա դեմ տրտնջալու պատճառ դարձնելով անգամ Նրա տված օրհնությունները: ԱՄՋ 40.5

Եվ ապա Տերը կայացրեց օձի դատավճիռը. «Որովհետև արեցիր այս, դու անիծյալ լինես բոլոր անասուններից և դաշտի բոլոր կենդանիներից, փորիդ վրա գնաս և հող ուտես կյանքիդ բոլոր օրերում”: Այն պահից ի վեր, երբ օգտագործվեց որպես սատանայի միջնորդ, օձը պիտի կրեր աստվածային դատավճիռը: Դաշտի կենդանիներից ամենագեղեցիկն ու հիանալին պետք է դառնար դրանցից ամենաստորաքարշն ու զզվելին’ զարհուրելի և ատելի ինչպես մարդկանց, այնպես էլ գազանների համար: Այն խոսքերը, որ ասվեցին օձին դիմելուց անմիջապես հետո, վերաբերում էին անձամբ սատանային’ ցույց տալով ապագայում նրա վերջնական պարտությունն ու կործանումը: «Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ մեջտեղը, քո սերնդի և նրա սերնդի մեջտեղը. նա քո գլուխը կջախջախի, իսկ դու նրա գարշապարը կխայթես»: ԱՄՋ 41.1

Եվային ասվեց, որ այսուհետև վիշտն ու ցավը կլինեն նրա բաժինը: Եվ Տերն ասաց. «Դեպի քո մարդը լինի քո փափագը, և նա իշխի քեզ վրա”: Աստված կնոջն Ադամին հավասար էր ստեղծել: Եթե նրանք հավատարիմ մնային Աստծուն’ ներդաշնակ Նրա սիրո մեծ օրենքին, ապա ընդմիշտ միաբան կլինեին իրար հետ, բայց մեղքը տարաձայնություն մտցրեց, և հիմա նրանց միությունն ու համաձայնությունը կարող էին պահպանվել միայն մեկի կամ մյուսի ենթակայությամբ: Եվան առաջինն էր մեղանչել: Նա, հակառակ աստվածային նախազգուշացման, հեռացել էր ամուսնու կողքից’ ընկնելով փորձության մեջ: Նրա միջնորդությամբ է, որ Ադամը մեղանչեց, և հիմա կինը պիտի ենթարկվեր իր ամուսնուն: Եթե ընկած մարդկային ցեղն ընդուներ Աստծո օրենքի սկզբունքները, այս վճիռը, որ թեև չարաշահվելու էր մեղքի հետևանքով, օրհնություն կլիներ նրանց համար, բայց տղամարդկանց տրված այս գերազանցությունը շատ հաճախ դառնացնում ու ծանր բեռ է դարձնում բազմաթիվ կանանց կյանքը: ԱՄՋ 41.2

Եվան դրախտային իր տանը կատարելապես երջանիկ էր իր ամուսնու կողքին, բայց, ներկայիս անհանգիստ եվաների պես, հույս փայփայեց գոյության ավելի բարձր մակարդակի հասնել, քան այն, որ Աստված էր նախատեսել նրա համար: Ջանալով վեր բարձրանալ իր սկզբնական դիրքից’ նա դրանից շատ ավելի ցած ընկավ: Նույնն էլ սպասվում է բոլոր նրանց, ովքեր չեն կամենում սիրով կրել իրենց կյանքի բեռը’ Աստծո ծրագրի համաձայն: Ձգտելով հասնել այնպիսի բարձունքների, որոնք Աստված հարմար չի գտել մատչելի դարձնել նրանց համար, շատերն ազատ են թողնում այն տեղը, որտեղ իրենք կարող էին օրհնություն լինել: Ավելի բարձր դիրք զբաղեցնելու ցանկությունը շատերին դրդել է զոհաբերել իրենց կանացի արժանապատվությունն ու բնավորության ազնվությունը’ անավարտ թողնելով այն աշխատանքը, որ Երկինքը հանձնարարել է նրանց: ԱՄՋ 41.3

Տերն Ադամին ասաց. «Որովհետև դու լսեցիր քո կնոջ խոսքը և կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ, ասելով’ դրանից չուտես, անիծյալ լինի երկիրը քո պատճառով, նեղությունով ուտես դրանից կյանքիդ բոլոր օրերում, այն փուշ ու տատասկ բուսցնի քեզ համար, և դաշտի խոտն ուտես: Երեսիդ քրտինքով հաց ուտես, մինչև որ ետ դառնաս դեպի երկիրը, որովհետև դրանից առնվեցիր. նրա համար, որ հող էիր դու, և դեպի հողը դառնաս”: ԱՄՋ 42.1

Աստծո կամքը չէր, որ անմեղ զույգը որևէ բան իմանար չարի մասին: Նա բարին է ազատ առաջարկել նրանց’ թաքցնելով չարը: Բայց, հակառակ Նրա հրամանի, նրանք կերան արգելված ծառից, և արդեն պիտի շարունակեին ուտել, պիտի ճանաչեին չարն իրենց կյանքի բոլոր օրերում: Այդ պահից ի վեր մարդկային ցեղը պիտի տառապեր սատանայի փորձություններից: Նրանց պիտի բաժին հասնեին դժվարություններն ու չարքաշ աշխատանքը այն երջանիկ աշխատանքի փոխարեն, որ մինչ այդ ունեին: Նրանց սպասվում էր հիասթափություն, վիշտ ու ցավ և, ի վերջո, մահ: ԱՄՋ 42.2

Ընկնելով մեղքի անեծքի տակ’ ամբողջ բնությունը մարդուն պիտի վկայեր Աստծո դեմ բարձրացված ապստամբության բնույթի ու հետևանքների մասին: Ստեղծելով մարդուն’ Աստված նրան իշխան կարգեց երկրի և բոլոր կենդանի արարածների վրա: Քանի դեռ Ադամը հավատարիմ էր Երկնքին, ամբողջ բնությունը ենթակա էր նրան, բայց երբ նա ապստամբեց աստվածային օրենքի դեմ, ստորադաս արարածները դադարեցին հնազանդվել նրա իշխանությանը: Այդպես Տերն Իր մեծ գթասրտությամբ մարդկանց կամեցավ ցույց տալ Իր օրենքի սրբությունը և օգնել նրանց իրենց սեփական փորձով հասկանալու օրենքի ոտնահարման վտանգը, որքան էլ չնչին թվա այն: ԱՄՋ 42.3

Եվ չարքաշ ու հոգսերով լի կյանքը, որ այսուհետև պետք է մարդու բաժինը լիներ, օրհնություն էր’ տրված նրան սիրով: Դա մի ուղղիչ պատժամիջոց էր’ խիստ անհրաժեշտ մեղքի պայմաններում, նախատեսված ախորժակն ու կրքերը սանձահարելու և ինքնատիրապետման սովորություն ձևավորելու համար: Դա Աստծո մեծ ծրագրի մի մասն էր’ մեղքի քայքայումից ու կործանումից մարդուն վերականգնելու համար: ԱՄՋ 42.4

Մեր նախածնողներին տրված նախազգուշացումը’ «Դրանից կերածդ օրը մահով պիտի մեռնես»(Ծննդոց 2.17), նկատի չուներ, որ նրանք պետք է մեռնեին հենց այն օրը, երբ ճաշակեցին արգելված պտուղը: Բայց հենց այդ օրը պիտի կայացվեր անդառնալի դատավճիռը: Անմահությունը նրանց խոստացված էր միայն հնազանդության պայմանով, իսկ այն խախտելու դեպքում’ նրանք պետք է զրկվեին հավիտենական կյանքից: Այդ նույն օրը նրանք կդատապարտվեին մահվան: ԱՄՋ 43.1

Իր հավերժական գոյությունը պահպանելու համար մարդը շարունակ պետք է օգտվեր կենաց ծառի պտուղներից: Հակառակ դեպքում նրա կենսունակությունը պիտի աստիճանաբար նվազեր, մինչև որ կյանքը վերջապես հանգչեր նրանում: Սատանայի մրագիրն էր, որ Ադամն ու Եվան անհնազանդության պատճառով արժանանային Աստծո դժգո- հությանը, և ապա, եթե ներում չստանային Նրանից, նա հուսով էր, որ նրանք կուտեն կյանքի ծառից, և այդպիսով մեղքի ու դժբախտության գոյությունը կհավերժացվի: Բայց մարդու մեղանչումից անմիջապես հետո սուրբ հրեշտակներին կարգադրվեց պահպանել կյանքի ծառը: Այս հրեշտակների շուրջ լույսի ճառագայթներ էին փայլատակում, որոնք բոցեղեն սրերի տեսք ունեին: Ադամի ընտանիքից և ոչ մեկին թույլ չի տրվել անցնել սահմանը և ուտել կենսատու ծառի պտղից, հետևաբար անմահ մեղավոր գոյություն չունի: ԱՄՋ 43.2

Այն անեծքը, որին ենթարկվեցին մեր նախածնողներն իրենց անօրենության հետևանքով, շատերին չափազանց սարսափելի պատիժ է թվում’ այդքան չնչին մեղքի համար, և նրանք կասկածի են ենթարկում մարդու հետ այդպես վարվելու Աստծո իմաստությունն ու արդարությունը: Բայց եթե նրանք ավելի խորը քննեին այս հարցը, ապա կարող էին նկատել իրենց սխալը: Աստված ստեղծել էր մարդուն Իր իսկ պատկերով’ ազատ ամեն մի մեղքից: Երկիրը պետք է բնակեցվեր այնպիսի էակներով, որոնք մի փոքր էին ցածր հրեշտակներից, բայց նրանց հնազանդությունը պիտի փորձվեր, քանի որ Աստված թույլ չէր տա, որ աշխարհը լցվեր նրանցով, ովքեր կանարգեին Իր օրենքը: Սակայն Իր մեծ գթասրտությամբ’ Նա Ադամին խիստ փորձության չենթարկեց: Եվ հենց արգելքի փոքրությունն է, որ չափազանց մեծ դարձրեց մեղքը: Եթե Ադամը չդիմացավ ամենափոքր փորձությանը, չէր կարող ընդդիմանալ նաև ավելի մեծին, եթե նրանից ավելի բարձր պատասխանատվություն պահանջվեր: ԱՄՋ 43.3

Եթե Ադամն ավելի ծանր փորձության ենթարկվեր, ապա նրանք, ովքեր չար հակումներ ունեն, կարդարացնեին իրենց’ ասելով. «Սա չնչին բան է, Աստված ուշադրություն չի դարձնում նման մանրուքների վրա”: Եվ անընդհատ խախտումներ կլինեին այն հարցերում, որոնք փոքր են թվում և չեն դատապարտվում մարդկանցից: Բայց Տերն ակնհայտ դարձրեց, որ մեղքի ամենաչնչին դրսևորումն անգամ վիրավորական է Իրեն: ԱՄՋ 44.1

Եվայի աչքին աննշան բան թվաց անհնազանդությունն Աստծուն, երբ նա ճաշակեց արգելված պտուղը և գայթակղեց իր ամուսնուն’ նույնպես մեղք գործելու, մինչդեռ նրանց մեղքը վշտի հեղեղ բերեց ամբողջ աշխարհին: Ո՞վ կարող է փորձության պահին իմանալ այն սոսկալի հետևանքները, որոնց կհանգեցնի միակ սխալ քայլը: ԱՄՋ 44.2

Նրանցից շատերն, ովքեր սովորեցնում են, թե մարդը պարտավոր չէ պահել Աստծո օրենքը, պնդում են, որ անհնար է հնազանդվել դրա պահանջներին: Բայց եթե դա ճիշտ լիներ, էլ ինչո՞ւ Ադամը կրեց մեղքի պատիժը: Սեր նախածնողների մեղքը հանցանքով ու տառապանքով լցրեց ողջ երկիրը, և եթե չլիներ Աստծո գթասրտությունն ու բարությունը, մարդկային ցեղը կընկներ հուսահատության մեջ: Թող ոչ ոք չխաբի իրեն: «Մեղքի վարձքը մահն է” (Հռոմեացիս 6.23): Այսօր նույնքան անհնար է առանց պատիժ կրելու ոտնահարել Աստծո օրենքը, որքան այն ժամանակ, երբ կայացվեց մարդկության նախահոր դատավճիռը: ԱՄՋ 44.3

Սեղանչելուց հետո Ադամն ու Եվան այլևս չպետք է բնակվեին Եդեմում: Նրանք թախանձագին խնդրեցին, որ մնան անմեղության ու բերկրանքի իրենց տանը: Նրանք խոստովանեցին, որ կորցրել են այդ երջանիկ բնակավայրում ապրելու բոլոր իրավունքները, բայց խոստացան այսուհետև խստորեն հնազնանդվել Աստծուն: Սակայն նրանց ասվեց, որ նրանց էությունն արդեն ապականված է մեղքով, որ չարին դիմակայելու նրանց ուժը թուլացել է, և ճանապարհ է բացվել սատանայի համար դեպի իրենց սրտերը: Իրենց անմեղության մեջ նրանք տրվել էին փորձությանը, և հիմա, մեղավոր վիճակում, ավելի քիչ ուժ կունենային պահպանելու իրենց մաքրությունը: ԱՄՋ 44.4

Աննկարագրելի տխրությամբ ու վշտով նրանք հրաժեշտ տվին իրենց սքանչելի տանը և գնացին ապրելու մի երկրում, որն ընկած էր մեղքի անեծքի տակ: Մթնոլորտը, որ մի ժամանակ մեղմ ու կայուն ջերմություն էր ապահովում, հիմա արդեն նկատելիորեն փոխվել էր, և Տերը ողորմածաբար կաշվե հանդերձներ պատրաստեց նրանց հա — մար, որպեսզի նրանք պաշտպանվեն արևի կիզիչ ճառագայթներից և ցրտից: ԱՄՋ 44.5

Թառամող ծաղկի և վայր ընկնող տերևի մեջ տեսնելով ապականության առաջին նշանները’ Ադամն ու նրա ընկերուհին ավելի դառնագին ողբացին, քան մարդիկ այսօր ողբում են իրենց մեռածների վրա: Քնքուշ ու նրբագեղ ծաղիկների մահն իրոք թախծոտ տեսարան էր, բայց երբ վեհաշուք ծառերից տերևներն սկսեցին թափվել, նրանք հստակ գիտակցեցին այն փաստը, որ ամեն մի կենդանի էակի վախճանը մահն է: ԱՄՋ 45.1

Եդեմի պարտեզը մարդու վտարվելուց հետո դեռ երկար ժամանակ մնաց երկրի վրա: Ընկած ցեղին թույլ տրվեց դեռ շատ տարիներ նայել իրենց անմեղության տանը, որի մուտքը հսկում էին պահապան հրեշտակները: Դրախտի դարպասների մոտ, որտեղ մշտարթուն հսկում էին քերովբեները, հայտնվում էր Աստծո փառքը: Ադամն իր որդիների հետ այստեղ էր գալիս երկրպագելու Աստծուն: Այստեղ նրանք նորոգում էին հնազանդության իրենց խոստումն այն օրենքին, որի խախտման հետևանքով վտարվել էին Եդեմից: Երբ անօրենությունը տարածվեց ամբողջ երկրով մեկ, և մարդկությունն իր ամբարշտության համար պիտի կործանվեր ջրհեղեղով, Նրա ձեռքը, ով տնկել էր Եդեմը, վերցրեց այն երկրից: Բայց երբ ամեն բան վերջնականապես վերականգնվի, երբ ստեղծվի «նոր երկինք և նոր երկիր” (Հայտնություն 21.1), դրախտն էլ ավելի փառավոր և հիասքանչ տեսք կունենա, քան սկզբում էր: ԱՄՋ 45.2

Այն ժամանակ նրանք, ովքեր պահել են Աստծո պատվիրանները, անմահություն ու առույգություն կվայելեն կյանքի ծառի տակ, և անվերջանալի դարերի ընթացքում անմեղ աշխարհների բնակիչները, ազատ մեղքի անեծքից, այդ հրաշք պարտեզի մեջ կտեսնեն Աստծո ստեղծագործական աշխատանքի կատարյալ օրինակը, մի նմուշ, որպիսին կդառնար մեր ամբողջ երկիրը, եթե միայն մարդն իրականացներ Արարչի փառավոր ծրագիրը: ԱՄՋ 45.3